Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Նրանք քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ, հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունը զինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է, դեկտեմբեր և հունվար ամիսներին լուրջ արտակարգ միջադեպեր չեն գրանցվել՝ բացառությամբ ԱՀ ՊԲ մեկ զինծառայողի վիրավորման դեպքի։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրներ։