Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ոսկե երակը հայկազյան ցեղի

Ոսկե երակը հայկազյան ցեղի
02.04.2023 | 21:52

(սկիզբը` այստեղ)

ՄԱՍ 2

Տարիներ առաջ դեպքերի բերումով հայրս հայտնվում է մի քրդի օջախում ու նրա ընտանիքի անդամների հետ հավասարապես դառնում թե՛ նրա, թե՛ իր մեծ ընտանիքի պատմության իրեն անհայտ էջի ակամա ունկնդիրը։

Ընտանեկան սրբության հետ առնչվող խնդրի բերումով այս քուրդը, որ այն ժամանակ լինում է 16-17 տարեկան պարմանի, արյունով սրբում է իրենց գերդաստանին հասցված անպատվությունն ու ակամա դառնում սարերին, լեռներին իրեն տված փախստական, քանի որ թուրքերի ահից ոչ մեկը չի համարձակվում պատսպարել, պաշտպանության տակ առնել նրան։ Անգամ՝ ցեղակիցնե՛րը։ Հավատակիցնե՛րը։

Սարերում ամիսների նրա թափառ կյանքն իր տոհմակիցների խորհրդով հանգուցալուծում է գտնում միայն իմ Հարություն նախապապի օջախում, ով այն ժամանակների համար աշխարհ տեսած մարդ էր երկու անգամ Աստծո քաղաք ունեցած ուխտագնացությամբ ու շնորհված հաջի պատվանունով։

Իմ նախապապ Հարությունը լսում է հանգամանքների բերումով տնից-տեղից դատարկուն եղած երիտասարդին, պատմածը մտքում ծանր ու թեթև անում ունեցած տեղեկության հետ ու հավաստիանալով, որ եղածում լոկ ընտանիքի պատվի ու ար-ժանապատվության խնդիր է ու ոչ թե այլ հնչողության երրորդական հարց, հրավիրում է օջախ։

Քիչ անց մերոնց դուռն է հասնում քրդին հետապնդող թուրքերի զինյալ խումբը։ Բախում են դարպասները, սակայն կատաղության տենդի մեջ հաջիի նկատմամբ հնարավորինս հարգանոք ու չափավոր։ Իմ Հարություն նախապապը լուռ հայացք է նետում սեղանը բոլորած իր յոթ կաղնիներին, որ նշանակում է տեղերում մնալու հրահանգ, ու դուրս գալիս։

Հաջիին տալով նրան հասանելիք օրինական մեծարումը՝ թուրք զինյալները պահանջում են հանձնել մերոնց օջախում ապաստան գտած իրենց բաժին մեռելը՝ բերելով արյունն արյունով մաքրելու, պատվի ու հեղինակության ծանրակշիռ փաստարկներ։

Իմ նախապապը, ում որդիներն առաջին անգամ անսալով հոր խոսքը՝ ելել-լեռնացել էին նրա թիկունքին, տեսնելով, որ կատաղությունից կուրացածների համար պահանջված համոզչության չեն օջախի համար հյուրի սուրբ լինելու մասին իր առարկումները, խոսքը եզրափակում է այսպես.

-Վկա է Աստված, որ ես ասացի ու արեցի հնարավորը։ Շարունակության մեջ ազատ եք ձեր անելիքում։ Սակայն պայմանը մեկն է՝ տունս մտնելու համար պիտի անհրաժեշտաբար անցնեք ութ դիակի վրայով։

Որքան էլ եկածներն արյունն աչք առած, ցասումից կուրացած ու կատաղած, հասկանում են, որ հաջին անանցանելի սահմանագիծ է դրել, ուստի թողնում, հեռանում են իրենց վրեժը լուծելու համար ավելի բարեհաջող պահի ակնկալիքով։

Քուրդ երիտասարդը մեկ շաբաթ մնում է մեր ապահով ընտանեկան հարկի տակ, որից հետո Հարություն նախապապս հրաշալի հասկանալով, որ թուրքերն այնուամենայնիվ հանգիստ չեն առնի, քանի դեռ իրենց վրեժը չեն լուծել, հանձնարարում է ճանապարհահաց, ապրուստի միջոց, ձի տալ քրդին՝ որդիներից չորսին հրահանգելով նաև իրենց ձիերը թիմարել ու, որպես կենդանի վահան, ուղեկցել նրան։

-Քո Հարություն պապն ինձ ասաց. «Որդի, տղաներս քեզ ապահով կհասցնեն ռսի սահման։ Այդքանն է քո կյանքի անվտանգությունը երաշխավորած պահելու իմ մանգզիլը, մնացածը դու ու քո բաժին Աստվածը», -դեպքերի զարմանալի զուգադիպումով մոտ 70 տարի հետո իր մեծ ընտանիքի իրեն անհայտ այս դրվագին հաղորդակից դարձած հայրս այսպես ավարտեց այդ պատմությունը, որն ուշագրավ այլ մանրամասներ էլ ունի, սակայն դրանց մասին մեկ այլ առիթով։

Իմ նախապապ Հարությունի ու Սարդարապատի հերոսամարտին իր յոթ որդիների մասնակցության մասին արդեն ասել եմ, ցավալիորեն ավելացնելու ուրիշ ոչինչ չունեմ բացի նրա ու յոթ որդիներից վեցի նահատակվելը հիշատակելը։

(շարունակելի)

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 13812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ