Այսօր արդեն ակնհայտ է` նրա վերադարձը նրա երկրորդ դարակազմիկ սխալն էր: Եվ այդ մասին նույնիսկ գրելն իմաստ չէր ունենա, եթե վերաբերեր միայն իր ճակատագրին ու անձնական որոշումների շրջագծում մնար, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է պետության հիմնադիր նախագահին: Քաղաքական դաշտի 2007-2008-ի բյուրեղացումն ու գործունակության վերականգնումը նույնիսկ Հայաստանի համար չափազանց կարճ տևեցին: Աններելի կարճ: Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը խայտառակ կարճ աստեղային ժամ ապրեց ու անհասկանալի արագ ընտրեց հրաժարիմքների տարբերակը. առաջին հրաժարիմքը ինքն իրենից էր, իր գաղափարներից ու ցանկություններից: Երկրորդ հրաժարիմքը ժողովրդից էր, որ շարունակում էր հավատալ, սպասել ու հուսալ: Երրորդ հրաժարիմքը երկրից էր: Ընթացքը բոլորիս լավ հայտնի է: Հետևանքը քաղաքական ուժի բացարձակ դիմազրկումն է և ինքնաոչնչացումը: ՀԱԿ-ն այսօր առավել քան խորացնում է իր պարտության պատմությունը` յուրաքանչյուր քայլով հակասելով ինքն իր նախընթաց քայլերին ու ելույթներին:
Նախագահական ընտրությունների նախօրեից նախօրե ի՞նչն է փոխվել:
1. Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է այնքան համառ ու այնքան տևական, որ թվում է` դուրս է եկել ՀԱԿ-ից: Նա ոչ թե չի որոշել` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, այլ նրան դեռ չեն ասել` առաջադրի՞, թե՞ ոչ:
2. ՀԱԿ-ը բացահայտորեն անցել է քաղաքական շանտաժի ու աղերսանքի մարտավարության: ԲՀԿ-ի փաստաբանության սկզբում անհասկանալի, հիմա արդեն խիստ հասկանալի գործընթացն ընդամենը դատարկաբանություն է, որ քողարկվում է քաղաքագիտական վերլուծության անվան տակ: Իրականում ոչ մի վերլուծություն էլ չկա: Կա հանգամանքներին հարմարվածություն, որ քաղաքական ծերության նշան է: 21-րդ դարում հայաստանյան բոլոր ընտրությունները ցույց տվեցին իշխանափոխության անհնարինությունն ընտրություններով` Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց հարմարվել: Ընթացքը գուցե տրամաբանական էր: Բայց միայն մի դեպքում` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չունենար Ազատության հրապարակ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չունենար ժողովուրդ: Սակայն ուներ: Գործնականում ՀԱԿ-ը մտավ Ազատության հրապարակ և կորցրեց Ազատության հրապարակը, որովհետև արդեն նրան Ազատության հրապարակը պետք չէր: Եվ այսօր էլ պետք չէ, որովհետև ասելիք չունի, իսկ ժողովուրդն արդեն չի ուզում պարել սպասման ու հույսի իր փետրվարյան պարը: Եվ դեռ երկար ՀԱԿ-ը չի հրավիրի խոստացած հանրահավաքը, որովհետև հարիր չէ խորհրդարանական կուսակցությանը իր քաղաքական խոսքն ասել հարթակից: ՀԱԿ-ն այսօր խոսափող ունի, և ՀԱԿ-ի պատգամավորները, հավանաբար անսովորությունից, իրենց զգում են համարյա յոթերորդ երկնքում` համարելով, որ կատարել են իրենց գերխնդիրը:
Իսկապես, իսկ ուրիշ ի՞նչ էր պետք` իբրև պատգամավոր, այն էլ ընդդիմադիր. ունեն խորհրդարանական երեքշաբթի ու չորեքշաբթի, երեք րոպեով խոսափող և դա պայքարի վերջն է, չէ՞ որ ավելին անհնար է առանց ԲՀԿ-ի, իսկ ԲՀԿ-ն էլ հավատարիմ է ՀՀԿ-ին ու իր շահին: ՈՒ ժամանակն է, որ նույնիսկ ՀԱԿ-ը դա հասկանա:
3. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը դադարել է անկախ լինելուց` ՀԱԿ-ի որոշումները նույնքան կանխատեսելի ու կառավարելի են, որքան այլ ուժերի: ՀԱԿ-ն ինքնուրույն գործոն չէ: Ոչ միայն այն պատճառով, որ ԲՀԿ-ի հետ է կապում իր քաղաքական ներկան ու ապագան, դա ընդամենը արտաքին պատյանն է, այլ այն, որ ՀԱԿ-ը սպառել է ինքն իրեն ու իր առաքելությունը. այսօրվա ՀԱԿ-ն ընդամենն այս ու այն քաղաքական խնդրի լուծման միջոց է` առավել հաճախ Ռուսաստանի ձեռքում:
Ավազակապետության դեմ պայքարի դուրս եկած քաղաքական ուժն այսօր ջատագովում է իր բնորոշած, իր բանաձևած «ավազակապետության» շահերի պաշտպանությունը: Եվ հնարում է հիմնավորումներ, որոնք նույնիսկ չարժե քննարկել իրենց բացահայտ անհեթեթության պատճառով: Բայց իրենք հավատում են իրենց ասածին: Այս ամենը կարելի էր մանկական չարաճճիություն համարել ու ներել, կարելի էր անտեսել ու առաջ գնալ, բայց ամբողջ խնդիրը հենց այդ ուր գնալն է: Առաջ գնալ ՀԱԿ-ը չի կարող, որովհետև «ավազակապետության» հարկաբաժիններում հարմար տեղավորվել է և այլևս մի պտղունց հավատ էլ չունի իր հնարավորությունների վերաբերյալ: Գուցե քաղաքական պայքարի տեսակետից դա կոչվում է պրագմատիզմ ու ունի արդարացում, նույնիսկ ինչ-որ հիմնավորումներ, բայց, ի վերջո, դա ընդամենը պարզ դավաճանություն է: Եվ այս կետում Լևոն Տեր-Պետրոսյանի նահանջը որևէ արդարացում չունի: Հավատի ու հույսի վերջին փշրանքներն էլ նա փշրեց. այլևս ի՞նչ տարբերություն, թե ով է խաբում` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Եվ եթե ժողովուրդն իր առաջին նախագահին ներեց ցուրտ ու մութ տարիները, ներեց անկախության առաջին տարիների զրկանքները, երկրորդ անգամ չի կարողանում ներել, որովհետև այն ժամանակ վտանգել էր մարմինը, հիմա ըմբոստանում է հոգին: Այն ժամանակ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթական պատերազմի նախագահն էր, այսօր նա պատերազմում է իր ժողովրդի դեմ` խրամատում թողնելով նրան ու տուն գնալով, որովհետև ուզում է իշխանությունը ստանալ կապույտ եզրաշերտերով ափսեի մեջ և ժապավենով եզրակապված: Լևոն Տեր-Պետրոսյանին այսօր փոխարինել է Լևոն Զուրաբյանը, իսկ նրա անմիջական ու անկաշառ ժպիտը վկայում է մանկության հետ սերտ կապը, և նրան լուրջ ընդունելն անլրջության վկայություն է: Այսօր Լևոն Զուրաբյանը կարծում է, որ «այն մարդը, ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաև սեփականությունը», և իրեն հարց չի տալիս` ի՞նչ սեփականության մասին է խոսքը, մոնղոլ-թաթարների՞, չվճարված հարկերով ու մոնոպոլ դիրքով ձեռք բերված, կլանային տնտեսության ջատագո՞վն է ՀԱԿ համակարգողը, թե՞ այսօր հարմար է երեկվա ավազակապետերին անվանել «գործոններ», որոնց փորձում են «հեռացնել քաղաքական դաշտից»: Իսկ վաղը Լևոն Զուրաբյանը չի՞ ասի, որ բարեփոխումներ են իրականացվում, եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի ու հանկարծ որոշի վերացնել կլանային տնտեսությունը, հանկարծ որոշի կոռուպցիոն ցանցում իրոք «մեծ ձկներին» բռնել: Լևոն Տեր-Պետրոսյանից Լևոն Զուրաբյան ՀԱԿ-ի նշաձողի շեշտակի իջեցումն ընդամենը հերթական հավաստումն է, որ Հայաստանի ընդդիմությունը չի առաջնորդվում ո՛չ պետության, ո՛չ սեփական շահերով, այլ ընդամենը գործում է դրսի թելադրանքով: Եվ ամենամեծ աբսուրդն այն է, որ այդ մասին բարձրաձայնողներին համարում են գործող նախագահի շահերի պաշտպան: Բավարար ժամանակ եղել է` հասկանալու, որ ԲՀԿ-ն իշխանության դեմ պայքարի ո՛չ անհրաժեշտ, ո՛չ հարկադրված դաշնակից չի կարող լինել ոչ մի պարագայում: ԲՀԿ-ն քաղաքական մի ուժ է, որ ստեղծվել է ընդամենն իշխանության ամրապնդման համար` այն ժամանակ գործող նախագահի՛ իշխանության: Ավելիի խնդիր ԲՀԿ-ն չի ունեցել և չունի: Ավելիի խնդիր նրան Ռուսաստանն էլ չի առաջադրում:
Եվ ստացվում է, որ նախագահական ընտրությունների նախօրեին Լևոնից Լևոն իր շեշտակի անկումով ՀԱԿ-ը ոչ միայն փառահեղ ամայացրեց ընդդիմադիր դաշտը, այլև հանուն իշխանության դավաճանության երկար ցուցակն ավելացրեց` իշխանություն չստանալով, իշխանություն դառնալու ամենառեալ երաշխիքն էլ քամահրելով. ժողովուրդն այլևս կորցրել է իր առաջնորդին, որ լքեց իրեն վճռական պահին: Ցանկացած իշխանություն մշտապես ունի ուժեղ ընդդիմության կարիք, ուժեղ ընդդիմությունն ուժեղացնում է իշխանությունը: Հայաստանի Հանրապետության իշխանության բախտը չի բերում անգամ ընդդիմության հարցում` նախագահից նախագահ նրանք դառնում են իշխանության կցորդը, իսկ հետո սերտաճում են իշխանությանը, ինչի փայլուն հաստատումն է այօրվա խորհրդարանի կազմը:
Նոր ու իսկական ընդդիմության ձևավորման համար ամեն ինչ պակասում է, դժբախտաբար, չեն պակասում դրդապատճառները` երկրի բարոյահոգեբանական կացությունը, սոցիալ-տնտեսական վիճակը, որ, ի հեճուկս տարբեր աղյուսակներում գրանցվող առաջընթացի, մնում է արտագաղթի գլխավոր պատճառ: Խնդիրները կան, խնդիրները որոնում են լուծողներին: Իշխանությունն այդ խնդիրները չի համարում կենսական, կենսականի իր սանդղակում իշխանությունն ունի ուրիշ խնդիրներ և, ուրեմն, դառնությամբ փակելով Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի դուռը, շատ արագ ժողովուրդը գտնելու է նոր առաջնորդի: Դա արդեն ոչ թե փորձի, տրամաբանության, տեղեկատվության հենքով ձևավորված եզրակացություն է, այլ կենսական անհրաժեշտության: Հրապարակը չի կարող թափուր մնալ: Կյանքը շարունակվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Կյանքումս չգիտեմ արդեն որերորդ հոդվածի ամեն բառը գրել եմ չգրելով, որովհետև բոլորովին այլ բառեր էի ուզում գրել, բոլորովին այլ մարդկանց ու այլ իրադարձությունների մասին: Որովհետև վաղը հոկտեմբերի 27-ն է: Որովհետև քաղաքացու ու լրագրողի իմ խիղճը ինձ պարտադրում էր գրել պետության ու նրա ճակատագրի, մարդկանց ու իրենց ճակատագրի մասին: Որովհետև, ի տարբերություն շատ շատերի, իմ հիշողությունն ընտրական չէ. ես հիշում եմ ամեն ինչ ու ամենքին և հիշում եմ ոչ ըստ պատեհության ու պատվերի: Հոկտեմբերի 24-ին քանի՞ պատգամավոր հիշեց խորհրդարանում կատարված ոճրագործությունը: Ո՛չ հանուն քաղաքականության, ո՛չ այս ու այն նկատառումով, հավուր պատշաճի տարեցտարի հնչող, արդեն բովանդակազրկված բառերով, այլ զոհվածի հանդեպ հարգանքի մարդկային զգացումով: Քանի՞ հայտարարություն եղավ նախորդ օրը: Ի հիշատակ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների: Նրանք բոլորովին այլ երկրի կառուցողներն ու պաշտպաններն էին: Եվ նրանց միասնությունը 20-րդ դարի վերջին միասնությունն էր այս ժողովրդի կյանքում: Լույս իջնի նրանց շիրմին: Ի հիշատակ նրանց հավելեք ձեր բառերը, եթե ձեր հիշողությունն էլ հարմարեցված չէ օրվա հրամայականին: