Հայաստանում, ինչպես գիտենք, գյուղական համայնքների խնդիրները շատ են ու տարատեսակ: Դրանցից մեկն էլ եղել ու շարունակում է մնալ որակյալ սերմացու հայթայթելու հարցը: Այսօր գյուղացուն հուզող բազմազան խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպես ընտրել սերմացուն՝ առատ ու որակյալ գյուղմթերք ստանալու համար, և, որ, ասենք, ցանած ծաղկակաղամբի փոխարեն ծաղիկ չաճի: Չնայած լավ բերք երաշխավորում են սերմերի գրեթե բոլոր խանութներում՝ մի լավ գովելով ու որպես առավելության գլխավոր ցուցիչ ընդգծելով սերմացուի արտասահմանյան ծագումը, սակայն փաստը մնում է փաստ, որ ոչ միշտ է արտասահմանյանը շահեկանորեն տարբերվում տեղականից. ներկայումս Հայաստանին սերմացուով ապահովող երկրների թիվը բավական մեծ է՝ Եվրամիությունից մինչև ԱՊՀ անդամ երկրներ: Լոլիկի սերմացուների շուրջ 80-85 %-ը, օրինակ, դրսից է Հայաստան ներմուծվում: Նույն պատկերն է նաև այլ բանջարեղենների մասով: Ներքին պահանջարկը տեղական սերմերով բավարարելն այսօր, ցավոք, հնարավոր չէ: Առաջացած բացը լրացնելու համար գյուղացին ստիպված օգտվում է արտասահմանյան սերմացուներից, ու դեռ մի բան էլ ավելի՝ ներկրվածն աստիճանաբար շուկայից դուրս է մղում բանջարաբոստանային մի շարք տեղական տեսակներ: Փորձառու գյուղացիները տեղականի ու ներմուծվածի առավելություններն ու թերությունները լավ գիտեն. տեղական սորտերից ստացված բերքի համն ու հոտը ուրիշ են: Քիչ չեն այն դեպքերը, երբ գյուղացուն հուսախաբ է անում նույնիսկ ամենաթանկ սերմացուն: Կոտրած տաշտակի առաջ չկանգնելու համար որոշ փորձառու հողամշակներ առաջարկում են մշակելի հողատարածքի մի մասը գոնե ժամանակավորապես փորձադաշտի վերածել՝ անձամբ համոզվելու, որ նոր ձեռք բերված սերմացուն որակյալ է, իսկ որոշ մասնագետներ էլ առաջարկում են նորահայտ սերմացուները մի լավ փորձարկել և նոր միայն առաջարկել հայ գյուղացուն: Գյուղատնտեսության նախարարությունում հավաստիացնում են, որ իրենք դա անում են ու այն էլ՝ բնակլիմայական տարբեր գոտիներում: Ավելին՝ ներկրվող սերմացուի պարագայում հենց սահմանին իրականացվում է նաև բուսասանիտարական վերահսկողություն. այս գործառույթն արդեն կատարում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը սահմանին ստուգում է կարանտինային և ոչկարանտինային հիվանդությունների առկայությունը և նոր միայն արտոնում դրա ներկրումը: Այդ կերպ փորձ է արվում կանխելու մի շարք հիվանդությունների ու վնասատուների մուտքը երկիր: Պատասխանատու պաշտոնյաների հավաստմամբ՝ եթե նման հսկողություն չսահմանվի, ապա Հայաստանում և՛ բերքատվության մասով, և՛, առհասարակ, ընդհանուր տնտեսության կտրվածքով, ահռելի վնասներ կկրենք: Բուսասանիտարական վերահսկողությունը, անշուշտ, կարևոր գործառույթ է, բայց գյուղացուն առավել հետաքրքրում են սերմացուի ծնողունակությունն ու բերքատվությունը: Գյուղացիները սեփական կենսափորձից գիտեն՝ սերմացու ընտրելիս ոչ մեկի երդմանը հավատալ պետք չէ: Նրանք լավ գիտեն՝ սերմերի բազմազանության մեջ կողմնորոշվելը ամենևին էլ հեշտ գործ չէ:
Ոլորտն առավել վերահսկելի ու կանխատեսելի դարձնելու լավագույն ուղին, ըստ գյուղատնտեսության նախարարության, տեղական սերմարտադրությանը զարկ տալն է: Այս ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք աշխատանքներ, որոնք հաջողությամբ են պսակվել: Նախարարությունում խոստանում են, որ հեռու չեն այն ժամանակները, երբ իրենք ի վիճակի կլինեն ապահովելու երկրում սերմացուի գոյացող պահանջարկի 50-60 %-ը:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ