Մեր պատմության ողջ ընթացքում օրինաչափության պես անցնում է հետաքրքիր հանգամանք. կենսունակ և ուժեղ պետականություն ենք ունեցել, եթե հաջողվել է միևնույն առուն ուղղել հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ջրերը։ Նախաքրիստոնեական շրջանում խնդիրը առավել հեշտությամբ է լուծվել։ Սկզբնական վաղ պետական կազմավորումներում` սկսած Արատտայից, կառավարման ձևը եղել է թեոկրատական, որտեղ հոգևոր իշխանությունն է իր ձեռքում կենտրոնացրել նաև աշխարհիկ իշխանության գործառույթները։ Համահայկական առաջին պետության` Արարատյան Վանի թագավորության ժամանակաշրջանում եղել է հակառակը` աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները կենտրոնացված են եղել արդեն միապետի ձեռքում։ Հայկազուն-Երվանդունիների ժամանակ աշխարհիկ ու հոգևոր գործառույթները սկսեցին տարանջատվել, բայց միևնույնն է` շարունակեցին մնալ միապետական ընտանիքի մենաշնորհը։ Եթե որդիներից ավագը ժառանգում էր միապետի գործառույթները, ապա նրանից կրտսերը, սովորաբար, դառնում էր քրմապետ։ Արտաշեսյան հարստությունից սկսած մինչև Արշակունյաց մինչքրիստոնեական շրջան, գործառույթներն ավելի հեռացան միմյանցից։ Ուժեղ միապետական ավանդույթի պայմաններում սա առանձնակի խնդիր չէր առաջացնում, բայց հենց միապետական իշխանությունը սկսեց տեղի տալ, սկսեցին բաժանվել նաև հոգևոր և աշխարհիկ իշխանության ջրերը։
Քրիստոնեությունն այս առումով նորություն էր նաև հոգևոր ու աշխարհիկ գործառույթների լիակատար տարանջատման առումով, հետևաբար, 4-րդ դարից ի վեր Հայկական պետության ուժն ու կենսունակությունը առավել քան երբեք սկսեց պայմանավորվել հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների կոնսենսուսի գաղափարով։ Արշակունյաց թագավորության անկումը, մեծ հաշվով, ինչ-որ պահից հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ջրերը մեկ առու տեղափոխել չկարողանալու արդյունքն էր (387 թ.Հայաստանի առաջին բաժանումից հետո Սահակ Պարթևի և Խոսրով Չորրորդ ու Վռամշապուհ արքաների ճիգերն այս առումով ուշացած էին)։
Բագրատունյաց պետությունը, իր ձևավորման ու հզորացման առումով, նախ և առաջ, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միաբանության արդյունքն էր։ Աշոտ իշխանի ու Զաքարիա Ձագեցի, ապա Գևորգ Գառնեցի կաթողիկոսների ջանքերը, Անանիա Մոկացու և Աբաս ու Աշոտ Ողորմած թագավորների միաբան ջանքերը ասվածի լավագույն ապացույցն են։ Ու ոչ պակաս հատկանշական է նաև այն, որ երբ Գագիկ 1-ից հետո պետության ու եկեղեցու ջրերը դադարեցին նույն առվով հոսել, պետականությունը բռնեց մայրամուտի ճանապարհը։ Նույնը կարելի է ասել Կիլիկիայի պարագայում, իսկ Կիլիկիայի անկումը, բացի արտաքին անբարենպաստ պայմաններից, նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու և ունիթորական ազդեցության հետևանքով պետության ու եկեղեցու միջև առաջացած տարաձայնությունների արդյունք էր։
Կարող ենք հիշել նաև այլ օրինակներ։ Ոչ պակաս ուշագրավ է Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի, Սարդարապատի հերոսամարտի և Առաջին հանրապետության ստեղծման, Վազգեն Առաջինի ու Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորման պատմությունը։
Այսօր էլ կենսունակ Հայաստանի գոյության հիմնարար նախապայմանը պետության ու եկեղեցու միաբան ու ներդաշնակ կառուցակարգը պետք է լինի, ազգի ու պետականության վերելքի շուրջ աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև ձևավորված կոնսենսուսը։ Այնինչ, մեր աչքի առաջ տեղի է ունենում միանգամայն հակառակը, ինչը դրական հանգուցալուծում չի խոստանում։
Գարեգին Պետրոսյան