Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անխուսափելի է, բայց ես դա ոչ մի կերպ չեմ գնահատում, քանի որ դա այլեւս որևէ դեր չի խաղում։ Նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից առանձին է ապրելու, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանից առանձին։ Այս մասին նոյեմբերի 14-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Ռուսաստանի հանրության համար հայկական օրակարգը, վախենամ, ավարտվել է։ Ո՞վ կարող է կանխատեսել, թե ինչ կլինի Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ոչ ոք։
Աշխարհում շատ երկրներ կան, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, և նրանց ոչինչ չի կապում Ռուսաստանի հետ, օրինակ՝ պաշտպանության հարցերում։ Սա վերաբերում է նույն Թուրքիային։ Արդյոք մենք Թուրքիայում ռազմաբազաներ ունե՞նք։ Դե չէ, ուրեմն՝ չէ։
Թե ինչպես կավարտվի այս ամենը, դա զուտ Հայաստանի ղեկավարության խնդիրն է։ Եվ հետո դա կլինի հայ ժողովրդի խնդիրը։
Փաշինյանն իշխանության եկավ, որպեսզի Հայաստանից դուրս բերի ռուսական ներկայությունը, որպեսզի Հայաստանում ՆԱՏՕ-ի բլոկ լինի։ Թե ինչպես դա կավարտվի Հայաստանի համար, կլինի՞ արդյոք Հայաստան, նրան բացարձակապես հետաքրքիր չէ։ Այս առումով նա նման է Զելենսկուն։ Նրանց իշխանության են դրել նույն մարդիկ և նույն նպատակների համար»,- նշել է Սատանովսկին։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարող է թուրքական վիլայեթի վերածվել։
«Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա նույնը կկատարվի թուրքական սահմանի այս կողմում գտնվող հայերի հետ, ինչ եղավ ավելի վաղ թուրքական սահմանից այն կողմ գտնվող հայերի հետ: Հայաստանի բնակչությունը, ըստ ամենայնի, գոհ է տեղի ունեցողից։
Ես ճանաչում եմ Էրդողանին, հիանալի հասկանում եմ, թե ինչ է ասում, տեսնում եմ, թե ինչ է անում։ Ինչպե՞ս կարելի է չտեսնել սա, չհասկանալ, ինքդ քեզ հաշիվ չտալ։
Ես կարծում եմ, որ Հայաստան չի մնա։ Իսկ ի՞նչ գնով է բացվելու Սյունիքով անցնող միջանցքը, այն բանի հաշվին, որ Փաշինյանն իր անձնական հաշվին ինչ-որ մի տեղ Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում կունենա մի երկու միլիարդ դոլար, թե այլ գնով, սա հայտնի չէ»։ հավելել է Սատանովսկին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել այս կապակցությամբ՝ նման հանդիպումներն անվանելով մոտեցումները համեմատելու լավ առիթ։