Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո խոսքը ճշմարտություն է»(Հովհ. ԺԷ 17)

«Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո խոսքը ճշմարտություն է»(Հովհ. ԺԷ 17)
14.08.2009 | 00:00

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԻՍԿ ՄԱՍԻՆ
Պողոս առաքյալն ասում է, որ ամբողջ Սուրբ Գիրքն Աստծու շնչով է գրված և ավելացնում է. «Օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17)։ Սակայն ինչպե՞ս է այդ իրականանում։ Դա իրականանում է Աստծու` այդ նույն «ազդու և ավելի հատու» (Եբր. Դ 12) խոսքի միջոցով, երբ մարդը հավատով ընդունում է այն իր սրտում։
Աստվածաշնչում Աստծու խոսքն անվանվում է «սուսեր», «մուրճ» «հուր», «ճրագ», «սերմ» և «կյանքի խոսք»։
Աստծու խոսքը «Հոգու սուսերն է» (Եփես. Զ 17), որ «կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբր. Դ 12)։
Աստծու խոսքը «մուրճ» է, որ ջարդում է մեր քարեղեն սրտերը (Երեմ. ԻԳ 29)։
Աստծու խոսքը «հուր» է, որ այրում է մեր մեղսալից անմաքրությունը և ջերմացնում մեր` բնությամբ «երկնքի արքայության խորհուրդների» նկատմամբ անտարբեր սրտերը (Մատթ. ԺԳ 11-15)։ Սրտի մեջ հավատով ընդունված Աստծու խոսքը մաքրագործում, սրբագործում է այն (Հովհ. ԺԵ 3, ԺԷ 6)։
Աստծու խոսքը «իբրև ճրագ է, որ լույս է տալիս մութ տեղում» (Բ Պետ. Ա 19) և իր լույսով փարատում մեր տգիտության, կրքերի ու մոլորությունների խավարը։
Աստծու խոսքը «սերմ է» (Ղուկ. Ը 11-15)։ Ինչպես մշակված հողն է սերմանվում ու պտղաբերում, այդպես էլ Աստծու խոսքով փշրված, խոնարհված ու փխրեցված սիրտն է աճեցնում Նրա խոսքի սերմերը և «պտուղ տալիս. մեկի դիմաց` երեսուն, մեկի դիմաց` վաթսուն և մեկի դիմաց` հարյուր» (Մարկ. Դ 20)։
Եվ վերջապես` Աստծու խոսքը «կյանքի խոսք է» (Փիլիպ. Բ 16), խոսք, որ շնորհում է կյանք` հավիտենական կյանք։
ՍԵՐՄ
Ինչպես որ հողն է աճեցնում այն, ինչ սերմանվում է իր մեջ, այդպես էլ հողեղեն մարդու բնությունն է պտղաբերում այն, ինչ սերմանվում է իր մեջ` մեղքի փուշ կամ առաքինության ծաղիկ։ Հետևաբար, Աստծու պատվիրանների լույսը թող լույս տա մեր եղբայրության հոգում, ու ամեն տեսակի բարի ծաղիկներ աճեն նրա մեջ (Հովհաննես Երզնկացի)։
Մեր նյութական մարմինը հող է, միտքը` մշակ և հողագործ, սերմը` Աստծու օրենք` թե՛ բնականը (բնական օրենքը խղճի վկայությունն է, գրավորը` Մովսեսի օրենքը- Գ. Դ.), թե՛ գրավորը, թե՛ Ավետարանը։ Ինչպես մշակը, որ շտեմարանից վերցնելով սերմը` բերում և ցանում է, այնպես էլ մեր միտքը, Սուրբ Գրքի շտեմարանից վերցնելով Աստծու օրենքների սերմը, հավատի իմաստությամբ, իբրև ջրով, ոռոգում է այն` միշտ մտքում հիշելով այս աշխարհից մահվամբ դուրս գալու մասին, «խորհելով վերին բաների մասին, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմում» (հմմտ. Կող. Գ 2)։ Այն նման է ջրի և զվարթարար ցողի։ Իսկ հավատի դավանությունը սրտով և լեզվով խոստովանելը նման է արևի, որը ծագում է և սնուցում հոգևոր բույսերը։ Ապա մեր հողը պտղաբեր է դարձնում բույսերի արմատը, որ հաստատված է հոգում, և մարմնի զգայարաններում ծաղկեցնում է զանազան անուշահոտ առաքինություններ` այստեղ պտղաբերելով գործով, իսկ հանդերձյալ կյանքում` արդյունքով և ըստ գործերի հատուցմամբ (ս. Գրիգոր Տաթևացի)։
«Աստծու խոսքը սերմ է,- գրում է մի հեղինակ,- արտը, ուր ցորեն չի ցանվել, աճեցնում է մարդու սննդի համար անպիտան որոմ, որը հյութեղ ու գեղեցիկ է, քանի դեռ մատաղ է, և այլանդակ, երբ չորանում է։ Այդպիսին է նաև այն մարդու սիրտը, որի մեջ ցանված չէ Աստծու խոսքը. այն մեղքով ապականված իր բնությամբ ոչ մի բարի, աստվածահաճո բան աճեցնել չի կարող։
Մեր բնատուր հատկությունները կարող են գրավիչ լինել, քանի դեռ լեցուն են պատանեկան եռանդով, խանդավառությամբ, երիտասարդության պոեզիայով։ Ծերանալիս (մի քանի երջանիկ բացառություններով) մարդու մեջ գերիշխում է բոլորիս այնքան հայտնի չոր, վանող եսասիրությունը։ Սակայն երբ մարդու սիրտը հավատով ընդունում և պահում է Աստծու խոսքի` կենդանի խոսքի սերմը, մաքրագործվում է անպիտան որոմներից` կրքերից ու բղջախոհությունից։ Սերմը սրբագործում ու կերպարանափոխում է սիրտը և թթխմորի պես, որ խառնվում է ալյուրին, մնալով նրա մեջ, վերածվում է հավիտենական կյանքի սերմի, ինչպես ինքն է հավերժ կենդանի (Ա Պետ. Ա 23, Ա Հովհ. Բ 17, Մատթ. ԺԳ 33) ու «կյանքի խոսք» (Փիլիպ. Բ 16, գործք Ե 20)։ Այդժամ նաև ծերության մեջ «երիտասարդությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմ. ՃԲ 5)։
ԿԵՐԱԿՈՒՐ
Հավատի մեջ մանուկ մեր հոգիների համար Աստծու խոսքի կաթը խմենք Սուրբ Գրքից, ուր պատմվում է ամեն բանի պատճառ Հոր, Նրանից ծնված Որդու, որ մեզ ծնեց ավազանով և ընծայեց Հորը, ինչպես նաև Հորից բխող Սուրբ Հոգու` Մխիթարիչի և Հոր և Որդու Փառակցի մասին։ Սուրբ Գրքի ընթերցումը համարենք մեր ամենօրյա զբաղմունքն ու հոգսը, հանգիստն ու փառքը, կերակուրը և ուրախության գինին։ Ինչպես ջուրը պտղավետ ու տերևաշատ է դարձնում ծառը, նմանապես աստվածային Գրքերի ընթերցումն աճեցնում է աստվածասերների միտքն ու հոգին և զարդարում առաքինության պտուղներով (Սարգիս Շնորհալի)։
Շատերն ասում են, թե ամեն ոք գիտե` ինչ են մեղքն ու արդարությունը, ամեն մարդ տեղյակ է չարից հեռանալու և բարիք գործելու մասին, բայց Գրքով զբաղվելը շահ չէ և խափանում է կարևոր գործերը։ Սա իրականացումն է Ամոսի բերանով ասված Տիրոջ սպառնալիքի. «Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով պիտի ուղարկեմ» (Ամոս Ը 11)։ Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում և ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծու պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների։ Այս մասին է Մովսեսի խոսքը (Բ Օրենք Ը 3)։ Նույն բանը վկայում է նաև Տերն Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծու ամեն խոսքով» (Ղուկ. Դ 3)։
Եթե Աստծու պատվիրանները հավիտենական կյանք են, ապա ակնհայտ է, որ դրանցից զրկվածները մեռած են հավիտենական կյանքի համար, ինչպես անհրաժեշտ կերակրից զրկվածներն են մահանում այս կյանքում...
Պողոս առաքյալը նույն բանը նկատի ունի, երբ ասում է. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17), այնինչ նրանք պնդում են, թե Գրքերը պետք չեն։
Արդ, ի՛նքդ որոշիր, թե ով է իրավացի` Պողո՞սը, թե՞ Սուրբ Գիրքն արհամարհող վայրենամիտները, որոնց Եսայի մարգարեն վայ է տալիս. «Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրենքները» (Եսայի ԻԴ 16)... Բայց հարցնեմ նրանց. մի՞թե Աստված զուր հրամայեց Մովսեսին ու մարգարեներին` գրել Սուրբ Գիրքը, կամ մի՞թե առաքյալները զուր գրեցին ավետարանները, իրենց թղթերը և Գործք առաքելոցը, իսկ վարդապետները` իրենց գրվածքները։ Աստծու պատվիրանի նշանախեցն իսկ (փոքրիկ տառանշանը) ավելի պատվական է, քան երկինքն ու երկիրը։ Այդ իսկ պատճառով Աստված Մովսեսի միջոցով պատվիրում է. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք, որպես նշան, կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, դրանք կգրես քո տների մուտքին և դռների վրա» (Բ Օրենք Զ 6-9)։ Սատանայի շուրթերով են խոսում նրանք, ովքեր խափանում են Սուրբ Գիրքը լսելը (Խոսրով Անձևացի)։
Սուրբ Գրքի ընթերցումը սնում է, խոկումը` կերակրում և աղոթքը զորացնում է (Օգոստինոս Երանելի)։
«Միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. Դ 4)։
Տերը չասաց, թե` «Ոչ միայն հացով է ապրում մարդը», և լռեց, որովհետև կան նաև այլ կերակուրներ, որոնցով ապրում են մարդիկ, այլ ավելացրեց, թե` «այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Քանզի մարդը կազմված է հոգուց և մարմնից. ինչպես մարմինն է ապրում նյութական հացով, այնպես էլ հոգին` աննյութական խոսքով, բայց ոչ մարդկանց ունայն խոսքով, այլ նրանցով, որ Աստծուց են և կյանք են շնորհում մարդկանց։ Որո՞նք են այդ խոսքերը. դրանք Աստծու` միայն Մովսեսի և մյուս մարգարեների հետ խոսածները չեն կամ Աստծու Բանի` այս աշխարհում խոսածները, այլև բոլոր Գրքերը, որ Աստծու պատվիրաններն են ուսուցանում մարդկանց, Աստծու խոսքերն են և մանավանդ` Ավետարանի ինքնախոս խոսքերը։ Դարձյալ` այլ մտքեր ևս. ասում է` ոչ միայն զգալի հացով կապրի երևելի մարդը, այլ Ինձնով, որ Աստծու խոսքն եմ` միացած սրան, որ ոչ միայն Իմ անձին կարող եմ կյանք տալ, այլև բոլոր մարդկանց, ովքեր հավատով և սրբությամբ են մոտենում Ինձ (ս. Ներսես Շնորհալի)։
Յուրաքանչյուր մարդկային միտք, յուրաքանչյուր մարդկային խոսք ներգործություն է։ Եվ եթե դա հավաստի է մարդկային մտքի և խոսքի համար, ապա մանավանդ հավաստի է Աստծու խոսքի` Քրիստոսի խոսքի համար։
Երբ մենք լսում ենք Քրիստոսի ավետարանական խոսքը` անուշաբույր, մեղմիկ ու քաղցրալուր. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. Ե 8), «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29), բնավ չենք մոռանում, որ այդ հեզ խոսքն այն անըմբռնելի և անսահման զորությունն է, որը խավարի անէությունից լուսեղեն կյանքի կոչեց ամենայն գոյավորը, բոլոր անթիվ աշխարհները, իրենց բազմազանության մեջ անհամար բոլոր բանական և ոչ բանական արարածներին։
Քրիստոսի խոսքը` զգեստավորված խոնարհ, զգայականորեն ընկալելի մարդկային խոսքի ձևի մեջ, որը կարող է արտահայտվել նույնիսկ գծագրական-տեսողական նշաններով` գրավոր կերպով, այն խոսքն է, որն իր խորքում, իր հիմքում մեծ, ամենակարող, ամենայնի Արարիչ Աստծու ներգործությունն է։
Խոսքի մասին հարկ է ասել այն, ինչ Աստվածաշնչում ասվում է Իր` Աստծու մասին, այսինքն` Նա «ոչնչացնող կրակ» է, որին հողեղենները պետք է մոտենան մեծ ահով ու դողով (Եբր. ԺԲ 28-29)։
«Խիստ ընտիր են Քո խոսքերը» (Սաղմ. ՃԺԸ 140),- ասում է սաղմոսերգուն։
Քրիստոսի խոսքն ամենախորհրդավոր խոսքն է. այն անմատչելի է, անըմբռնելի հանճարների համար, բայց միաժամանակ այնքան պարզ է, որ մատչելի է նույնիսկ մանուկներին։
Քրիստոսի խոսքն այնքան մոտ է մեզ, այնքան հասկանալի, բնականաբար, խորապես հոգեհարազատ մեր մարդկային սրտին և, այդուհանդերձ, անկասկած, անսահմանորեն գերիվեր է արարածի բնության զորությունից. այն աստվածային է, անհասանելի, գերբնական և, ինչպես ասում է Պողոս առաքյալը, «մարդկային չէ և մարդուց վերցված չէ» (տե՛ս Գաղ. Ա 11-12)։
Ազատ մարդուն ուղղված Քրիստոսի խոսքը հակիրճ է, անբռնադատ և միաժամանակ` մարդուն ամենևին ոչ հատուկ անսահման իշխանությամբ օժտված, իբրև բացարձակ հեղինակության խոսք, իբրև բովանդակ կեցության ամենազոր Տիրոջ խոսք. «Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց Իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. ԻԴ 35)։
Խոր հավատով ընկալված Քրիստոսի խոսքը մարդուն առաջնորդում է դեպի հավիտենական կյանք մի ճանապարհով, որում նա կհանդիպի շատ անսովոր, խորհրդավոր բաների։ Այդ վսեմ ճանապարհին կբացվի նրան այն ամենը, ինչ մարդն իր կեցության ընթացքում կարող է վերապրել և ճանաչել։
Քրիստոսի խոսքը հասնում է խավարչտին անդունդի ծայրասահմաններին` ի հայտ բերելով ճշմարտության բազմաթիվ հատկանիշների բնությունը, որոնք խավարում առինքնում են մարդուն։
Քրիստոսի խոսքը կրակ է, որ փորձում է այն ամենը, ինչ կա մարդու և առհասարակ աշխարհի կեցության մեջ, քանզի, ինչպես վկայում է Պողոս առաքյալը, «Նրա առաջ չկա անտեսանելի արարած» (Եբր. Դ 13)։
Քրիստոսի խոսքը հոգի է և կյանք, սիրո լրում և երկնային խնդություն, Քրիստոսի խոսքն աստվածային ինքնագո լույսն է։ Այն ներազդում է ոչ թե մակերեսային տրամաբանական բանականության, այլ մարդու սրտի խորքերի վրա։ Եվ նա, ով ընդառաջ ելնելով նրան, անմնացորդ բացում է իր սրտի ամենախորին պարունակները, որ պատշաճ կերպով ընկալի այդ աստվածային լույսը, որպեսզի միաձուլվի նրա հետ, դառնում է աստվածանման։ Կյանքով ընկալված Քրիստոսի խոսքն աստվածացնում է մարդուն (վարդապետ Սոֆրոնի)։
Տպագրության պատրաստեց
Գ. ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

«Քրիստոնեությունը կործանարար սնահավատություն կամ քաղաքական շահեկան կեղծիք համարող անհավատը պետք է հիմնավորապես ծանոթանա Աստվածաշնչին, որպեսզի գիտակցի այն, ինչի դեմ ցանկանում է պայքարել կամ ինչից կամենում է օգտվել։ Քրիստոնեության մերժումն առանց գիտակցված դիրքորոշման անվայել է բանական էակի համար, մանավանդ ամոթ նրանց համար, ովքեր այն մերժում են բանականության անունից։
Կենդանի հավատ ունեցողը, նախ և առաջ, գիտակցում է իր ոչնչությունը, ապա այն, որ միայն Աստծո խոսքն է ի զորու փրկելու իր միտքը, սիրտը և կյանքը ճակատագրական սխալներից։ Հավատացյալը գիտակցում է, որ Աստծո արդարության հավիտենական ճշմարտության ճանաչողությունն իր գիտակցության ամենակենսական պահանջմունքն է, և որ սրանում ինքը չի կարող հույս դնել ոչ մեկի վրա, այլ պետք է անպայման ինքնուրույնաբար սերտի Աստծո խոսքը, առանց որի անկարելի է գիտակից քրիստոնյա լինել, առանց որի կյանքը ևս չի կարող լինել գիտակցաբար քրիստոնեական։ Ամենահասարակ մարդիկ կենդանի հավատով լուսավորվելուն պես հոգով զգում են, որ դա այդպես է։ Ես գիտեի ժողովրդի լայն խավերին պատկանող Աստծո անուս մարդկանց, որոնք Հայտնության խոսքերը որսում էին այնպես ագահորեն և այնպիսի սիրով ամբարում իրենց սրտերում, որ կարդալ չիմանալով հանդերձ` Սուրբ Գրքից շատ հատվածներ գիտեին անգիր։
Սուրբ եկեղեցին կարող է միայն ստանձնել Աստծո արդարության կարևոր ճշմարտությունը ճանաչել տալու և կյանքը հավատի հետ համաձայնեցնելու հովվությունը։ Իսկ ինչ վերաբերում է Աստծո խոսքի քաջիմացությանը, ինչպես նաև երկնային Հոր կամքը կատարելուն, ապա դրանք յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունն են։ Կարծել, թե Ս. Գրքի սերտողությունը հոգևորականության իրավասությունն է, իսկ շարքային քրիստոնյան կարող է ամենևին չիմանալ նրա բովանդակությունը, նույնքան անհեթեթ է, որքան ասել, թե կարդալ կարողանալը և դասավանդվող առարկան իմանալն ուսուցչի գործն է։ Ընդ որում, աշակերտը կարող է ոչինչ չիմանալ` բավարարվելով ուսուցչին` ուսուցիչ, գիտությունը` գիտություն կոչելով և ուսուցչին ու աշակերտներին հարգանքի արտաքին նշաններ ցուցաբերելով։ Նման մոտեցման անհեթեթությունն ակնհայտ է. այնուհանդերձ, իրենց և սեփական մտավոր կարողությունների վրա չափազանց վստահ մարդիկ, իրենց հավատավոր քրիստոնյա երևակայելով, հենց այդպիսի վերաբերմունք էլ որդեգրում են Եկեղեցու և Աստծո խոսքի նկատմամբ»։
Ռուս գրող և հասարակական գործիչ
Ն. ՆԵՊԼՅՈՒԵՎ

Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ