Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԱՅՍՊԵՍ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ, ԱՅՍՊԵՍ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԲԱՆ»

«ԱՅՍՊԵՍ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ, ԱՅՍՊԵՍ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԲԱՆ»
20.03.2012 | 00:00

Մարտի 13-ը ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն` այդ օրը մեկնարկեցին բանաստեղծի ծննդյան 115-րդ հոբելյանին նվիրված միջոցառումներ: «Վատ է այն, որ հաջորդ օրն իսկ «փակվում» է Չարենցի թեման,- նկատում է գրող, գրականագետ, «Չարենցի կրակոցը» փաստագրական գրքի հեղինակ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ:- Արձանի մոտ ենք գնում աշխատավայր գնալու պես, ավտոբուսներով աշակերտներ են բերում, ինչպես ընտրությունների ժամանակ` լսարան է ապահովվում քարոզարշավի համար: Տեսախցիկների առաջ կեցվածք են ընդունում, ասում են այն, ինչ արդեն ասել էին անցյալ ու նախանցյալ տարիներին, և իրենցից գոհ հեռանում են` մոռացած թե՛ Չարենցին, թե՛ մշակույթը: Այսպես ոչ միայն հիշատակ չեն հարգում, այսպես ապականում են ամեն լուսավոր բան»:
-Ձեր` «Չարենցի կրակոցը» գիրքը բեսթսելլեր է դարձել: Նրանք, ովքեր համոզմունք էին հայտնում, թե գրքի նպատակը աղմկահարույց տեղեկություններ ու առեղծվածներ տարածելն է, «չթույլատրված» թեմաների արծարծումը, կարճ ժամանակում «ընդհատակ» անցան: Փաստագրական այս վեպը, ինչպես Դուք էիք ասում, մի դեպքում ուղղակի գիրք է Չարենցի մասին, մյուս դեպքում գիրք է սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին: Ի՞նչ տվեց մեզ «Չարենցի կրակոցը»:
-«Չարենցի կրակոցն» ինձ տվեց այդ մեծ մարդուն անդրադառնալու հնարավորություն, նաև` հրաշալի ընթերցող, որը կարողացավ ճիշտ ընկալել գրքի խորհուրդն ու նպատակադրումը: Ընթերցողն ինքը կարող է ասել, թե ինչ ստացավ գրքից: Ամեն դեպքում, ես նպատակ ունեի նրան մատուցելու Չարենցին այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե հորինված ու կոկված գրողի կերպարը:
-Քսան տարուց ավելի է` փաստարկներ են ներկայացվում այն մասին, որ Չարենցը թաղված է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին: Այս «բացահայտումը» միանշանակ չի ընդունվում: Չարենցի գերեզմանի վայրը ոմանց համար շարունակում է վարկա՞ծ մնալ, թե՞ միտումնավոր է անտեսվում:
-Չարենցի թաղման վայրը վարկած չէ, այլ իրողություն: Եթե կան մարդիկ, ովքեր մերժելով մերժում են այդ փաստը, դա նրանց և նրանց խղճի խնդիրն է: Ես այդ հարցում ոչինչ անել չեմ կարող: Հեռու չէ այն օրը, երբ գրողի գերեզմանատեղին կդառնա սրբավայր բոլոր չարենցասերների համար: Իսկ նրանք, ովքեր այսօր ուրանում են ակնհայտը, վաղը ստիպված կլինեն ամաչել իրենց պահվածքի համար, եթե, իհարկե, ամոթի զգացումը ծանոթ է այդ մարդկանց:
-Անվանի բանաստեղծի` Կարսում գտնվող կարծեցյալ տան առքուվաճառքի մասին թուրքական իշխանությունների խոսակցությունները վեր հանեցին կարևոր մի հարց` որտե՞ղ է իրականում ծնվել մեծ բանաստեղծը: Շրջանառվում էին տան մի քանի հասցեներ: Նման դեպքերում ավելի շատ ոչ թե մտահոգություն, այլ սենսացիա որոնելու մարմաջ է նկատվում: Վերջին շրջանում, կարծես, դադարել են Չարենցի տան մասին խոսակցությունները:
-Խոսակցությունները դադարեցին, քանի որ կեղծիքը բացահայտվեց: Երեկվա կուրծք ծեծողներն այսօր «մկան ծակը հազար թումանով են առնում» և Աստված են կանչում, որպեսզի իրենց վերստին չհիշեցնեն այդ մոլորության ու կեղծիքի մասին: Այսինքն, Չարենցի տան պարագայում այսօր կատարվեց այն, ինչ վաղը կլինի Չարենցի գերեզմանի հետ: Ամեն ինչ` իր ժամանակին:
-Ժամանակ առ ժամանակ շահարկվում են նաև խոսակցություններ բանաստեղծի անտիպ գործերի մասին: Հարց է բարձրացվում` ենթակա՞ է հրապարակման Չարենցի ողջ ժառանգությունը, ի՞նչ ենք փորձում ասել կամ թաքցնել: Մեղադրում ենք Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելին, որը, ծանոթանալով ձեռագրերին, ըստ ցանկության հրապարակել ու մեկնաբանել է դրանք, սակայն մեզ մոտ նույնպես չկա հստակություն: Չարենցի անտիպ գործերի մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ շահարկում են անհիմն, կա՛մ էլ փորձում են շրջանցել թեման: Ձեր դիրքորոշումը:
-Ծուխն արագ է ցնդում, մի կարճ պահի կուրացնում է ոմանց, բայց, ի վերջո, ցրվում է: Իսկ հետո վրա է հասնում բաց աչքերով իրականությանը նայելու պահը, երբ հասկանում ես, որ ձեռնածուներն ամենուր են ձեռնածու: Դրսի ու ներսի «ռասելների» համար Չարենցը միջոց է` իրենց անհագուրդ պահանջներին բավարարում տալու համար: Պետք չէ նրանց լուրջ ընդունել: Թքեք ու անցեք: Ինչ վերաբերում է Հայաստանում ձեռքից ձեռք անցած Չարենցի անտիպներին, ապա այդ էջերի ճակատագրին առնչվող շրջանակները ժամանակին աղմկում էին, քանի որ խոսքը մեծ գումարների մասին էր: Հենց փողի մասին խոսակցությունները լռեցին, և գումարը գտավ իր տիրոջը, վրա հասավ լռությունը: Չկա փող, չկա հետաքրքրություն: Ահա թե ինչպիսի մարդկանց հետ ենք երբեմն ստիպված լինում առնչվել:
-Հաճախ է խոսվում, որ մեծերի հոբելյանները չեն նշվում ըստ հարկի: Նույնը կարո՞ղ ենք ասել Չարենցի մասին:
- Մեծերը հոբելյանների մեջ չեն, նրանց մասին հիշողությունը կարիք չունի օրացուցային ամսաթվերի ու տարեդարձերի: Մի ծաղկեփունջ տանելով ու երկու ոտանավոր արտասանելով` Չարենց չեն մեծարում: Այդ պատճառով էլ ես երբեք լրջորեն չեմ վերաբերվել ո՛չ նմանատիպ հավաքներին, ո՛չ էլ լալահառաչ ելույթներին: Դերասանության համար կա այլ վայր` թատրոնի բեմը: Իսկ անկեղծ ու սրտացավ մարդիկ իրենց մեծերին ճանաչելու, նրանց մատուցելու շատ ավելի անկեղծ ու արդյունավետ ճանապարհներ գիտեն:
-Չարենցի ծննդյան օրը չե՞ք այցելում նրա գերեզմանին:
-Ոչ: Ես Չարենցի գերեզմանին ու հուշարձանին այցելում եմ այն օրերին, երբ ներքին պահանջ եմ զգում: Չեմ սպասում, որ այդ մասին ինձ հուշի օրացույցը:
-Եվ մի վերջին հարց. շարունակություն ունի՞ «Չարենցի կրակոցը» գիրքը և ե՞րբ կհասնի ընթերցողին:
-Նոր գրքերի համար երբեք չեմ կարողացել ժամանակ սահմանել: Կլինի այն ժամանակ, երբ կավարտեմ: Իսկ թե ե՞րբ` միայն Աստծուն է հայտնի: Ընդամենը կարող եմ ասել, որ այն ծայրից ծայր հագեցած է լինելու նորահայտ էջերով ու փաստերով: Գիրքը կպատմի Չարենցի կյանքի տարբեր ժամանակահատվածների մասին, որոնք դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից: Կհրապարակվեն մի քանի հար-յուր անտիպ վավերագրեր ու փաստաթղթեր:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ