Դպրոց էր:
Արարատյան դաշտավայրի մասնագիտացված դպրոցներից մեկը: Այն հանրաճանաչ տնօրեն ուներ և չճանաչված մանկավարժներ:
Թեպետ դպրոցը պետական էր, այնտեղ վարչարարություն չէր իրականացվում՝ դպրոցի սաների ծնողներից դիմումներ չէին ընդունում, տնօրինությունը չուներ ընդունելության ժամեր, տնօրինության և ծնողների միջև շփումն իրականացվում էր «ՀայՓոստ» ՓԲԸ-ի միջոցով:
Հանրաճանաչ տնօրենը հանրությանն անհասկանալի տարաձայնություն ուներ դպրոցի չճանաչված մանկավարժներից մեկի հետ: Վերջինս հանրաճանաչ տնօրենի դեմ պայքարում էր հիմնականում աշխարհահռչակ սոցիալական ցանցի օգնությամբ, բացառապես դպրոցի սաների ծնողների ֆեյք էջերի միջոցով: Հանրաճանաչ տնօրենը, բանուգործը թողած, դպրոցի պաշտոնական էջում անհաշտ արգելափակում էր ֆեյքերին:
Այնպես, ինչպես Հայաստանի այլ դպրոցներում, Արարատյան դաշտավայրի այդ դպրոցում ևս սաների ծնողները սոցիալական ցանցերում խմբեր էին ստեղծում, որոնցում հօգուտ դպրոցի կամ չճանաչված մանկավարժի դրամահավաք էին կազմակերպում (սովորաբար, դա կոչվում է «ֆոնդի գումար»): Հավաքված գումարով դպրոցի համար գույք էր գնվում (՞) և չճանաչված մանկավարժի ծննդյան օրվա նվեր (՞): Մի խոսքով, սոցիալական ցանցերը մեծ հետաքրքրություն են մտցրել Հայաստանի կրթության բնագավառում:
Տեսեք, եթե չլինեին սոցիալական ցանցերով ընձեռնված հնարավորությունները, ապա դպրոցները չէին ունենա պաշտոնական էջ, ծնողների կողմից ֆեյքերի կազմակերպված ստորաբաժանումներ չէին կազմավորվի, կդժվարանար դրամահավաքի գործընթացը: Սակայն, սոցիալական ցանցերը կան և դրանք անհամեմատ դյուրացնում ու հետաքրքիր են դարձնում կրթական գործընթացը:
Ի դեպ, լավ բան է նաև սքրինշոտը, ինչն իր հերթին, դյուրացնում է իրավախախտի նկատմամբ պետության կողմից նախաձեռնված իրավական ներգործությունը:
Ահա, այսպիսին էր Արարատյան դաշտավայրի մասնագիտացված դպրոցներից մեկը (միգուցե՝ բոլորը):
Այս պատմությունը Արարատյան դաշտի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ն համար է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ