ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Տորիչելյան դատարկության և մթնոլորտային ճնշման միջև

Տորիչելյան դատարկության և  մթնոլորտային ճնշման միջև
22.03.2013 | 01:02

Նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց գործող և ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իրավիճակի իր գնահատականը` ընտրելով լրատվամիջոցների նոր ձևաչափ և, ի պատասխան հնչած ու չհնչած հարցերի, ասաց ճիշտ այնքան, որքան պետք էր ասել` անցած իրադարձությունների, այդ իրադարձությունների իր գնահատականի և ապագա իրադարձությունների հնարավորության կամ անհնարինության մասին: Բնականաբար, հաջորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, իբրև ընտրված նախագահ, պատմեց իր տարբերակը և տվեց իր գնահատականը անցած ու ապագա իրադարձություններին:

Այս օրերին բավականաչափ համադրվել ու հակադրվել, համեմատվել են երկու խոսքերն էլ: Իսկ հանրագումարո՞ւմ:
Կողմերը հաստատեցին, որ միմյանց առաջարկները չեն ընդունում և, բացի այդ` «Ներկա դրությամբ` սեղանի վրա օրակարգում ոչինչ չկա»: Կողմերը չհաստատեցին, բայց առանց հաստատումի էլ պարզ էր, որ խաղը վաղուց ավարտվել է, գոլերը փոխանակվել են, ոչ միայն դարպասապահները, այլև թիմերն ու մարզիչները դաշտից հեռացել են, իսկ հանդիսատեսը մնում է մարզադաշտում ու սպասում է, որ խաղն ավարտվի: Խաղը չի ավարտվում, որովհետև չի հնչում դատավորի սուլիչի ձայնը: Չի հնչում, որովհետև դատավորը չկա: Այսքանը: Մնացածն արդեն յուրաքանչյուրը յուրովսանն կբացատրի կամ կհասկանա` իշխանամետները կհավատան Սերժ Սարգսյանին, ընդդիմադիրները` Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժողովուրդը` կամ` կամ, ավելի ճիշտ ոչ մեկին, որովհետև, ի վերջո, ընտրողի համար ով ի՞նչ ասաց` մեկ է, կարևորը, քայլերն են, որ վերաբերում են իրեն: Մերկանտիլ շահի պաշտպանություն կամ եսամոլություն չորոնեք, այս ամբողջ պատմության մեջ ժողովուրդն ապացուցեց, որ միայն ինքը չի վարակված պրագմատիզմի ախտով, մյուսներն ընդամենը հավաստի-անհավաստի, հնարավոր-անհնար, հավատարժան-հավատանարժան հաշվարկներ արեցին ու շարունակում են հաշվարկները` մարդկանց, ժամանակի, քայլերի, և դա այն ամենն է, որ նրանք ուզում են ունենալ: Ավելին ոչ ոք չի ուզում: Այս փուլում: Այս պահին: Ավելիին ոչ ոք պատրաստ չէ: Ով էլ ինչ ասի ու չասի:
Քաղաքական ուժերը փորձում են իրավիճակը բարեհաջող տեղավորել Երևանի ավագանու ընտրություններում: Եվ իրենք են փորձում այդ ընտրություններում տեղավորվել` պաշտպանվելով պայքարից խուսափելու մեղադրանքից: Բայց Երևանի ավագանու ընտրություններն ընդամենը պատրվակ են: Երաշխիք կա՞, որ մայիսյան ընտրությունները լինելու են բացառություն և նախկին ընտրությունների սցենարները չեն գործելու: ՈՒ եթե նույնիսկ ազատ-արդար-թափանցիկ-ժողովրդավարի անհնար տարբերակն էլ աշխատի, որքանո՞վ են քաղաքական Երևանի ավագանու ընտրությունները: Քաղաքական օրակարգի ի՞նչ հարց են լուծելու ընտրված ավագանին ու նրա ընտրած քաղաքապետը: Գործող օրենքներով: Քաղաքակա՞ն դեմք է այսօրվա քաղաքապետը: Գործող օրենքներով ի՞նչ տեղ ու դիրք, ի՞նչ գործառնություն ունի նա քաղաքական դաշտում: Ոչ մի: Եվ դա ճիշտ է: Այնպես որ, Երևանի ավագանու ընտրություններով նախագահական ընտրությունների հարուցած հարցերը լուծելը ընդամենը շանթարգել կամ հանգուցալուծման միջոց է, իսկ խնդիրները մնում են: Ընդ որում` որքան էլ զարմանալի է, հատկապես իրենց ընդդիմադիր որակող ուժերն են շտապում ավագանու ընտրությունները քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը դարձնել: Նրանք շտապում են ազատվել այս իրավիճակից: Այլապես առաջարկ էր հնչել` մանդատները վայր դնել և նոր որակ հաղորդել շարժմանը, իրավական կարգավիճակ տալ, քաղաքականացնել խնդիրը, որը, միանշանակ, արձագանք էր ունենալու ժողովրդի մեջ, բայց սուպերպրագմատիկ պատգամավորները ո՛չ իմաստ, ո՛չ հեռանկար, ո՛չ նպատակահարմարություն չտեսան մանդատները վայր դնելու և խորհրդարանում ընդամենը իրենց տեղերը կորցնելու մեջ:

Չգտան, որովհետև արագ հաշվարկեցին, որ քանակով որակ չեն կազմում և ընդամենը իրենց հեռանալուց հետո քվեները համամասնորեն բաշխվելու են մյուս կուսակցությունների միջև, ու` վերջ: Բացատրությունը, իհարկե, լուրջ է, փաստարկները` ևս, բայց մնում է դառը հարց` որ մնացել են, ի՞նչ են անելու մի խորհրդարանում, որի մասին ընտրություններից առաջ ու հետո իրենք են ասում, որ չի արտահայտում քաղաքական ուժերի իրական դասավորությունը և հասարակական տրամադրությունների իրական պատկերը: Մնացած որակումներին անդրադառնալ չեմ ուզում, որովհետև պատկանում են կուսակցական պոպուլիզմի զինանոցին և, ուրեմն, ավելին չեն, քան նեղկուսակցական շահերից բխած հռետորաբանության դրսևորումներ, որ տեղ-տեղ կարող են համընկնել նաև իրականության հետ:
Ավագանու ընտրությունները գտնված հնարավորություն են նաև ԲՀԿ-ի համար, որ իր տարտղնված հեղինակությունը վերականգնելու ելքեր է որոնում: Հիմա արդեն տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականներ հիանալի առիթ ունեն նորից խոսելու խնդիրների մասին, որոնք իրոք կան, բայց խոսելու են ոչ թե ու ոչ այնքան մայրաքաղաքի պրոբլեմներից, որքան` քաղաքական: Արտոնված շրջանակներում քննադատություն են հնչեցնելու տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների հասցեին ու խոստումներ են տալու: Իսկ ամենակարևորը` հիշեցնելու ու փաստելու են, որ իրենք դեռ կան, որ իրենցից համարյա ոչինչ չի պակասել, եթե նկատի չունենանք Հայաստանի պարագայում այնքան աննշան մի հանգամանք, ինչպես ընտրողի հավատն ու քվեն:
Առավել զարմանալին համարյա քաղաքական բերկրանքն է, որով ավագանու ընտրություններին սպասում է ու պատրաստվում «Ժառանգությունը»: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նախագահական ընտրություններում հաղթած լինելու վստահությունը պիտի թելադրեր այդ հաղթանակը իրավաբանորեն պաշտպանել` շատ ավելի մեծ հնարավորություններ ստանալով համապետական ու համաքաղաքային որևէ այլ ընտրություններից առաջ: Բայց պրագմատիզմի, քաղաքական հաշվարկի ժանգը նաև «Ժառանգությանն» է պատել: Եթե ոչ նախագահական նոր ընտրություններ, եթե ոչ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եթե ոչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե փետրվարի 18-ի ալիքի վրա` ավագանու ընտրություններ: Ձեզ չի՞ թվում, որ այդ ընտրություններում հաղթել-պարտվելը «Ժառանգության» համար (ինչպես մյուս ընդդիմադիրների) վերջ-առաջ նույն նշանակությունն է ունենալու: Ընդամենը ևս մի քանի մարդ աշխատանք է ունենալու: Չեն լուծվելու ոչ միայն քաղաքական, այլև նույնիսկ կուսակցական խնդիրներ: Իսկ իմիջի հարցը նույնիսկ քննարկել չարժե:
Իշխանությունը Ազգային ժողովի նախագահի գրավոր ու բանավոր առաջարկներով ներկայացրել է իր տարբերակը, դա այն նշաձողն է, որից վերև ոչինչ չի լինելու, ներքևն արդեն հետաքրքիր չէ: Տրամաբանական է, որ իշխանությանը շատ ձեռնտու է Րաֆֆի Հովհաննիսյանի պես մրցակիցն իր փափուկ ուժի մարտավարությամբ: Որքան փափուկ է այդ ուժը, այնքան երկար է ձգվում գործադրության ժամանակը: Ինչը և պետք է իշխանությանը, որովհետև որքան ձգվում է ժամանակը, այնքան դատարկվում է հրապարակը: Շատ թույլ մխիթարանք կամ պատճառաբանություն է, որ հրապարակը ցուցիչ չէ, որ մարդիկ իրենց տանը նստած էլ ընդդիմադիր են ու ընդդիմության հետ են: Տանը նստած ընդդիմադիր տրամադրություններ ունեցողները նրանք են, ովքեր այլևս այս իրավիճակից ու այս հարթակից սպասելիք չունեն: Նրանք իսկապես ընդդիմադիր են, բայց դա արդեն Սերժ Սարգսյանի` իբրև առաջիկա հինգ տարիների նախագահի խնդիրն է: Ավելի ճիշտ` գերխնդիրը` հաշտության հասնել պետության և քաղաքացու միջև, ում պետությունը թողել է մենակ իր չլուծվող խնդիրների հետ: Խնդիրներ, որոնց լուծումը տեղային-անհատական լինել չի կարող, ընդհանրական-համակարգային է:
Շատ տեղին է իշխանությունը հենց այդ փաստարկը խաղարկում` ո՞ւր է ժողովուրդը, եթե իսկապես փոփոխություններ է ուզում, եթե իշխանափոխություն է ուզում: Երևանի ու մարզերի ժողովուրդը: Ո՞Ւր է: Չէ որ պայքարի արդյունք-հետևանքներն ամենակարևորը իր համար պիտի լինեն: Իր կյանքի ու գոյության որակի ու մակարդակի հարցերն են ասպարեզում: Ժողովուրդն առաջինը հասկացավ, որ այս անգամ էլ պիտի համբերի ու սպասի: Հասկացավ թերևս ավելի շատ բնազդով, քան ընդհանրական բանականությամբ: Ի վերջո, «Ժառանգությունը» կազմակերպի-չկազմակերպի, եթե իր կողմնակիցները որոշեն մարզերից մայրաքաղաք գալ, կգան սեփական միջոցներով, կողմնակի ճանապարհներով, ոտքով: Եկել են, չէ՞, քանիցս եկել են: Եվ Մատենադարանից մինչև օպերա կանգնել են` իրենց պահանջների համար: Իսկ այսօր նրանց ոչ ոք չի կանչում, նրանց կարիքը ոչ ոք չունի: Նրանք չեն համարվում խնդիր լուծող, գործող անձի կարգավիճակ նրանց չեն տալիս, նրանք շարունակում են մնալ դետալ ինտերիերում, որքան էլ թատերական ներկայացումներ են բեմադրվում ստվերային, թե անստվեր կառավարության ու այլնի որոնումներում, որոնք, ի վերջո, ոչ թե դեպի ժողովուրդն են տանում, այլ հատվածավորում են նույն ժողովրդին:
Դեռ խորհրդարանական ընտրություններից շատ ավելի վաղ ակնհայտ էր, որ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտություն կա: Քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիր է, որ չի կարող մեխանիկական փոխատեղումներով լուծվել: Միջավայր է պետք` մշակութային ու քաղաքական, հասարակական մթնոլորտ, որն օրինակներ է տալիս ոչ միայն ինչպիսին չլինելու, այլև ինչպիսին լինելու: Արդյո՞ք կազդեն հետընտրական գործընթացները մթնոլորտի փոփոխության վրա և ի՞նչ ազդակներ կհաղորդեն: Այս հարցն այսօր ավելի կարևոր է, քան առաջին հայացքից հրատապ լուծում պահանջող հարցերը, որովհետև մենք միշտ պայքարում ենք հետևանքների դեմ, իսկ պատճառը վերացնել չենք էլ փորձում: Պատճառը խորքային է ու մեկ-երկու քայլով, մեկ-երկու տարում վերացնելն անիրական է: Չդնենք նաև հին ու նոր մտածողության, սովետական ժամանակների սերնդի ու անկախության սերնդի որակական տարբերությունների հարցը` ազատ մտածողներ ու ստրկամիտներ եղել են բոլոր հասարակարգերում ու բոլոր երկրներում միշտ: Ո՞Ւմ է տրվում նախապատվությունը, ո՞վ է դառնում օրինակ` սա է արժեհամակարգի առանցքը, հասարակությունը պետք է իդեալ ունենա: Եվ սա ընդհանրական ազգային խնդիր է, որի լուծման նախաձեռնությունն իշխանությունը պիտի ստանձնի, որովհետև ի պաշտոնե կոչված է ապահովելու պետության բնականոն գոյությունն ու զարգացումը: Համարենք, որ սա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Արդեն գործող:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ինչ է լինելու ապրիլի 9-ի՞ն: Նախ 18 օր կա, իսկ մեր արագ ժամանակներում 18 օրը լիուլի հերիք է ցանկացած իրավիճակ լիցքավորելու, լիցքաթափելու ու կանոնակարգելու համար: Հետո` գործելու է Սահմանադրությունը և Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրված նախագահը երդմնակալությամբ ստանձնելու է պաշտոնը: ՈՒ եթե ևս մեկ նիստ գումարվի Ազատության հրապարակում, ևս մեկ ընտրված նախագահ երդվի ժողովրդին ու իր հաստատած կանոնակարգը գործի դնի, հավատացեք` ոչինչ չի փոխվի նախագահ-այլընտրանքի առկայությամբ: Մենք սովոր ենք այլընտրանքին ու այլընտրանքներին: Երկիրն է ափսոս, պետք է լինեն գաղափարներ, որոնք չի կարելի վարկաբեկել, այդ արժեզրկումը հետադարձով իմաստազրկում է մնացածը: ՈՒ հանրագումարում մնում է տորիչելյան դատարկություն, որի իմաստը հասկանալու համար ֆիզիկոս լինել պարտադիր չէ 1641 թվականից: Մթնոլորտային ճնշման օրենքը ոչ միայն ֆիզիկայում է գործում, այլև հասարակության կյանքն է կարգավորում: Էվանջելիստա Տորիչելին այդ մասին ոչինչ չի ասել, բայց կյանքն է բացատրում: Օրենքը չիմացողները չեն ազատվում պատասխանատվությունից: Նույնիսկ նախագահները:

Դիտվել է՝ 6568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ