Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԱՆՊԱՐԱՆ, ՔԱՆԶԻ ԱՌԱՆՑ ՊԱՐԱՆԻ ԷՐ ԿԱՆԹԵՂԸ ԿԱԽՎՈՒՄ

ԱՆՊԱՐԱՆ, ՔԱՆԶԻ ԱՌԱՆՑ ՊԱՐԱՆԻ ԷՐ ԿԱՆԹԵՂԸ ԿԱԽՎՈՒՄ
17.01.2012 | 00:00

Նշխարքի նման հոգեբույր այս ավանդությունը քաղվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հրատարակված «Բազմավեպի» 1915 թ. փետրվարի համարից, երբ արդեն եղեռնի գույժը պետք է լսեին Լուսավորչի զավակները, և աշխարհի դաժան մթությունը պետք է առժամանակ մարեր Լուսավորչի կանթեղը հայորդիների սրտերից, քանզի ժողովրդի արդարներն ու Քրիստոսին հավատարիմ մնացածները պետք է գնային այդ կանթեղը երկնքում Վառողի հավերժ Լույսերին միանալու և դառնալու մի-մի կանթեղ, մինչև կգա հավետ Արդարության Օրը։
«Ճգնավորը, ծնրադիր Ապարան լեռան սարավանդին, երկա՜ր, երկա՜ր աղոթեց, բայց երկնքից չկաթեց նրա սրտի մեջ ուրախության սփոփանքի գեթ մի շիթ։
Ներքևում, ժայռի կողքով մի թափոր էր շարժվում։ Դպիրները վառ ջահերը բռնած քայլում էին դանդաղաքայլ։ Ահա երևում է Գրիգոր Լուսավորչի լույս երեսը, ու վիմափոր մատուռից թափորը ուղղվեց Ապարանի սարն ի վեր։ Աղջամուղջի մեջ շարժվող հրդեհի էին նման ջահերի վառ բոցերը։ ՈՒխտավորները խուռներամ կանգնել էին և սպասում էին հրաշագործ հայրապետին։
Լսվում է «Հայրմերի» աղոթք-երգը. հավատացյալներն էին աղոթում։ Մթնած երկնակամարում լուսնի շողերի տակ գծագրվել էին սարերի երկնասլաց կատարները։ Սուրբ Գրիգորը մտամփոփ աղոթում է զոհարանի վրա կանգնեցված Խաչի առջև։ Դպիրների երգն անուշ հնչեղությամբ ուղեկցում էր սրբի աղոթքին։ Շուտով ջահերը մարեցին, ժողովուրդը, հայացքները դեպի երկինք սևեռած, սպասում էր արդեն սովորական դարձած հրաշքին։
Երգերը նույնպես մարեցին։ Մի պահ բազմամբոխի լռությունը մահասարսուռ վեհափառություն է ստանում։ Հայրապետը զմայլելի հափշտակությամբ բազկատարած՝ անշշուկ երկինք է նայում, և ահա ամպերի խոր երկնանդունդներից մի լույս է երկարում և ավազանի կենտրոնի վրա կանթեղի նման պլպլում է լույսն անպարան։ Այդ երկնալույս հրաշքի վրա ուխտավորները սկսում են հոգեզմայլ «Հայրմերը» երգելով` աղոթել. Աստծո Լույսը երկնքում դարձյալ հայտնվել էր, իսկ մի ճգնավոր, ինչպես միշտ, այդ գիշեր նույնպես զրկված էր այդ լույսից, քանի որ ինքն էլ էր ուզում Լուսավորչի նման սրբի համբավ ունենալ, սակայն իր միտքը խղճի հանդիմանությամբ կրկնում էր անընդհատ. «Աստված ամբարտավաններին հակառակ է...», և Լուսավորչի կանթեղը նրա հոգու մեջ այդպես էլ բնավ չպլպլաց։
Լուսավորիչը այնտեղ, լեռան բարձունքն ի վեր, աղոթքով Անմահի խորհրդավոր տաճար էր «կանգնեցրել», ուր անպայման երկնային կանթեղ էր կախվում, ու այդ վայրը այդ հրաշքից հետո սկսեց կոչվել Անպարան, քանզի առանց պարանի էր կանթեղը կախվում։
Աղոթում էր Լուսավորիչը, և այդ վայրը դառնում էր հրեշտակների բնակարան, և միայն արդարներն ու պարզ մանուկներն էին արժանանում տեսնելու Լուսավորչի վառվող կանթեղը։
Փոքրիկ հրեշտակները ձեռք ձեռքի տված, թրթռուն ու ոսկեթև, երկնքից կախված մի օղակ էին կազմում սուրբ Լուսավորչի գլխի վրա բռնելով։
Եվ ճգնավորը հուսահատ հարցրեց հայրապետին, թե ինչու ինքը երբեք չկարողացավ տեսնել այդ լույսը երկնահրաշ։ Եվ պատասխան առավ Լուսավորչի լուսատու լույս հոգուց. «Սնափառությունը, նախանձը, ատելությունը նենգության կրքեր են և դժոխային ստվեր, որ մութ վարագույր են քաշում աչքերի առջև։ Տերն անպարան կանթեղը ցույց է տալիս միայն այն արդարներին ու պարզ սրտերին, որոնց հոգին ավելի ճերմակ է, քան շուշանը հովիտների, որոնց հոգին ծանրացած չէ չարությամբ, այլ ավելի թեթև է, քան հրեշտակների դրախտաբույր շունչը»։
Ճգնավորը լռեց։ Նայեց ամպերին, աստղերից հեռու, շատ հեռուն երևաց, ու հասկացավ, որ ճգնություններն ապարդյուն էին մնացել, քանզի իր չմաքրված հոգու կրքերը հեռացրել էին նրան վեհագույնի բարձունքներից և դարձրել երկրաքարշ...»։
Քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6777

Մեկնաբանություններ