Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ի՞նչ է անմահությունը

Ի՞նչ է անմահությունը
11.05.2012 | 00:00

Ավագ քահանա Վալենտին ՍՎԵՆՑԻՑԿԻ

(1882-1931)


(սկիզբը` նախորդ համարում)


ԱՆՀԱՅՏ- Ինչո՞ւ է պետք ապրել, եթե գոյություն ունի անմահությունը։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Պատասխանը պարզ է ու հասարակ։ Պետք է ապրել, որպեսզի երկրային կյանքում հասնես սեփական անմահ հոգու լավագույն կարգավորմանը։ Մեզ սպասում է հավիտենական կյանքը, և այն կլինի այս կամ այլ կերպ, նայած թե ինչպիսի հոգևոր վիճակի ենք մենք հասել այստեղ։ Այդ հավերժ խնդրով լուսավորված ամբողջ երկրային կյանքը մինչև վերջին մանրուքը ձեռք է բերում մեծագույն իմաստ։ Անմահության ժխտման դեպքում ամենախոշոր իրադարձությունները նույնիսկ չնչին են, որովհետև ամբողջ կյանքն է անիմաստ, հետևապես և չնչին։ Երբ հավատում ես անմահությանը, հակառակը, ամենաաննշան իրադարձությունը դառնում է չափազանց իմաստալից, քանզի քո հավերժ կյանքը համակված է մեծագույն իմաստով։ Ամեն ինչ կարող է ունենալ դրական կամ բացասական նշանակություն ներքին կարգավորման համար, քանզի ամեն ինչ կյանքում կարևոր է, ամեն ինչ կապված է նրա հավիտենական սկզբնաղբյուրին` դրական կամ բացասական իմաստով։

ԱՆՀԱՅՏ- Այո, պատասխանը պարզ է։ Սակայն հարցերն ու տարակուսանքները բազմաթիվ են։ Ինչի՞ համար են այդ դեպքում ծնվում ապուշները։ Ի՞նչ իմաստ կա անմիջապես մեռնող մանկիկների ծննդի մեջ և այլն։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այո, շատ են հարցերը, որոնց պատասխանները մենք չգիտենք։ Որովհետև շատ բաներ մեզ չեն բացվում Աստծո հայտնության մեջ, և մարդկային գիտակցությունն առանց բարձրագույն հայտնության անհասանելի է։ Սակայն մի՞թե բոլոր հարցերին կարող են պատասխանել նրանք, ովքեր ընդունում են միայն նյութական աշխարհը, և արդյո՞ք բոլոր երևույթներն են հասկանալի նրանց։ Այնուամենայնիվ, դա չի ստիպում քեզ կասկածելու դրան, ինչը համարում ես հիմնական ճշմարտություն նյութի վերաբերյալ։ Նույնն էլ և այստեղ է։ Եթե չունենք պատասխան որևէ հարցի, պիտի ամենևին չհուզվենք, քանի որ մենք հասկացել ենք գլխավորը` աշխարհն ունի անդրշիրիմյան գոյություն, բացի տեսանելի նյութականից, և մարդը, բացի մարմնից, ունի անմահ հոգի։ Իսկ ինչ վերաբերում է քո հարցերին մանկիկների և ապուշների վերաբերյալ, ապա դրանք ինչ-որ չափով կարող են բացատրություն ստանալ։ Մենք գիտենք, թե ինչպիսին է մարդկային կյանքի իմաստը, սակայն բոլորովին տեղյակ չենք, և դա Աստծո Իմաստության գաղտնիքն է, թե ինչու է հարկավոր, որ մարդը ծնվի, կամ ինչու է անհրաժեշտ հոգու և մարմնի միացումը։ Ըստ երևույթին, այդ միացությունն ինքնին այն հավերժական կյանքի անհրաժեշտ պայմանն է, որ Տերը շնորհել է մարդկանց։ Եթե այդպես է, ապա և՛ մանկիկները, և՛ թուլամիտները, ըստ այդ պայմանի, կդառնան հավիտենական կյանքի մասնակիցներ։ Եվ դրանով էլ հենց արդարացվում է նրանց լույս աշխարհ գալը։ Մեզ անհայտ է, թե ինչու երկրային կյանքի ընթացքն ինչ-որ հոգիների համար անհրաժեշտ է ամբողջությամբ, մյուսներին ամենևին հարկավոր չէ, ու նրանք մահանում են, միայն մարմնավորվելով նյութական ձևի մեջ, իսկ ոմանք էլ, օրինակ, թուլամիտների պես, պիտի ֆիզիկապես աճեն, ունենալով տկար, սահմանափակ միտք։

ԱՆՀԱՅՏ- Մի հարց ևս։ Եթե կյանքի իմաստն ինչ-որ տեղ է` այնտեղ երկնքում, ապա այստեղ ամբողջը դառնում է անարժեք։ Ինչի՞ համար պայքարել չարի դեմ։ Համբերի՛ր։ Կմեռնես` այնտեղ կլինես երանության մեջ։ Սակայն դեպի անդրշիրիմյան ոլորտ կյանքի իմաստի տեղափոխման դեմ բողոքում է այստեղ` երկրի վրա ապրելու իմ իրավունքը։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այն, ինչ ասում ես, ծեծված ու միանգամայն կեղծ մեղադրանք է։ Հակառակը, անմահության գաղափարը կայտառությամբ է համակում մարդուն չարի դեմ պայքարելիս։ Մարդը նյութի մի կտոր չէ, որը պետք է քայքայվի, այլ մի բան, որն ունի մեծագույն արժեք, քանզի նա հավիտենական անմահ սկզբունքի կրողն է։ Այդ պատճառով հավատավոր մարդու ամբողջ էությունը համակում է պայքարելու ցանկությունը` այն ամենի դեմ, ինչը խեղում ու կործանում է այդ հավերժի արժեքը։

ԱՆՀԱՅՏ- Այդ ամենն այնքան բարդ է, այնքան վերացական և այնքան դժվար է ընդունել։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Անհավատության պարզունակությունը թվացյալ է։ Անհավատ մարդիկ անբարեխիղճ են վարվում։ Նրանք հերքում են անմահությունը և դրանով էլ ազատում են իրենց բարոյական պարտականություններից, որոնք նրանց ուսերին դնում է կրոնը։

(շարունակելի)

Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ