ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱԿ Է, ԵՎ ՄԵՆՔ ՆՐԱ ԻՄԱՍՏՆ ԵՆՔ

ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱԿ Է, ԵՎ ՄԵՆՔ ՆՐԱ ԻՄԱՍՏՆ ԵՆՔ
08.07.2011 | 00:00

Ռոբերտ Փենն ՈՒՈՐԵՆ
(20-րդ դ. ամերիկացի գրող)


Ինձ թվում է, որ հները հոգով ավելի շատ բան էին ըմբռնում և շատ ավելին էին տեսնում, քան կարող են ըմբռնել մեր ժամանակակից ուղեղներն իրենց ամբողջ սրաթափանցությամբ (Ցիցերոն)։
Ելնելով Հերակլիտի խոսքից, թե «կրթությունը կրթվածների համար երկրորդ արևն է», առաջարկում եմ միասին հյուր գնալ 7 հույն հին իմաստուններին, քանզի, ցավոք, մեր այդ ժամանակվա իմաստուններից ոչինչ չի պահպանվել։
Սկսենք ամենահայտնի փիլիսոփա Թաղեսից (մ.թ.ա. 625-547)։ Ավանդությունը մեզ է հասցրել Թաղեսի հետևյալ ասույթները.
1. Բոլոր իրերից ավագն Աստվածն է, քանզի նա չի ծնվել։ 2. Ամենից գեղեցիկը տիեզերքն է, քանզի նա Աստծո ստեղծածն է։ 3. Ամենից մեծը տարածությունն է, քանզի նա ամփոփում է ամենը։ 4. Ամենից արագը միտքն է, քանզի նա վազում է առանց դադարի։ 5. Ամենից ուժեղն անհրաժեշտությունն է, քանզի նա հաղթում է բոլորին։ 6. Ամենից իմաստունը ժամանակն է, քանզի նա ի հայտ է բերում ամեն ինչ։
Ասում են, որ Թաղեսն ապրում էր մենակության մեջ և խուսափում էր պետական գործերից։ Երբ մայրը նրան ստիպում էր ամուսնանալ, նա պատասխանում էր. «Դեռ ժամանակը չէ», իսկ հետո, երբ ջահելությունն անցավ, նա պատասխանում էր մոր թախանձանքներին. «Արդեն ժամանակը չէ»։ Յոթ իմաստունների երգերից մեկը պատկանում է նրան.
Շատ խոսքերը բնավ չեն արտահայտում իմաստուն միտք։
Փնտրի՛ր միայն իմաստություն։
Ընտրի՛ր միայն բարին։
Դրանով դու կփակես շատախոսների բերանը։
Նա ասում էր, որ մահը ոչնչով չի տարբերվում կյանքից։ «ՈՒրեմն,- հարցրին նրան,- ինչո՞ւ չես մեռնում»։ «Հենց այն պատճառով, որ չկա ոչ մի տարբերություն»,- պատասխանեց նա։ Այն հարցին, թե ինչն է գոյացել ավելի առաջ` գիշերը, թե ցերեկը, նա պատասխանեց. «Գիշերը` մի օրով առաջ»։ Նրան հարցրին. «Կարո՞ղ է մարդն աստվածներից թաքուն կատարել անօրինություն»։ «Ոչ միայն կատարել, այլև մտադրվել էլ չի կարող»,- պատասխանեց նա։ Հարցին, թե ինչն է դժվար` «Ճանաչել ինքն իրեն»։ «Ի՞նչն է հեշտ»։ «Խորհուրդ տալ ուրիշին»։ «Ի՞նչն է ամենից քաղցր»։ «Հաջողությունը»։ «Ի՞նչն է աստվածությունը»։ «Այն, ինչը չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ»։ «Ի՞նչ չտեսնված բան է վիճակվել նրան տեսնելու»։ «Բռնակալին, որն ապրել է մինչև ծերություն»։ «Ինչպե՞ս կարելի է ամենից հեշտ տանել դժբախտությունը»։ «Երբ տեսնես, որ թշնամիներիդ վիճակն ավելի վատ է»։ «Ինչպե՞ս ապրել ամենալավ ու ամենաարդար ձևով»։ «Եթե ինքներս չանենք այն, ինչում մեղադրում ենք ուրիշներին»։ «Ո՞վ է երջանիկ»։ «Ով մարմնով առողջ է, անհատականությամբ` հարուստ, հոգով` բարեկիրթ»։
Եվս մի քանի ասույթ, որոնք բարբառել է միլեթցի փիլիսոփա Թաղեսը.
1. Որտեղ երաշխիք, այնտեղ փորձանք։ 2. Հիշիր ներկա և բացակայող բարեկամներիդ։ 3. ՈՒշադրություն մի՛ գրավիր քո արտաքինով, այլ եղի՛ր գեղեցիկ քո գործերով։ 4. Մի՛ հարստացիր անազնիվ ճանապարհով։ 5. Թող ասեկոսեները չխռովեցնեն քեզ նրանց հետ, ովքեր քո վստահությունն էին վայելում։ 6. Մի՛ ամաչիր ծնողներիդ շողոքորթելուց։ 7. Մի՛ ընդօրինակիր վատը հորիցդ։ 8. Ինչ ծառայություն մատուցեցիր ծնողներիդ, նույնպիսին էլ ծերությանդ մեջ սպասիր քո երեխաներից։ 9. «Ի՞նչն է ամենահաճելին»։ «Հասնել նրան, ինչը ցանկանում ես»։ 10. «Ի՞նչն է հոգնեցուցիչ»։ «Պարապությունը»։ 11. «Ի՞նչն է վնասակար»։ «Անժուժկալությունը»։ 12. «Ի՞նչն է անտանելի»։ «Անդաստիարակությունը»։ 13. Սովորեցրու և սովորիր լավագույնը։ 14. Մի՛ եղիր պարապ, նույնիսկ եթե հարուստ ես։ 15. Վատը թաքցրո՛ւ տանդ մեջ։ 16. Ավելի լավ է նախանձ առաջացնես, քան խղճահարություն։ 17. Պահպանի՛ր չափավորություն։ 18. Մի՛ հավատա բոլորին շարունակ։ 19. Իշխանության հասնելիս ղեկավարի՛ր ինքդ քեզ։
Երկրորդ իմաստունը լինդեցի Կղեոբուղոսն է.
1. Չափավորությունն ամենալավ բանն է։ 2. Հորը հարկավոր է հարգել։ 3. Եղիր առողջ և՛ մարմնով, և՛ հոգով։ 4. Սիրիր լսել, ոչ թե շատախոսել։ 5. Ավելի լավ է լինել ուսյալ, քան անգրագետ։ 6. Եղի՛ր լեզվից զուսպ։ 7. Առաքելությանը հարազատ, արատին` օտար։ 8. Ատի՛ր անարդարությունը, պահպանի՛ր բարեպաշտությունը։ 9. Համաքաղաքացիներին խորհուրդ տուր լավագույնը։ 10. Սանձահարի՛ր հաճույքը։ 11. Բռնությամբ ոչինչ մի՛ արա։ 12. Երեխաներին դաստիարակի՛ր։ 13. Հաջողությանն աղոթի՛ր։ 14. Խառնվածներին հաշտեցրո՛ւ։ 15. Ժողովրդի թշնամուն համարի՛ր ոսոխ։ 16. Կնոջդ հետ մի՛ կռվիր և մի՛ հաճոյախոսիր նրան օտարների ներկայությամբ. առաջինը հիմարության նշան է, երկրորդը` անխոհեմության։ 17. Կին վերցրու քեզ հավասար ընտանիքից, քանզի, եթե վերցնես ազնվական տոհմից, ապա ձեռք կբերես ոչ թե բարեկամներ, այլ աղաներ։ 18. Մի՛ ծիծաղիր սրամիտ մարդու ծաղրանքների վրա, թե չէ ատելի կդառնաս նրանց համար, ում դեմ դրանք ուղղված են։ 19. Մի՛ գոռոզացիր ունևորությունից, իսկ չքավորության մեջ մի՛ նվաստացիր։
Երրորդ իմաստունն է աթենացի Սոլոնը.
1. Ոչ մի բան` չափից ավելի։ 2. Մի՛ դատիր ուրիշին, որ նա չդառնա քո թշնամին։ 3. Խուսափիր այն հաճույքից, որը հղի է տառապանքով։ 4. Բնավորությանդ բարեկանոնությունը պահպանի՛ր ուխտի պես։ 5. Մի՛ ստիր, այլ ասա՛ ճշմարտությունը։ 6. Հոգա՛ ազնվության մասին։ 7. Ծնողները միշտ իրավացի են։ 8. Մի՛ շտապիր ընկերներ ձեռք բերելիս, իսկ ձեռք բերածներին մի՛ շտապիր վանել քեզնից։ 9. Սովորելով ենթարկվել` կսովորես ղեկավարել։ 10. Պահանջելով, որ պատասխանատվություն կրեն ուրիշները, կրիր այն և ինքդ։ 11. Համաքաղաքացիներին խորհուրդ տուր ոչ թե ամենահաճելին, այլ ամենաօգտակարը։ 12. Մի՛ եղիր հանդուգն։ 13. Կապ մի՛ ունեցիր վատ մարդկանց հետ։ 14. Պաշտի՛ր աստվածներին։ 15. Հարգի՛ր ընկերներիդ։ 16. Ինչ չես տեսել, մի՛ խոսիր։ 17. Գիտես, ուրեմն, լռի՛ր։ 18. Յուրայիններիդ հետ եղի՛ր հեզահամբույր։
Չորրորդ իմաստունը լակեդեմոնցի Հիլոնն է.
1. Ճանաչի՛ր ինքդ քեզ։ 2. Գինի խմելիս մի՛ շատախոսիր` կվրիպես։ 3. Բարեկամներիդ ճաշկերույթներին գնա դանդաղ, դժբախտության պահին` արագ։ 4. Հարսանիք կազմակերպիր էժանագին։ 5. Հանգուցյալին մեծարի՛ր։ 6. Մեծին հարգի՛ր։ 7. Ատի՛ր նրան, ով քիթը խոթում է ուրիշների գործերի մեջ։ 8. Վնաս կրելը գերադասի՛ր ամոթալի շահույթից. առաջինը կդառնացնի մեկ անգամ, երկրորդը կվշտացնի միշտ։ 9. Փորձանքի մեջ ընկածի վրա մի՛ ծիծաղիր։ 10. Եթե խիստ բնավորություն ունես` հանգստություն դրսևորիր, որպեսզի քեզ ավելի շուտ հարգեն, քան վախենան։ 11. Եղի՛ր պաշտպան սեփական ընտանիքիդ։ 12. Թող քո լեզուն առաջ չանցնի քո խելքից։ 13. Սանձահարի՛ր զայրույթդ։ 14. Մի՛ ցանկացիր անհնարինը։ 15. Ճանապարհին մի՛ շտապիր։ 16. Մի թափահարիր ձեռքերդ, քանզի դա անխոհեմությունից է։ 17. Ենթարկվի՛ր օրենքներին։ 18. Եթե քեզ վնաս են պատճառել, հաշտվի՛ր, եթե վիրավորել են, վրե՛ժ լուծիր։
Հինգերորդ իմաստունը լեսբոսցի Պիտտակոսն է.
1. Չափդ ճանաչի՛ր։ 2. Այն բանի մասին, ինչը մտադիր ես անելու, մի՛ պատմիր. չհաջողվի` ծաղրի կենթարկեն։ 3. Ապավինի՛ր ընկերներիդ։ 4. Ինչը քեզ զայրացնում է մերձավորիդ մեջ, մի՛ արա ինքդ։ 5. Քեզ վստահված գրավականը վերադարձրու։ 6. Եթե մերձավորներդ քեզ փոքրիկ վնաս են հասցրել, համբերի՛ր։ 7. Ընկերոջդ մի՛ վատաբանիր և թշնամուն մի՛ գովաբանիր. անհաշվենկատ է դա։ 8. Ի՞նչն է սարսափելի իմանալ` ապագան, ինչն է անվտանգ` անցյալը։ 9. Ի՞նչն է հուսալի` երկիրը, ի՞նչն է անվստահելի` ծովը։ 10. Ի՞նչն է անկուշտ` շահամոլությունը։ 11. Փայփայի՛ր բարեպաշտությունը, դաստիարակությունը, ինքնատիրապետումը, բանականությունը, ճշմարտախոսությունը, հավատարմությունը, փորձառությունը, հմտությունը, ընկերությունը, ջանասիրությունը, տնտեսավարությունը, վարպետությունը։
Վեցերորդ իմաստունը պրիենցի Բիանթոսն է.
1. Մարդկանց մեծամասնությունը վատն է։ 2. Նայիր քեզ հայելու մեջ, ու եթե գեղեցիկ ես, գեղեցիկ կերպով վարվի՛ր, իսկ եթե տգեղ ես, ապա բնական անկատարությունդ ուղղիր օրինավոր մարդ լինելով։ 3. Գործը սկսիր առանց շտապելու, իսկ սկսածը հասցրու ավարտին։ 4. Մի՛ շատախոսիր` կվրիպես, կափսոսաս։ 5. Մի՛ եղիր ոչ հիմար, ոչ չար։ 6. Հավանություն մի տուր խելացնորությանը։ 7. Սիրի՛ր խոհեմությունը։ 8. Աստվածների մասին ասա՛, որ նրանք գոյություն ունեն։ 9. Հասկացի՛ր` ինչ ես անում։ 10. Լսի՛ր ավելի շատ։ 11. Խոսիր տեղին։ 12. Անարժան մարդուն հարստության համար մի՛ գովաբանիր։ 13. Հաղթի՛ր համոզելով, այլ ոչ թե բռնությամբ։ 14. Յուրաքանչյուր հաջողության պատճառը համարիր աստվածներին, ոչ թե քեզ։ 15. Ջահել ժամանակ ձեռք բեր բարօրություն, ծերության մեջ` իմաստություն։ 16. Գործով ձեռք կբերես հիշողություն քո մասին, պատշաճ չափավորությամբ` զգուշություն, բնավորությամբ` ազնվություն, աշխատանքով` համբերություն, երկյուղով` բարեպաշտություն, որոշումով` արդարություն, խիզախումով` արիություն, արարքով` իշխանություն, փառքով` տիրապետություն։
Եվ յոթերորդը կորնթացի Փերիանդրեսն է.
1. Ջանասիրությունն ամեն ինչ է։ 2. Ի՞նչն է հիանալին` հանգստությունը։ 3. Ի՞նչն է վտանգավոր` թեթևամտությունը։ 4. Անազնիվ վաստակը մերկացնում է անազնիվ մարդուն։ 5. Ժողովրդավարությունը բռնակալությունից լավ է։ 6. Հաճույքները մահկանացու են, առաքինությունները` անմահ։ 7. Հաջողության մեջ եղի՛ր համեստ, փորձանքի մեջ` խոհեմ։ 8. Ավելի լավ է մեռնել ժլատության մեջ, քան ապրել կարիք զգալով։ 9. Եղի՛ր արժանի սեփական ծնողներիդ։ 10. Կենդանության ժամանակ եղի՛ր գովաբանված, իսկ մահից հետո` օրհնված։ 11. Ընկերներիդ հետ եղիր միշտ նույնը և՛ հաջողության, և՛ փորձանքի մեջ։ 12. Խոսք տվեցիր` պահի՛ր, խախտելը ստորություն է։ 13. Գաղտնիքները մի՛ հրապարակիր։ 14. Կշտամբիր այնպես, որ շուտով դառնաս բարեկամ։ 15. Սիրի՛ր օրենքները` հին, իսկ ուտելիքը` թարմ։ 16. Անհաջողություններդ թաքցրու, որ չուրախացնես թշնամիներիդ։

Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ