ՀՀ գյուղատնտեսությունում իրականացված պետական քաղաքականության, աջակցության ծրագրերի և ոլորտում տնտեսավարողների ջանքերի արդյունքում վերջին 12 ամիսներին գրանցվել են դրական տեղաշարժեր: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993.37 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 7.2 %-ով: 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 120.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.8 %-ով: Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են գրանցվել նաև ձկնաբուծության և անտառային տնտեսության ոլորտներում: 2014 թվականին շարունակվել են դրական տեղաշարժերը հողային ռեսուրսների, մասնավորապես վարելահողերի օգտագործման բնագավառում։ Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2 %, նախորդ տարվա 71.0 %-ի դիմաց: 2015 թվականին նույնպես նախադրյալներ են ստեղծվել վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման ուղղությամբ: 2015 թվականի բերքի համար աշնանացանի տարածքները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 4.0 %-ով: Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացման։ 2014 թվականին այն կազմել է 19.7 %, 2013 թվականի 19.6 %-ի դիմաց: 2014 թվականի 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը (44.1 %-ը) բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին: