Ազգային ազատագրական պայքարը մի ոլորտ է, որը, բացի մերկապարանոց ազատ կյանքով ապրելու ցանկությունից, պետք է հիմնված լինի լրջագույն հաշվարկների ու գնահատականների վրա։
Նման պայքարը տիպական ուժային հակամարտության պրոցես է ուժեղի ու թույլի միջև, երբ վերջինս իր թիկունքում զգում է ուրիշ ուժեղների աջակցությունը։
Այստեղ կարևորն այն է, որ մինչև նման պայքարի սկսելը պետք է մանրամասն ուսումնասիրվեն ու համապատասխան գնահատականներ ստանան դրա հնարավոր սցենարները։
Եվ, մերի նման միջավայրերում, այդ սցենարները առաջին հերթին պետք է գնահատվեն թույլի գոյաբանական ռիսկերի տեսանկյունից։
Իսկ նման ռիսկերի տեսանկյունից թույլի համար կատաստրոֆիկ սցենար է մահացու թշնամի ուժեղի դեմ միայնակ մնալը։
Իսկ նման իրավիճակ կարող է լինել կամ առաջանալ ամենատարբեր պատճառներով, որոնք կարող են պայմանավորված լինել ուժեղների միջև հակամարտության ընթացքով և, մեկ էլ, թույլի արած գոյաբանական մակարդակի սխալներով։
Այդ սխալներից ամենաանթույլատրելին էլ թույլի չափից դուրս մեջտեղ ընկնելն է, իսկ դրա ամենավտանգավոր տեսակը՝ իր ուժից վեր գործերում մեջտեղ ընկնելը, որն էլ բազմիցս ճակատագրական խաղեր է խաղացել մեր գլխին։
19-րդ դարի վերջերից ու 20-րդ դարի սկզբներից մինչև հիմա մենք առնվազն 3-4 անգամ ընկել ենք նման վիճակների մեջ, որոնց հիմնական պատճառը, թուրքերի վայրագ լինելու հանգամանքը մի կողմ դրած, մեր կողմից ուժից վեր ու ծայր աստիճան ռիսկային գործեր բռնելն է։
Ոչ մեկը չի կարող ասել, թե ազատագրական պայքարը սխալ բան է, բայց եթե նրա գինը ազատագրվող թույլի կյանքից զրկվելն է, գուցե իմաստ ունի մի քիչ էլ համբերել՝ որևէ ավելի խելքամոտ իրավիճակի ակնկալությամբ։
Նման իրավիճակներում վճռական նշանակություն ունեն երկու ռիսկային ու շատ վտանգավոր հանգամանքներ՝
1․ Այլ ուժեղների կողմից խաղալիք ու գործիք դառնալը, որը բացառապես արվում է միայն այդ ուժեղների մերկապարանոց շահի համար՝ առանց հաշվի առնելու թույլի գոյաբանական ռիսկերի պոտենցիալ չափը.
2․ Թույլի փսևդոառաջնորդների գլխապատառ մեջտեղ ընկնելու չափից դուրս ցանկությունը, որի միակ շարժիչ ուժը, գիտակցորեն կամ էլ միամիտ անփորձության պատճառով, այդ առաջնորդ կոչեցյալների էգոիստական շահն է՝ շղարշված կեղծ ու անստույգ ազգային/հասարակական շահով.
3․ Մի հանգամանք ևս, որն առաջին հայացքից կարող է թվալ ոչ կարևոր, բայց և որը ավելի մանրամասն ու հանգամանալից դիտարկման դեպքում կարող է դառնալ ավելի կարևոր, քան նախորդ երկու հանգամանքները՝ կապված բացահայտ ուժեղների շահերի ու մեր չտես միամտության հետ։
Այստեղ խոսքը մեր պոտենցիալ հնարավորությունների մասին է, որի մեջ անբացահայտ ուրիշները լուրջ ուժ ու վտանգ են տեսնում, իսկ մենք, դարձյալ միամտորեն, մոլագարի նման, առավոտից երեկո ապացուցում ենք, թե ինքան վատն ենք մենք։
Մի խոսքով, վերջին հանգամանքի հետ կապված, անբացահայտ ուրիշների համար շատ կարևոր փաստ է ուշ միջնադարում տարանցիկ առևտրում հրեաների ու հույների հետ ունեցած մրցակցային պայքարում մեր ունեցած անվիճելի հաջողությունը և ներկա աշխարհում հայկական կապիտալի առկայությունը, որը ուրիշները համարում են լուրջ գործոն, իսկ մեր արհեստածին և ըստ էության գավառական պետականությունը չի իմացել և չի իմանում, թե ինքն ինչ է անում և ուր է գնում:
(շարունակելի)
Պավել Բարսեղյան