ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԽԵՆԹԵՐԸ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԽԵՆԹԵՐԸ
27.09.2011 | 00:00

(սկիզբը` թիվ 57-ում)

Իսկ հաջորդի մասին արժե խոսել ավելի մանրամասն: Նա ազգությամբ սերբ է, անունը Բոգոմիլ (միայն այս մեկի անունը գիտեմ, որովհետև մի օր առիթ եղավ նրա հետ զրուցելու): Երկայնահասակ, մազերը ուսերից ցած, խռիվ մորուքով, վանականի սև ու երկա՜ր, պատառոտուն, կեղտից փայլող հագուստով, ոտքերը բոբիկ, կամ հին սանդալներով, մեջքին սև ուսապարկ, իսկ թևի տակ մի մեծ նկար, որի վրա պատկերված է, թե ինչպես է Հիսուսն Իր ուսի վրա մի վիրավոր գառ տանում: Բոգոմիլը բացատրում էր, որ այդ վիրավոր գառը հենց ինքն է, որ կա, այդ պատճառով միշտ իր հետ Տաճար էր բերում, և սուրբ Գերեզմանի վրա հենած աղոթում էր: Այս բոլորը կարդալուց հետո, մի վրձնահարված էլ ավելացնեմ այդ խենթի նկարագրին. նա միշտ փնթի էր` կեղտոտության աստիճանի, որովհետև Երուսաղեմի մերձակա քարանձավներից մեկում էր ապրում, և ոչ ոք չգիտեր, թե ինչ միջոցներով է հարատևում, բայց գիտեին, որ մեծ աղոթողներից է: Ես էլ մի օր նրան մոտեցա ու մի կերպ ռուսերենով հասկացրի, որ այսինչ մեկի համար աղոթի: Նա ուրախությամբ հանձն առավ, ու որպես հաստատում, գրպանից հանեց մի մեծ ու քրքրված ծոցատետր և, ինձնից հարցնելով աղոթքի կարիք ունեցողի անունը, մեծ-մեծ տառերով այն գրեց հարյուրավոր անունների վերջում: Եվ նա այդ արեց ուրախությամբ ու խոնարհաբար, որպես Քրիստոսի ճշմարիտ ծառա:
Մի օր դասերից հետո, չգիտես ինչու, ոտքերս ուղղվեցին Սուրբ Հարության տաճար: Երբ խաչակնքվելով ուզում էի մուտքից ներս մտնել, հանկարծ նկատեցի, որ գավթի աջ կողմում ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս, որ մոտենան: Ավելի ուշադիր նայելով, տեսա քառասուն տարեկանին մոտ մի տղամարդու, մինչև գոտկատեղը մերկ, պառկեցրել էին գետնին փռված մի փալասի վրա. ոտքերը դեպի վեր, բարձրացրած: Շուրջը երկնագույն խալաթներով հրեա բժիշկներ էին խռնվել և առաջին օգնության սարքերով արհեստական շնչառություն էին տալիս, ավելի ճշգրիտ, փորձում էին տալ, որովհետև այդ տղամարդու մարմինն արդեն սևացել էր մահվան կապտությամբ: Մարդը մեռել էր Սուրբ Հարության Տաճարի ներսում, այնտեղ, որտեղ Տերը մեզ համար հավիտենական կյանքի Ավետիս է պատրաստել: Խիստ իրարամերժ տեսարան էր, անընդունելի և անըմբռնելի այդ տեղի անվան հետ: Օդի պես Աստծո միջամտությունն էր անհրաժեշտ, որ ամեն ինչ լիներ ճիշտ ու բնականոն, բայց այն դեռ չկար: Բժիշկները հուսահատորեն վերջին փորձերն էին անում և 3000 վոլտ լարումով էլեկտրաշոկ էին տալիս, որ սիրտը սկսի աշխատել: Ամեն նման փորձի ժամանակ մարդու մարմինը ցնցվում էր էլեկտրականության ուժգին հարվածից, բայց զուր. շնչառության համար կախված ռետինե գնդակը նույն սմքած վիճակում էր մնում, ինչը նշան էր այն բանի, որ մարդը չի շնչում: Սուրբ Տաճարի գավիթը, հանձինս մի քանի հավատավոր քրիստոնյաների, անտեսանելի պատերազմի թատերաբեմի էր վերածվել, այդ մի քանիսը հեռվում կանգնած, մունջ աղոթքներով մահվան դեմ էին դուրս եկել պատերազմելու. տկարներն ու անհավատները արդեն հուսահատվել էին անշունչ պառկած տղամարդու մահվան երանգով պատված դեմքին նայելուց: Զբոսաշրջիկներից շատերը, որոնք չէին ուզում իրենց արձակուրդի ուրախությունը մռայլել, դիակը չտեսնելու տալով, ներս էին մտնում Տաճար, որտեղ մահվանը հաղթանակած Հիսուսի դատարկ Գերեզմանը կար, որպես կենդանի վկա. իրենց այդքանն էր պետք: Լավ է, որ հավատում են Հիսուսին, բայց դրսում իրենցից նման մեկն էր մեռնում, նույն հույսով ու հավատով այստեղ եկած, բայց արևի տակ անշունչ պառկած: Գոնե վերջին այցելությունն աներ Տերը և նորից մի հնարավորություն տար «գնացող» այդ մեկին, որ մեղա գալով հոգին չկորցներ: Չէ՞ որ հոգին դրա համար էր նրան այս սուրբ վայրը բերել: Վերջ. բժիշկների ունեցած փորձն ու հմտությունն էլ չօգնեցին: Երկրային հնարքները վերջացան, հերթը երկնային միջամտությանն էր, բայց ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով, պարզ չէր, բայց պարզից պարզ էր, որ անհնար էր մահն այս Կյանքի Տաճարի առջև իր սև հաղթությունը տոներ: Հանկարծ բակի նեղ դռնից ներս մտնող խենթ սերբին եմ տեսնում, որն իրեն բնորոշ արագ ու լայնաքայլ ընթացքով շտապում էր դեպի Տաճար: Ներս մտնելիս նրա ուշադրությունը նույնպես գրավեց կողքի անսովոր անցուդարձը: Հետ դարձավ, մոտեցավ, էլի մոտեցավ ու հասկացավ որն է բանը: Նրա շարժումները կարծես արդեն ինչ-որ Մեկի կողմից ծրագրված լինեին, ու այնպիսի տպավորություն էին թողում, որ նա արդեն գիտեր, թե ինչ պիտի աներ, որովհետև նա անսպասելիորեն ոստիկանների արանքից թափով քայլեց դեպի մարդը, ձեռք տվեց դիակին, համոզվելով, որ մեռած է, հետ գնաց, Տաճարի պատի տակ մի պահ կանգնեց, մեջքից իջեցրեց սև, կեղտագույն ուսապարկը, միջից մի փոքրիկ շշով լի ձեթ հանեց, օրհնված սուրբ պատարագների ժամանակ, կամ էլ սուրբ Գերեզմանի կանթեղների ձեթն էր, ինչն այստեղ հավատքով օգտագործում են շատ քրիստոնյաներ, բացեց կափարիչը և նորից ուզեց դեպի մարդը գնալ, բայց հանկարծ ոստիկանները, կարծես չարի հրամանով, իսկույն դեմը կտրեցին և խստիվ արգելեցին մոտենալ: Հրեա ոստիկանները կտրուկ են գործում, ու ձեռնաշղթաները բոլորի հետևի գրպանի մոտ, գոտիներից միշտ պատրաստ կախված են, ու ես մտածեցի` հիմա ձեռքերը կոլորեն և գործի կդնեն շղթաները: Խենթը համառեց և ուզեց ուժով ճեղքել պատնեշը, բայց ապարդյուն, այստեղ մարդկային ամեն հնարք անուժ է և զուր, քանզի պատերազմն է հոգևոր: Երբ կարծես թե ամեն ինչ անհույս էր, առանց այդ էլ լարված իրավիճակը հանկարծ իր գագաթնակետին հասցրեց, սպիտակ մազերով, գեղեցկատես, ջղաձիգ շարժումներով մի կին, որն արագ մոտեցավ և սկսեց ամբողջ ուժով բռնցքահարել սերբի կրծքին և ինչ-որ բան ճչալ հիստերիկ ձայնով: Կարծեցի թե մեռնողի կինն է, որ չդիմանալով այդ վիճակին, հիստերիայի մեջ ընկավ, կարծելով, թե սերբը խանգարում է բժիշկներին: Զավեշտալի տեսարան էր Հարության Տաճարի բակում. եթե մեր հոգևոր աչքերը բաց լինեին, այդ պահին չարախնդորեն ծիծաղող սատանայական ոհմակներ կտեսնեինք: Խենթն ուշադրություն չդարձնելով ո՛չ կնոջ ճչոցներին, ո՛չ էլ ոստիկանների կոպտությանը, ամեն գնով ուզում էր մարդու դիակին մոտենալ, և ձեթով օծել մեռնողի մարմինը: ՈՒ քանի որ, ըստ Պողոս առաքյալի, Աստծո զորությունը մեր տկարության ժամանակ է գործում, պատերազմի ելքը Տերն Ինքը հուշեց. որովհետև բոլորից երկայնահասակ լինելով, սերբն անսպասելիորեն ձեռքը վեր բարձրացնելով, շշի պարունակությունը թափով շաղ տվեց բոլորի վրա, և օրհնված յուղի շիթն «օծեց» թե՛ բժիշկներին, թե՛ ոստիկաններին, և թե՛ մեռածի կիսամերկ մարմինը: Եվ ավելին՝ բժիշկները բարկացած այդ արարքի վրա, բամբակով սկսեցին մաքրել մարդու սևացող ու անկենդան մարմինը, չհասկանալով, որ այդպիսով կարծես յուրովի վերջին օծման խորհրդի արարողակարգն էին ավարտում. իհարկե առանց հավատքի: Ոստիկաններն իսկույն գետնից կտրեցին սերբին և, օդ բարձրացնելով, մի կողմ տարան, բայց խենթը թափ տվեց իրեն և գետնին ընկնելով, հենց Տաճարի պատի տակ, գլուխը հավաքեց երկար ու ոսկրոտ ձեռքերի մեջ, ծնկաչոք վիճակում անշարժացավ աղոթքի դիրքում: Ոստիկանները նրան այդ վիճակում թողնելով, կողքերը շարվեցին պահակի նման, որ նա չխանգարի բժիշկներին: Բայց գործը կատարված էր. մեռնողն իր օծումը ստացավ, մնում էր միայն Բարձրյալի վերջին Խոսքը:
Տաճարի բակում կարծես սպասման, ներքին ու անտեսանելի լարվածության երկնաձիգ մի սյուն էր կանգնած: Հիստերիայի մեջ ընկած կինն անսպասելիորեն գնա՜ց-գնա՜ց, մոտեցավ այդ խենթին, և ինքն էլ ծնկի գալով նրա առջև, գլուխը մինչև գետին խոնարհելով սկսեց աղոթել: ՈՒզում եմ ամեն գնով տեսածս պրկության աստիճանի փոխանցել ընթերցողին, որպեսզի ինձ հետ մեկտեղ կարողանանք երկնային մեր զարմանահրաշ Աստծուն ամբողջ սրտով փառք տալ, և ասել. «0րհնյա՜լ լինի մեր Տեր ու Արարիչ Աստվածը, որ մեռելներից էլ կարող է Հարություն տալ մարդուն»: Այո՛, հենց այդպես, որովհետև այդ արդեն վաղուց սևացած դիակը, հանկարծ, ի զարմանս բոլորի, սկսեց շնչել, և բժշկական վերակենդանացման ռետինե գնդակը բոլորիս աչքերի առջև անսպասելիորեն փքվեց արտաշնչվող օդից: Մարդը կենդանացավ: Հրեա բժիշկներն ապշեցին, որոնց հայրերը դարեր առաջ Հիսուսին մերժել են որպես Տեր, այժմ էլ, եթե իրենց հայրերի կուրությամբ չտառապեին, ապա Տիրոջ Հարուցյալ զորությանն ականատես կլինեին: Բայց նրանք գործի մարդ էին. իսկույն մարդուն գոտիներով կապեցին պատգարակին և ուսերին դրած վազելով գավթից դուրս տարան, որովհետև հարակից փողոցների նեղության պատճառով շտապ օգնության մեքենան մինչև Տաճար չէր կարող գալ: Մահվան սև վարագույրը նորից վերևից ներքև պատռվեց Տիրոջ հաղթական Խաչով, արարչական միջամտությունը կայացավ, մարդը ժամանակ ստացավ ապաշխարելու և պատրաստվելու վերջին մահվանը, որից հետո՝ դատաստան:
Փա՜ռք Ամենակարողին, հավիտյանս հավիտենից, փա՜ռք:
Վերջում միայն ուզում եմ ավելացնել, որ այդ մեռնող մարդը կարող էր մեզնից յուրաքանչյուրը լինել, ու որպեսզի մահը մեզ անակնկալի չբերի, մեր մեղքերից ապաշխարենք հիմա՛, այսօ՛ր, քանի դեռ ժամանակ է տրված, և զղջումով ու խոստովանությամբ մեր սրտերը մաքրենք, որպեսզի սուրբ Հաղորդությամբ արժանանանք մեզ համար պահված հավիտենական օրհնություններին, որովհետև ամեն պահ չէ, որ «խենթերն» օծման յուղը ձեռքերին պատրաստ սպասում են մեզ:
Մի խենթ էլ կա, որ այս Տաճարից չէ, բայց կուզեի գրել նաև նրա մասին, որն ազգությամբ հայուհի է: Մկնիկի նման փոքրամարմին ու մանրիկ քայլերով: Մսեղ քթի տակի բեղիկները միշտ բռնոթու՝ քթախոտի սրճագույն եղյամով պատած: Ասենք, որ Երուսաղեմի հայերի մեծ մասը սովորական օրերին եկեղեցական արարողություններին համարյա չի մասնակցում, իսկ պատարագների ժամանակ երբեմն ավելի շատ զբոսաշրջիկ է լինում, քան տեղացի հայ, և միայն հոգեհանգստյան արարողության ժամանակ է եկեղեցու սրահը լցվում (չէ՞ որ հայերս սիրում ենք ճոխ-ճոխ մեռել թաղել): Իսկ այս քույրիկը, հազիվ առջևը նշմարող տկար աչքերով, որովհետև արդեն տարիքն առած է, հավատարիմ աղախնի նման, ամեն Աստծո օր, դեռ առավոտ վաղ, պարտադիր մասնակցում է առավոտյան ժամը վեցի սուրբ Հակոբյանց տաճարի բոլոր ժամերգություններին։ Ներս մտնելուց հետո, նախ, սկսում է աղմուկով դասավորել նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո մնացած բացված ծալովի աթոռները, ամեն մեկն իր տեղը դնելով, ապա հերթով երկրպագում իր նախասիրած սրբերին, համապատասխան պատկերների առջև համբուրելով նրանց «ոտքերը», Հակոբոս Գլխադրից սկսած բոլորից օգնություն և բարեխոսություն հայցելով: Այդ իր գերադասած սրբերի լուսանկարների «ոտքերը», այսինքն` դրանց տակի գունազարդված հախճասալիկները մինչև հիմա էլ պահպանում են այդ համբույրների սրճագույն հետքերը, քանի որ, ասացինք, այդ հայուհին քթախոտ քաշելու մոլություն ուներ: Այդ սրբերն էլ, որոնք մեր Տիրոջ նման ներողամիտ են մարդկանց թուլությունների հանդեպ, սիրով լսում էին նրա աղոթքներն ու խնդրանքները, պահում և պահպանում են նրան, ու երբեմն էլ ավելին, իսկ թե ինչպես, քիչ հետո կպատմեմ:
Նրա հետ զրուցողը պետք է զինվեր մեծ համբերությամբ, որովհետև սպասվում են հարցերի ու խոսքերի տարափ, անվերջանալի դեպքերի շարան-շարան պատմություններ, ազգականների, Երուսաղեմի ու վերջին պատերազմի հետ կապված հետաքրքիր դրվագներ և այլ պատառիկներ իր ներքնաշխարհից, կամ էլ իր սիրած Օմար Խայամի բանաստեղծություններից մի խրատական քառյակ կլսես: Բայց եթե չձանձրանաս և ուշադրությամբ ունկնդրես, ապա գեղեցիկ մարգարիտներով ընդելուզված վկայություններ կգտնես` իր երեխայի պես անկեղծ ու զարմանալի հավատի հետ կապված: Ահա դրանցից մեկը. «Երբ քրոջս մոտ` հրավերով Ֆրանսիա էի գնացել, ճանապարհին գնացքի մեջ ամուսնական մի զույգի հանդիպեցի, որն ինձ սիրալիրորեն օգնեց, որ ձեռքի հեռախոսով կապվեմ քրոջս հետ, որ ինձ դիմավորի կայարանում: Ես էլ հարց ու փորձ արեցի իրենց կյանքի մասին ու իմացա, որ, արդեն տասը տարուց ավելի է, ամուսնացած են, բայց երեխա չեն կարողանում ունենալ: Քանի որ ես երբեք ամուսնացած չեմ եղել, չգիտեմ ինչու ամբողջ սրտով ուզեցի, որ այս ամուսինները երեխա ունենան ու գնացքի պատուհանից ձեռքերս դուրս հանեցի և մեր հայրերի դավանած Աստծուն աղոթք արեցի, իմ սիրելի սրբերի՝ մանավանդ սուրբ Հակոբի բարեխոսությունը խնդրեցի, որ այս զույգին զավակ տա: Եվ երբ տեղս նստեցի, անկախ ինձնից ասացի, որ եկող տարի մի տղա պիտի ունենան: Նրանք, չգիտեմ այդ պահին ինչպես ընդունեցին իմ ասածը, քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեցին իմ բարի ցանկության համար: Բաժանվելուց առաջ ես իմ երուսաղեմյան հասցեն թողեցի նրանց, որ ինձ անպայման տեղյակ պահեն: Անցավ տասն ամիս, և մի օր նամակ ստացա նրանցից, որտեղ անդադար շնորհակալություններով տեղեկացնում էին, որ տղա երեխա են ունեցել, անունն էլ Հակոբ են դրել։
Ահա այսպես է հավատարիմ Տերն Իր հավատարիմ խենթերի ձայնը լսում և պատասխանում:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ