Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ և ՅԱՅՏՆԵՑԱՎ, ՕՐՀՆՅԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ և ՅԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ և ՅԱՅՏՆԵՑԱՎ, ՕՐՀՆՅԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ և ՅԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
23.12.2011 | 00:00

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՄՈԳԵՐԸ
Մարդկությունը տարբեր ծնունդներ է նշում, բայց այս Մեկինը` Բեթղեհեմի Մանուկինը, աշխարհի մեծամասնությունն է տոնում, որովհետև Բարձրյալ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծնունդն է այն՝ միակը բոլորից, Ով Կույսից ծնվեց, ՈՒմ մասին մարգարեացել էր դեռ Նրա ծննդից 700 տարի առաջ Եսայի մարգարեն, ասելով. «Ահա կույսը պիտի հղիանա, և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
Այս մասին շատերս ենք կարդացել Աստվածաշնչում, բայց հայորդիներից քչերն են տեղյակ, որ հայ ազգն ամենասերտ կապն ունի Հիսուսի ծննդյան ժամանակների հետ:
Ինչպես գիտենք, պատմական Հայաստանը նախկինում մերձ էր Հրեաստանին, մանավանդ Աբգար թագավորի ժամանակ: Այս երանելի այրի՝ Աբգարի թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Եվ, ըստ Վարդան Արևելցու, նա առաջիններից մեկն է իմանում այդ մասին, քանի որ նրա օրոք 12000 հեծյալներով Հայաստանով Հրեաստան են անցնում ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը: Բայց լսելով, որ Պաղեստինում սով է, զորքը թողեցին Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնացին՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, և, ըստ Ավետարանի, Բեթղեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին:
Այդ բերված ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին, քանզի ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես թագավորների Թագավորի։ Կնդրուկը խնկի ամենաանուշահոտ տեսակն է, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես երկնային քահանայապետի, և վերջապես զմուռսը, անուշահոտ մի նյութ, որով պատում են մահացածների մարմինը, ինչն արդեն խորհրդանշում է Հիսուսի մահը։
Ավետարանը նաև ասում է, որ մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց հետո մեկ այլ ճանապարհով գնացին իրենց երկրները։ Իսկ հայոց ավանդությունն ասում է, որ նրանք վերադարձին նորից Հայաստան եկան և որտեղից հետ գնալիս անցան մեր պատմական մի գավառով, որը հետագայում անվանեցին Մոկս, Մոգս կամ Մոկաց (հիշո՞ւմ եք «Մոկաց Միրզա» համանուն երգը)։ Իսկ Մոկաց անունը մնացել է նույն «մոգ» բառից, որովհետև մոգերից մեկը՝ Գասպարը, հիվանդանում է, մահանում և թաղվում այնտեղ։ Հետագայում նրա գերեզմանի վրա Ամենափրկիչ անունով մի եկեղեցի են կառուցում։ Իսկ Ամենափրկիչը հենց Ինքը՝ Հիսուս Տերն է, Որին երկրպագելու էին գնացել երեք մոգերը։ Ըստ հայոց ավանդության` այդ անունն են դրել եկեղեցու վրա, երբ Թամերլանը (Լենկ Թեմուրը), հրի-սրի մատնելով երկրները, մտնում է հայոց Մոկաց գավառը և հասնում է Ահին գյուղ, նրա առաջ է դուրս գալիս տեղի քահանան ու խնդրում, որ խնայի իր եկեղեցին ու չավերի մյուսների նման։ Լենկ Թեմուրը համաձայնում է, բայց մի պայմանով, որ քահանան կերակրի իր զորքին ու գերիներին։ Քահանան համաձայնում է։ Նա դաշտում տարածված զորքի մոտ է գնում, հետը վերցնելով մի եփած ոչխար ու մի զամբյուղ հաց։ Լենկ Թեմուրն արհամարհանքով ասում է, որ դա իր մի քանի զինվորներին չի հերիքի, ինչ մնաց ամբողջ զորքին։ Բայց քահանան հավատով դիմում է Աստծուն՝ այն նույն Աստծուն, որ Հրեաստանում հինգ հազարից ավելի մարդկանց կերակրեց մի քանի ձկով ու հացով։ ՈՒ աղոթքից հետո Լենկ Թեմուրի ապշած հայացքի տակ բազմանում են հացն ու միսը այնքան, որ ամբողջ զորքն ու գերիները կշտանում են ուտելով։ Այդ հրաշքից ազդված Լենկ Թեմուրը թույլ է տալիս քահանային այնքան գերի վերցնել, ինչքան կտեղավորի իր եկեղեցին։ ՈՒ անհաշիվ գերիները, որոնք Երուսաղեմից մինչև Թիֆլիս, Թիֆլիսից մինչև Մոկաց գավառ գերեվարվել էին, մտնում ու տեղավորվում են այդ փոքրիկ եկեղեցում, ու դեռ ութ մարդու տեղ է մնում։ Վերջին ութ հոգուն, որոնք ծառայում էին Լենկ Թեմուրին, նրանց էլ է տալիս, ու երբ նրանք մտնում են եկեղեցի, հրաշքով եկեղեցին մի քարաժայռի է վերածվում. ոչ մուտք, ոչ ելք չնշմարելով։ Ապշած այդ հերթական հրաշքից` Լենկ Թեմուրը հավաքում է իր ողջ զորքը ու շտապով հեռանում է այդտեղից։ Դրանից հետո, երբ լսում են երկրից Լենկ Թեմուրի հեռանալու մասին, քահանան նորից է աղոթում, և քարաժայռը վերածվում է նախկին եկեղեցուն, որտեղից դուրս են գալիս բոլոր գերիները և Աստծուն փառաբանելով ու հայոց հավատը գովաբանելով` իրենց երկրներն են վերադառնում։ Դրանից հետո այդ եկեղեցին անվանում են Ամենափրկիչ։
Մոկաց գավառում Վարդանանց պատերազմից հետո առանձնացել է Եղիշե պատմիչը ու այնտեղ գրել իր «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» գիրքը։ Մնում է ավելացնել, որ Մոկաց գավառը գտնվում է Վանա լճի հարավային ափին, Ռշտունյաց գավառի մոտ։ Իսկ այս վերջին ավանդապատումները քաղվեցին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու Մոկաց գավառի մասին աշխատությունից, քանի որ այդ մեծ գիտնականն ու հայրենասերը հատուկ գործուղման էր գնացել այդ ավանդաշատ վայրն ու գրի առել հայ ժողովրդի ծոցում պահված բազմաթիվ մարգարիտ պատմություններ, որոնցից երկուսի մասին արդեն կարդացիք։
Բեթղեհեմ եբրայերենից թարգմանվում է՝ Հացի տուն, մեր խոսքով ասած` Հացատուն, քանի որ երկնքից այստեղ իջավ և ծնվեց մեր հոգիներին կենդանություն տվող ՀԱՑԸ, ինչպես Ինքը՝ Տերն ասաց. «Ես եմ կենդանի Հացը, որ երկնքից է իջած. թե մեկը այս հացից ուտի, հավիտյան կապրի» (Ավետարան ըստ Հովհաննեսի 6.50):
Նա էր այն անարատ Գառը, Որին աշխարհի մեղքերի պատճառով Հայր Աստված պիտի «մատաղ» աներ մարդկության անհաշիվ մեղքերի համար:
ՈՒ կարծում եմ, որ հիմա շատերը կփափագեն ականատեսի աչքերով իմանալ, թե ինչպես են ընթանում այնտեղի տոնական արարողություննները:
Բնական է, որ Հիսուսի ծննդյան այդ հոբելյանական տարում առավել ճոխ կատարվեր այն, բայց մնացած տարիները նույնպես մեծ շքահանդեսներով էին ուղեկցվում, քանի որ միլիոնավոր քրիստոնյաներ էին այցելում այս սրբավայրը: Նախ սա էլ իմանանք, որ Հիսուսի ծնունդը տարբեր ազգեր տարբեր օրեր են նշում, քանի որ դեռևս միասնականություն չկա այս հարցում: Աշխարհի քրիստոնեական մեծամասնությունն այն տոնում է դեկտեմբերի 25-ին, իսկ մենք՝ հայերս, նախնի եկեղեցու սովորության համաձայն, հունվարի 6-ին, բայց քանի որ կա հին և նոր տոմարների հարցը, այդ պատճառով Երուսաղեմի մեր միաբանությունն այն տոնում է 13 օր հետո, այսինքն` հունվարի 18-ի գիշերը: Ահա այդ օրը մեր սուրբ Հակոբյանց մայրավանքից ուխտավորների մի հոծ բազմություն, թմբուկների ու ծնծղաների հնչեղաձայն ուղեկցությամբ, որը տեղի հայ սկաուտական խմբերն են ապահովում, ուղևորվում է Բեթղեհեմ: ՈՒ դեռ քաղաքի կենտրոնական հրապարակ չհասած, այդ տոնական բազմությունը շքահանդեսով ու քայլերգերով ուղղվում է դեպի Սուրբ ծննդավայրը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, մի հրապարակում, որի չորս կողմերում վեր են խոյանում բազմաթիվ խաչերի ու կիսալուսինների աշտարակներ: Մի զարմացեք, կիսալուսինների ևս, որովհետև Բեթղեհեմը գտնվում է պաղեստինյան իշխանության ներքո: Եվ այդ բոլորի մեջ առանձնապես տեսանելի է հայկական ոճի գմբեթը, իր մեծ ու սքանչելի խաչով, քանզի անմիջապես հրապարակին կից հայոց ընդարձակ վանքն է գտնվում:
Այդ օրհնյալ գիշերն այնտեղ կատարվում է երկու պատարագ. առաջինը` Հիսուսի Ծննդյան, երկրորդը` Հայտնության. երբ խաչը ջուրն են իջեցնում, այսինքն` Հիսուսի մկրտության առթիվ, այդ պատճառով եթե ուշադրություն եք դարձրել, ապա այս տոնը եկեղեցական օրացույցում այդպես էլ գրվում է. «Սբ. Ծնունդ և Աստվածհայտնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի»:
Սուրբ ծննդավայրում միայն երեք ազգ իրավունք ունի տոնական արարողություններ կատարելու՝ հույները, լատինները և հայերը, այն էլ` ամեն օր: Մնացած զորավոր կարծվածները միայն ունկնդիրների դերում են: Բայց ինչպես Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում է լարված փոխհարաբերությունների մեջ հայ և հույն հոգևորականությունը, նույնն էլ այստեղ է շարունակվում, որովհետև իրար չսիրող «քրիստոնյա եղբայր»-ների համար Սուրբ ծննդյան այրում «նեղվածք» է։ Ինչպես տեսաք, և՛ «քրիստոնյա», և՛ «եղբայր» բառերը գրեցի չակերտների մեջ, որովհետև իսկապես չակերտավոր են երկուսն էլ, այսինքն` արտաքինից միայն, որովհետև այստեղ դարեր անընդմեջ քրիստոնյա «եղբայրներն» իրենց տարածքների հաշիվներն են պարզել ու դեռ չեն վերջացրել։ ՈՒ չեն էլ վերջացնի, քանի դեռ չի վերադարձել տարածքի Տերը՝ Հիսուս Քրիստոսը, Ով խոստացել է մեկ հոտ և մեկ հովիվ դարձնել Իր եկեղեցին։
Այդ սուրբ վայրում՝ անմիջապես Հիսուսի ծննդյան տեղի խորանում բազմաթիվ կանթեղներ են վառվում, ինչը լո՜ւռ և լուսավոր աղոթք է: Դրանց մեջ նաև հայոց պատկանելության պայծառ ջահերն են, մանավանդ հենց Տիրոջ ծննդավայրի վրայի արծաթյա աստղի կողքին վառվողները, որոնք օր ու գիշեր կարծես աղոթում են մեր ազգի համար, որովհետև հիմա մենք, ափսո՜ս, ավելի քիչ ենք աղոթում, քան մեր իմաստուն նախնիները, որոնք մեր ազգն ապրեցրին իրենց կենդանի հավատքով:
Այդ Սուրբ գիշերը, երբ աշխարհի Փրկիչը ծնվեց, պատարագիչը, որ սովորաբար Երուսաղեմի հայոց պատրիարքն է լինում, Տիրոջ անունով և սուրբ Խաչով օրհնում է հեռավոր Հայաստանի ժողովրդին, որ խաղաղ ու բարի օրերի արժանանա, ասելով.
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ,
և լսվում է պատասխանը.
ՕՐՀՆԵԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՅԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ