Նախնական դիտարկումներ Շարլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ:
1․ Բրյուսելում ձեռք բերված համաձայնություններն ամբողջությամբ անցել են Բաքվի օրակարգով։
Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի մասին խոսվել է առանց «Ղարաբաղ» բառն օգտագործելու։
Դատելով ամենից՝ այդ համաձանագիրը կազմվելու է Բաքվի ներկայացրած սկզբունքների համաձայն։ Քանզի մինչև այդ Ալիևը ներկայացրել էր «խաղաղության համաձայնագրի» հիմքում դրվելիք իրենց պատկերացրած մոտեցումները, որոնց Փաշինյանն անմիջապես համաձայնել էր։ Դրանից հետո Երևանը ներկայացրել էր սեփական լրացումները, որոնք ծաղրի էին ենթարկվել Բաքվի կողմից։ Երևանն այդ ծաղրին լռությամբ էր պատասխանել, իսկ դա տվյալ դեպքում համաձայնության նշան է։
Եթե պայմանավորվել են գնալ «խաղաղության համաձայնագիր» կնքելու ճանապարհով, ուրեմն դա տեղի է ունենալու Բաքվի սկզբունքների շրջանակներում, ըստ որի՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, և այդպես շարունակ։
2․ Այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումից հետո Միշելն օգտագործել էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովում» ձևակերպումը։ Փաշինյանը Երևանում հայտարարեց, որ դա Միշելի մեկնաբանությունն է։ Ուզում էր ասել, թե, իբր, ինքն այդ ձևակերպման հետ համաձայն չէ։ Այս անգամ նույնիսկ «էթնիկ հայ բնակչությունից» բան չի մնացել։ Չկա՛ Ղարաբաղ, չկա՛ Ղարաբաղի հայության հարց։ Փաշինյանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։
3. Միշելը խոսում է այն մասին, որ պետք է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության (ի դեպ, այդ մասին 44–օրյա պատերազմից առաջ էլ էին խոսում)։ Բայց փաստն այն է, որ Ալիևը նախապատրաստում է ադրբեջանցիներին նոր ագրեսիային, Փաշինյանը՝ նոր պարտությանը, նոր տեղահանությանը, նոր խայտառակությանը։ Ալիևը պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», Լաչինի միջանցքն է բռնագրավում, Աղավնոն է տեղահանում, իսկ Փաշինյանը նախապատրաստում է հայ ժողովրդին «խաղաղության»։
4․ Ակնհայտ է Բրյուսելի մրցակցությունը Մոսկվայի հետ ինչպես «խաղաղության պայմանագրի», այնպես էլ սահմանագծման, սահմանազատման հարցերում։ Մոսկվան այսօր ուղիղ տեքստով ցույց տվեց իր բացասական վերաբերմունքն այդ ամենին։
Բրյուսելին պետք է Ղարաբաղի հարցի արագ լուծում, որպեսզի լուծի ՌԴ ռազմական ներկայության «հարցերը» Ղարաբաղում ու Հայաստանում։ Մոսկվային, հակառակը, պետք է, որ Ղարաբաղի հարցը առկախվի, այնտեղ լինեն հայեր, որպեսզի իր ռազմական ներկայությունը հիմնավորվի։
Մոսկվան ու Բրյուսելը կողմ են, որպեսզի հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հարցերը կարգավորվեն, կոմունիկացիաներն աշխատեն, բայց ամեն մեկն իր մոդելով է դա պատկերացնում և իր ազդեցության գոտում է դա տեսնում։ Փաշինյանը, չունենալով սեփական հայեցակարգը, երկու կողմին էլ ասում է «այո»՝ մեր երկիրը ներքաշելով վտանգավոր խաղերի մեջ։
Բրյուսելի ու Մոսկվայի մրցակցությունը նշանակում է, որ Հայաստանը դառնում է կռվախնձոր աշխարհաքաղաքական շահերի թատերաբեմում։ Թե ինչի սա կարող է հանգեցնել, կարելի է հեշտությամբ հասկանալ Սիրիայի օրինակով։
Հ․Գ․ Փաշինյանը գիտի, որ Մոսկվայում ինքն անվստահելի է։ Ինչ էլ անի, միևնույն է, անվստահելի է։
Բանն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև կա «դասակարգային» հակասություն։ Այդ հակասությունը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վրա, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։