Միշտ անկեղծորեն համարել եմ, որ ինքն իրեն վկայակոչելը և հատկապես «ես վաղուց էի, չէ՞, նախազգուշացրել» կարգի հայտարարությունները շատ վատ, անգամ անթույլատրելի լրագրողական հնարք են, առավել ևս ոչ լավորակ քաղաքական փորձաքննություն։ Սակայն այսօր հարկադրված եմ նահանջել իմ այդ երկաթյա կանոնից և հիշեցնել որոշ դրույթներ «եվրասիականության» խնդրին առնչվող մի քանի նախկին հոդվածներից։ Նախ այն պատճառով, որ մեր երկրի անդամակցությունը Պուտինի այդ սիրելի «հոգեզավակին» դեռևս վերացական է, բայց չի դադարում օրախնդիր լինելուց, թեման բավական սուր է և շարունակում է, իմ կարծիքով, մռայլ երանգներ հաղորդել Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքին։ Երկրորդ, «եվրասիականության» հայ ջատագովները, ինչպես քաղգործիչները, այնպես էլ փորձագետները, վատ են նկատում, ավելի ճիշտ, լիովին անտեսում են գործընթացները, որոնք դժվար չէր լինի գուշակել այդ ինտեգրացիոն նախագծի մոգոնման արդեն առաջին փուլերում։ Բացի այդ, ռուս «ազգային առաջնորդը», խոսելով Եվրասիական միության մասին, ընդգծել է. «Ապագա, որ ծնունդ է առնում այսօր»։ Եվ իրոք, չէր խանգարի, որ մենք հանգիստ ու բազմակողմանիորեն քննության առնենք ու պարզենք, թե ինչպիսին կարող է լինել այդ ապագան։
Եվ այսպես, մի երկու տարի առաջ խոսելով «Եվրասիա» գաղափարի մասին, նախ և առաջ առիթ էինք ունեցել հիշեցնելու, որ դեռ 1925 թ., այսինքն` այդ տեսության ծննդյան ժամանակ, ռուս մեծանուն փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը դառնությամբ նկատել էր. «Նրանք` եվրասիականները, Չինգիզ խանին բացահայտորեն գերադասում են սուրբ Վլադիմիրից»։ Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, այդ նախազգուշացումը չի զսպում «ռուս հայրենասերներին»։ Եվ, օրինակ, արդի ռուսական «եվրասիականության» գլխավոր տեսաբան Ալեքսանդր Դուգինը, որը երկար ժամանակ եղել է Պուտինի խորհրդականն ու Կրեմլի գլխավոր գաղափարաբանը, առաջ է քաշել «Մոսկվա-Բաքու-Անկարա աղեղի» ստեղծման գաղափարը, ինչը, նրա համոզմամբ, կօգնի թոթափելու «Ռոմանո-գերմանական աճյունափոշին մեր ասիական ներբաններից» և կդառնա «հոգեհարազատ քաղաքակրթությունների» միակ փրկությունը։ Թեև այդ գաղափարը հիմա բացահայտորեն առաջ չի մղվում, բայց, հավանաբար, այն շարունակում է ապրել մի շարք ռուս քաղգործիչների ու մտավորականների ուղեղներում, կրկներգի նման հնչել քաղաքական շատ նախաձեռնություններում։ Հաջորդը։ Քչերն են, երևի, ուշադրություն դարձրել, որ Պուտինի «պատմական ճեղքման» հեռանկարի մասին հայտարարությունից դեռ շատ առաջ Թուրքիան ինքն էր առաջարկել Եվրասիական միություն ստեղծել, իսկ նրա արտգործնախարար Դավութօղլուն այդ նախագահի մասին պատմել էր Եվրասիայի երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ «Անհրաժեշտ է վերստին միավորել Եվրասիայի արևելքն ու արևմուտքը»,- հռչակել էր նա։ Հանրությունը լիովին շրջանցեց նաև Ռուսաստանի իսլամացման` «իբրև նրա միակ ելքի» գաղափարի հայտնի հեղինակի Հեյդար Ջեմալի միարժեք ցնծությունը։ Նա առանց որևէ սեթևեթանքի հռչակել է, որ «Անկարան առաջարկում է ստեղծել Եվրասիական միություն ընդդեմ ռազմավարական թշնամու` Ամերիկայի» (նկատենք, վաղուց արդեն «Ցամաքի և Օվկիանոսի պատերազմը» եվրասիական գլխավոր դոկտրինը պանիսլամիզմի երանգներով է ներկված)։ Սակայն այն ժամանակ Էրդողանը, որ դեռ մի շարք չլուծված խնդիրներ ուներ, զգուշացավ և խոսքից գործի չանցավ, հնարավոր է նաև, որ նա պարզապես չուզեց գրգռել Վաշինգտոնին ու Բրյուսելին, ուր խիստ վատ էին ընդունել այդ «կայսրության մոլագարությունը»։ Այնպես որ, նախաձեռնությունը վերագրվեց Մոսկվային։ ՈՒ թեև որոշ փորձագետներ ու քաղգործիչներ սկսեցին ասել, թե Մոսկվան և Թուրքիան կարող են գլխավոր գործընկերները դառնալ նոր Եվրասիական միությունում, ընդհանուր առմամբ նախկին Խորհրդային Միության տարածությունում բոլոր «ինտեգրվողները համոզված էին, որ հենց Ռուսաստանը պետք է դառնա Եվրասիայի ինտեգրման միջուկը և նրա ավանդական հոգևոր արժեքների պահապանը»։
Սակայն անցյալից գանք այսօրվան։ Սկզբում, բավական զգույշ, մի շարք լրատվամիջոցներ ու փորձագետներ սկսեցին հիշեցնել, որ եվրասիական ինտեգրման շարժիչ ուժը Ղազախստանն է, իսկ Նազարբաևը դեռ 1994 թ. «մարգարեական դասախոսություն կարդաց Մոսկվայի համալսարանում և նորանկախ պետություններին կոչ արեց ստեղծել Եվրասիական միություն»։ Այնուհետև Ղազախստանի իրատես նախագահն սկսեց թեթևակի ակնարկել, որ եթե Եվրասիական միության ծանրության կենտրոնը Մոսկվայից տեղափոխվի այլ վայր, ասենք Աստանա, ապա ոչ ոք այն ժամանակ Ռուսաստանին չի մեղադրի կայսրապետական հավակնությունների մեջ ու նաև «21-րդ դարի ամենահեռանկարային նախաձեռնության»` եվրասիական ինտեգրման ծրագիրն այդ դեպքում ավելի հաջող կլինի։ Ընդ որում, Նազարբաևը ներկայանում էր որպես եվրասիականության համոզված կողմնակից, Աստանայում իր ստեղծած Եվրասիական ազգային ինստիտուտը կոչել էր «եվրասիականության հայր» Լև Գումիլյովի անունով։ Սակայն սկզբնական շրջանում նա չէր շտապում առաջնության դափնին խլել Պուտինից և միշտ ընդգծում էր, որ Ռուսաստանի նախագահի` «21-րդ դարի նոր առաջնորդի» քաղաքական կամքն ու հեռատեսությունը կդառնան «հաջողության վճռորոշ գործոնը»...
Եվ ահա առասպելը պարզություն ստացավ։ Ելույթ ունենալով Ստամբուլում` թուրք-ղազախական բիզնես-համաժողովում, Նազարբաևն ասաց բառացիորեն հետևյալը. «Մենք ապրում ենք ամբողջ թուրքական ժողովրդի հայրենիքում։ Այն բանից հետո, երբ 1861 թ. սպանվեց ղազախական վերջին խանը, մենք դարձանք ռուսական ցարիզմի, ապա Խորհրդային Միության գաղութը։ 150 տարում ղազախները քիչ էր մնացել զրկվեին իրենց ավանդույթներից, սովորույթներից, կրոնից։ Աստծո ողորմածությամբ, մենք 1991 թ. հռչակեցինք մեր անկախությունը։ Ձեր նախնիները, հեռանալով պատմական հայրենիքից` թյուրքական խաքանությունից, իրենց հետ տարան թյուրք ժողովրդի անվանումը։ ՈՒ մինչև հիմա թուրքերը լավագույն ջիգիթներին կազախ են անվանում։ Ահա մենք էլ հենց այդ կազախներն ենք»։
Ասել, թե «յուրային հուսալի» Նազարբաևի այս հայտարարությունը դառնացրեց ռուսներին, իհարկե, նշանակում է գրեթե ոչինչ չասել։ Դա ուղղակի «տակնուվրա արեց» ռուսական լրատվական և փորձագիտական ընկերակցությունը։ Դրանից զատ, այդ ամենը տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության և Թուրքիայում կալանված ինքնաթիռի հետ կապված աղմուկի պայմաններում։ (Ղազախստանի նախորդ բոլոր «թյուրքական նախաձեռնությունները» շատ ավելի մեղմ էին ընդունվել)։ Անշուշտ, ռուսների համար, որոնք երկար ժամանակ ու միանգամայն անկեղծորեն համարել էին, թե հենց իրենք են զարգացման խթան հաղորդել «պատմությունից զուրկ քոչվորներին», որ հենց իրենց օրհնությամբ ու բարի կամքի շնորհիվ է Ղազախստանը դարձել բարեկեցիկ ու աշխարհում ճանաչում գտած երկիր, խիստ վիրավորական էր նման «նոր վարկած» լսելը։ Ռուսաստանում նրան անմիջապես սկսեցին կոչել «Թյուրքական աշխարհի մեծ աքսակալ», իսկ Մոդեստ Կոլերովը («Ռեգնում» գործակալությունից) առհասարակ հայտարարեց. «Նազարբաևը չի հարգում և չի գնահատում իր բազմազգ ժողովրդին, չի գնահատում և չի հարգում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ, ամենևին չի ամաչում իր ասածների հակասականության և իր մերձավորներին, իր գործընկերներին ապտակ հասցնելու համար»։ Իսկ միգուցե ոչ մի հակասություն էլ չկա՞։ Գուցե ամենևին էլ ճիշտ չեն այն փորձագետները, ովքեր պնդում են, թե «գաղափարը նոր չէ։ Այն կոչվում է, ճիշտ է, ոչ թե եվրասիականություն, այլ պանթյուրքի՞զմ»։ Գուցե Նազարբաևն ավելի լավ է ընթերցել և ավելի ռացիոնալ է իմաստավորել բոլոր «եվրասիականների» գաղափարները` սկսած տեսաբան և դասական Գումիլյովից և վերջացրած արդի քարոզիչ Դուգինո՞վ։
Իհարկե, Նազարբաևը չէր կարող չգուշակել ռուսների նման արձագանքի հնարավորությունը, և եթե նա այս պահին է նման հայտարարություններ անում, ապա միանգամայն ակնհայտ է, որ դրանով հասկացնում է, թե որտեղ է ինքը տեսնում ինտեգրման նոր կենտրոնը, այդ թվում` տխրահռչակ «Եվրասիական միության» համար։ Բոլոր էթնիկ թյուրքերին բնորոշ են իրատեսությունն ու հաշվենկատությունը, և, ինչպես հայտնի է, պետության նոր արտքաղաքական վարքագծի հիմնավորման եղանակներից մեկը հենց պատմության գնահատումն է։ ՈՒստի ղազախ նախագահի խոսքերը` «Ես ուզում եմ ողջունել բոլոր թյուրքալեզու եղբայրներին։ Սպիտակ ծովի, Ալթայի ու Միջերկրական ծովի միջակայքում ավելի քան 200 մլն եղբայրներ են ապրում։ Եթե մենք բոլորս միավորվենք, ապա շատ արդյունավետ ուժ կդառնանք աշխարհում», շատ պերճախոս են։ (Թիվն ինքնին այնքան մեծ է, որ, հասկանալի է, ներառում է ոչ միայն «Թյուրքական աշխարհի» յոթ երկրների, այլև, ըստ երևույթին, Ռուսաստանի, Կովկասի, Սև ծովի ավազանի և այլ երկրների բնակչությունը։
Բնականաբար, երբ հաջորդ անգամ Նազարբաևը Մոսկվա գնա, ապա ամեն ինչ կանի, որ հարթի Թուրքիայում իր արած հայտարարությունների տպավորությունը. իրեն, իբր, ճիշտ չեն հասկացել, և Ղազախստանը Ռուսաստանի եղբայրն է։ Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարն արդեն շտապել է ճշգրտել, թե մեջբերումը «պոկված է» ելույթի ընդհանուր ենթատեքստից, մատուցվել է աղավաղված, և շեշտադրումներն էլ այլ են եղել. «Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը խոսել է թյուրքական աշխարհի մշակույթի և ավանդույթների պահպանման մասին, բայց ոչ երբեք ժամանակակից Ռուսաստանի հետ ընթացիկ հարաբերությունների մասին»։ Բայց չէ՞ որ եթե նրա ճառին մոտենալու լինենք, մեջբերումներ «պոկելով» միայն մեկ ելույթից, ապա միայն այդ ժամանակ կարելի կլինի բոցաշունչ եվրասիական Նազարբաևի մասին խոսել իբրև թուրանական գաղափարով սահմանափակված քաղաքական գործչի։ Իհարկե, անհնար է առանց Ռուսաստանի հետ ներկա հարաբերությունները հաշվի առնելու խոսել թյուրքական աշխարհի միավորման մասին։ Եվ փորձառու քաղգործիչը նման մեղանչում հազիվ թե թույլ տար։ ՈՒրեմն ասպարեզում մնում է միայն երկու հետևություն. կամ ղազախ նախագահը հիանալի գիտակցում է, որ Եվրասիական միությունը սոսկ Պուտինի նախընտրական քայլն էր, որ Եվրասիական միության հայեցակարգերն ու նրա գործառության կանոնները մշակված չեն ու հնարավոր է երբեք էլ չմշակվեն։ Այսինքն, այդ գաղափարը կեղծ է, կողմնակիցները կսառեն դրա հանդեպ, ու ժամանակն է փոխելու կողմնորոշիչները։ Կամ էլ, որ ոչ պակաս հավանական է, Նազարբաևը, օգտվելով առիթից և ռուսական կողմի անորոշ կեցվածքից, իր արյունակից եղբայրների հետ վճռել է առաջ անցնել ռուսներից և «եվրասիականության» գաղափարը ծառայեցնել իրենց վաղեմի երազանքներին։ Եվ այդ դեպքում նա պատմության մեջ կմտնի ոչ իբրև թյուրքական աշխարհի մեծ աքսակալ, այլ նոր եվրասիականության աքսակալ։ Իսկ դրանում, համաձայնեք, հստակորեն երևում է որոշակի առողջ տրամաբանություն։ Մի կողմից` նա ամրապնդում է տեսակի նույնականությունն ու կողմնորոշվում է դեպի Թուրքիա, մյուս կողմից էլ, կարծես, պահպանում է հարաբերությունները Մոսկվայի հետ ու նրան սկուտեղով մատուցում «թյուրքական աշխարհը»։
Իսկ մեզ համար, ամեն դեպքում, այստեղ մտածելու բան կա։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից