(սկիզբը` այստեղ)
Հայաստանից հեռու, բայց և Հայաստանին մոտ ծանր պատերազմ է ընթանում: Մեզանից քանի՞սն են գիտակցում Արևմուտքի կողմից ՈՒկրաինայի միջոցով (երբեմն էլ անմիջականորեն…) Ռուսաստանի դեմ վարվող այդ պատերազմի ծանրությունը, բախտորոշ լինելը Ռուսաստանի համար, ավելին՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի և ողջ աշխարհի համար:
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները երեկ դարձյալ կանգ են առել համաշխարհային աղետ և մարդկության ժամանակի ավարտ կամ վերջ խորհրդանշող կեսգիշերից 90 վայրկյան առաջ (23:58:30), այսինքն՝ մարդկության կործանմանը խորհրդանշորեն մնացել է ընդամենը 1,5 րոպե: Նույն նշագծի վրա սլաքները գտնվում էին 2023 թվականին, ինչը նախագծի գոյության 77- ամյա պատմության մեջ կեսգիշերին ամենամոտ արժեքն է։
Ինչպես 2023 թվականին, ըստ Դատաստանի օրվա ժամացույցի, այժմ ևս 90 վայրկյան է մնացել մինչև «միջուկային կեսգիշեր»: Այս մասին, РБК- ի տեղեկացմամբ , հայտարարել է «Ատոմագետ գիտնականների տեղեկագիր» ամսագրի նախագահ Ռեյչել Բրոնսոնը, որը նման գնահատականներ է տալիս 1947 թվականից (2015 թվականից նա դա անում է ամեն տարի): Հեռարձակումն ընթանում է ամսագրի կայքում։
Բրոնսոնի խոսքով՝ ՈՒկրաինայում մարտական գործողությունները նախկինի պես միջուկային էսկալացիայի վտանգ են ստեղծում, իսկ հակամարտությունը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում, «արտացոլում է ժամանակակից պատերազմի սարսափները՝ նույնիսկ առանց միջուկային էսկալացիայի»:
«Միջուկային զենք ունեցող երկրներն ակտիվորեն իրականացնում են արդիականացման ծրագրեր, ինչը սպառնում է միջուկային սպառազինությունների նոր մրցավազքով»,- ասել է Բրոնսոնը:
Նա ուշադրություն է հրավիրել նաև բնական աղետների՝ հրդեհների և ջրհեղեղների վրա, որոնց թիվն աճում է, և ընդգծել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում ներկայիս գործողությունները բավարար չեն:
«Անցյալ տարի արտահայտել ենք մեր ուժեղ անհանգստությունը՝ ժամացույցի սլաքները տեղափոխելով 90 վայրկյան մինչև կեսգիշեր. սա պատմության մեջ գլոբալ աղետին ամենամոտ նշանակությունն է»,- նշել է նա:
Անցյալ տարվա սպառնալիքները շարունակում են ազդել կյանքի վրա նաև 2024-ին, ուստի գիտնականները ժամացույցի սլաքները թողել են նույն կետում՝ 90 վայրկյան խորհրդանշական կեսգիշերից առաջ:
Հետևելով աշխարհում ընթացող քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական գործընթացներին, ռազմական ու քաղաքական բարձրաստիճան գործիչների հայտարարություններին, ռազմական ու ռազմատեխնիկական իրադարձություններին, կարող ենք հավաստել, որ Բրոնսոնի և հիշյալ ամսագիրը հրատարակող ատոմագետ գիտնականների անհանգստությունը միանգամայն տեղին է ու չափազանցված չէ:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գործող ղեկավար Ռոբ Բաուերն օրերս կոչ է արել առաջիկա 20 տարում պատրաստվել ՌԴ- ի հետ պատերազմին: Նա, «Коммерсантъ»- ի տեղեկացմամբ հայտարարել է, որ դաշինքի ուժերը պատրաստվում են առաջիկա երկու տասնամյակում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի: Նա կոչ է արել ՆԱՏՕ- ի անդամ երկրների իշխանություններին և նրանց քաղաքացիական բնակչությանը պատրաստվել հակամարտությանը և զինվորական ծառայությանը հնարավոր զորակոչին:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր գոյությունն ինքնին տրված չէ,- ասել է Բաուերը:- Եվ հենց դրա համար էլ պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Մենք պետք է պատրաստ լինենք ամբողջ սպեկտրում» (մեջբերումը՝ «The Telegraph»- ի)։
Ռազմական կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ- ի անդամ բոլոր երկրները պետք է պատրաստեն արդյունաբերական ճյուղ, որը ռազմական հակամարտության դեպքում կկարողանա արագ զենք ու զինամթերք արտադրել: Միևնույն ժամանակ Բաուերը միաժամանակ կեղծավորաբար ընդգծել է, թե «ՆԱՏՕ- ն չի ձգտում հակամարտության», և այս պլաններն անհրաժեշտ են այն դեպքում, եթե «նրանք (Ռուսաստանը.- «Կոմերսանտ») հարձակվեն մեզ (ՆԱՏՕ- ի.- «Կոմերսանտ») վրա»:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի բարձր պաշտոնը զբաղեցնողը դժվար թե չիմանա, որ ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակվելու հնարավորության վերաբերյալ իր ասածը ցնդաբանություն է, և որ ՌԴ-ն երբևէ չի ունեցել և չունի ՆԱՏՕ-ի կամ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ որևէ պետության վրա հարձակվելու մտադրություն կամ պլաններ:
Հետևաբար, շատ հնարավոր է, ՆԱՏՕ- ում մտադիր են հենց իրենք սադրել իրենց դեմ ՌԴ ռազմական գործողություններ, ընդ որում, շատ ավելի շուտ, քան կլրանա 20 տարին: Դրա համար բավական է ընդամենը, որ ամերիկյան 4-րդ սերնդի F-16 բազմանպատակային կործանիչ- ռմբակոծիչները, որոնցից Արևմուտքը շատ շուտով տասնյակներով, իսկ ապագայում գուցե հարյուրներով է տալու ՈՒկրաինային, հատուկ ռազմական գործողության գոտում և ՌԴ տարածքում իրենց ռազմական ու քաղաքացիական թիրախներին հարվածելու համար, թեկուզ ուկրաինացի օդաչուներով (երբեմն էլ իբր ուկրաինացի օդաչուներով…), օդ բարձրանան ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կամ պետությունների ավիաբազաներից և (կամ) վայրէջք կատարեն այնտեղ, լցավորվեն, լրացնեն իրենց հրթիռների, ռումբերի սպառված պաշարները: Պարզ է, որ Ռուսաստանն այդ դեպքում պատերազմի իրավունքով կարող է հարվածներ հասցնել հենց այդ ռազմական օդանավակայաններին՝ անկախ նրանից, որ դրանք ՆԱՏՕ- ի անդամ երկրի կամ երկրների են:
Այս շաբաթավերջին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի, ինչպես ասում են, քթի տակ սկսելու է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում խոշորագույն «Steadfast Defender 2024» զորավարժությունները: Զորավարժություններն անցկացվելու են բալթյան երկրների, Լեհաստանի և Գերմանիայի տարածքներում: Ընդհանուր առմամբ, դրանց մասնակցելու է մոտ 90 000 զինծառայող։ Ռոբ Բաուերի խոսքով՝ «Steadfast Defender 2024» զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր ներխուժման մշակմանը:
Հունվարի 18-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսելով ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման հարցում փոխգործակցության մասին, բացատրել է, որ Ռուսաստանը հրաժարվել է շարունակել երկխոսությունը, քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում անընդունելի է համարել ԱՄՆ-ի առաջարկները:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ