ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հայ օգտատերերի պաշտպանվածությունը` ըստ վիճակագրության

Հայ օգտատերերի պաշտպանվածությունը` ըստ վիճակագրության
16.11.2017 | 18:07

Հայաստանում համակարգչային օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017 թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։ «Մեր երկրում դեռևս տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը»,- ասում է ընկերության տարածքային ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, նշելով, որ հայաստանյան օգտատերերի գրոհի ենթարկվելու «առաջատարությունը» (խոսքն անհատ օգտատերերի մասին է) հակավիրուսային ծրագրերից քիչ օգտվելու, ինտերնետ միջավայրում աշխատելու հմտությունների պակասի հետևանք է:

Հատկանշական է, որ ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Մեր զրուցակիցը պարզաբանում է, որ համակարգչային գրոհն արձանագրում է հակավիրուսային ծրագիրը, երբ օգտատերը վտանգավոր կայք է մտնում, անծանոթ, կասկածելի նամակներ բացում, չստուգված կրիչ օգտագործում: «Քանի որ ծրագրային պաշտպանվածությունից ոչ պակաս դեր ունի նաև մարդկային գործոնը: Համապատասխան գիտելիք ունեցող և չունեցող օգտատերերի համակարգիչների ծրագրային պաշտպանվածության տարբերությունը 80 տոկոս է և՛ հակվիրուսային ծրագրից օգտվելու, և՛ չօգտվելու դեպքում: Կիբերգրոհներից պաշտպանվելու համար գոնե նվազագույն գիտելիքներ են պետք»:


Համակարգչային գրոհներն այնքան են շատացել ու բարդացել, որ «Կասպերսկի լաբորատորիայի» ներկայացուցիչը դժվարանում է հասկանալ ինտերնետ տիրույթում բացարձակ պաշտպանվածություն չունեցող մարդկանց մոտեցումը: Նրանք վտանգում են իրենց տվյալները, ֆինանսները, համակարգիչը: Մինչդեռ հակավիրուսային ծրագրերից օգտվելու համար ծախսելու են ամսական մի քանի հարյուր դրամ: Կարելի է ենթադրել, որ վիճակագրական տխուր տվյալները կապված են ավելի շատ տեղեկատվության պակասի հետ, ինչը և, Արմեն Կարապետյանի խոսքով, փորձում են լրացնել սեմինարներ կազմակերպելով, տեղեկատվական բուկլետներ հրատարակելով և այլն: Փորձագետը հույս ունի, որ վիճակագրության արդյունքում առաջիկա տարիներին ավելի հուսադրող թվեր կարձանագրեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ