Անցյալ դարի 90-ական թվականներին հանրապետությունում էներգակիրների խիստ պակասությունը, ծայրահեղ սոցիալ-տնտեսական պայմանները ծանր իրավիճակի մեջ դրեցին հանրապետության բնակչությանը՝ դրդելով համատարած ծառահատումների։
Անհնար է հիմա հաշվել, թե ինչքան անտառ է ոչնչացվել աննախադեպ ծառահատումների հետևանքով, և նույնքան էլ դժվար է պատկերացնել, թե ինչքան հայ օջախներ ջերմացան, ինչքան երեխաներ, ծերեր և հաշմանդամներ չցրտահարվեցին, չհիվանդացան ու կենդանի մնացին ցուրտ ու մութ տարիներին, շնորհիվ վառվող ծառերի տված ջերմության:
Համատարած ծառահատումներից հետո կատարվեցին փոքր ծավալի ծառատնկումներ, որոնցով հնարավոր չէ ծառահատված բոլոր տարածքները վերականգնել և ավելացնել: Դրան կարելի է հասնել, եթե ձեռնամուխ լինենք համատարած ծառատնկումների, երբ ամեն հայ մարդ, հայրենիքում իր ծառը տնկելով, կհասկանա, որ սեփական լուման է ներդրել հայրենի բնաշխարհի բարելավման գործում, որպեսզի չցամաքեն սառնորակ աղբյուրները, մթնոլորտը հարստանա թթվածնով, ավելանան անտառային պտուղներն ու հատապտուղները, շատանան վայրի կենդանիներն ու թռչունները:
Անտառի մեծացման ու պահպանման խնդիրներով է մտահոգված երևանաբնակ Գառնիկ Մատինյանը, որը ծնունդով Տավուշի մարզի Այգեհովիտ անտառամերձ գյուղից է և վաղ մանկության տարիներից է կապված եղել անտառին (քոլին, ինչպես ինքն է ասում), հայրական տունն էլ գյուղի ծայրամասում է, անտառի փեշին։ Փոքր հասակից էլ Գառնիկն իրենց տնամերձ հողամասում ծառեր է տնկել ու աճեցրել: Գյուղի դպրոցականների հետ անտառափեշերին և գյուղից դուրս եկող ու մտնող ճամփեզրերին մեծ քանակությամբ ծառեր են տնկել: Դրանք մինչև հիմա էլ կան: Նույնիսկ համատարած ծառահատումների ժամանակ այդ ծառերին կացին չկպավ:
Ծառահատումները Գառնիկին մեծ ցավ էին պատճառում, բայց զգալով, որ դա արվում է մարդկանց հոգսերն ու կարիքները մի փոքր թեթևացնելու նպատակով, նա ընդունելի էր համարում այդպիսի զոհաբերությունը, մտածելով, որ կանցնեն դժվարին ժամանակները, և մարդիկ կսկսեն ծառատնկումներ անել՝ վերականգնելով դարավոր անտառները: Զանգվածային ծառատնկումներ անելու խնդիրներով մտահոգված Գառնիկ Մատինյանը բազմիցս դիմել է հանրապետության նախկին նախագահներին, սակայն նրանք դա համարել են հետագայի գործ:
Գառնիկ Մատինյանը համազգային ծառատնկման իր գաղափարը 2018 թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ նոր կառավարությանը, կազմելով դա իրականացնելու ծրագիր՝ «Իմ ծառը» նշանաբանով: Նրան արդեն մի քանի անգամ հրավիրել են շրջակա միջավայրի նախարարություն՝ ներկայացված ծրագիրը քննարկելու նպատակով: Երկար չափ ու ձև անելուց հետո Գառնիկ Մատինյանի ծրագիրը, կարծես, հավանության է արժանացել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվի հոկտեմբերի 17-ին հեռուստատեսությամբ հայտնեց, որ նախատեսվում է իրականացնել համազգային ծառատունկ, որի ժամանակ, մինչև 2020 թվի հոկտեմբերի 10-ը, մեր երկրում տնկվելու է 10 մլն ծառ։
Սպասվում է, որ մարզերում կստեղծվեն տնկարանային ձեռնարկություններ, համապատասխան ներդրումներ կլինեն և աշխատատեղեր կբացվեն:
Գառնիկ Մատինյանը հույս ունի, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի համազգային ծառատնկումներ իրականացնել: Նա նախապես կապեր է հաստատում մի շարք սփյուռքահայերի հետ, որպեսզի վերջիններս աջակցեն համապատասխան տնկիներ հայթայթելու և Հայաստան ուղարկելու գործում: Նա արդեն հանդիպել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը պատրաստ է ծառատունկի համար նախապես հատկացնելու 10 հա հողատարածք: Դա արդեն հաջող սկիզբ է նշանակում: Կոչ եմ անում բոլորին աջակցել համազգային այդ ծրագրին, որպեսզի յուրաքանչուրը մեզնից կարողանա ասել.
«Իմ ծառն էլ կա այն նորատունկ 10 մլն ծառերի մեջ»:
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ