Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ջերմությունը բոլորին չի հերիքում, չնայած բոլորն էլ դրա կարիքն ունեն

Ջերմությունը բոլորին չի հերիքում, չնայած բոլորն էլ դրա կարիքն ունեն
19.01.2024 | 16:33

Երբ գիշերը պառկում ես քնելու՝ հանվում ես ու սրթսրթալով մտնում սառը վերմակի տակ, փաթաթվում ես ու զգում սեփական մարմնիդ ջերմությունը, էդ պահին պետք ա ասել՝ ուխա՜յ։ Պետք ա ասել, որովհետև դա իսկապես ուխա՜յ ա, որովհետև դա օրվա ամենահաճելի պահերից մեկն ա, որովհետև հիմա տաքանալու ես, բոլոր մկաններդ հանգստանալու են, ու աչքերդ փակվելու են։

Բայց մինչև աչքերդ փակելը՝ պետք ա նախ շնորհակալ լինել էդ օրվա համար։ Հա՛, պետք ա շնորհակալ լինել՝ անկախ նրանից՝ հավատացյալ ես, թե չէ։ Եթե հավատացյալ ես, գիտես, թե ում շնորհակալ լինես, իսկ եթե հավատացյալ չես, կարելի ա շնորհակալ լինել, ասենք՝ հավանականության տեսությանը, որ էդ օրվա ընթացքում քեզ հանդիպած բազմաթիվ հավանական փորձանքներից ոչ մեկը չի կատարվել՝ քսանվեց անգամ անցել ես բարձրահարկ շենքի տակով, ու ոչ մի անգամ գլխիդ աղյուս չի ընկել, ութ անգամ փողոցը հատել ես, ու ոչ մի հարբած վարորդ մեքենան վրադ չի քշել, քայլել ես մայթերով ու ոչ մի լյուկի մեջ չես ընկել, փողոցում կարկանդակ ես կերել ու չես թունավորվել, քամին գլխարկդ չի քշել-տարել, հանկարծ սիրտդ չի վատացել և այլն, այսինքն՝ քեզ հանդիպած հազար հնարավոր փորձանքներից, որոնցից ամեն մեկի հավանականությունը մեկ հազարերորդական ա եղել, ոչ մեկը չի կատարվել։

Հետո՝ տաք անկողնում պառկած՝ պետք ա հիշել նրանց, ովքեր անկողին չունեն՝ փողոցում՝ ինչ-որ նստարանի վրա պառկած մարդկանց, ձմռան ցրտին ասֆալտի վրա կծկված շներին, կատուներին․․․ Նրանք քեզնից պակաս արժանի չեն տաք անկողին ունենալու, բայց չունեն։ Դե, կյանքն ա տենց, ջերմությունը բոլորին չի հերիքում, չնայած բոլորն էլ դրա կարիքն ունեն։

Դրանից հետո կարելի ա արդեն աչքերը փակել։ Փակ աչքերով՝ պետք ա հիշել վերջերս քո հետ պատահած մի հաճելի դեպք, վերապրել, նորից զգալ դրա հաճույքը։ Դա օրորոցայինի կամ քնելուց առաջ մամայի պատմած հեքիաթի նման մի բան ա։ Եթե վերջերս ոչ մի հաճելի բան չի պատահել, կարելի ա հնարել, դժվար չի։ Երազից առաջ երազելն ապերետիվի նման մի բան ա, ինչպես, ասենք՝ խաշ ուտելուց առաջ մի կտոր բողկ ես գցում բերանդ ու խրթխրթացնում։ Սովորաբար հենց էդ ժամանակ էլ աչքերդ կամաց-կամաց փակվում են, ու դու ընկղմվում ես տաք ու փափուկ քնի գիրկը։

Բայց եթե քունդ չի տանում, կարելի ա ոչխարները հաշվել՝ մի ոչխար, երկու ոչխար, երեք ոչխար․․․ Երբ ոչխարները վերջանան, իսկ քունդ էլի չտանի, կարելի ա վեր կենալ, գնալ խոհանոց, սառնարանը բացել ու ձվերը հաշվել, ձեռի հետ էլ մի կտոր բան գցել բերանը։ Դա օգնում ա. երբ ստամոքսը գոհ ա, ուղեղը հորանջում ա։

Եթե դա էլ չօգնի, ուրեմն՝ պետք չի տանջվել։ Մի հատ սուրճ ես սարքում ու սուրճի թարմացնող գոլորշիները շնչելով՝ դիմավորում ես լուսաբացը։ Քունը ոչ մի տեղ չի փախչի, էս գիշեր չքնես, մյուս գիշեր հաստատ կքնես։ Դու հո Լենինի արձանը չես, որ գիշեր-ցերեկ մատդ տնկած կանգնես պատվանդանին ու առանց աչքդ թարթելու նայես դեպի պայծառ ապագան։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6751

Մեկնաբանություններ