Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բարձր աշխատավարձերի աղքատ երկիր

Բարձր աշխատավարձերի աղքատ երկիր
17.03.2023 | 22:23

Աննախադեպ հաջողակ երկրում ինչու են մարդիկ անընդհատ աղքատ մնում։

1. Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքում միջին անվանական աշխատավարձի հաշվարկման հիմք է ծառայում ՊԵԿ-ի եկամտային հարկ վճարողների հաշվառման թիվը։ Այստեղ հաշվառումից դուրս է մնում աշխատանքային ռեսուրսների մի լուրջ քանակ, որը հիմնականում իրենց համար ոչ վարձու աշխատանք կատարողներն են, ֆիզիկական անձինք, որոնք զբաղվածության հաշվարկի մեջ ներառված չեն։ Այսինքն, կան ռեսուրսներ, որոնք գնվող, վարձու աշխատանք չեն կատարում։ Այդ սուբյեկտները աղքատության ցուցանիշի մշտական բաղադրիչ են։

2. Անվանական միջին աշխատավարձերի աճը վերջին հինգ տարիներին,ամենաբարձրն է եղել հանքարդյունաբերության, բանակային ծառայողների, ֆինանսական, ապահովագրական և պետական ապարատի ծառայողների մասով։ Հիշատակված բնագավառներում զբաղված աշխատուժի զանգվածը երկրի ընդհանուր զբաղվածների մոտ մեկ-երրորդն է կազմում, բայց պետական սեկտորը ներքին արդյունք չի ստեղծում, ուստի աշխատավարձերի բարձրացումը հիմնականում բաժին է ընկնում հանքարդյունաբերության և ֆինանսական, ապահովագրական ոլորտին։ Այ սրանով է պայմանավորված երկրի մասշտաբով աշխատավարձի աճի և ցածր կենսամակարդակի հանելուկը։ Եթե սրան էլ գումարենք 466 հազար թոշակառուների բանակը՝ ամսեկան 44 հազար թոշակով, ապա ակնհայտ է, որ երկրում կա լրջագույն դիսբալանս։ Տարեցտարի բարձրացող անվանական աշխատավարձի մակարդակը չի բերում կենսամակարդակի աճ, որովհետև աշխատավարձի աճը տեղի է ունենում երկու-երեք բնագավառներում։ Այս միտումները էլ ավելի են խորանալու, որովհետև՝

1. պետական ծառայողների պարգևավճարներն են աճելու, ըստ նախատեսվող ատեստավորման պլանների:

2. Գերհաջող 2022 թվականից հետո բանկերում աճելու են աշխատավարձերը՝ հաշվի առնելով սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածությունը:

3. Հաշմանդամության կարգի նոր համակարգով շատերը զրկվելու են նպաստներից: Առկա են սոցիալական բևեռացման բազմաթիվ այլ հատկանիշեր։ Եթե այս ամենին հավելում ենք տրանսպորտային փոխադրումների միջազգային սակագների աճը և ներկրման մեկ միավորի ինքնարժեքի մեջ այդ ծախսերի աճը, ապա պատկերն ավելի մտահոգիչ է դառնում։

4. Շարունակվում է տնտեսության մեջ գերիշխող դիրք ունեցող խմբերի ձեռքում նորանոր ճյուղերի ընդգրկումը, առևտրային ցանցի տերերը մտնում են հասարակական սննդի և թեթև արդյունաբերության ճյուղեր՝ դուրս մղելով մանր ու միջին ձեռնարկություններին։

5. Երկրի տնտեսության մեջ գերիշխում են փակ բաժնետիրական ձեռնարկությունները, իսկ գերշահավետ մի քանի ճյուղերի իրական շահառուները հայկական արմատ չունեն։ Փաստացի երկրի բնակչությունը զրկված է որևէ կերպ արտադրության միջոցների սեփականության մի մասը տնօրինելու հնարավորությունից բաժնետիրական կապիտալի իսպառ բացակայության պատճառով։

6. Մտահոգիչ է գնաճի բարձր մակարդակը, հատկապես՝ պարենային և սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով։ Հիմնական օգտագործման պարենային ապրանքները երկու տարվա ընթացքում արձանագրել էն 39-45 տոկոս գնաճ։ Լիբերալ ներկայացող կառավարությունը, գնաճը թաքցնելու համար, արհեստական ձևով արժևորում է ՀՀ դրամը, միջոցառում, որի արդյունքում երկրի առևտրային կապիտալի ձեռքն են հոսում տրանսֆերները։

Որպես վերջաբան կարելի է արձանագրել, որ 2018 թ. իշխանափոխության շարժիչ ուժ հանդիսացող սոցիալական հենարան աշխատավորությունը հեռացված է տնտեսական աճի բարիքների տնօրինման հնարավորությունից։ Երկրում առկա է դասակարգային խոր հակասություն, որն էլ, անկասկած, մոտակա ժամանակներում պարպվելու է։

Մի՞թե կարող է հարատևել մի իրավիճակ, երբ երկրի բնակչության եռեսուն տոկոսն աղքատության շեմից ներքև կենսամակարդակ ունի։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 6263

Մեկնաբանություններ