Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ինչպես ցույց տվեց ժամանակը, ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ միայն շատ արագ ինտեգրվեց, այլև դարձավ առանցքային դերակատարներից մեկը

Ինչպես ցույց տվեց ժամանակը, ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ միայն շատ արագ ինտեգրվեց, այլև դարձավ առանցքային դերակատարներից մեկը
15.07.2023 | 10:33

Վերջին շրջանում հայաստանյան իշխանությունները, և ոչ միայն, առանձնահատուկ տեղեկատվական ու ցնդաբանական գրոհ են սկսել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ՝ փորձելով տարբեր տիպի լղոզված ու իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ ներկայացնել և քննադատել նախագահ Սարգսյանի 10-ամյա կառավարման տարիները։ Նշեմ, որ Սարգսյանի կառավարման տարիների հետ կապված բազում մեկնաբանություններ ու հրապարակումներ կան, որոնք հասանելի են բոլորին և յուրաքանչյուրը կարող է այդ մասին տեղեկանալ, սակայն շատ կարճ ու ամփոփ փորձեմ մի քանի դիտարկումներով անդրադառնալ Սերժ Սարգսյանի կառավարման՝ 2008-2018 թվականների խոշոր ձեռքբերումներին և ՀՀ պետականության համար առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություններին։

Թերևս դիտարկումներս բաժանեմ մի քանի հատվածի՝ արտաքին, ներքին և մի առանձին հատված Արցախի ու նրա շուրջ տեղի ուենցած բանակցային գործընթացներին, որոնք Նիկոլը շատ հեշտությամբ ու աստիճանաբար մաշեցրեց՝ հավասարեցնելով զրոյի։

Սարգսյանի տարիների արտաքին քաղաքականության առանցքային դրվագների մասին խոսելիս, առանձին էպոխա է ԵԱՏՄ թեման, որը ժամանակին դարձել էր հանրային քննարկման առարկա։

Շատերս ենք հիշում, թե ինչպես էր քարկոծվում այդ տնտեսական քաղաքական հարթակին ու շուկային ՀՀ անդամակցումը։ Հայաստանում այդ օրերին գործունեություն ծավալող ընդդիմադիր սեկտորը, ով հիմնականում ուներ արևմտյան կողմնորոշում և աջակցություն, այս դրվագը դիտում էր ազգային դավաճանություն և ՀՀ ինքնիշխանության ու սուվերենության հանձնման փաստ, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ միայն շատ արագ ինտեգրվեց, այլ դարձավ առանցքային դերակատարներից մեկը։ Ի դեպ, տևական ժամանակ հենց Հայաստանն էր հանդիսանում ԵԱՏՄ աշխատանքները կոորդինացնող երկիրը, որն իրականցվեց բավական բարձր ու պրոֆեսիոնալ մակարդակով։

ԵԱՏՄ շուկան ՀՀ-ի նման շրջափակված պետության համար մի առանցքային փրկօղակ հանդիսացավ, քանի որ արտահանման ծավալների շեշտակի փոփոխությունը հնարավորություն տվեց ՀՀ-ից հսկայական ապրանքներ արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։

Մի փոքր վիճակագրություն․

2014 թ. Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ կազմել է 324 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 114 մլն դոլար:

2015 թ. այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 235,7 մլն և 1 մլրդ 302 մլն դոլար,

2016 թ.՝ 393,9 և 985,1 մլն դոլար:

2017 թ. տվյալներով՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ցուցանիշն է 555 մլն 198 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 306 մլն դոլար։

Արդեն 2018թ. (ութ ամիսների կտրվածքով) ՀՀ-ից արտահանումն աճել է 33,1 տոկոսով և կազմել 438,7 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 20,7 տոկոսով՝ 923,4 մլն դոլար, ընդ որում, արտահանման ամենամեծ չափաբաժինը եղել է դեպի Ռուսաստան՝ 424,2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 895,7մլն դոլար։

Սարգսյանի նախագահության տարիներին մի «քաղաքական գործիչ» կար՝ Նիկոլ Փաշինյան անունով, ով ԵԱՏՄ անդամակցության թիվ մեկ թշնամին էր ու սուր քննադատներից մեկը։

Նա հնարավոր բոլոր տարբերակներով քննադատում էր ՀՀ՝ ԵԱՏՄ անդամակցության փաստը, նշելով․

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են արևելքից ու արևմուտքից, ԵՏՄ-ն ՀՀ-ն մեկուսացնելու է հյուսիսից և հարավից: ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները՝ դառնալով եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր: Ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանին միանալու պայմանագրին»:

Ավելի ուշ, երբ տարիներ անց ստեղծվեց «ԵԼՔ դաշինքը», ընդդիմադիր այդ միավորի նախընտրական ծրագրում նշվում էր, որ ԵԱՏՄ անդամակցումը քաղաքական սխալ է: Իսկ բազմաթիվ պատգամավորներ էլ ԱԺ-ում ելույթներ էին ունենում, նույնիսկ նախագծեր ներկայացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի շրջանակներում:

Օրինակ, 2017 թ. ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի քննարկման ժամանակ Փաշինյանը դեմ էր քվեարկել՝ հայտնելով հետևյալ դիրքորոշումը.

«Առանց վերլուծելու այն պրոբլեմները, որ մենք անընդհատ ունենում ենք ԵԱՏՄ այս կամ այն փաստաթղթին միանալով, և առանց էդ պրոբլեմները խորությամբ վերլուծելու այսպես նոր փաստաթղթեր ընդունելը շատ վտանգավոր է»:

Ի դեպ, նույն 2017-ին «ԵԼՔ» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ ներկայացրեց, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ հարցազրույցում էլ խոսելով արտաքին քաղաքականության ուղղվածության մասին՝ Փաշինյանը նշում է, որ «Սարգսյանի իշխանությունը պետականությունը մսխող ռեժիմ է»:

Այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր հրապարակային խոսքում հպարտանում է՝ իր կառավարության տնտեսական ցուցնաիշներով, ներդրումների մեծ ու աննախադեպ ծավալներով՝ անամոթաբար մոռանալով, որ դա նույն ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է, որ ասենք ՌԴ արտահանվող ապրանքները գալիս են ՀՀ, այստեղ մաքսազերծվում, հետո նոր արտահանվում ՌԴ, նույնը հազարավոր ռուսական ընկերությունների՝ ՀՀ տեղափոխվելու և այստեղ հարկեր մուծելով գործուենություն ծավալելու դրվագը։

Նիկոլը ոչ միայն մոռանում է այդ հանգամանքը, այլև մոռանում է մեծապատիվ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ դարձնելու համար։

Թերևս այսքանը ԵԱՏՄ-ի մասով, առաջիկայում կլինեն նախագահ Սարգսյանի կառավարման տարիների մյուս ձեռքբերումների մասին անդրադարձեր ևս։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 4892

Մեկնաբանություններ