Բայց դա միանգամից չի լինի…
Ռուսաստանը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմի. այս մասին, պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն արդյոք պատրա՞ստ է միջուկային պատերազմի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13- ին «Ռոսիա 1»- ի և «ՌԻԱ Նովոստի»- ի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Ռազմատեխնիկական տեսանկյունից, մենք, իհարկե, պատրաստ ենք,- հայտարարել է Պուտինը:- Դրանք մեզ մոտ մշտապես գտնվում են մարտական պատրաստության վիճակում»:
Ըստ Պուտինի, Միացյալ Նահանգներում հասկանում են, որ Ռուսաստանն ամերիկյան զորքերի մուտքը ռուսական տարածք (նկատի ունի Ղրիմը և ՌԴ- ին վերջերս միացված տարածքները) կդիտարկի որպես ներխուժում:
«Մենք գիտենք, թե ինչ են ամերիկյան զորքերը ռուսական տարածքում, դրանք զավթիչներ են,- ասել Է ՌԴ նախագահը։- Մենք դրան այդպես էլ կվերաբերվենք, նույնիսկ եթե նրանք հայտնվեն ՈՒկրաինայի տարածքում։ Նրանք դա հասկանում են»:
Նշելով, որ չի կարծում, թե ԱՄՆ- ում ձգտում են ուղիղ առճակատման, ՌԴ նախագահն ընդգծել է՝ «բայց մենք պատրաստ ենք դրան»:
Իսկ ի՞նչ պետք է ասեր Պուտինը, ընտրություններից առաջ ասեր, որ ԱՄՆ- ում ձգտում են ուղիղ առճակատմա՞ն, վախեցնե՞ր իր ժողովրդին… Վաշինգտոնը կամ Բայդենի վարչակարգը միգուցե չեն ձգտում, որ ԱՄՆ-ն ուղիղ առճակատման մեջ մտնի ՌԴ- ի հետ, բայց մե՞ծ կլինի տարբերությունը, եթե Ռուսաստանի հետ Արևմուտքի ուղղակի առճակատումն իրականություն դարձնեն իրենց եվրոպական մանկլավիկների, օրինակ, Ֆրանսիայի, Լեհաստանի միջոցով…
«Բանն այն է, որ արևմտյան երկրների զինվորականներն ՈՒկրաինայում ներկա են արդեն վաղուց, դեռ (ՈՒկրաինայում.- Ա.Հ.) մինչև պետական հեղաշրջումն են ներկա եղել, իսկ պետական հեղաշրջումից հետո նրանց թիվը բազմապատիկ ավելացել է,- նույն հարցազրույցում ասել է Պուտինը:- Այժմ ներկա են նաև ուղղակիորեն՝ խորհրդականների տեսքով, ներկա են օտարերկրյա վարձկանների տեսքով և կորուստներ են կրում։ Բայց եթե խոսքը օտարերկրյա պետությունների պաշտոնական զորակազմերի մասին, ապա վստահ եմ, դա չի փոխի իրավիճակը մարտի դաշտում»։
Թույլ տվեք այստեղ ՌԴ նախագահի այս հայտարարությանը բացարձակապես չհամաձայնել, հայտարարություն, որը հակասում է իր իսկ, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ավելի վաղ արված հայտարարությանը:
«ՆԱՏՕ-ն հսկայական ռազմական դաշինք է՝ գրեթե մեկ միլիարդ բնակչությամբ և մինչև մեկուկես տրիլիոն դոլար ընդհանուր բյուջեով: ՈՒստի, հաշվի առնելով մեր ռազմական պոտենցիալների անհամեմատելիությունը, մենք պարզապես ընտրություն չենք ունենա։ Պատասխանը կլինի ասիմետրիկ: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կօգտագործվեն հատուկ մարտագլխիկներով բալիստիկ և թևավոր հրթիռներ»,- փետրվարի 7- ին գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում և հավելել, որ դա կլինի ապոկալիպսիս և ամեն ինչի վերջը:
Պուտինը կանխատեսում կամ, հավանաբար, իրազեկված է, որ ՆԱՏՕ- ի կամ նրա անդամ առանձին պետությունների պաշտոնական զորակազմերն առաջիկայում, չնայած ՌԴ զգուշացումներին, այնուամենայնիվ, մտնելու են հակամարտության գոտի, և վերոնշյալ վստահությունը հայտնելով, թե «դա չի փոխի իրավիճակը մարտի դաշտում», հասկացնում, ՌԴ ներսում հանրային գիտակցությունը նախապատրաստում է նրան, որ Ռուսաստանն այդ դեպքում նրանց նկատմամբ դեռ միջուկային զենք չի կիրառի, քանի դեռ վտանգի տակ չեն հայտնվել պետության գոյությունը, ինքնիշխանությունը և անկախությունը:
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները ենթադրում էին վերջ տալ Ռուսաստանին, սակայն «բախվել են անզորության ռուս ժողովրդի միասնության, ռուսական ֆինանսատնտեսական համակարգի կայունության և զինված ուժերի աճող հնարավորություններին»:
Նույն հարցազրույցում Պուտինն ընդգծել է, որ ռուսական միջուկային եռյակն ավելի ժամանակակից է, քան մյուս երկրներինը, և Ռուսաստանն այս ոլորտում շատ ավելի առաջ է գնացել:
Ամերիկացի հայտնի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը X սոցցանցում արձագանքելով միջուկային զենքի կիրառման մասին Պուտինի հայտարարությանը, մեկ բառով համաձայնել է երկրին գոյաբանական սպառնալիքի առաջացման դեպքում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին ՌԴ նախագահի դիրքորոշման հետ:
«Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե ռուսական պետությունը վտանգի տակ հայտնվի»,- գրել է «Zerohedge» պարբերականը:
«Իհարկե»,- արձագանքել է Մասկը գրառման ներքո կատարած մեկնաբանության մեջ:
Ինչպես հայտարարել Է Պուտինը Կիսելյովին տված վերոնշյալ հարցազրույցում, Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել այն դեպքում, եթե խոսքը պետության գոյության, ինքնիշխանությանը և անկախությանը վնաս հասցնելու մասին է:
ՌԴ նախագահը, ըստ էության, նոր բան չի ասել: ՌԴ Միջուկային դոկտրինի համաձայն, երկրի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է այն դեպքերում, երբ թշնամին օգտագործում է այս կամ այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք Ռուսաստանի կամ նրա դաշնակցի դեմ, վստահելի տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի կամ նրա դաշնակցի վրա հարձակվելու համար բալիստիկ հրթիռի մեկնարկի մասին, առկա է հակառակորդի ազդեցությունը ՌԴ միջուկային ուժերի պատասխան գործողությունների համար անհրաժեշտ օբյեկտների վրա, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ ՌԴ-ի դեմ ագրեսիայի դեպքում, եթե վտանգի տակ է հայտնվում պետության գոյությունը:
Պուտինի հարցազրույցից կարճ ժամանակ հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են միջուկային թեմայով Պուտինի հայտարարությունների մասին:Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ ամերիկյան առաջնորդի օդանավում, որը Վաշինգտոնից ուղևորվել է Վիսկոնսին նահանգ:
«Նախագահն, անշուշտ, տեղյակ է Պուտինի հայտարարություններին, ես կարող եմ դա ասել»,- տեղեկացրել է Կարին Ժան Պիերը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ