Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ՈՉ ԹԵ ԴԱՍԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԾԵՆԱՆՔ, ՈՐ ՔԱՐՈԶԵԼԻՍ ԼԻԱՐԺԵՔ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ, ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՆ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

  ՈՉ ԹԵ ԴԱՍԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԾԵՆԱՆՔ, ՈՐ ՔԱՐՈԶԵԼԻՍ ԼԻԱՐԺԵՔ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ, ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՆ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
04.03.2011 | 00:00

(հենց այնպես չէր, որ Աբովյանը նկատեց Հայաստանի վերքը)
Եթե Աբովյանի լուսավորչական աշխատանքին մակերեսորեն մոտենանք՝ առանց գիտության բանալիների, ապա գուցե թվա, թե իբր սուրբ եկեղեցու դեմ է ինչ-որ տեղ մարտնչել այս սրբասիրտ մարդը: Իսկ ճշմարտությունն այն է, որ Աբովյանն իր լուսավորությամբ մեր եկեղեցու ժամանակի հոգևոր վերնախավից էլ վեր լինելով՝ նրանց կողմից ոչ միայն չէր հասկացվում, այլև հալածվում և «հերձվածող» էր անվանվում:
Հերձվածող էր անվանվում ահա մեկը, որ երիտասարդներին շարունակ այսպես էր քաջալերում ու խրատում. «Ձեր եկեղեցին և ձեր լեզուն ղայիմ (ամուր) բռնեցեք»: Նման ծանր հալածանքների մեջ էր, որ Աբովյանը գրաբարից աշխարհաբարի անցնելու նախաշավիղը մեզանում խիզախորեն հիմնադրեց: Որովհետև գրաբարը թեպետ գրի վեհ լեզու էր և է, բայց, ցավոք, ժողովրդական զանգվածներին մեծ մասամբ անհասանելի էր և դեռ, ցավոք, անհասանելի է։ Իսկ միայն վեհ գրաբարով, որ «տասը-քսաններն են հասկանում, իսկ հարյուր հազարները՝ ոչ»,- գրում էր Աբովյանը, ողջ մի ժողովրդի հետ չես կարող կարևոր, բժշկարար բաներ խոսել: Բնականաբար, Աստծուց չէր կարող նման իրողությունը լինել, քանի որ Աստված Սուրբ Հոգով առաքյալներին օժտեց լեզվական տարատեսակ շնորհներով, որպեսզի նրանք յուրաքանչյուր լեզվով խոսողի հետ նրա լեզվով խոսեն, ավելին, բարբառով խոսողների հետ էլ՝ բարբառով խոսեն, որպեսզի աստվածային խոսքն ամենքին հասանելի ու հասկանալի դառնա: Եվ հրաշքների հետ մեկտեղ՝ լեզուների իմացության այդ շնորհներով էր, որ Քրիստոսի առաքյալները քարոզեցին ողջ աշխարհին. ոչ միայն կիրթ մարդկանց, այլև ամենքին, ամենաթշվառներին էլ՝ նրանց իսկ հասկանալի լեզուներով կամ բարբառներով: Բնականաբար, նույն կերպ պարտավոր էր անել մեր եկեղեցին Հայաստան աշխարհում՝ հասկանալիությամբ լցնելով գրի և ժողովրդի լեզվի միջև գտնվող, միմյանց օտարացնող խորխորատը, բայց դարավոր քարացածությամբ մեր եկեղեցին, ցավոք, Աստծուց իր կոչվածության այդ ձայնը չէր լսում: Եվ ծանր այդ ժամանակաշրջանի պահանջով էր, որ աշխարհ եկավ լուսավորության առաքյալը՝ մեր ամենքի սիրելի Խաչատուր Աբովյանը: ՈՒստի և արհեստական խռովություն է կամ թերուս վերաբերմունք, երբ ոմանք Աստծո և նրա պայծառ զավակներից մեկի՝ Աբովյանի միջև ջանացել կամ ջանում են հակադրություն տեսնել: Այլ բան է, երբ Աբովյանը, որպես իր ժամանակի ամենալուսավորյալ հայ անհատ, արդարացի դիտողություններ ուներ հայրենի եկեղեցուն՝ նրանից առավել կենդանություն ու աստվածասիրություն պահանջելով: Եթե Աղասու կերպարի միջոցով Խաչատուր Աբովյանը դժգոհում էր եկեղեցական ձգձգվող արարողությունից, երբ արարողությունը ժողովրդի մեծ մասի համար գրաբարի պատճառով անհասկանալի էր մնում, միևնույն ժամանակ նույն Աղասու միջոցով ելնելով բնության մեջ՝ նա փառաբանում էր Աստծուն՝ Նրան ճանաչելով Նրա իսկ Ստեղծագործած բնության ու Տիեզերքի աստիճանակարգերում, խոստովանելով թե՝ ահա ամեն ինչ հասկանալի է և Աստված իր մեջ է, իր սրտում: Այսինքն` Խաչատուր Աբովյանը եկեղեցուց դժգոհություններ չէր ունենա, եթե Տիրոջը բարկացնող տգիտություններ և լեզվական անհաղորդություն չլինեին Աստծո, Աբովյանի ժամանակաշրջանի եկեղեցու և հոտի միջև:
Բայց ահա ոսկեղենիկ մեր գրաբարը կենդանի ապրող հարյուրհազարավոր մարդկանց համար շքեղ մի գերեզմանոց էր դարձել, անհաղորդ շատ ու շատերին և, ըստ մեր վերում նշած վկայությունների, նման թեկուզ և թանկ, գանձարան-գերեզմանոցը շատերի համար ո՛չ առաքելական էր և ո՛չ էլ, առավել ևս՝ Աստծո մարդասեր կամքին հաճելի։
«Ասում էի, թե նստեմ գրեմ՝ էլի մտածում էի, թե ո՛ւմ համար գրեմ, որ ազգս լեզուս չի հասկանալ: Թեկուզ ռուսերեն, նեմեցերեն, յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբար՝ տասը կըլի, որ հասկանային, բայց հարյուր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մի քամու ջրաղաց: Ախր, որ ազգը էն լեզվով չի խոսում, էն լեզուն չի հասկանում, սաքի հենց բերանիցդ ոսկի վեր ածես, ո՞ւմ պետք ա ասես» («Վերք Հայաստանի»), խոստովանում և ցավ էր ապրում Աբովյանը:
Աստվածաշնչյան գիտելիքներով Աբովյանի գործն ու վարքը դիտելիս, պարզվում է, որ նա Աստծո առաքյալ էր, մեր ազգի մեջ սուրբ գործերի իր կարևոր առաքելությամբ, որպեսզի հայ հասարակ ժողովրդի սրտին և ունկին լսելի լեզու հիմնադրելով՝ ճանապարհ բացեր Հայոց դպրոցի առավել արդյունավետության համար, նաև եկեղեցու առավել հասկանալի և առավել արդյունավետ գործունեության՝ քարոզի համար, որ և լավագույնս արեց՝ իր աշխարհաբար գիր ու գրականությամբ՝ իր հետևից հաղթության ուղի բացելով և օրինակելին խրատելով, որպեսզի գրով հասկանալին տան մեր պարզ ժողովրդին. «Քսան-երեսուն տարուց ավելի ա, իմ սիրելի ազգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա: ...Մասիսը առաջիս կանգնած ցույց էր տալիս, թե ինչ աշխարքի ծնունդ եմ ես: Մի հայ տեսնելիս ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ, բայց ա՜խ, լեզուս փակ էր, բերանս բռնած, մեր գրքերն էլ գրաբար, մեր նոր լեզուն էլ՝ անպատիվ...»:
Որովհետև թեկուզ գրաբարով ոսկու դեզեր էլ ունենանք (մի բան, որ նաև ունենք), բայց երբ աղքատ մարդիկ ու դպրոցի երեխաներն այդ ոսկու դեզերից միայն գրոշներ են կարողանում ստանալ՝ վերստին մնալով հոգևորապես թշվառ, ապա ուրեմն դեռևս չլուծված մարդասիրության խնդիրներ կային լեզվի հաղորդման կարևոր ասպարեզում, մանավանդ՝ եկեղեցու հոգևորականների մեջ, որ առաջինն էին կոչված պարզ ժողովրդի համար հասկանալի լեզվով գրելու ու խոսելու, ըստ առաքելական շնորհի:
Պիտի ասենք, որ համաձայն քրիստոնեական ճշմարտության՝ լեզվից ավելի կարևորը, նախ և առաջ, ասելիքն է, խոսքի էությունը լսողին հասցնելը, Աբովյանի լեզվով ասած, առավել կարևորը «սրտի հասրաթը հայտնելն է»: Երբ մեր Փրկչի ու Տիրոջ Վարդապետությունը Սիրո Վարդապետություն է:
Աստծո սերն աշխարհի հանդեպ երևում է նաև այն բանից, որ իր Որդուն այնքան մոտեցրեց աշխարհի մարդկանց, որ նրանց ըմբռնելի ու հասկանալի լեզվով խոսի, մի կողմ դնելով լեզվական ամենայն դժվարություն: Եվ առաքյալներին էլ տվեց՝ անգամ բարբառներով հարաբերվել մարդկանց, որ ոչինչ ու երբևէ անհասկանալի չմնա «ականջ ունեցող» լսողներին: Այսինքն՝ վերստին ասելիքը, նպատակը, որ մարդու առավել հոգևոր մարդ կերտվելն էր, հոգով կենդանի մարդ լինելն ի վերուստ է առավել կարևորվում, առաջնային դիտվում, քան մատուցման լեզուն իր վեհությամբ.
«Թող ինձ այսուհետև տգետ կանչեն, լեզուս բաց ա էլել, իմ սրտի սիրական ազգ: Թող տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես, քո կորած, շվարած որդին՝ քեզ համար...»:
Բնական է, հրեշտակների լեզուն ավելի վեհ ու վեր է, քան մարդկանց անգամ ամենակատարյալ լեզուն, առավել քան վեհ գրաբարը, բայց Պողոս առաքյալն ասելիքը, խոսքի բուն նպատակը լեզվի վեհությունից ավելի կարևոր համարելով, գրեց. «Եթե անգամ հրեշտակային լեզվով մեր խոսածից այլ բան քարոզեն, նզովյալ պիտի լինեն»: Այսինքն՝ առաջնահերթը ասելիքն է, խոսքի տեղ հասնելը, որ օգնում է մարդկանցս մշակվել, կերտվել, մխիթարվել, բժշկվել և սիրել մեզ նմանին, իսկ եթե այդ խոսքի մատուցման լեզուն խրթին ենք դարձնում մեր ժողովրդի համար, ուրեմն դեռ բարի մշակություն անելը ժամանակի պահանջի անհրաժեշտության չափ չենք ըմբռնում, դեռ բարի մշակություն անելը լիարժեք, աստվածահաճո լինելու չափ չգիտենք, ուստի և, ցավոք, մեր սիրելի ժողովրդին, ինչպես հարկն է, սիրել դեռ չգիտենք:
Այս բոլոր վկայությունների տված համարձակությամբ այսօրվա մեր առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավին մեր պարզ, բայց «ականջ ունեցող» ժողովրդի անունից պիտի մի խնդրանք ուղղեմ (տա Աստված, անտարբեր չմնան և գործերով պատասխանեն): Նախ` ասեմ, որ այսօրվա եկեղեցի մտնող-ելնող հավատացյալը հազարապատիկ ավելի է Աստծո առջև պատրաստված, քան երբ լեզվի պատճառով սուրբ գիրք չէր կարողանում կարդալ, և շնորհիվ Խաչատուր Աբովյանի բացած ճանապարհի է, որ շատերս կարողանում ենք այսօր աշխարհաբար թարգմանությամբ թե՛ Ավետարանը, թե՛ մեր ընտիր պատմիչներին կարդալ: Այսօրվա մեր եկեղեցին` առավել լայնածավալ իր քարոզությամբ, չես համեմատի Աբովյանի ժամանակվա եկեղեցու հետ. այսօր, հոգևոր մամուլից բացի, թե՛ եկեղեցական հեռուստաալիք ունենք, թե՛ շատերիցս սիրված «Վեմ» ռադիոկայանը, որոնց կայացման համար Աբովյանն է իր ժամանակին կյանք տված աշխատել: Իսկ թե ինչն է իմ խնդրանքը, ասեմ օրինակով։
Մեծ երկրաշարժից հետո մեր Նալբանդ գյուղն էի գնացել, որպեսզի «Գթություն» գրասենյակի կողմից մեր դպրոցին մի քանի հոգևոր գրքեր նվիրեմ՝ որպես մխիթարություն: Հյուր էի եղբորս փայտե տնակում. նա երկրաշարժից կորուստ ուներ, և Աստծով փորձեցի մխիթարել նրան: Ապա ասացի՝ մի երեք ժամից այս գրքերը հանձնելու եմ, մի քիչ կարդայիր: Թերթեց գրքերից մի քանիսը և ասաց՝ սրանք ինձ համար չեն գրված, անհասանելի են ինձ, եկեղեցական լեզվով են, քահանաների համար են, նրանք կարող են միայն կարդալ:
-Աշխարհաբար են,- զարմացա ես,- ի՞նչ կա անհասանելի:
Ասաց՝ ուղղագրությունը դժվար է, ուշք ու միտքս զբաղվում է ուղղագրությամբ և չեմ կարողանում հասկանալով կարդալ: Այդժամ գրքերի մեջ գտա մեկը, որ դասական ուղղագրությամբ չէր և ասացի՝ սա՛ փորձիր: Եղբայրս կպավ գրքին ու պոկ չեկավ, ինչպես երկար ժամանակ պապակ հողն է անձրևից իր ծարավն ագահությամբ հագեցնում, կարդում էր ու խաղաղվում: Եվ, ի վերջո, ասաց՝ այ սա արդեն ուրիշ բան, սա ինձ համար է գրված: Եվ ես երբ Երևան դարձա, Ռաֆայել Իշխանյանի թարգմանած Հովհաննեսի Ավետարանը, որ դասական ուղղագրությամբ չէր՝ մի փոքր ավելի խոշոր տառերով պատճենահանեցի, կազմեցի և ուղարկեցի եղբորս. և նա իր համար գրված Սուրբ Գիրքն այդպես գտավ՝ իր ընթերցմանը արդեն հասանելի ուղղագրությամբ: Վստահ եմ, որ Ռաֆայել Իշխանյանը, մարդ, որ լեզվի նշանավոր մասնագետ լինելով` Հայաստանում գուցե ամենալավը գիտեր դասական ուղղագրություն և դասական ուղղագրությունը սովորելու գրքույկ էլ էր գրել, ահա դիտմամբ, առաքյալների պատվերն իրականացնելու կենդանացնող ճանապարհով էր սովորական մեր ուղղագրությամբ հրատարակել Հովհաննեսի Ավետարանը, որպեսզի հասարակ ժողովրդական լայն զանգվածներն էլ ընթերցեն։ Այդպես՝ Աբովյանի նման լուսավորչական աշխատանք էր պրոֆեսորը կատարել:
Այսինքն, խնդրանքս այն է մեր եկեղեցուն, որ ոչ թե դասական լեզվի ուղղագրությամբ պարծենանք, որ քարոզելիս լիարժեք արդյունք չի տալիս, այլ պարծենանք առավել լայն զանգվածներին Աստծո խոսքը հասցնելու հաջողությամբ՝ Ռաֆայել իմ հոգևոր եղբոր օրինակով, և Աբովյանի առաքելական նախաշավիղով: Որովհետև տարիներ ի վեր այս մարդիկ Աստծո խոսքի մեջ խորանալով, կկարողանան արդեն դասական ուղղագրությամբ էլ լավ կարդալ՝ Սուրբ Հոգու շնորհաբաշխ օգնությամբ, որ հավատով ներգործում է հավատացող բոլոր ընթերցողներին:
Ասելիքս այն է, որ Սուրբ Ավետարանի տպաքանակի կեսը և հոգեշահ այլ գրքեր, մեր եկեղեցին պարտավորվի հրատարակել դասականով, իսկ մյուս կեսը՝ այսօրվա ուղղագրությամբ՝ դեռ դասականով չկարդացողների համար, որ ժողովրդի մեջ շուրջ 60-70% է կազմում:
Երբևէ լեզուն չպետք է կուռք դարձնել՝ նրա կարևոր նպատակը կիսարդյունավետ վիճակի մղելով կամ բանավոր դաշտը խարակ թողնելով: Իմ համեստ կարծիքով՝ նման վերաբերմունքը գեշ հանցանք է, թեկուզ և՝ ակամա հանցանք, և հանցանքն էլ գովեստ չէ, որ շարունակենք գործել: Իսկ որ եկեղեցին պիտի առողջ հանդիմանանքներ լսի և գործով ապաշխարի, այդ գիտենք Հովհաննեսի Հայտնության Գրքից: Այնպես որ՝ իմ խոսքը չափ ու սահմանների մեջ է, և ոչ ոքի չեմ վիրավորում, այլ ի բարին եմ քարոզում, ըստ Աստծո ինձ խրատող և առաջնորդող Ավետարանի և խոսելու համարձակեցնող Սուրբ Հոգու: Եվ ինքս էլ ծնունդ ու զավակ եմ մեր մայր առաքելական սուրբ եկեղեցու և տասնամյակներ ի վեր հոգևոր պարտքով նրա համար ջանացող:
Քաղցածին ինչ լեզվով էլ հաց տաս, առաջին և կարևոր նպատակդ հաց տալն է մնում ու այդ պահին լեզվի վեհ տեսակից ավելի կարևոր, որովհետև գուցե դրանով մարդու կյանքն ես փրկում, որ այնուհետև կարող է լավագույնս վեհ լեզուդ էլ սովորել: Ի վերջո, վերին ոլորտներում, երկնքի արքայության առավել կատարյալ շերտերում, այնտեղ, ուր Սերն է Թագավոր, միմյանց հետ խոսում-զրուցում են ըմբռնումներով և ոչ թե բառերով: Այսինքն, այդ շերտերում տարբեր լեզուները վերանում են, և մնում է մեկ լեզու, որ է գիտակցական-բանական աստվածային ըմբռնումը՝ բանավոր էլ Սիրո միջավայրում: Այս ասում եմ այն բանի համար, որ, ինչպես գիտենք, «վեհից առավել վեհը կա», նախ և առաջ մեզ սիրտ ու խղճմտանք ունեցող հայ և հովիվ լինելն է կարևոր, որ ամենքի համար հոգա: Գրիգոր Նարեկացին այս մասին ասում է. «Որքան ցածր աստիճանակարգում ենք, այնքան մեզ հարկավոր է շատ բառեր օգտագործել, որպեսզի հասկանալի լինենք, սակայն երկնային ոլորտներով որքան բարձրանում ենք, այնքան բառերը քչանում են, որովհետև ասելիքի ըմբռնումն է ավելանում: Իսկ առավել վերին ոլորտներում արդեն բառեր չեն գործածվում, որովհետև զրույցը կայանում է, կամ միմյանց ասելիքը լիարժեք հասկանում են ըմբռնումներով»:
Ասել է` սիրո լեզուն բառերից, լեզուներից վեր է, և մարդիկ քիչ են խոսում կամ չեն խոսում, բայց զրուցում-հարաբերվում, միմյանց լավագույնս հասկանում են ըմբռնումներով:
ՈՒստի և լեզուն մնում է միջոց՝ աշխարհում բարի նպատակի համար, որ ասելիքն է ճշմարտությամբ: Այդ նախ և առաջը երբ ընդունենք, ազգովին պիտի շահենք և աղանդներն էլ իրենց հերթին պիտի նույնչափով պակասեն՝ մեր մեջ լուսավորության արդար այդ ավելացումով: Եվ ապա, որքան ասելիքը կատարյալ լինի, մարդու լեզուն այնքան վեհ է ստացվում, որ իր ասելիքը բուն էությամբ արտահայտի և այդժամ, բնականաբար, Աստծո շնորհով մարդիկ կսկսեն կարդալ թե՛ դասականով, թե՛ գրաբարով:
Հովհաննեսի Ավետարանում Տեր Հիսուսի մասին կարդում ենք. «...Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որ աշխարհը Նրանով փրկվի»:
Թշվառության մեջ ընկած ժողովրդին ոչ թե պիտի մեղադրել, որ իր փրկության ճշմարտությունները գրաբարով կամ դասական ուղղագրությամբ չի հասկացել, չի հասկանում, չի ճանաչում կամ չի կարողանում կարդալ, այլ պիտի այդ ճշմարտությունները նրան հասկանալի լեզվով, հասկանալի գրով մատուցել, որ համազգային օգտակար մշակություն կայանա: Մանավանդ մեծ բաբելոնյան այս օրերին քաջ վարված կլիներ մեր եկեղեցին՝ Աբովյանի մեկնած մարդասիրության դեղատոմսով՝ նաև ոչ դասական ուղղագրությամբ, գրքեր հրատարակելով հարկավոր չափի:
Եվ անկարելի էլ էր հասարակ մի ողջ ժողովրդի գրաբար սովորեցնել կամ դասական ուղղագրությամբ կարդալ պահանջել, որով իր մատյանների գանձերին տեր կանգնի, նրանցով լուսավորվի (քանի որ մեր Մայր Աթոռի գրաբարից թարգմանություններն էլ միայն դասական ուղղագրությամբ են): Սակայն երբ, ըստ Աստծո առաքելության, նախը ասելիքն է, ճշմարտությունը, իսկ լեզուն միջոց` այդ ճշմարտությունն ասելու համար, ապա կարելի է խոսել, գրել ժողովրդին հասանելի ուղղագրությամբ էլ և այդպես ճշմարտությունը մատուցել անհամեմատ առավել մեծ թվով մարդկանց, նրանց կարևորը նկատի առնել տալ, որ Աբովյանից հետո հնարավոր եղավ, որ հայ մշակները թե՛ գրականությամբ, թե՛ Սուրբ գրքի ու հայոց մատյանների թարգմանությամբ անեն:
Այսինքն՝ Աբովյանն Աստծուց առաքելություն ուներ, որպես երկնքի Հորից ուղարկված հայ բժշկապետ, ում բացած ճանապարհով պիտի մատյանների գանձերը ևս մի օր հասանելի դառնային հասարակ ժողովրդին:
Այսինքն, ոչ թե վեհ, ոսկեղենիկ գրաբարն էր Աբովյանի կողմից մերժելի լեզու, այլ այստեղ իրականանում էր Պողոս առաքյալի աստվածային այն խոսքը, թե. «Իջա յուրաքանչյուրի մոտ, նրանց նման եղա, ընկերացա նրանց, որպեսզի նրանց մի օր բարձրացնեմ այն աստիճանին, որտեղ ես եմ»:
Այդպես միայն մեծ անհատականությունը կարող էր անել, մեծ աստվածապաշտն ու սուրբ հայրենասերը: Եվ Աստծո Որդի Հիսուսի դրած շավիղն իր ընտրյալների համար նույնն է, որովհետև մարդասիրության պատճառով է, որ Նա Երկնքից իջավ և մեզ նման մարդացավ, որ օգնի մեզ աստվածանալու:
Այսպես Աբովյանն իր հետևից եկող մշակներիս համար հսկայական բանավոր պատրաստվածության մի խոպան դաշտ բացեց` բանավոր մշակման կարիք ունեցող ժողովրդի դաշտը, որ մինչ այդ փակ, թշվառ, անհույս, բռնատիրված և անապատացման եզրին էր կամ մոլորության կորստի շեմին: Եվ Աբովյանի՝ լուսավորության առաքյալի գործը հարկ է այսօր շարունակել, առավել լիարժեք դարձնել, ինչպես արդեն ասացինք, դասական ուղղագրությամբ հրատարակված գրքերի կեսը հրատարակել մեր այսօրվա ուղղագրությամբ: Այդ թվաքանակով ավելի մեծ շերտի մարդկանց ևս հոգևոր սնունդ տալով: Սնունդ, որ թշվառ մարդն էլ կարողանա լավագույնս մարսել:
Այսինքն՝ հենց այնպես չէ, որ Աբովյանը նկատեց Հայաստանի վերքը, այլ Աստծո շնորհների օգնությամբ հենց ինքն էլ դարձավ առաջին բժիշկն այդ վերքի, հրավիրելով բարի մշակներիս, որ իր նման սրբության գործերով սիրենք մեր հայրենին: Եվ տա՛ Աստված, քաջալերվենք մեր մեծերով և ջանանք նրանց գործը լավագույնս շարունակել:
Նոյեմբերյան մի երեկո բանաստեղծ Սարգիս Կարեյանի հետ երկար քայլեցինք երևանյան փողոցներով. մեծերի մասին էինք զրուցում և մեծ մասամբ՝ Աբովյանի: Սարգիսն ափեափ լցված Աբովյանի մինչ հատակ իջնող, իր անձի զոհաբերմանը համարժեք հայրենասիրությամբ, հաճախ խոսքն ընդմիջում էր Աբովյանի միևնույն խոսք-կնիքով. «Եթե ճշմարիտ ապրենք, Աստված էլ մեզ կսիրի, մարդն էլ»: Հստա՛կ, համառո՛տ, որոշակի՛ և ամենքի՛ն հասկանալի իմաստության կնիք: Այլ բան չի մնում ավելացնելու, քան ասելը, թե՝ տա՛ Աստված, այդպես ապրենք: Եվ թե՝ թո՛ղ որ այդպես լինի: Ճշմարիտ ապրենք, որ և Աստվա՛ծ մեզ սիրի, և մա՛րդը:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ