ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ֆրանսիան ու Գերմանիան շահագրգռված են Հայաստանի ուժեղացմամբ` որպես Թուրքիայի նվաճողամտությանը հակազդող գործոնի

Ֆրանսիան ու Գերմանիան շահագրգռված են  Հայաստանի ուժեղացմամբ` որպես Թուրքիայի  նվաճողամտությանը հակազդող գործոնի
26.10.2012 | 12:26

(սկիզբը` նախորդ համարում)

Վերջին երկու տարում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ ավելի բովանդակալի են դարձել, ինչն անդրադառնում է նաև երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների վրա: Ամերիկացիները հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը կհանգեցնի այդ գործոնն իր անմիջական ռազմական ներկայությամբ փոխարինելու անհրաժեշտությանը, ինչը ոչ միայն ծախսատար է, այլև որոշակիորեն կբարդացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: ԱՄՆ-ը երբեք Հարավային Կովկասը չի համարել մի տարածաշրջան, որտեղ ինքը կոչված է տնտեսական և սոցիալական խնդիրներ լուծելու: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը համարում է անվտանգության ապահովման և «տարանցման-սպասարկման միջանցքի» հաջող գործառության մի գոտի, որը Կենտրոնական Ասիա ԱՄՆ-ի ներթափանցման գործում ունենալու է ստորադաս նշանակություն, տարածաշրջան, ուր ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Եվրասիական ուղղությամբ Չինաստանի լայնապարփակ զսպումն է: Եվ այդ ուղղությունում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, թեև անուղղակիորեն, հայտնաբերել են ընդհանուր շահեր և համագործակցության հնարավորություն: Ներկայումս ԱՄՆ-ը Թուրքիայի արտքաղաքական հավակնությունները զսպելու իր ռազմավարության շրջանակներում ձգտում է նրան շեղել Մերձավոր Արևելքի խնդիրներից և ուղղորդել դեպի Կենտրոնական Ասիա` շրջանցելով Հարավային Կովկասը, ինչը կանխավ նշանակում է թուրքական աշխարհաքաղաքականության մի նոր ձախողում: Այս կապակցությամբ, ԱՄՆ-ի նպատակները մոտենում են Ռուսաստանին` պարզելով Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների ընդունակությունը գործընկերների դեր կատարելու: Հարավային Կովկասի առնչությամբ ամերիկացիները պարզել են, որ տարածաշրջանի պետությունները մտադիր չեն իրենց անվտանգությունը զոհաբերելու հանուն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի, այսինքն, դրսևորել են իրենց քրոնիկական խնամառությունը, թեև հնարավոր է, որ Հայաստանն ամենից շատ է շահագրգռված տարածաշրջանային անվտանգության հասնելու իրական քայլերով:
Ռուսաստանը զգալի դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ, ռուսական ներդրումները հասնում են 3,0 մլրդ դոլարի, որն այնքան էլ շատ չէ, հաշվի առնելով առհասարակ արտասահմանյան ներդրումների սահմանափակությունը, բայց, կարևորություն ունեն: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը վարել է Հայաստանի տնտեսական և քաղաքական կախումը մեծացնելու հետևողական քաղաքականություն, գազամատակարարման և էներգետիկայի ոլորտի խնդիրների պայմաններում Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել էներգետիկայի շահութաբեր օբյեկտների նկատմամբ: Ռուսաստանը հրաժարվել է ատոմային էլեկտրակայանի կառավարումից և դրա հետ մեկտեղ վերահսկողություն է հաստատել Իրան-Հայաստան գազատարի նկատմամբ: Խիստ կասկածելի են Ռուսաստանի քայլերը Հայաստանի մյուս էներգետիկ օբյեկտների առնչությամբ: Հիմա Մոսկվան պնդում է, որ Հայաստանը մտնի Մաքսային և Եվրասիական միությունների մեջ, որոնք միանգամայն որոշակիորեն կսահմանափակեն նրա հարաբերությունները Եվրամիության հետ:
Եվրատլանտյան ընկերակցությունն ունի Հայաստանի հետ համագործակցության որոշակի տրամաբանություն, որը հաշվի է առնում Ռուսաստանից նրա կախման որոշակի թուլացումը և միաժամանակ նկատի է առնում հայ-ռուսական գործընկերային սերտ հարաբերությունները: Դա միանգամայն նոր տրամաբանություն է, բայց, դրա հետ մեկտեղ, ենթադրում է նաև բավական մեծ վտանգներ, եթե չասենք սպառնալիքներ: Բայց ներկա միջազգային իրավիճակում Հայաստանն այլ ելք չունի, քան ոչ թե ձևական, այլ իսկական բազմավեկտոր քաղաքականության իրականացումը, չնայած Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սահմանափակ շրջանակներին: Այդ խոշոր կառույցների հետ ներկա հարաբերությունները թույլ չեն տալիս արմատապես օգտվել համագործակցության առավելություններից: Հարկ է նշել, որ Արևմուտքը, հասկանալով այն շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմանները, որոնցում ապրում է Հայաստանը, չի շտապում նրան որոշ իրական առավելություններ տրամադրել տնտեսական հարաբերություններում, ձգձգելով այն հարցերի լուծումը, որոնք կարելի է բավական հեշտ լուծել: Դրան զուգընթաց, Արևմուտքը շարունակում է «քամել» Հայաստանին այն ճնշման պայմաններում, որ նրա վրա գործադրում են Թուրքիան և Ադրբեջանը, ձգտելով մեծ առավելությունների հասնել և իրենց «զերծ պահել», ավելի շուտ, ենթադրական տհաճություններից: Սակայն Հայաստանը կանցնի այդ ճանապարհը, կհաղթահարի այդ դժվարությունները` ինտեգրվելով Արևմտյան ընկերակցությանը: Այդ ճանապարհին նա շատ ջանքեր պիտի գործադրի, որոնք անհրաժեշտ են հաղթահարելու համար ոչ միայն «ստանդարտ» բյուրոկրատական արգելքները, այլև, հնարավոր է, եվրոպական այն պետությունների միջև եղած հակասությունները, որոնք պաշտպանում են ազգային շահերը` հակառակ համաեվրոպականի: Այս կապակցությամբ Հայաստանը չի կարող վարել մի ինչ-որ ունիվերսալ քաղաքականություն, հույսը դնելով միայն Արևմուտքի վերազգային «ատյանների» դիրքորոշման վրա, սակայն հարկ է լինում քաղաքականություն վարել առանձին պետությունների հետ, հասկանալով, որ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության որոշ անդամներ ավելի շատ, քան այլ երկրներ, շահագրգռված են Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ:
ԱՄՆ-ի շահագրգռությանը զուգընթաց, Եվրոպայի առաջատար պետություններն ավելի կոնկրետ նպատակներ ու խնդիրներ են մշակել Հայաստանի վերաբերմամբ: Իհարկե, այդ նախագծում առաջատարը Ֆրանսիան է, բայց Գերմանիան էլ լիովին համամիտ է նրա հետ «հայկական նախագծի» հարցում: Ֆրանսիան Հարավային Կովկասում չունի և չի ունենա այլ մերձավոր գործընկեր բացի Հայաստանից, և դա լավ են գիտակցում Ֆրանսիայի քաղաքական ու զինվորական շրջանակները: Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական շահերը մեծ չեն, թեև ավելի ընդարձակ կարող էին լինել: Սակայն Հայաստանը կարող էր մասնակցել Իրանից Եվրոպա միջտարածաշրջանային գազամուղի կառուցմանը, որը կարող էր անցնել Հայաստանի, Վրաստանի տարածքով և Սև ծովով (փոխադրման տարբեր եղանակներով): Իրանը գազի հսկայական պաշարներ ունի, ու մինչև հիմա որոշված չեն Եվրոպա իրանական գազի արտահանման հեռանկարները: Եթե նկատի ունենանք, որ իրանական գազը վաղ թե ուշ կարտահանվի Եվրոպա, ապա Ֆրանսիան և ուրիշ շատ պետություններ, նախ և առաջ Գերմանիան և Ավստրիան, շահագրգռված կլինեն, որ իրանական գազը փոխադրվի Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքի շրջանցումով: Բայց բնավ էլ միայն տնտեսական գործոնները չեն, որ պետք է որոշիչ դեր խաղան ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանը մի շարք առավելություններ ու քաղաքական ռեսուրսներ ունի, եթե նրան նայենք որպես Ֆրանսիայի ռազմավարական գործընկերոջ: Հայաստանն ավելի անվտանգ պետություն է Հարավային Կովկասում` կապված ներքին ազգային ու քաղաքական հակամարտությունների, կազմակերպված հանցավորության բացակայության, ինչպես նաև բնակչության քրիստոնյա լինելու հանգամանքների հետ: Հայաստանում Ֆրանսիայի հետ պատմական, մշակութային և քաղաքական կապերի վաղեմի ավանդույթներ կան, այստեղ առկա է ստվարաթիվ և ակտիվ հայկական համայնք: Հայաստանում կրթության և գիտատեխնիկական հետազոտությունների մեծ փորձ ու ավանդույթներ, արդիական տեխնիկայի արագ յուրացման, համակարգչային տեխնոլոգիաների զարգացման մեծ հնարավորություններ կան: Հայաստանում Ռուսաստանի աջակցությամբ, ոչ այնքան նպաստավոր պայմաններում, ստեղծվել են մարտունակ զինված ուժեր, և լուրջ հիմքեր կան զարգացնելու երկրի ռազմական կարողություններն ու ամրապնդելու պաշտպանությունը: Ֆրանսիայում, նկատի ունենալով քաղաքական խավը, քաղաքական կուսակցություններն ու տարբեր քաղաքական, ինչպես նաև զինվորական խմբեր չեն առարկի Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու մտադրությանը` ելնելով հենց իրատեսական նկատառումներից, ու նաև այն կապակցությամբ, որ Ֆրանսիան որոշակի պատասխանատվություն է զգում Արևելքի քրիստոնեական պետությունների ու ժողովուրդների, այդ թվում` Հայաստանի ճակատագրի համար:
Ֆրանսիան մեծ դեր է խաղացել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործում` կապված ռուս-վրացական ռազմական հակամարտության հետ, և կարողացել է արդյունավետորեն ներկայացնել Եվրամիությունն այդ աշխարհաքաղաքական ուղղությունում: Դա կարևոր հանգամանք է դարձել և խթանել է Ֆրանսիայի շահագրգռությունը Հարավային Կովկասում: Ներկայումս Եվրամիության` Հարավային Կովկասի ու Արևելյան գործընկերության գծով գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաները ֆրանսիացիներ են: Ֆրանսիան ու Գերմանիան հիմնականում համատեղ են սահմանում իրենց քաղաքականությունն Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, ինչպես նաև համաձայնեցված ներգործում են Եվրամիության քաղաքականության վրա: Այս կապակցությամբ Գերմանիան ևս շահագրգռված է այդ տարածաշրջանում իր ազդեցության ուժեղացմամբ, ներառյալ Հարավային Կովկասը: Անտարակույս, Գերմանիան շահագրգռված է տարածաշրջանում Ֆրանսիայի դերի մեծացմամբ և նպաստում է աշխարհաքաղաքական այդ ուղղությունում նրա գործադրած ջանքերին: Ֆրանսիան ու Գերմանիան շահագրգռված են Հայաստանի ուժեղացմամբ` որպես Թուրքիայի նվաճողամտությանը հակազդող գործոնի, Թուրքիայից նրա տնտեսական և քաղաքական անկախությամբ, ինչը նաև ենթադրում է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության գերիշխանության բացառում, ինչպես պատկերացնում են եվրոպացիները: Ֆրանսիան (ինչպես նաև Գերմանիան) քաղաքական ու տնտեսական մերձ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ և շահագրգռված է Հարավային Կովկասում և Սև ծովի ավազանում նրա ուժեղացմամբ, բայց միաժամանակ չէր ցանկանա թույլ տալ Ռուսաստանի լիակատար գերիշխանություն տարածաշրջանում: Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կարող է հակամարտություն և մրցակցություն ծագել Հայաստանում ազդեցության խնդրի առթիվ: Բացի այդ, Ֆրանսիայի և Հայաստանի ռազմավարական համագործակցությունը չի ենթադրում հարաբերությունների այնպիսի բնույթ, որպիսիք առկա են Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխօգնության պայմանագրի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ռուսաստանը շատ լավ է հասկանում Ֆրանսիայի նպատակներն ու խնդիրները Հայաստանի առնչությամբ, և այդ գործունեությունը չի դիտարկի իբրև թշնամական: Այլ խնդիրներին զուգընթաց, Եվրոպայի առաջատար պետությունները ռազմաքաղաքական գործընկերության ռուս-հայկական հարաբերությունները համարում են Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների զսպման գործոն: ԱՄՆ-ը, հայտնի պատճառներով, այդ բանը միանգամայն քողարկված է արտահայտում, մինչդեռ Ֆրանսիայի ու Գերմանիայի նպատակներն ավելի ակնհայտ են դառնում:
Կասկած չկա, որ Ռուսաստանը չի կարող անհաղորդ դիտել, թե ինչպես է Հայաստանը ձգտում գործընկեր ձեռք բերել` ի դեմս ՆԱՏՕ-ի, և ինտեգրվել դաշնախմբին: Հայաստանը ստեղծել է խաղաղարար զորախումբ` ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ու երևի շուտով կստեղծվի նաև ռազմական բազա, փաստորեն, ՆԱՏՕ-ի խնդիրների համար: ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանի պետությունների գործակցության այնպիսի սահմանափակումները, ինչպիսիք ռուսական ռազմաբազաների առկայությունը կամ չհանգուցալուծված հակամարտություններն են, պատմության գիրկն են անցնում: Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը թեև երևակեց դաշնախմբի ներքին շատ խնդիրներ ու հակասություններ, այդուամենայնիվ, ընդունված փաստաթղթերը նշանակում են, որ ՆԱՏՕ-ն չի կարող հետայսու խնդիրները լուծել առանց տարբեր տարածաշրջաններում նոր գործընկերների հետ համագործակցելու: Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ծավալել սահմանակարգային և իրական հարաբերություններ և պատրաստվում է ձեռնամուխ լինելու արտաքին քաղաքականության նոր փուլի, երբ հարկ կլինի համատեղել և լուծել բավական բարդ խնդիրներ: Իհարկե, այս իրավիճակում Ռուսաստանի դերը մեծապես որոշիչ է, և նրանից է կախված` կկորցնի՞ տարածաշրջանում իր ունեցած դիրքերը, թե՞, ընդհակառակը, ձեռք կբերի նորերը, այդ թվում` կապված Հայաստանի հետ գործընկերության հարցում նոր մոտեցումների հետ: Ռազմաբազաների ստեղծման առումով ՀԱՊԿ-ի, ավելի ստույգ` Ռուսաստանի, «մենաշնորհային» իրավունքի մասին նոր համաձայնագիրը Հայաստանը խիստ կախյալ վիճակի մեջ է դնում, բայց մեկ անգամ ևս ընդգծում է, որ անհրաժեշտ է վարել ոչ թե մեկ ուղղության արտաքին քաղաքականություն, այլ ձգտել, այժմ և տեսանելի ապագայում, վարել տարաուղղության քաղաքականություն: Այդ քաղաքականության ճանապարհն ամենևին էլ ծաղիկներով պատված չէ, ընդհակառակը, հղի է վտանգներով, սպառնալիքներ էլ են հնարավոր, սակայն արտաքին քաղաքականության զարգացման այլ սցենար չկա և չի կարող լինել:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ