Տավուշի մարզի 15 գյուղեր մշակաբույսերն այսուհետ կաճեցնեն նոր՝ թայվանական սերմերով ու տեխնոլոգիաներով: Արդյունքում կբարձրանա բերքատվությունն ու կընդլայնվեն ապրանքային բերքի ծավալները:
ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Սուրբ Հեղինե» բարեգործական ՀԿ-ն հուլիս-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի 15 գյուղերում «Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմամբ» խորագրով ծրագրի շրջանականերում անցկացնում է տեղեկատվական սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում գյուղաբնակ ֆերմերներին ներկայացվում են թայվանական տեխնոլոգիաները, տրամադրվում Թայվանից բերված և թայվանական տեխնոլոգիաներով ստացված տեղական սերմեր: «Սուրբ Հեղինե» ԲՀԿ-ի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի պատասխանատու Կարինե Սառիկյանի տեղեկացմամբ՝ թայվանական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս նոր մոտեցում ցուցաբերել բանջարեղենի աճեցման ավանդական մեթոդներին և ստանալ ավելի բարձրորակ ու ապրանքային բերք, բարձրացնել տվյալ տնտեսության եկամտաբերությունը: Այս առումով կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարբեր տեսակի տնկիների արտադրամասի հիմնումը: Կարինե Սառիկյանը շեշտեց. «Գրեթե բոլոր մարզերում տնկիների մեծ պահանջարկ կա, քանի որ դրանք բավականին թանկ են վաճառվում: Եթե կարողանանք նման արտադրամաս ստեղծել և օգտագործել թայվանական տեխնոլոգիաները, գոնե երկու-երեք գյուղի կարիքներ կարող են բավարարվել»:
Ֆերմերները թայվանական սերմերը կփորձարկեն գարնանը:
Տավուշի Սև քար գյուղի ֆերմերներին ևս տրամադրվեցին թայվանական սերմեր ու ծանոթացրին նորագույն տեխնոլոգիաներին: Գյուղի ֆերմերԳրիշա Փաշինյանն ասաց, որ նշված տեխնոլոգիաների որոշ մասն իրենք այսպես թե այնպես կիրառում էին, սակայն նոր տեխնոլոգիաները ինչ-որ առումով կհեշտացնեն գյուղացու գործը: Սևքարցի ֆերմերը խոսեց նաև գյուղացու հոգսերից.առանձնացրեց ոռոգման խնդիրը, գյուղատնտեսական տեխնիկայի պակասը և որպես օրինակ նշեց. «Հունձը կատարելու լավագույն ժամանակահատվածը սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ն է, բայց քանի որ բավարար թվով գյուղտեխնիկա չունենք, գյուղացիներից շատերը չեն հասցնում ժամանակին այդ գործն անել»:
Սև քար գյուղի գյուղապետ Թորոս Թելոյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, նկատեց. «Այս տեխնոլոգիաները մեր գյուղի ֆերմերներն անպայման կկիրառեն: Մինչ այժմ կար տեղեկատվության պակաս: Նման ծրագրերն իրենց դրական արդյունքը կտան` թե կապված տեղեկատվության տարածման, թե նոր սերմերի և տեխնիկայի ներմուծման հետ: Արդյունքում կկրճատվի գյուղացու աշխատանքը»: Ըստ գյուղապետի` 2500 բնակիչ ունեցող գյուղի խնդիրները բազմաթիվ են, սակայն հրատապ է ոռոգման և խմելու ջրի խնդիրը. «Ունենք ներքին ջրային ցանցի կառուցման, գյուղամիջյան ճանապարհների խնդիր, բայց հատկապես կարևոր են խմելու և ոռոգման ջրի հարցերը. մեծ հողատարածություններ ունենք, որոնք չեն մշակվում զուտ ոռոգման միջոցների բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է տեխնիկայի տրամադրմանը, ապա այս հարցում կա առաջընթաց, արոտների զարգացման ծրագրով գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա»: