Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ՊԱՀՔԸ Ո՛Չ ՄԻԱՅՆ ՈՒՏԵԼ-ՉՈՒՏԵԼՈՒ ՄՐՑԱՍՊԱՐԵԶ Է, ԱՅԼԵՎ ՍՐՏԻ ԵՎ ՀՈԳՈՒ ԱԽՏԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ ՍՐԲԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԿԵՆԱՐԱՐ ՄԻՋՈՑ

ՊԱՀՔԸ Ո՛Չ ՄԻԱՅՆ ՈՒՏԵԼ-ՉՈՒՏԵԼՈՒ ՄՐՑԱՍՊԱՐԵԶ Է, ԱՅԼԵՎ ՍՐՏԻ ԵՎ ՀՈԳՈՒ ԱԽՏԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ ՍՐԲԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԿԵՆԱՐԱՐ ՄԻՋՈՑ
17.02.2012 | 00:00

Բարեկենդանը քրիստոնեական ժամանակների ամենաուրախ տոներից է, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական մեծ պահքին, բայց մինչ սկսելն այդ օրն իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով սնվել։
Մարդ արարածն իր կյանքի բոլոր օրերին հիմնականում մտահոգված է մարմնավոր կարիքները հոգալով. ուտել, խմել, հագնել, տարբեր հաճույքներ, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են անչափավորությամբ, երբեմն էլ մոլությամբ։ Այդ պատճառով էլ կերակուրներին չափազանցորեն տրված մարդուն ասում են որկրամոլ, երբ իր որկորը, այսինքն` որովայնի պարունակության ապահովումը դարձրել է նպատակ և ոչ թե լոկ ապրելու միջոց։ Այդ առիթով Պողոս առաքյալն ասում է. «Ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ հոգու. արդարև նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն. քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծո օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. 8.5-5)։
ՈՒրեմն, մարմնավոր խորհուրդներին տրվելով, մենք չենք կարող հաճելի լինել մեր Աստծուն, և նույնիսկ ավելին, դրանց տրվելով մինչև դժոխք կարող ենք իջնել, այդ պատճառով էլ անչափավոր ցանկություններին ամեն գնով հակառակվել է պետք, ինչն էլ հենց եկեղեցական պահքի բուն նպատակն է։ Ընդհանրապես եկեղեցական պահքի վերջնանպատակը մարմինը զրկելով` մեր հոգու զորացումն է։ Եվ քրիստոնեական կյանքի հաղթական ավարտի և հոգու հավիտենական փրկության հասնելու համար ամենակարևոր ժամանակաշրջանը քառասունօրյա զատկական պահքի օրերն են։ Այն այս տարի սկսվելու է փետրվարի 19-ին ու ավարտվելու ապրիլի 8-ին՝ սուրբ Հարության Զատկի տոնին։
Որպեսզի մեր պահեցողության ջանքերն ընդամենը սովաբուժության դիետայի չվերածվեն, անհրաժեշտ է որոշ նրբություններ իմանալ ճշմարիտ պահեցողության մասին, որը քրիստոնյա մարդու ապաշխարության ամենակարևոր զենքերից մեկն է։ ՈՒ որպեսզի պարզենք` արդյոք ճի՞շտ ենք ընթանում, օգտվենք հոգու ամենաճշգրիտ «կողմնացույցից»` Աստծո խոսքից, և այդ խոսքով ճշմարիտ պահքով սրբության հաղթանակի հասած սուրբ հայրերի խորհուրդներից։
Պահքի խորհուրդը սկսվել է դեռևս դրախտից, երբ Աստված ասաց. «Բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդոց Բ. 17): Խախտելով այդ միակ պատվիրանը, Ադամն ու Եվան վտարվեցին այնտեղից: Բայց քանի դեռ Արարչի կողմից, Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկային սերունդը երկնային դրախտ վերադառնալու խոստումն ունի, այդ պատճառով անհրաժեշտ է նորից պահեցողություն, բայց այս անգամ զղջումով և ապաշխարությամբ ու մեղքի դեմ պատերազմելով: Մեզ համար պահեցողության օրինակ ցույց տվեցին աստվածաշնչային բոլոր ընտիր ծառաները, սկսած Մովսեսից, Դավիթ թագավորից, այնուհետև մնացած մարգարեները: Նաև պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը՝ Արտաշես թագավորի օրոք: Եվ վերջապես բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը հանդիսացավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որն իր Ավետարանի քարոզությունները սկսելուց առաջ քառասուն օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Այդ է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին տարվա օրերից 158-ը հայտարարում է պահեցողությանը նվիրված, որոնցից, ասացինք, ամենակարևորը զատկական պահքն է, որպեսզի ամեն մի քրիստոնյա պահքով ու ապաշխարությամբ քննի իր անձը և ուղղի իր հավատքի ընթացքը հոգու փրկության շավիղներով:
Այժմ կարդանք ճշմարիտ պահքի վերաբերյալ սուրբ հայրերի խրատները, որոնք ճշմարիտ պահեցողությամբ հաղթող դուրս եկան չարի պատերազմից.
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ. «Միամտությամբ հնազանդվենք Աստծո բարերար կամքին և արգելենք չար կամքի բոլոր հորդորները, մտքերի զգայությունների չար ու դառը շարժումները, որը պահքի լրումն ու կատարումն է և հասցնում է Կյանքի դռներին»:
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԵՑԻ. «Զգուշացիր պահքը գնահատելուց լոկ պարզ ժուժկալությամբ: Նրանք, որ իրենց զսպում են ուտեստեղենից, բայց անկարգ են պահում, նմանվում են սատանային, որը չնայած ոչինչ չի ուտում, բայց չի դադարում մեղք գործելուց»:
Հայր ՊԻՄԵՆ. «Մեղքի պատճառով առաջացած արցունքները գործնական միջոցներ են հանգցնելու այն կրակները, որ պատրաստված են մեղքերի համար: Հնարավոր չէ կամ այստեղ կամավոր չլացել կամ դժոխքի կրակներում` ինքնակամ»:
«Ժուժկալությունը առողջության մայրն է, իսկ զեխությունը՝ տկարության»:
«Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում է միտքը, չափի ու հակակշռի տակ պահում կրքերը, ցրում ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում ժուժկալություն և վաճառում ճշմարտության լույսը»:
ԱՆՏՈՆ ՄԵԾ. «Ոմանք չափազանց պահանջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որոնք դուրս են գալիս իրենց շրթունքներից»:
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ. «Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլև մեղքերի խափանումը»:
Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրահանգմանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար»:
«Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:
Հակառակության և կռիվների մեջ եք պահում և արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը:- Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր անիրավ մուրհակները:
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:
Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:
Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի:
Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, որից ջուրը չի պակասի» (Հմմտ. Եսայի 58. 3-11)։
Սուրբ գրքից մեջբերած հատվածներից ու եկեղեցու հայրերի խրատներից կարող ենք եզրակացնել. պահքը ո՛չ միայն ուտել-չուտելու մրցասպարեզ է, այլև սրտի և հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ սրբագործվելու կենարար միջոց։
Տերը թող բոլորիս օգնի պահեցողության առաջիկա օրերին, մինչև Զատկի օրը, ճշմարիտ պահքով հաղորդ լինելու Հիսուս Քրիստոսի հաղթական հարությանը։ Ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ