Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Պետք է դուրս գալ քանակական պատմության խեղդուկ կապանքներից

Պետք է դուրս գալ քանակական պատմության խեղդուկ կապանքներից
21.04.2024 | 15:55

Մեր պատմությունը, որպես դեպքերի հաջորդականություն, պատերազմների, թագավորների ու առանց թագավորների, օտար նվաճողների և այլ իրադարձությունների տեսքով, եղած ինֆորմացիայի ու տեղեկությունների սահմաններում շատ թե քիչ մանրամասնությամբ շարադրված է, մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ հնարովի, ինչը նորմալ ու բնական է։

Պայմանականորեն նման նկարագրական բնույթի պատմությունը կարելի է համարել մեր նախկին կյանքի լուսաբանում քանակական/պատմողական տեսանկյունից։
Բայց նման մոտեցումը իր կոնցեպտուալ հնարավորություններով չի ծածկում մեր պատմության ավելի խորքային անալիզի հետ կապված պրոբլեմները, մի հարցերի շրջանակ, որը կարող է բնութագրվել որպես որակական պատմություն։
Դրա համար պետք է դուրս գալ քանակական պատմության խեղդուկ ու նեղ մտածողության կապանքներից և լայն հայացքով մոտենալ մեր որակական պատմության դեռևս չլուսաբանված ու, հաճախ էլ, առեղծվածային պրոբլեմներին։
Այդ պրոբլեմները շատ են՝ սկսած Հայկական լեռնաշխարհի ու Միջագետքի վաղնջական պատմությունից, այսինքն, մարդկային պատմության ամենավաղ շրջանից, մինչև ներկա աշխարհաքաղաքական պրոբլեմները։
Պրոբլեմների այդ շարքում կան մի քանիսը, որոնք ճակատագրական դեր են ունեցել մեր ժողովրդի կյանքում, բայց որոնք մինչև այսօր որևէ համապարփակ և իմաստալից բացատրություն չունեն։
Խոսքն այն մասին է, որ մենք, լինելով տարածաշրջանի ամենամեծաթիվ ժողովուրդներից մեկը և հին աշխարհում զբաղեցնելով հսկայական տարածք, չկարողացանք դառնալ այն ժամանակվա մասշտաբներով հզորության բևեռ, այլ վերածվեցինք մշտական կռվախնձորի ավելի ուժեղների միջև։
Երկարատև պատմական պրոցեսում աստիճանաբար կորցրինք ամեն ինչ, այդ թվում նաև նորմալ հոգեբանական կերտվածքը՝ վերածվելով խեղված արժեհամակարգով խեղճուկրակ մեկի, որն էլ այսօր չի կարողանում արևի տակ գտնել իր տեղը։
Եվ այս ընթացքում մեր ամենամեծ կորուստը հիրավի եղել է հոգեբանականը, որտեղ ներկայում մանր կենցաղային նպատակներից ու քաղքենիական արժեքներից բացի հազվադեպ կարելի է ուրիշ բանի հանդիպել։
Ավանդական ձևով նման երևույթը բացատրվել է տարածքի կտրտվածությամբ, ուժեղ հարևանների առկայությամբ և որպես արդյունք՝ կենտրոնական իշխանության թուլությամբ։
Բայց կան բաներ, որոնք հնարավոր չէ բացատրել վերը բերված պատճառներով, որոնցից ամենահիմնականը ընդհանուր քաղաքակրթական զարգացման առումով հարևաններից հետ մնալու փաստն է։
Մի խոսքով, այն, ինչն այսօր ինովացիա բառով է բնութագրվում, միշտ էլ եղել է տարբեր ժողովուրդների հարստության ու հզորության հիմքը, և հենց այստեղ է, որ մենք հետ ենք մնացել ուրիշներից։
Հնարավոր է, որ այստեղ հիմնական պատճառներից մեկը ցամաքային ժողովուրդ լինելն է, ի տարբերություն ծովային, ավելի լայն հանարավորություններ ունեցող ժողովուրդների։
Նայեք աշխարհով մեկ սփռված հայտնագործություններին, ուրիշների արած մեծաքանակ գյուտերին ու նրանց ստեղծած հազարավոր տեխնոլոգիաներին, որոնց արարման հետ մենք ու մեզ նման բազմաթիվ ժողովուրդներ որևէ առնչություն չեն ունեցել։
Շատ կարևոր չափանիշ է որևէ տարածքի մեկ միավորի գեներացրած հարստության չափը, որն աշխարհում ամեն ինչի հիմքն է, և այս առումով էլ մենք երբեք աչքի չենք ընկել։
Աշխարհի պատմության մեջ այն տարածքներն են հայտնի եղել իրենց ինովացիոն ինտենսիվությամբ, որտեղ հարստություն և շահ գեներացնելու մեծ պոտենցիալ կա։
Եթե տվյալ տարածքը մեծ պոտենցիալ շահը ունի, ապա միշտ էլ մեծ հավանականությամբ դրա հիման վրա հարստություն ու հզորություն կգեներացվի, քանի որ այդ դեպքում իրադարձությունները ենթարկվում են մի կանոնի, որն ասում է՝ ինչքան հարուստ ես, այնքան ավելի հարուստ կարող ես լինել, կամ էլ՝ ինչքան շատ նորացումներ ու գյուտեր անես, այնքան ավելի շատ նորացումներ ու գյուտեր հնարավոր կդառնան։
Եվ եթե արդյունքում այդ հարստությունն ու հզորությունը չկան, ապա դա նշանակում է, որ այդ պոտենցիալ շահն էլ չի եղել, կամ էլ, պարզապես մարդիկ չեն կարողացել գնահատել դա։
Այսինքն, մեր գլոբալ անհաջողությունների պատճառների շարքում, օտար նվաճողների, տեղանքի կտրտվածության ու կենտրոնախույս ուժերի հետ միասին, հնարավոր է ավելացնել նաև հարստության ու պոտենցիալ շահի աղբյուրների սակավությունը, մասնավորապես, վարելահողերի անբավարար քանակն ու բարձր լեռնային պայմաններում անկայուն և ոչ էֆեկտիվ գյուղատնտեսությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ