Ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղացիներին վարկ է տրամադրվում 6 % սուբսիդավորմամբ։ Գյուղացիական փոքր և միջին տնտեսությունները հույս ունեն, որ վարկերի սուբսիդավորման ծրագիրը շարունակական կլինի։ Ճիշտ է, պետությունը սուբսիդավորում էր գյուղատնտեսական վարկերը, սակայն առաջին անգամ դրա չափը զգալիորեն մեծացվել է։ Սա գյուղացիների համար վաղուց սպասված ծրագիր էր, և քանի որ արդեն մեկնարկել է, դրա շուրջ զրուցեցինք գյուղատնտեսության փոխնախարար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։
-Պարոն Պետրոսյան, մինչ թեմային անցնելը չեմ կարող չհարցնել՝ եղանակային պայմանները նպաստավո՞ր են գյուղատնտեսության համար։
-Սովորաբար տարվա սկզբից մինչև գարնանացանն ընկած ժամանակահատվածը ամենամտահոգիչն է գյուղացիական տնտեսությունների համար։ Պետք է ասեմ, որ ընթացիկ ձմեռը մեղմ էր և բավականին տաք, ինչն էլ մտավախության առիթ էր, որ ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում կարող են կորուստներ գրանցվել։ Վերջերս շատ անհանգիստ էինք, քանի որ հանրապետության բարձրադիր գոտիներում տեղացած ձյունը կարող էր ցրտահարության առիթ դառնալ Արարատյան դաշտում։ Բարեբախտաբար, այսօր կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով էական վնասներ չեն գրանցվել, ինչը շատ կարևոր է։ Դա մեզ հիմք է տալիս լավատեսորեն տրամադրվելու, և հուսով ենք, որ տարին բերքառատ կլինի։ Ձևավորված են ծիրանի, դեղձի, բալի, կեռասի և մյուս կորիզավորների պտուղները։ Շատ լավ վիճակում է աշնանացան ցորենը՝ ձմեռացումը լավ է անցել։ Արարատյան դաշտում ժամանակին իրականացվեց վաղահաս կարտոֆիլի տունկը, աճի համար էլ եղանակային պայմանները նպաստավոր են։ Մենք դրական միտում ենք տեսնում նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքների ավելացման ուղղությամբ։ Ի դեպ, մեծ հետաքրքրություն կա լոլիկի արտադրությունն ընդլայնելու հարցում, ինչը պայմանավորված է վերամշակող ընկերությունների պահանջարկի աճով և արտահանման հեռանկարով։ Սրան զուգահեռ նկատվում է հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման միտում։ Կարծում եմ, սա պայմանավորված է արտահանման ծավալների և տեսականու աճով։ Ի դեպ, առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, սակայն ավելացել է տարբեր կանաչեղենների, ելակի, սնկի և այլնի արտահանումը։ Բազմապատկվել է կաղամբի արտահանումը, մեծացել են նաև գազարի, ճակնդեղի արտահանման ծավալները։
-Եղանակային պայմանները, որքան էլ բարենպաստ լինեն, ամեն դեպքում մարդուց կախված գործոն չեն, և ինչպես ասում են, բոլորս Աստծո հույսին ենք։ Սակայն կան բաներ, որ կարող են օգնել կամ խանգարել՝ նկատի ունեմ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը։ Այս գործընթացը շուրջ մեկ ամիս է, ինչ սկսված է, ի՞նչ արդյունքներ կան։
-Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը կառավարության կարևոր ծրագրերից մեկն է։ Ինչպես գիտեք, այս տարվա փետրվարի 19-ին փոփոխություն կատարվեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի մասին» 2011-ի որոշման մեջ։ Արդյունքում՝ վարկերի 6 %-ը սուբսիդավորում է պետությունը։ Այս գործընթացը սկսված է ապրիլի 1-ից, նախնական արդյունքները կամփոփվեն երեք ամիս հետո։ Դուք իրավացի եք, բնակլիմայական պայմաններից մարդն ապահովագրված չի կարող լինել։ Գյուղացին ու գյուղատնտեսությունը մշտապես ունեն աջակցության կարիք, ինչը գյուղատնտեսության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ աջակցությունը, բացի վարկերի սուբսիդավորումից, արտահայտվում է նաև այլ ձևերով։ Մասնավորապես, ոլորտում աճ ապահովելու նպատակով իրականացվում է պետական լուրջ ծրագիր։ Խոսքը պարարտանյութերի, դիզվառելիքի, թունաքիմիկատների սուբսիդավորման մասին է։ Սա կարևոր քայլ է, ինչը զերծ է պահում շուկան կտրուկ շեղումներից։ Այս ծրագրերի արդյունքում ազոտական պարարտանյութերի գները շուկայում պահպանվում են՝ 1 պարկը (50 կգ)՝ 6000 դրամով։ Այս տարի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր են ներմուծվել 7000 դրամով, մինչդեռ շուկայական գինը 15000-16000 դրամ է։ Կառավարությունը սուբսիդավորեց նաև մի շարք սերմացուների ներմուծումը։ Գարնանացան գարու 1 կգ-ը գյուղացիներին տրամադրվում է 130, առվույտի 1 կգ-ն՝ 1500 դրամով, երբ շուկայական գինը 2500-3000 դրամ է։ Կորնգանը տրամադրվում է 370 դրամով, եգիպտացորենը՝ 350 դրամով։ Այնպես որ, սրանք լուրջ աջակցություններ են գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանային այս ժամանակահատվածում, երբ ազատ ֆինանսական միջոցները լուրջ խնդիր են վերջիններիս համար։ Իսկ պետական այս մոտեցումը նրանց թույլ է տալիս լուծել այդ խնդիրը։
-Կրկին վարկերին վերադառնանք, պարոն Պետրոսյան։
-Իհարկե, հարցերի հարցը վարկավորման խնդիրն է, որը խիստ կարևորվում է հատկապես գարնանը։ Ձմռան ընթացքում գյուղացին ոչ թե կուտակում, այլ ծախսում է իր ֆինանսական միջոցները, իսկ գարնանացանի համար լուրջ ներդրումներ են պետք։ Եթե գարնանը նա չհասցնի բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել, ապա բերքատվության լուրջ խնդիրներ կունենա։ Սրան զուգահեռ մեծ խնդիր է փոխարժեքի կտրուկ տատանումը։ Հասկանալի է, որ անցած տարի ֆինանսական շուկայում փոխարժեքի կտրուկ տատանումը, որը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում, լուրջ դժվարություններ առաջացրեց գյուղացիական տնտեսություններում։
-Վարկերի սուբսիդավորումը սկսված է, սակայն բանկերը տարադրամային վարկեր են առաջարկում։ Սա խնդիր չի՞ դառնա գյուղացիների, նաև պետության համար։
-Չեմ ժխտում, նման երևույթ կա, և դա խնդիր է։ Առևտրային բանկերն իրենց այդ մոտեցումը պայմանավորում են տարադրամային ավանդների ծավալի աճով։ Իհարկե, նկատի ունենալով որոշ ռիսկերի բարձրացում ֆինանսական շուկայում, կարելի է բանկերին ևս հասկանալ, սակայն մեզ համար առաջնայինը գյուղացու խնդիրն է։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կարևորելով վերը նշված խնդրի լուծումը և նկատի ունենալով ֆինանսական շուկայի գործընթացները, դիմեց կառավարությանը՝ վարկերի սուբսիդավորմանը տրամադրվող գումարի չափը մեծացնելու հարցով։ Արդյունքում՝ այս տարի հատկացվել է 1 մլրդ 163 մլն դրամ։ Համեմատության համար նշեմ, որ 2014-ին այդ նպատակով տրամադրվել էր ընդամենը 879 մլն դրամ։ Հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ցածր վճարունակությունը, կառավարությունը հաստատեց սուբսիդավորման տոկոսի դրույքաչափը։ 6 %-ի սուբսիդավորումը շատ լուրջ և նոր քայլ էր այս գործընթացում, ինչն էլ, բնականաբար, էլ ավելի մեծացրեց պահանջարկը։ Ընդհանրապես, վարկերի պահանջարկը մեծ է, հաճախ հնարավոր չի լինում տրամադրել առավելագույն ծավալի վարկ, և բանկերը ստիպված են ավելի փոքր չափերով ռեսուրսներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին, որպեսզի հնարավորինս մեծ թվով տնտեսություններ ներգրավվեն այս ծրագրում։
-Բանկերը գյուղացիներին վարկերը տրամադրում են Ձեր նախարարության հետ համաձայնեցվա՞ծ, և ո՞ր բանկերն են ընդգրկված այդ ծրագրում։
-Ոչ, բանկերի գործառույթներին մենք չենք խառնվում։ Այս ծրագրի մոտ 95 %-ը իրականացնում է «Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկը»։
-«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի մասին» որոշմամբ կարգավորվա՞ծ է, թե ովքեր պետք է օգտվեն սուբսիդավորումից, և արդյոք խոշոր տնտեսությունները կարո՞ղ են օգտվել այդ վարկերից։
-Այս աջակցությունը նախատեսված է փոքր և միջին տնտեսությունների համար։ Հատկացվող վարկի առավելագույն շեմը 3 մլն դրամ է։ Բնականաբար, այդ գումարը խոշոր տնտեսությունների համար էական չի կարող լինել, սակայն փոքր և միջին տնտեսությունների համար որոշակի աջակցություն է՝ գարնանացանը լիարժեք կազմակերպելու հարցում։
-Այս մեկ ամսում ինչպիսի՞ն է իրավիճակը, նկատվե՞լ են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։
-Հիմնական դժգոհությունը առնչվում է տրամադրվող վարկի չափին։ Ճիշտ է, վարկի առավելագույն շեմը 3 մլն դրամ է, սակայն բանկերը տրամադրում են անհամեմատ ավելի փոքր գումար: Ինչպես վերը նշեցինք, պահանջարկը շատ մեծ է, եթե յուրաքանչյուրին տրամադրվի 3 մլն դրամ, ապա գյուղացիական տնտեսությունների ներգրավվածությունն այս ծրագրին փոքր կլինի։ Մեր խնդիրն է հնարավորինս բավարարել պահանջարկը, և շատերին հասանելի լինի։ Հիշեցնեմ նաև, որ այս տարի զգալիորեն ավելացավ վարկերի սուբսիդավորմանը տրամադրվող գումարի չափը։ Գյուղնախարարը վարկերի սուբսիդավորումը կարևոր խնդիրներից մեկն է համարում և փորձում է տարեցտարի ավելացնել դրա ծավալները։ Այս ծրագիրը լինելու է շարունակական։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ հիշեցնել, որ մեր գյուղացիների վարկային պարտավորությունների խնդիրը վերջին մի քանի տարվա արդյունք չէ։ Այդ պարտքերը գոյացել են դեռևս անցած դարի 90-ականներից, երբ գյուղատնտեսական վարկերը տրամադրվում էին նույնիսկ 24-ից բարձր տոկոսով։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ