Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ԽՈՐ ՎԻՐԱՊԻՑ ԱՍՏԾՈ ՍՐԲԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ԽՈՐ ՎԻՐԱՊԻՑ ԱՍՏԾՈ ՍՐԲԵՐԸ
17.06.2011 | 00:00

Մարդիկ մի-մի հյուլե են տիեզերքի անսահմանության մեջ, իսկ մեր ապրած կյանքը ոչ լրիվ ակնթարթ` հավիտենականության անհունում։ Բայց զարմանալին էլ այդ է, որ նման արարածը կարողանում է իր հետևից երբեմն կյանքի այնպիսի հետագիծ թողնել, որ դարերի ամենակուլ փոշին անզոր է լինում այն ծածկելու, ու եկող սերունդները հիանում, ընդօրինակում և սովորում են նրանից, ու կարծես թե այդ մեկն անմահության հետ մի անտեսանելի կապ է ունեցել, որը նրան անդադար բարձրացնում է ժամանակների պղտոր ջրերի կատարին։
Եվ այդ երանելիները կոչվում են Աստծո սրբեր, որոնք աշխարհում բազմաթիվ են, ինչպես երկնքի աստղերը, և ինչպես դրանցից շատերն ենք տեսնում ու որոշ տեղեկություններ ունենք, այդպես էլ այն սրբերի վարքն է մեզ հայտնի, ում մասին հոգացել և գալիք սերունդներին են հասցրել Քրիստոսի եկեղեցին ու հին ազգերի պատմիչները։ Եվ ոչ միայն այսքանը, այլև առաքելահիմք եկեղեցու սուրբ հայրերը, քննելով այդ երանելիների կյանքն ու վարքը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունը դավանելու համար մինչև իսկ մահը հանձն առան, կոչվելով սրբեր, մարտիրոսներ կամ նահատակներ, նրանց մասին գրեցին հատուկ գրքեր, որոնք կոչվում են «Հայսմավուրք», «Ճառընտիր», «Հայրերի վարք» և այլն։
Իսկ նրանցից ամենաընտիրներին ու կատարյալներին կոչեցին եկեղեցու սրբեր ու կանոնակարգեցին ըստ եկեղեցու օրացույցի, որպեսզի նրանց խնկելի հիշատակը տոնվի ըստ պատշաճի, քանզի յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ առանց իր ընտիր սրբերի անսուրբ ու անարժեք է Աստծո առջև, ինչպես Եսայի մարգարեն է ասում. «Բոլոր հեթանոսները նման են դույլի մի կաթիլին, նույնն են, ինչ փոշեհատիկը կշեռքի վրա և կամ ինչպես բերանից ցայտող շիթը» (Եսայի 40.15)։
Իսկ հեթանոսները նրանք են, ովքեր դեռևս անհաղորդ են Աստծո սրբությանն ու արդարությանը։ ՈՒրեմն պատվի ու մեծարանքի են արժանի Աստծո սրբերը, որոնք հարատև բարեխոսում են և՛ իրենց ազգակիցների, և՛ խնդրողների համար։
Քրիստոսի Եկեղեցու մեծագույն սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի` Խոր վիրապից (14 տարի այնտեղ արգելափակվելուց հետո) դուրս գալու օրն է հիշատակվում վաղը` հունիսի 18-ին, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում։
Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` Գրիգոր Լուսավորիչը ծնվել է 240 թ., Վաղարշապատում, երբ նրա հայրը հյուրընկալվել էր Հայոց Խոսրով թագավորի մոտ։ Երբ նա ուխտադրժորեն սպանում է հայոց թագավորին, նրա ողջ գերդաստանը սրի է քաշվում, բացի մանուկ Գրիգորից, որը Սոֆյա անունով դայակի օգնությամբ փրկվում և տարվում է Կեսարիա։ Այստեղ նա, դաստիարակվելով քրիստոնեական միջավայրում և ստանալով հունական բարձր կրթություն, շուտով ամուսնանում է Մարիամ անունով մի բարեպաշտ օրիորդի հետ և ունենում երկու որդի՝ Վրթանեսին և Արիստակեսին։
Այնուհետև նա կնոջից, փոխադարձ համաձայնությամբ, բաժանվում է, իսկ վերջինս մտնում է կուսանոց։ Գրիգորը, զավակներին հանձնելով վստահելի անձանց խնամքին, մտնում է Խոսրովի որդի Տրդատի մոտ ծառայության, որը Կեսարիայով անցնում էր Հայաստան, հռոմեական բանակի միջոցով իր հոր գահին վերահաստատվելու։
Գրիգորի բարձր ընդունակությունների համար Տրդատը շուտով նրան նշանակում է արքունի դիվանապետ։
Պարսից զորքերի դեմ հաղթանակից հետո բոլորը գնում են հայոց կռապաշտական կենտրոններից մեկում` Երիզա ավանում գտնվող Անահիտ կուռքի ոսկե արձանին երկրպագելու և զոհաբերություններ մատուցելու։ Թագավորը հրամայում է Գրիգորին նույնպես դալար ճյուղերի պսակ դնել արձանի առջև։ Երբ մերժում է նրա հրամանը, բոլորը հասկանում են, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչի պատճառով նա դատապարտվում է 12 տեսակի անմարդկային կտտանքների։ Քրիստոսի զորությամբ այդ բոլորին դիմանալով, նա թագավորի հրամանով նետվում է մահվան գուբը` Խոր վիրապ, որը գտնվում էր Արտաշատում։ Այնտեղ նա Աստծո նախախնամությամբ կենդանի է մնում շուրջ 14 տարի, քրիստոնյա մի կնոջ օգնությամբ, որը օրական մի նկանակ (հաց) էր նետում այդ գուբը։
Իսկ Տրդատը, մինչ այդ Հռիփսիմյանց կույսերին հալածելուց ու սպանելուց հետո դիվահարվելով, խոզի կերպարանքով եղեգնուտներում էր բնակվում։
Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորն առաջին հերթին թաղում է երանելի սրբուհիների անթաղ մարմինները, որից հետո հնգօրյա ծոմապահություն է սահմանում և աղոթքով բժշկում բոլոր հիվանդներին ու դիվահարներին, այդ թվում` Տրդատ թագավորին։
Եվ դա հանդիսացավ հայ ժողովրդի պատմության համար շրջադարձային կետ, քանզի դրանից հետո մեր ազգը, Տրդատ թագավորի հրամանով, Գրիգոր Լուսավորչի օգնությամբ 301 թ. աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես հավատքի դավանանք։
Այնուհետև Կեսարիայում ձեռնադրվելով, Գրիգորը Եփրատ գետում, թագավորի և Աշխեն թագուհու հետ, մկրտում է բազում հայորդիների։ Այդ մկրտության ընթացքում երկնքում մի լուսեղեն Խաչ է երևում և կանգնում մկրտվողների գլխավերևում այնքան ժամանակ, մինչև ավարտվում է սուրբ արարողությունը։
Գրիգոր Լուսավորիչը մի սքանչելի տեսիլքից հետո տեսնում է Աստծո Միածնի իջնելը Վաղարշապատում, որը ոսկե մուրճով հարվածում է գետնին և հրամայում այդ տեղում կառուցել Մայր տաճարը։ 304-ին նա Տրդատ թագավորի աջակցությամբ սկսում է տաճարի կառուցումն ու նահատակ կույսերի վկայարանները, որոնք հետո դառնում են ապագա եկեղեցիների հիմքերը։
Ամեն բան կարգի բերելուց հետո Գրիգոր Լուսավորիչը որոշում է առանձնանալ, և ոչ ոք լուր չունեցավ նրա մահվան մասին, մինչև 326 թ. հովիվները գտնում են նրա մարմինը և տեղափոխում Թորդան ավանը։
Գրիգոր Լուսավորչի խնկելի հիշատակը մեր եկեղեցին տոնում է տարեկան երեք անգամ. առաջին՝ «Չարչարանաց մուտն ի վիրապ», Մեծ Պահոցի Զ. կիրակիի նախընթաց շաբաթը, երկրորդ՝ «Ելն ի վիրապեն», Ս. Էջմիածնի տոնակատարության նախորդ շաբաթը, և երրորդ՝ «Գյուտ նշխարաց»` հոգեգալստյան Դ. կիրակիի նախորդ շաբաթ օրը։
Ավարտենք մեր սուրբ հայրապետի հիշատակությունն իր իսկ աղոթքով, երբ մեկը որոգայթի մեջ է ընկնում.
«Օրհնյալ է Քո մարդասիրությունը, Տե՛ր իմ և Փրկի՛չ իմ Հիսուս Քրիստոս։ Ինչո՞ւ ես լքում ինձ։ Դո՛ւ ես միայն առանց մեղքի, և Քո անունն անոխակալություն ու մարդասիրություն է ցույց տալիս։ Գթա՜ ինձ, քանզի միայն Դո՛ւ ես մարդասեր։
Փրկի՜ր ինձ՝ մեղքերի մեջ ընկածիս, քանզի Դո՛ւ ես առանց մեղքի։ Հանի՜ր ինձ իմ անօրենությունների տիղմից, քանզի ընկղմվեցի հավիտյանս հավիտենից։ Փրկի՜ր ինձ իմ թշնամիներից, քանզի ահա՛ առյուծի պես գոչում են և մռնչում՝ կամենալով կլանել ինձ։ Արդ, Տե՛ր իմ, արձակիր Քո շանթերը և կործանիր նրանց զորությունները, թող երկնչեն և խավարեն Քո երեսից, քանզի անկար են և չունեն զորություն Քո և Քեզ սիրողների առջև կանգնելու։ Տեսնում են Քո Խաչի նշանի զորությունը, Տե՛ր, և զարհուրում և ամաչելով հեռու փախչում նրանցից, ովքեր աղոթում են Քեզ։ Այժմ, Տե՛ր, պահպանի՛ր ու փրկի՛ր ինձ, քանզի Քեզ ապավինեցի, նեղությունից ազատիր իմ անձը, որպեսզի իսպառ կորստյան չմատնի ինձ նենգավորը, որ ծածուկ հնարներով մարտնչում է իմ դեմ. ամեն»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ


Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ