ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
15.07.2011 | 00:00

Սուրբ գիրքը վկայում է, որ «արդար մեկ մարդ իսկ չկա, քանի որ բոլորը մեղանչեցին, և ամենքի փրկությունը իրենց տարաբնույթ մեղքերից ազատողը միայն Հիսուս Քրիստոսն է»: Ահա այս է պատճառը, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք անխաթար պահել ու միմյանց մաքրությամբ մատուցել Քրիստոսի Վարդապետությունը, քանի որ այն ամենքիս համար էլ միակ հենարանն է փրկության: Այժմ, ինքնե՛րդ դատեցեք, չէ՞ որ մեզնից որևէ մեկը, եթե Տիրոջ վարդապետությունը շեղ մատուցի, էլ ինչ կմնա փրկության համար եղած ճշմարտությունից, բնականաբար, թե՛ մենք կաղավաղվենք, թե՛ կաղավաղենք այլոց, որով նրանց փրկության դեմ մահացու հանցանք գործած պիտի լինեինք և Արդարության Դատավորի՝ Աստծո Դատին պատասխան պիտի տայինք` թե՛ երկրում՝ Տիրոջ դատավորների միջոցով, և թե՛ այնկողմնայինում՝ Աստծո բարկության առաջ:
Այն, որ Աստծուն եք հավատում՝ հրաշալի է, որովհետև Աստծուն չհավատացողն արդեն իսկ մեղքի մեջ է, և հանցանքի ու կուրության, կամա-ակամա չարության ապրելակերպ է վարում: Սակայն հոգևոր խոսքի գիտակները քննելով ձեր դավանելու եղանակը, վաղուց են տեսել, որ այն ոչ միայն շեղ է, այլև վտանգավոր նախ` շրջապատի, ապա ձեր իսկ կյանքի համար, քանի որ Սուրբ գրքի խոսքերը ձերոնք շարունակ եղծում են, ինչի պատճառով անբարոյականության չարիքն է տարածվել ձեր ղեկավարության կազմում: Որպեսզի ասածներս ավելի լավ ըմբռնեք, ձեզ խորհուրդ կտայի դիտելու «Եհովայի վկաները» ֆիլմը, որում վկայողները (մի մասը փախել է ձեր ղեկավարների կազմից, իսկ մի մասն էլ ձեզ նման շարքային վկա է եղել) ձեզ նման միամտորեն նախ` խաբվել ու կուլ է գնացել, սակայն, հաճախակի հանդիպելով ստախոսությունների, այլանդակությունների, ղեկավար կազմի հարբեցողություններին, անբարոյականության ախտերին, հեռացել է աղանդից (փախածները վկայում են, որ «Եհովայի վկաների» ղեկավար կազմում անբարոյականությունը այնքան է ծայրահեղացել, որ ձեր`«վկաների» ղեկավարների մի մասն անգամ միասեռական է դարձել): Իսկ շնանալու մասին ոչ միայն ողջ աշխարհին, այլև արդեն ձեր աղանդի գործունեությամբ, Հայաստանին էլ է հայտնի, թե Եհովայի վկաները ինչպիսի վատթար վիճակի մեջ են, պատմական արատ, որ սկիզբ է առել դեռ ձեր աղանդի հիմնադիրներից, այսինքն՝ «վկաները» խաբում են, թե Աստծո օրենքն են հարգում, բայց Սատանայի որոգայթի մեջ են հայտնվել: Նաև ձերոնց մեջ, ցավոք, կանայք կան, որ տնից տուն մտնելով ենթարկվում են վտանգավոր փորձության, որովհետև կինը «դյուրաբեկ անոթ» լինելով, ըստ Աստծո խոսքի, այն առաքելությունը չունի, որ ձեր աղանդն է դնում նրա փխրուն ուսերին, ուղարկելով այն էլ խառնակ խոսք սերմանելու, և վտանգ չե՞ք տեսնում, որ որոգայթի մեջ ընկնի` բարոյապես: Պողոս առաքյալն ասում է` կինը սայթաքեց և հանցանք գործեց և կինը այրին չուսուցանի, իսկ «վկաները» երես են տվել իրենց կանանց այնքան, որ լսել ենք, որ շատ դեպքեր կան, որ «վկաների» ընտանիքներում ոչ թե այրերը, այլ կանայք են իշխում որպես վարդապետուհիներ, մի բան, որ, ըստ գրվածքների, անեծքաբեր է: Սիրելինե՛ր, դուք դեռ երիտասարդ եք և մեծ հույս եք ներշնչում, որ կսիրեք ճշմարիտ վկայությունը: Եվ այդ հույսով ենք գրում ձեզ, մեջբերելով միայն վկայություններ:
Նախ զինվորությանը վերաբերող հարցի մասին մի քանի խոսք ասենք: Ինքներդ, կարծում եմ, տեղյակ եք այն պատվիրանին, որ ասում է՝ «Սուտ մի՛ վկայիր»: Ապա այժմ, երբ Ավետարանը զինվորական ծառայությունը երբևէ չի հերքել, ուստի զինվորությունից ու զենքից հրաժարվելն իսկ ձեր կողմից չի՞ լինի սուտ վկայություն: Այդպես է: Հարցը եկեք միասին քննենք: Հիշո՞ւմ եք, երբ Հովհաննես Մկրտչին զինվորները մոտեցան և հարցրին, թե իրենք ի՞նչ անեն ապաշխարության համար, Հովհաննեսը զինվորներին չասաց, թե ձեր զենքերը շպրտեք և զինծառայությունից խուսափեք կամ ձեր հրամանատարներին մի՛ լսեք, այլ ճշմարտությամբ հետևյալն ասաց. «Մարդկանց վրա մի՛ բռնացեք, մի՛ թալանեք նրանց և ձեր աշխատավարձը բավարար համարեք» (Ղուկաս 3-14): Այսինքն՝ գնացեք, շարունակեք ձեր զենքով ծառայել, սակայն առավել պարկեշտորեն: Արդյո՞ք դուք վարվում եք Աստծո մարգարեի խոսքի համաձայն: Ո՛չ: Եվ նույնպես, խնդրում եմ, հիշե՛ք, որ երբ հարյուրապետը խնդրանքով դիմեց Հիսուսին, Փրկիչը չասաց, թե զենքդ դե՛ն շպրտիր, զինվորությունից շտապ փախիր, հետո կլսեմ քեզ, այլ անգամ գովեց հարյուրապետին, հիացավ նրա խոսքով, նրա հավատի և մարդասիրության համար, երբ հարյուրապետն ասաց, թե` ձեռքիս տակ ունեմ զինվորներ, մեկին ասում եմ` գնա, և գնում է, մյուսին ասում եմ` արի, և գալիս է... ինքդ էլ նույն կերպ հրամայիր, և երեխաս տանը կբժշկվի: Տերը գովեց հարյուրապետին, դրանով իսկ հավաստելով և արդարացնելով նաև նրա զինվորական պաշտոնի արդարությունը (Մատթեոս 8. 5-13), (Ղուկաս 7, Հովհ.- 4): Եվ ամենևին չասաց, թե` հարյուրապետս ո՞րն է, և կամ` գնա զինվորներիդ ցրիր, այ զենք ունեցող անօրեն, ապա արի, որ լսեմ քեզ: Այլ, երբ Հիսուս այս լսեց, զարմացավ և իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ իսկ այսպիսի հավատ չգտա երբեք»: Նույնպես և պարտավորություն պիտի համարեք հիշել, որ անձի (բնականաբար նաև ազգության) պահպանման համար Հիսուսը այլ մի հնար չունեցողներին պատվիրեց զենք վերցնել և այդ զենքը պատվիրեց գնել՝ վերջին պատշաճ հագուստներն անգամ վաճառելով, քանի որ Աստծո տված կյանքի պահպանությունն ավելին է, քան լավ հագուստ ունենալը: Մեջբերենք այդ հատվածը: «Եվ նրանց ասաց. Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի և մախաղի և առանց կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք: Եվ նրանք ասացին` և ոչ մի բանի: Ապա ասաց.- Իսկ այժմ, ով քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով որ չունի, թող վաճառի իր շորերն անգամ և իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ ինչ գրված է, պետք է որ կատարվի իմ վրա, թե` անօրենների հետ դասվեց, որովհետև ինչ որ ինձ համար է գրված, կատարվելու վրա է: Եվ նրանք ասացին. Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա: Եվ նրանց ասաց` բավակա՛ն են» (Ղուկաս 22. 35:38): Այս հատվածից հասկանում ենք, որ պահեր կան քրիստոնյայի կյանքում, որ նա հովանավորչության տակ է, ինչպես ծիլը ձմռան ցրտին՝ ջերմոցի, ինչպես երեխան մինչև հասակ առնելը՝ մոր: Սակայն, երբ մարդն արդեն հասակ է առել և մտել աշխարհ, միաբանությամբ ինքնապաշտպանության համար, ինչպես վերևի օրինակում, երբեմն հարկադրված է լինելու զենք վերցնել, քանի որ չար է աշխարհը: Այդ նկատի ունի Հիսուսը:
Ձեզ մոլորեցրած ղեկավարները ամենևին չեն ամաչում Հին կտակարանից օրինակներ և վկայություններ բերել, որպես թե վստահելիորեն սիրում և պահում են օրենքը, բայց ճշմարտության լույսի տակ, երբ քննեք, կտեսնեք, որ խաբել ու խաբում են ձեզ: Որովհետև Հին կտակարանի օրենքը, Նորը նույնպես (երբ հարկը կա` հավատն ու զենքով հավատացյալի պաշտպանությունն անքակտելի են դիտում, երբ մարդն իր տկարության պատճառով՝ միայն աղոթքով և պահքով անկարող է լինում պահպանել ինքն իրեն, մերձավորներին և հայրենին, այնպես, ինչպես անում էին Եղիսե մարգարեն, սուրբ Սարգիս զորավարը և Աստծո զորավոր այլ մարդիկ), երբ նրանց աղոթքով երկնքի զինավառ զորքերն իջնում էին երկիր, պատրաստ մարտնչելու թշնամու դեմ, սակայն թշնամին երկնքի զորքերի տեսքից անգամ զարհուրած ու խայտառակված ճողոպրում էր:
Դավիթ մարգարեն զենք չէ՞ր կրում, որին Հիսուս հայր անվանեց, երբ Դավթի զենքի հմուտ գործածությամբ ենք ուրախանում այսօր նաև քրիստոնյաներս, երբ դեռևս մի պատանի, Աստծո զորությամբ՝ պարսատիկի քարն այնպես արձակեց, որ քարը խրվեց Աստծուն հայհոյող հսկա Գողիաթի ճակատի մեջտեղում և նրան տապալեց գետնին (Ա. Թագավորների, ԺԷ, 31-50): Մի՛ եղեք այդքան հիմար, սիրելինե՛ր, թե իբր այս ամենը չեք հասկանում: Դատավորներից Սամսոնը մի՞թե սատանայի և ո՛չ Աստծո զորությամբ էր, որ միայնակ հալածում էր թշնամու բանակներ: Իհարկե, ամենահաղթ Աստծո զորությամբ: Մի՞թե անհավատներին և ո՛չ Իր հավատացյալ ժողովրդին Աստված նախախնամության հետևյալ ոսկին տվեց.- Եթե իմ պատվիրանները պահեք և դրանք գործի դնեք... ես կվերցնեմ երկրից չար գազաններին և ձեր երկրի միջով սուր չի անցնի. և ձեր թշնամիներին կհալածեք և ձեզնից հինգը` հարյուրին պիտի հալածի և ձեզնից հարյուրը` տասը հազարին, և նրանք սրով պիտի ընկնեն ձեր առաջ... և ձեզ վրա պիտի նայեմ և ձեզ աճեցնեմ ու շատացնեմ և իմ ուխտը ձեզ հետ պիտի հաստատեմ: Եվ ես իմ խորանը ձեր մեջ պիտի դնեմ և իմ Հոգին ձեզնից էլ չի զզվի և ձեր մեջ պիտի շրջեմ և ձեզ համար Աստված պիտի լինեմ և դուք ինձ համար` ժողովուրդ... (Ղևտացի, 26. 3:12): Եվ վերոհիշյալ խոսքերը մի՞թե կարդում եք և չեք հասկանում, թե «ձեզնից հինգը (ձեր թշնամիներից) հարյուրին պիտի հալածի և ձեզնից հարյուրը` տասը հազարին, և նրանք սրով պիտի ընկնեն ձեր առաջ... եթե պատվիրան պահեք»: Կամ թե` «Իմ հոգին ձեզնից կզզվի, եթե այդպես չանեք»: Այնքան պարզ են այս խոսքերը, որ մարդ դիտմամբ սուտ պիտի վկայի, թե չհասկացավ: Ինչո՞ւ ձեր հոգին կորցնեք սուտ վկայությամբ: Ձերոնք բազում պատվիրաններ չեն պահում և դրանք եղծում են, ուստի վախենում են, որ ոչ թե իրենք, այլ իրենց թշնամին իրենց սրով կհալածի, և դրա համար էլ ծռում են խոսքն Աստծո` իրենց խաբված վարքերից դրդված: Ծռում և դրանով Աստծո առաջ ամոթալի են դարձնում նաև ձեզ: Երբ խոստումը, ինչպես տեսանք, աստվածային է, որ պատվիրանապահությամբ` քո հայրենյաց դեմ ելած անօրեններին հալածելու և նրանց սրատելու մասին է: ՈՒստի ձեր աստվածը Աստվածաշնչից դուրս, սարքովի, կեղծավորված, եղծված աստված է դուրս գալիս և ոչ թե Ճշմարիտը, որ մեջբերածս անփոփոխ պատվիրանները տվել է: Մի անգամ մորմոն մի փոքր պաշտոնյայի հարցրի` Դո՞ւք ինչպես եք վերաբերվում զինվորությանը, պատասխանեց. «Մենք զինծառայությունից խուսափողներին զրկում ենք ընդհանուր օգնություններից, աչքի տակ ենք առնում և չենք հարգում, քանի որ Աստվածաշնչին դեմ է զինծառայությունից խուսափելը»: (Մաղթենք, որ մորմոնները և առաքելական կարգ ու կանոնից հեռացած հոգևոր, շեղաքայլ այլ խմբեր Աստվածաշնչյան այլ պատվերներում էլ ջանան լինել հետևողական, ինչպես այս մեկում):
Հավի ճտե՞ր եք, ի՞նչ է, որ զենքը մերժում եք ձեզ մորթելու եկած թշնամու առաջ նսեմանալով: Մի՞թե այդքան հիմար կարելի է լինել: Այսպես: Օրենքից են ձեր ղեկավարները խոսում, բայց իրենք են սուտ հանում Աստծո օրենքը, որ թե՛ Հնով և թե՛ Նորով՝ Հավատն ու Զենքը միաբան է դիտում:
Հիսուս ծրագիր էր իրագործում՝ խաչելության ծրագիրը՝ որ դուռ պիտի հանդիսանար մարդու փրկության համար, եթե ոչ, ողջ աշխարհի զորքերն էլ չէին կարող նրան հաղթել, ինչպես ընկնելու են Արմագեդոնում` «Նրա բերանից ելնող սրի առաջ»: Որովհետև ինքն իսկ վկայում է ու ասում. «Կամ կարծում ես, թե չե՞մ կարող իմ Հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպե՞ս պիտի կատարվեին սուրբ գրքերում գրվածները, թե՝ այսպես պիտի լիներ» (Մատթեոս, գլուխ 26): Այդպես իսկ փաստելով, թե Հայրը Երկնային զորքերի Տերն է: Եվ, ինչպես գրված է, Քրիստոսի անունով չպիտի գայթակղվել: Խաչելությամբ Փրկիչը Նա է` յուրաքանչյուր ընդունողի համար և ոչ կնոջից ծնված այլ որևէ մի մարդ, երբ բոլորս էլ Նրանով արարածներ ենք, իսկ Նա Աստվածն էր մեր մեջ, ինչպես գրված է. «Պիտի անվանվի` Էմանուել, որ նշանակում է` Աստված է մեզ հետ» (Մատթեոս 1, 23): Աստծո ողջ Կամքը միայն Հիսուսը կատարեց և մարդիկ՝ Նրա Հոգու միջնորդությամբ են ի վիճակի Տիրոջ Կամքը պահել: Իսկ մենք աղոթքում մի՞թե ամեն օր չենք խնդրում Աստծուն. «Թող Քո Կամքը լինի երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է», որ նշանակում է, թե` Քրիստոսի Թագավորությունը լինի: Եվ երբ Նրա՝ Աստծու Կամքով, երբ հարկ է՝ երկինքն էլ է զինավառ և հրեշտակների պատերազմող գնդերով լեցուն (այդ տեսնում ենք նաև սուրբ Ծննդյան դրվագում, երբ հրեշտակների զինավառ զորքերը երևացին հովիվներին) (Ղուկաս, 2, 13-14), բնականաբար, նույն Աստծո Կամքի համաձայն՝ երկրում, Աստծո ժողովուրդը ևս՝ աղոթքի սրբապահության հետ մեկտեղ՝ երբ հարկ է՝ զենք ու զորքեր էլ պիտի ունենա՝ հավատավոր ժողովրդին և սրբությունները պահպանելու համար: Հիշե՛նք` հրեաները երբ սուրբ տաճարն էին կառուցում, կառուցողներն անգամ, հեթանոսների պատճառով, զենք էին կրում: Մի՛ սպանիր պատվիրանը` անմեղ մարդու չսպանելու մասին է և ո՛չ նրանց, ովքեր եկել են քեզ ու քո մերձավորներին ապականելու, պղծելու, լլկելու, բռնաբարելու և բռնատիրելու, անարդարորեն մորթոտելու, հոգևորապես անպետքացնելու և այլ դաժանությունների: Այնքան բթամիտ չլինենք հասկանալու, որ «մի՛ սպանիր» պատվիրան տվողն ինքն էր հրամայում այս կամ այն աստվածահակառակ, պիղծ ու չար ազգին իր առջևից ամբողջությամբ սրո՛վ ոչնչացնել, այդ ոչնչացումը սրբագործում դիտելով և ոչ թե հանցապարտություն կամ մարդասպանություն: Եվ Աստված Ինքն իսկ՝ Իր զորությամբ և բազմաթիվ հրաշքներով հավատավոր զորքերի միջոցով` բուն կոտորողն էր մարդկության այդ պիղծ մասի: Այո՛, մի՛ սպանիր, սակայն մի՛ սպանիր մարդուն և ոչ թե մարդգազանին, որ եկել է քո ազգը փչացնելու, ոչնչացնելու: Մի՞թե չեք հիշում, որ, ըստ ավետարանական «Չար մշակները» առակի, Քրիստոսն Ինքն էլ, երբ գա՝ սպանելու է չար մշակներին, երբ արդար դատաստանն սկսի: Այդ բանն իսկ պարզորեն տեսնում ենք Հովհաննեսի «Հայտնության» գրքում ևս, երբ Փրկչի հրամանով հրեշտակները կոտորում են չար մշակներին: Զգո՛ւյշ եղեք, որ չար մշակների ժառանգորդներ չդառնաք, այլ ժամանակին ապաշխարեցեք ձեզ մոլորեցնողների պիղծ ճամփից, քանի որ նախանձախնդիր է Աստված՝ չարերին` ըստ իրենց արածների պատասխանել: Այս մի քանի խոսքը բազմաթիվներից միայն զինվորության մասին, սակայն բազմաթիվ են նաև Քրիստոսին հակառակ դիրք ընդունած ձեր աղանդի այլ չար մշակությունները: Մաղթում եմ, որ ձեր առողջ միտքը չկորցնեք: Սակայն հիշեցեք, որ ձեր աղանդի ախտից անհնար կլինի ձեզ համար ազատվել ու մաքրվել, քանի դեռ չեք խոնարհվել ընդունելու Ճշմարտության և Լուսարարության Սուրբ Հոգին, Որին Հիսուսի խնդրանքով Հայրն ուղարկեց աշխարհ՝ քրիստոնյաներիս առաջնորդելու, մխիթարելու և Փրկչի Խոսքերը հիշեցնելու համար: Չընդունելով Ճշմարտության Սուրբ Հոգին, բնականաբար, ձերոնց տիրում է Ստի ոգին, Սատանան, որ առաջնորդում է ձերոնց ամենայն ստախոսությունների: Ստի ոգին է, որ ձեր աղանդին առաջնորդեց ի լուր աշխարհի տասնյակ անգամ մարգարեանալ աշխարհի վախճանը և այդքան անգամ էլ` խայտառակվել, քանի որ Ստի ոգու պտուղը՝ սուտն էլ լինելու էր` ոչ ճիշտ մի բան: Այդ ստի ոգին է, որ ձեզ խաբեց Աստծուն «Եհովա» անվանել, երբ Եհովան բնագրում ոչ թե անուն է, այլ բայաձև, և մինչև 13-րդ դարի Աստվածաշունչ մատյանների թարգմանություններում «Եհովան» որպես Աստծո անուն չկա թարգմանված, քանի որ բնագրում բառն անուն չէ, այլ «լինելու» հատկանիշ, անգամ գոյական չէ, որ անուն թարգմանվեր: Համոզվելու համար կարող եք մինչև 13-րդ դարի թարգմանությունները թերթել: Հայերեն ոսկեղենիկ թարգմանությունը նույնպես: Եվ շեղը 13-րդ դարի անգլերեն մի թարգմանությունից է սկսվում: Այդ նույն Ստի ոգուց է, որ Հիսուս Քրիստոսին չընդունեցիք, որ Աստված է, չհասկանալով, որ Աստծո Որդին Աստված պիտի լինի և Դավթի ցեղի Կույսից ծնվելով՝ մարդացած Աստված: Եվ «վկաները» Ստի ոգու դրդմամբ Քրիստոսի Խաչելության պատվականությունը (որովհետև փախչում էին «իրենց խաչը վերցնել») չըմբռնելով և չըմբռնելով Խաչի խորհուրդը, որ մեր խաչակրությունը պիտի լիներ` ապաշխարության իմաստով, որովհետև Խաչակրությունը, Ավետարանով մեր պարտավորությունների կատարումներն են Աստծո առջև, և այս պատվական բաները անտեսելով, ձերոնք, միայն իրենց եղծարար սնամտությամբ, Խաչին ցից են անվանել: Այս անվանումն իր անհեթեթությամբ պղծում է ձերոնց, ինչպես Հիսուսն է ասում, թե մարդու բերանից ելած խոսքը կարող է մարդուն պղծել, և ո՛չ կերած ուտելիքը: Հատուկ սարքված այդ աղանդից իմաստություն և լույս անհնար էլ է սպասել, քանի որ ինչպես Հիսուսն է ասել. «Չար ծառը բարի պտուղ չի տա»: Իսկ ձեր աղանդի ղեկավարը՝ «ձեր չար ծառը»՝ Ռասելը, գիտե՞ք, որ հայտնի էր, որպես խարդախ մանրավաճառ և շնացող, քանիցս խարդախությունների և շնությունների համար դատված (նա իր կանանցից մեկի ցուցմունքով դատվեց նաև իր որդեգրած դստեր հետ շնանալու համար): ՈՒստի ձեր աղանդի մասին խոսելը նման է աղտոտ մի անոթ բացելուն: Ձեր աղանդի անհեթեթություններն ու անմտությունները խիստ շատ են այստեղ թվարկելու համար: Եվ քանի որ ափսոս է ձեր երիտասարդությունը, Աստծո բարին այն է, որ խելամտություն ձեռք բերեք օր առաջ հաշտվելու և խոնարհվելու Ճշմարտության Սուրբ Խոսքին, Ճշմարտության Սուրբ Հոգուն, և ոչ ձեր աղանդի եղծած մոլորություններին, որոնք մի օր թող դատի Աստված նաև ձե՛ր միջից դարձի եկածների շուրթերով, ինչպես շատ երկրներում այժմ անում էլ է, քանի որ «Արքայությունը, զորությունը և չարից ազատումը` ամենայնի Աստծունն են»: Յուրաքանչյուրս մեզ համար ավելի լավ չէ՞ բարին ընտրենք, քան չարը, և կամ ավելի լավ չէ՞, խելամիտ մտածենք, քան թե խառը ստերով, և կամ ավելի լավ չէ՞, երկուհազար տարիներ ի վեր մշտահաղթ առաքելական ճշմարտությանը հետևենք, որ մեր հայրենիքում կա, քան մի երկու դարաշրջան առաջ վատ նպատակով, Տիրոջ անունը բազմաթիվ շեղվածությամբ անվանարկող սարքովի, եղծվածություններով լի մի կրոնի, որ նաև օտար է ու անբնական: Հիշենք «Անառակ որդու վերադարձը» առակը, երբ հայրը վազում է մոլորումներից տուն դարձող որդուն ընդառաջ: Եվ առավել, քան սրան` ձեզ կընդունի Աստված, երբ վերադառնաք ձեր առաքելական մակաղատեղին, ձեր հայրենի եկեղեցին: Քա՛ջ եղեք վերադառնալ` օր առաջ փախչելով այն վտանգներից, որ կան ձեր աղանդում` ինքներդ իսկ արդեն քարոզելով լիարժեք Ավետարանը հոգիների Տեր և թագավոր` Հիսուս Քրիստոսի:
Աստծո կամքն ու բարին յուրաքանչյուրիս։ Ամեն։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ