Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Ոստիկանությունը ոչ թե իրենց վրա առարկաներ նետողներին ձերբակալեց, այլ հենց սրբազանի շուրջն առաջին շարքում գտնվող մարդկանց»

«Ոստիկանությունը ոչ թե իրենց վրա առարկաներ նետողներին ձերբակալեց, այլ հենց սրբազանի շուրջն առաջին շարքում գտնվող մարդկանց»
02.06.2024 | 09:53

Մինչդեռ նրանք որևէ անկարգություն, օրենքի որևէ խախտում թույլ չէին տվել

Երեկ կեսգիշերից քիչ առաջ և կեսգիշերից հետո թե ինքնաբուխ կերպով, թե Բագրատ սրբազանի կոչով քաղաքացիների մի մեծ բազմություն էր հավաքվել Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի շենքի մոտ՝ իր բողոքն արտահայտելու մայիսի 31- ին արտգործնախարարության մոտից բերման ենթարկված անձանց ձերբակալման դեմ ու պահանջելու նրանց ազատ արձակումը:

Քննչական կոմիտեի շենքի մոտ էր նաև արտգործնախարարության դիմաց բողոքի միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպին ականատես, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ, որի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

– Ի՞նչ կատարվեց մայիսի 31- ին արտգործնախարարության շենքի մոտ:

– Այնտեղ էի գտնվում և նկատեցի այն պահը, երբ փոխադարձաբար ջրի պլաստիկե շշեր և ծխագլանակներ էին նետում միմյանց վրա: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ որևէ հայհոյանք չեմ լսել, ոչ քարով, ոչ փայտով հարվածներ չեմ նկատել, տեսել եմ միայն շշեր և ծուխ արձակող գլանակներ, որոնք թռչում էին թե՛ ոստիկանների կողմը, թե՛ ոստիկանների կողմից՝ բողոքի միջոցառման մասնակիցների ուղղությամբ:

Հենց այդ ամեն ինչը սկսվեց, ոստիկանները սկսեցին սրբազանի կողքը, առաջին շարում կանգնած մարդկանցից վերցնել, այսինքն՝ ձերբակալել: Սա կարևոր հանգամանք է:

– Շշերի և ծխագլանակների նետումը սկսվեց ոստիկանության կողմից ուժի կիրառումից առա՞ջ, թե հետո:

– Դա գրեթե միաժամանակ տեղի ունեցավ, այդ առարկաները թռնում էին այս կողմ, այն կողմ, բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա. այն մարդիկ, որոնք նետում էին դրանք, բնականաբար, ներքևում էին գտնվում, այսինքն՝ ներքևում գտնվող մարդիկ էին, ոչ թե ոստիկանների մոտ կանգնածները, որոնց նկատմամբ ուժ կիրառելով, ձերբակալեցին, բերման ենթարկեցին: Ես չգիտեմ՝ ներքևում գտնվող այդ մարդիկ ցուցարարներ, բողոքի միջոցառման մասնակիցնե՞ր էին, թե սադրիչներ՝ առավել ևս, որ Բագրատ սրբազանի կողմից հայտարարված շարժման գաղափարախոսությունը մերժում է բռնությունը, այն խաղաղ շարժում է:

Այստեղ կա նաև իրավական խնդիր՝ ջրի պլաստիկե շշեր ու ծխագլանակներ նետելն արդյոք համապատասխանու՞մ է զանգվածային անկարգության հանցակազմին: Դա առանձին քննարկման առարկա է:

Կարևոր է նկատի ունենալ, որ երբ սկսեցին միմյանց վրա նշածս առարկաները նետել, ոստիկանությունը ոչ թե այն մարդկանց առանձնացրեց, ձերբակալեց, ովքեր նետել, նետում էին այդ առարկաները, այլ հենց առաջին շարքում կանգնած, սրբազանի շուրջը գտնվող մարդկանց, որոնք որևէ անկարգություն, օրենքի որևէ խախտում թույլ չէին տվել: Դա ես տեսել եմ ոչ թե իմ աչքով, այլ տեսագրությամբ: Ինչու՞…

Որովհետև երբ որ այդ նետումները տեսա, միանգամից մեջքով շրջվեցի դեպի ոստիկանությունը, դեմքով՝ դեպի մարդիկ, և ձեռքերով, ձեռքերս վերև բարձրացնելով, ինչպես և բազմաթիվ ուրիշներ, փորձեցինք այդ առարկաները նետողներին հասկացնել, որ հանգստանան, կանգնեն: Դրանից անմիջապես հետո սև բերետավորները հարձակվեցին մարդկանց վրա:

Ասեմ նաև, որ այն հատվածում, որտեղ ես էի, իսկ ես աջ հատվածում էի, սև բերետավորների կողմից կոնկրետ այդ հատվածում, կոնկրետ այդ պահին թե՛ իմ նկատմամբ, թե՛ այլ քաղաքացիների նկատմամբ չեմ տեսել վայրագության որևէ դրսևորում: Հետո եմ տեսել, երբ արդեն ոստիկանության ավտոբուսում հարվածում էին քաղաքացիներից մեկ- երկուսին, ինքս ավտոբուս բարձրանալով, հանդարտեցրի իրավիճակը: Ավտոբուսում 4 ձերբակալված էին, այդ պահին դեռ տեղյակ չէի, փաստորեն 29 քաղաքացու են բերման ենթարկել, որոնցից այս պահի դրությամբ շարունակում են ձերբակալված մնալ 25- ը: Չորսին հիվանդանոցից, քանի որ 6 ժամն արդեն լրացել էր և որոշում չկար, ըստ էության, նրանք փաստացի ազատ արձակվեցին:

– Ձերբակալված անձանց թվում կա՞ն հոգևորականներ, և եթե այո, ովքե՞ր են:

– Այո, կան, Գոռ դպիրը և Մայր Աթոռից սարկավագ Հրայր Հակոբյանը:

– Բողոքի միջոցառման ընթացքում մի կին ուշաթափվեց, նրա ձերբակալված կարծես թե տղան, ինչպես ասում էին, ինչ- որ սրտային խնդիր ուներ, ինչը ձերբակալմանն ականատես այդ կնոջ մոտ, բնականաբար, լուրջ տագնապ էր առաջացրել: Տեղեկություն ունե՞ք նրանց մասին:

– Տղան չէ, ամուսինն էր, ես նրան տեսա ոստիկանության այն նույն ավտոբուսում, չորսից մեկն էր, որոնց մասին քիչ առաջ ասացի: Անձամբ իր նկատմամբ ավտոբուսում չեմ տեսել, որ բռնություն կիրառեն, բայց նկատեցի, որ մեկ ուրիշի նկատմամբ՝ այդ ավտոբուսում գտնվող, բռնություն կիրառում էին: Ես հարվածը տեսել եմ սև բերետավորի կողմից, դրանից անմիջապես հետո աղմուկ բարձրացրեցի: Ձեր նկատի ունեցած անձի կինն իսկապես վատացել էր, շտապօգնության մեքենա էին կանչել, բայց արդեն հետո ոստիկանության բաժանմունքում նրան տեսա, վիճակը կարգավորվել էր:

– Բողոքի միջոցառման մասնակիցներից քանի՞սն են ֆիզիկապես տուժել:

– Առնվազն յոթը, որոնք տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել, որոնցից չորսի նկատմամբ, ինչպես նշեցի, որոշում չեղավ, ու նրանց չձերբակալեցին, իսկ մնացյալ երեքին ձերբակալեցին, ընդ որում, հետաքրքիր է, որ մի հիվանդանոցից ոչ մեկին, իսկ մյուսից բոլորին ձերբակալեցին:

– Իսկ ոստիկաններից քանի՞սն են տուժել:

– Միջադեպից հետո ոստիկանները մոտենում էին և արդարություն որոնողի տեսքով, կեցվածքով բողոքում, որ ինչ- որ մարդիկ բզով իրենց ծակել են: Նրանցից մեկը նույնիսկ ցույց տվեց մարմնի վրա մի փոքրիկ, այսպես, մոծակի խայթոցի պես մի բան, ասաց այստեղ ծակել են: Դե ցավ են պատճառել, մարդն ասում էր, և ես թե այդտեղ դատապարտեցի կատարվածը, թե սրբազանին փոխանցեցի: Սրբազնն էլ վերևից խստորեն դատապարտեց տվյալ արարքը: Եթե նման բան եղել է, ես կասկածի տակ դնելու պատճառ չունեմ, չգիտեմ՝ սադրիչնե՞ր են եղել, ովքեր են եղել, ինչ է եղել, ամեն դեպքում, սրբազանի հայտարարությունը շատ կարևոր է, որ, ով էլ եղած լինի, նա ոչ մի կապ չունի շարժման հետ, և տվյալ արարքը որևէ կերպ արդարացվել չի կարող:

Մեկ այլ ոստիկան էլ եմ տեսել, որի աչքի տակը կարմրած էր, մի փոքր էլ ուռած էր: Նա հայտարարեց, որ ինչ- որ մի առարկա են նետած եղել, դա է կպել:

– Ըստ Ձեզ, տեղի ունեցածը զանգվածային անկարգությու՞ն էր, թե ոչ:

– Կարծում եմ, տեղի ունեցածը զանգվածային անկարգություն որակվել չի կարող՝ առավել ևս, որ զանգվածային բնույթ չի կրել: Մի քանի հոգի, կարող է, գտնվել են մարդկանց մեջ, բայց նրանք եղել են ցույցի մասնակի՞ց, թե հատուկ ուղարկված մարդիկ, չեմ կարող ասել: Համենայն դեպս, նրանք եղել են շատ փոքրաթիվ: Նորից կրկնեմ՝ որևէ խուլիգանական դրսևորում՝ ինչ- որ հայհոյանք, ինչ- որ բան չի եղել, ուղղակի ինչ- որ պահից հրմշտոց է եղել, և ես կարծում եմ, որ եթե ոստիկանությունն առիթը չօգտագործեր և անմիջապես չմեկուսացներ, չձերբակալեր սրբազանի շուրջը գտնվող մարդկանց, ապա այսպես չէր լինի: Այն տպավորությունն էր, որ ոստիկանությունն ուղղակի սա պարզապես պատրվակ ծառայեցրեց՝ այդ գործողությունները կատարելու համար: Երբ մեկ հոգի կամ երկու հոգի, նորից ասեմ՝ չգիտեմ ով՝ սադրիչ կամ ոչ սադրիչ, շիշ էին նետում, ինչ պետք է արվեր, այդ մարդկանց ոստիկանները պետք է առանձնացնեին, հայտարարեին, թե ովքեր են, ձերբակալեին, և խաղաղ հավաքը շարունակվեր: Դա, իմ կարծիքով, կլիներ իրավական տեսանկյունից ամենագրագետ լուծումը, բայց ոստիկանությունը դրա փոխարեն այլ՝ հանրությանն արդեն հայտնի տարբերակն ընտրեց:

Հարցազրույցը՝

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 19067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ