ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՄԵՂՔԸ ՀՈԳՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ Է, և ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՄԵՂՔՆ Է

ՄԵՂՔԸ ՀՈԳՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ Է, և ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՄԵՂՔՆ Է
15.04.2011 | 00:00

Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունեն մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստատ ասել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի, և թե՛ մեթոդի տեսակետից: Երկուսի վրա գցված բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը: Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է:
Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը` հոգեկան կյանքի մեխանիզմի: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ, խոցը, շաքարախտը և այլն: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է: Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են` մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար: ՈՒտելու կենսական գործողության հետ կապված` ախորժակը մարդուն պարտադրում է ուտել` մարմինն առողջ և կենսունակ պահելու համար: Սերնդագործելու կենսական գործողության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացնել երկրի վրա: Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, փոխանակ մեր կամքի և բանականության կողմից կառավարվելու, դառնում է ցանկությունների խաղալիք:
Որկրամոլությունը, որն ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլև կյանքի այլասերման պատճառ: Հեշտախտը և այլ սեռային ստահակություններ, որոնք սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործունեություններն են, հայտնի է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում:
Զգացական այս ուժերն առանց պահեցողության իրենց բնական չափի և սահմանի մեջ պահելը դժվար է: ՈՒստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների անչափավորության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. 5.17):
Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք: Ապաշխարանքի էությունը մեղքի պատճառով զգացած ցավը, զղջումը և մտահոգությունն է` այն պարզ պատճառով, որ մեղքն անհատի և ընկերության մեծագույն չարիքն է և մեզ Աստծուց բաժանող միակ պատճառը, աստվածային ու մարդկային մի շարք թանկագին շնորհներից և ուժերից մեզ պարպող միակ ազդակը: Արդ, մեղքի պատճառով զգացած ներքին ցավի արտաքին արտահայտություններից գլխավորը պահեցողությունն է, որը մեղավորին պատժի ենթարկելու և մեղքի ավերների առաջն առնելու արարք է:
Որոշ հիվանդություններ մահացու են, այսինքն` եթե իրենց սկզբնական շրջանում չդարմանվեն, վաղահաս մահվան պատճառ կլինեն. օրինակ` քաղցկեղը, թոքախտը, սրտի և այլ կենսական օրգանների հետ կապված տկարությունները: «Մահացու» կոչված մեղքեր էլ կան, օրինակ, ամբարտավանությունը, չար նախանձը, ջղագար բարկությունը, անսահման ագահությունը և սրանց տարատեսակները:
Սրանք մահացու են, որովհետև մարդու մեջ մեռցնում են բարոյական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը և, ի վերջո, այլասերում մարդու նկարագիրն ու պատկերը: Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է, բառի իսկական իմաստով, մարդ լինելուց:
Արդարև, այս երկոտանի, ուղղաբերձ «մերկ կապիկը» մարդ դարձնողը, այսինքն` կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանողը, ոչ այնքան նրա ֆիզիկական տարբերությունն է, որքան բարոյական գիտակցությունը, խիղճը, Աստծուն ճանաչելու և Նրան դիմելու կարողությունը:
Այս և մարդկային ուրիշ ազնիվ հատկություններ էլ վերոհիշյալ մահացու մեղքերից կտուժեն, կայլասերվեն, մինչև իսկ իսպառ կփչանան, եթե դրանց առաջը չառնվի: Եվ պահքը մեծապես նպաստում է այլասերիչ այս հակումների առաջն առնելուն, ինչպես նաև մարդուն հատուկ վերոհիշյալ կարողությունները պահպանելուն:
Պետք է անդրադառնալ նաև, որ ֆիզիկական հիվանդությունների պարագայում սնուցակարգը կամ դիետան չէ, որ ախտերը բուժում է: Բուժողը մարմնի բնական ուժն է, արյունը, ավիշը և նրանցում պարունակվող կենսական տարրերը: Բժշկի հանձնարարած պահեցողությունը կամ դեղը միայն դյուրացնում են մարմնի այդ ժերի գործը` արգելք հանդիսանալով, որ հիվանդությունն ավելի չխորանա: Նույնը կրոնական պահեցողության պարագայում է: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը:
Սակայն պահեցողությունը կարևոր մի օժանդակություն է քավչարար այս գործունեության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, այն հիմնական պայմաններն են ստեղծում, որտեղ Աստծո քավիչ զորությունն է գործում: Ս. Օգոստինոս Ափրիկեցին ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»:
Արդարև, անկեղծ և առողջ պահեցողության մեջ քրիստոնյան կարող է գտնել ազդու միջոցներից մեկը` վերատիրանալու այն բարոյական կորուստներին, որոնց ենթարկվել է չափազանց արձակ ապրելակերպով: Վերաշահում է այն շնորհները, որոնցից զրկված էր իր մեղքերի պատճառով: Գրվածքիս կրոնական պահեցողությունն ունի նաև անուղղակի բարիքներ, որոնք ոմանք տգիտաբար նկատում են որպես պահքի նպատակ: Ցորենի հետ անպատճառ նաև հարդ է արտադրվում, որը դեն նետվելիք բան չէ, այլ անասուններին իբրև կեր է ծառայում: Բայց ոչ ոք ցորեն չի մշակում հարդ ստանալու համար: Ծիրանի հետ կա նաև նրա կորիզը, որը նույնպես անպետք բան չէ, սակայն ոչ ոք ծիրանի ծառ չի տնկում կորիզի համար: Պահքի անուղղակի բարիքներից են, օրինակ, ֆիզիկական օգտակարությունը` հատկապես մեր ժամանակներում, երբ մարդիկ պետք եղածից ավելի են ուտում, և մարմինն իրեն անհրաժեշտ եղածից ավելի է նյութեր ստանում, որոնք ճարպի ձևով զետեղում է իր զանազան մասերում` իզուր ծանրացնելով իրեն և դժվարացնելով սրտի աշխատանքը: Ձևականին հակադրված իսկական պահեցողությունը նպաստում է մարմնի ճարպերը հալեցնելուն և սրտի աշխատանքը թեթևացնելուն: Սակայն երբ պահեցողությունը նիհարելու և առողջությունը վերագտնելու նպատակով է արվում, որքան էլ օգտակար լինի, դադարում է կրոնական արժեք ունենալուց:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ