Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Կա ավելի լուրջ խնդիր, քան հնարավոր ռեցեսիան

Կա ավելի լուրջ խնդիր, քան հնարավոր ռեցեսիան
23.11.2019 | 12:26

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), որի շտաբ-բնակարանը Փարիզում է, հրապարակել է նոր կանխատեսումներ, որ որոշ նահանջ են աճի սպառնալիքների կանոնավոր նախազգուշացումներից՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարվածության պատճառով, ներդրումների ու առևտրային հոսքերի պակասից: Այդ սպառնալիքները պահպանվում են, սակայն ՏՀԶԿ-ն մատնանշում է ավելի համակարգային սպառնալիքներ, որ բխում են կլիմայի փոփոխությունից, տեխնոլոգիաներից ու փաստից, որ ընթացիկ առևտրային պատերազմը մասն է գլոբալ աշխարհակարգի առավել մասշտաբային տեղաշարժի: ՏՀԶԿ-ի գլխավոր տնտեսագետ Լոուրենս Բունը անհանգստություն է հայտնել, որ առաջիկա տասնամյակներում աշխարհը շարունակելու է տառապել, եթե կառավարությունները հետագայում էլ առաջարկեն միայն կարճաժամկետ լուծումներ հարկաբյուջետային ու ֆինասավարկային քաղաքականության մեջ:

«Ամենից շատ տագնապում է, որ կանխատեսումները շարունակում են անշեղ վատանալ, իսկ դա ավելի շուտ չլուծված կառուցվածքային խնդիրների արտացոլում է, քան ինչ-որ ցիկլիկ ցնցման հետևանք,-նշել է Բունը:-Սխալ կլինի այդ տեղաշարժերը դիտարկել իբրև ժամանակավոր գործոն, որ կարելի է վերացնել հարկաբյուջետային ու ֆինանսավարկային քաղաքականության մեջ փոփոխություններով: Այդ տեղաշարժերը կառուցվածքային են»: Գլոբալ տնտեսության խորքային խնդիրներից բխող հոռետեսությունը հակադրվում է ֆինանսական շուկաների առավել ոգեշնչող ազդանշաններին, որտեղ ներդրողները առավել հաճախ շեշտը դնում են 2020-ին տնտեսական աճի վրա՝ հիմք ընդունեկով առևտրային բանակցություններում վերջին փոփոխությունները: Morgan Stanley-ն կանխատեսում է 2020-ի սկզբից գլոբալ տնտեսության տեմպերի աճ, թեպետ ռիսկերը նվազում են վկայում, իսկ Goldman Sachs-ը գտնում է, որ վերջին ժամանակների դրական նորությունները նշանակում են, որ աճի տեմպերն աստիճանաբար կվերականգնվեն: ՏՀԶԿ-ի կանխատեսումներով՝ այս և հաջորդ տարի գլոբալ աճը կլինի 2,9%, 2021-ին կավելանա մինչև 3%: ՏՀԶԿ-ն նվազեցրել է իր կանխատեսումը ԱՄՆ-ի համար 2019-ին 2,4%-ից 2,3%, 2020-ի համար՝ 2%: ՏՀԶԿ-ն գտնում է, որ առևտրի հետագա լարումը լուրջ անհանգստություն է առաջացնում: Նույնիսկ եթե վերջերս սահմանված սահմանափակումները հանվեն, անորոշությունը կպահպանվի ու բացասաբար կազդի արտադրական ներդրումների աճի վրա զարգացած մեծ տնտեսություններում, որ կդանդաղեն մինչև 1,25% 2018-ի 2%-ից: Առևտրի և ներդրումների ոլորտի խնդիրները նշանակում են, որ կառավարությունները պետք է խոր փոփոխություններ անեն իրենց քաղաքականության մեջ, ոչ թե պարզապես փոխեն այն մաքսատուրքերը, որ մտցրել են վերջին 2 տարում: Դրա համար կարող են փոփոխություններ պահանջվել գլոբալ նորմերի մեջ և սուբսիդիաների կրճատում, որ բացասաբար են ազդում առևտրի վրա:


ՏՀԶԿ-ն նաև կոչ է անում արմատապես վերաիմաստավորել բնապահպանական քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ավստրալիայի անտառային հրդեհներն ու Վենետիկի ջրհեղեղը, որ որոշ բնապահպաններ կապում են կլիմայի փոփոխությունների հետ: Ածխաթթու գազի արտանետումների դեմ արշավը հանգեցեց բողոքի շարժումների ստեղծման, ինչպես «flight shaming»-ը, որի կողմնակիցները հրաժարվել են ավիաչվերթներից: Անկասկած կլիմայական փոփոխությունները վնասում են գլոբալ տնտեսությանը, բայց մեծ նշանակաություն ունի՝ ինչպես են կառավարություններն արձագանքում ու ինչ նորմեր են սահմանում: Բունի խոսքով՝ հստակ քաղաքականության բացակայությունը այնպիսի հարցերում, ինչպես հարկերն ու ածխաթթվի արտանետումները, արտադրական ներդորւմների հետաձգումները «աղետալի հետւանքներ են ունենալու աճի ու զբաղվածության վրա»: Թեպետ հարկաբյուջետային խթանումը կարող է կարճաժամկետ հեռանկարում զգացվել, Լոուրենս Բունի կարծիքով՝ անհրաժեշտ է կենտրոնանալ երկարաժամկետ կանխատեսումների վրա, այդ թվում՝ նպատակային ներդրումային ֆոնդերի ստեղծման: «Իրավիճակը մնում է փխրուն, կառուցվածքային մարտահրավերները վախեցնող են,-նշել է Բունը:-Մենք ունենք հնարավորությունների եզակի պատուհան, որ թույլ կտա խուսափել մարդկանց մեծամասնությանը վնասող ստագնացիայից՝ անհրաժեշտ է վերականգնել որոշակիությունը և ներդրումներ անել հանուն բոլորի՝ առանց բացառության»:
Ուիլյամ Հորոբին, Bloomberg (ԱՄՆ)


Հ.Գ. Ինչքան տարեմուտը մոտենա, այնքան 2020-ի ու առաջիկա տասնամյակի կանխատեսումները շատանալու են: Առայժմ միջազգային մամուլը արձանագրում է.

1. Առևտրային պատերազմների բացասական ազդեցությունը ապրանքաշրջանառության վրա:
2. Չինաստանի օրավուր մեծացող ազդեցությունը համաշխարհային տնտեսության զարգացման ուղղությունների վրա:
3. Լոկալ կոնֆլիկտների, տարածաշրջանային պատերազմների, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Գազի գնի անկայունությունը ցնցումներ է ստեղծում տնտեսության մեջ, մեծացնում անկայունությունը, դժվարացնում երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորումը:
Որևէ կանխատեսում դեռ այնքան լավատեսական չէ, որ համաշխարհային տնտեսության արագ աճ կանխատեսի: Իսկ մենք մտնում ենք 21-րդ դարի երրորդ տասնամյակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ