Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԱՄԵՆԱՇԱՏԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ
01.02.2011 | 00:00

«Սուիցիդ»-ը «ինքնասպանություն» բառի միջազգային ընդունված տերմինն է։
Ազգապահպան խնդիրների մասին մտորումներից այսօր կյանքի նման խիստ անհրաժեշտ է դարձել ինքնակամ մահվան՝ ինքնասպանության մասին գրել, քանի որ այն վերջին ժամանակների հոգևոր ժանտախտն է դարձել, քանի որ, ըստ մեր ունեցած տվյալների, ամեն տարի աշխարհում ինքնասպանություն է գործում մոտ 1,1-1,2 միլիոն մարդ, իսկ 19000000-ը դրա փորձն են կատարում։ Վերոհիշյալ ինքնասպանների ահռելի մասը, իհարկե, Չինաստանում է՝ 350000, հետո Հնդկաստանում՝ 110000, ապա հաջորդաբար Ռուսաստանում՝ 55000, Ամերիկայում՝ 31000, Ճապոնիայում՝ 30000, ՈՒկրաինայում՝ 12000, Ֆրանսիայում՝ 10000 և այլն։
Առանձին պետությունների յուրաքանչյուր 100000 բնակչի թվով ինքնասպանների թվի համեմատական պատկերը (2007 թ. տվյալներով) հետևյալն է. ամենամեծ թիվը, չգիտես ինչու, ունի Լատվիան՝ 42,5 մարդ, հետո Լիտվան՝ 42,1, Էստոնիան՝ 38,2, Հունգարիան՝ 35,9, Բելառուսը` 35,1, հետո գալիս են Ռուսաստանը՝ 32,2, Ղազախստանը՝ 25,9, Սլովենիան՝ 26,6, Ճապոնիան՝ 24,0, Կորեան՝ 23,8, ՈՒկրաինան՝ 22,6, Ավստրիան՝ 16,9 և այլն։
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով` 100000 բնակչին ընկնող ինքնասպանների ամենացածր թիվը (այսինքն` տասը մարդուց պակաս) ունեն Հունաստանը, Իտալիան, Գվատեմալան, Ֆիլիպինները (0,5 մարդ), հետո Ալբանիան (1,2 մարդ), իսկ դրանից առավել ցածր ցուցանիշներ ունեն Եգիպտոսն ու Սիրիան՝ 0,3 մարդ։ Իսկ կովկասյան հանրապետություններից` Հայաստանը՝ 1,8, Վրաստանը՝ 2,2, Ադրբեջանը՝ 1,1 մարդ։
Վիճակագրությամբ հաշվել են նաև, որ ինքնասպանության 80 տեսակ կա, բայց մեծամասնությունը գերադասում է այդ քայլին գնալ կախվելու, հրազենի, թունավորման միջոցով ու բարձր տեղերից իրենց ցած նետելով։ Ամենահազվադեպն ու տանջալին ինքնահրկիզումն է, որը մեծ մասամբ որպես ծայրահեղ բողոքի նշան է լինում։ Ինքնասպանների թիվն ամենաշատը լինում է գարնան ամիսներին, իսկ օրվա ժամանակահատվածի հարցում՝ մինչև կեսօր՝ 32%, կեսօրից մինչ երեկո՝ 44 %, գիշերը՝ 24 %։
Նաև կա, այսպես կոչված, ինքնասպանության պատճառների վիճակագրություն, ըստ որի` 41% անհայտ պատճառներով, 19 %` սպասվող պատժի վախից, 18 %` հոգեկան խանգարումներից, 18 %` տնային-ընտանեկան վշտերից, 6 %` ցանկասիրական մղումներից, 3 %` դրամային կորուստներից, 1,5 %` կյանքի գերհագեցությունից, 1,2 %` ֆիզիկական ցավերին չդիմանալու պատճառով։ Իսկ ընդհանրապես դրանց գերակշռող մասի պատճառը սթրեսային վիճակներում հայտնվելն է, երբ մարդն իրեն հաշիվ չի տալիս իր կատարածի հետևանքների մասին, և նրա համար միևնույն է հարազատների վիշտը։ Իսկ հոգուն անդրաշխարհում սպասվող տառապանքների մասին էլ չեմ ասում, քանի որ ինքնասպանության քայլին մեծ մասամբ դիմում են հոգու հավիտենականությունը, դժոխքի ու դրախտի գոյությունը մերժող անհավատ կամ թերահավատ մարդիկ։
Ըստ մասնագիտությունների, ամենաշատը ինքնասպան են լինում երաժիշտները (1-10 բալային սանդղակով)՝ 8,2, ապա, չգիտես ինչու, ատամնաբույժները՝ 8,2, հետո ֆինանսիստները՝ 7,2, հոգեբանները՝ 7,2, ամենավերջում են գրադարանավարները՝ 3,2, և վաճառողները՝ 2,1 բալ։ Նաև ուշագրավ փաստ է, որ զորացրված սպաներն ամենաշատն ու ամենաշուտն են ինքնասպանությամբ հեռանում այս կյանքից, երբ ավարտվում է նրանց ծառայության ժամկետը։ Նաև կան վիճակագրական տվյալներ, որ քրոնիկ գինեմոլներն ամենամեծ թիվն են կազմում բոլոր ռիսկային խմբերում, ընդ որում, հարբած վիճակում այդպիսիների մահը չի դիտվում որպես ինքնասպանություն։ Իսկ դրանցից հետո գալիս են թմրամոլները։
Նաև փաստագրված է, որ ընտանիք ունեցող ինքնասպանների թիվը շատ ավելի քիչ է, քան ամուրիներինն ու ամուսնալուծվածներինը։
Իսկ կրոնական ուղղությունների գծով ամենաշատը քրիստոնեական երկրներում են ինքնասպանություն գործում, ամենաքիչը` մահմեդական։ Ասենք նաև, որ բոլոր ինքնասպանների մեջ տղամարդիկ բոլոր երկրներում ու կրոններում գերակշռում են չորս անգամ, բացի Տաջիկստանից, որտեղ համարյա հավասար է կանանց ու տղամարդկանց քանակը։ Դա միգուցե նշանակում է, որ կանանց հանդեպ այդ երկրում «անխնա» են վարվում, իսկ մյուս երկրներում ընդհակառակը՝ կանայք «ճնշում» են տղամարդկանց, քանի որ այդ երկրներում հավասար իրավունքներ են վերապահված նրանց։
Բոլոր երկրներում քսանից մինչև երեսուն տարեկան ինքնասպան կանայք գերակշռող մասն են կազմում, իսկ այդ նույն տարիքային խմբում տղամարդիկ Ռուսաստանում և Հունգարիայում թվով ավելի շատ են։ Իսկ արդեն ծերացած ու մեծահասակ մարդկանց շրջանում ամենացածր ցուցանիշն ունի Ամերիկան, հետո Գերմանիան, իսկ ամենաբարձր ցուցանիշը դարձյալ Հունգարիայում է։
Մեր ունեցած ամենավերջին տվյալներով` 2010 թ. առաջին վեց ամիսներին Հայաստանում ինքնասպանությամբ են ավարտել իրենց կյանքը 317 հոգի, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25 տոկոսով ավելի է։ Իսկ տարիքային առումով ինքնասպանների «հասակը» նույնպես բարձրացել է, այսինքն` եթե մեկ տարի առաջ 30-65 տարեկանների շրջանում կազմում էր 84 մարդ, ապա անցյալ տարի եղել է 64 մարդ։ Իսկ ընդհանրապես, ըստ աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալների, մինչև 25 տարեկան ինքնասպանների տարիքը գերակշռում է դրանից հետո մնացած տարիները (բացի Հունգարիայից, որտեղ 70-80 տարեկաններն ամենաշատն են ինքնասպանությամբ հեռանում այս կյանքից)։ Դարձյալ, ըստ ունեցած տվյալների, մինչև թոշակի գնացած ինքնասպանների 46 տոկոսը եղել է գործազուրկ։ Այսինքն` տարիքային այս ժամանակահատվածում նյութական-սոցիալական փաստը գերակա դեր է ունեցել։
Իսկ թե ինչու են մինչև 25 տարեկան երիտասարդ պատանիներն ու երիտասարդները որոշում հեռանալ այս աշխարհից նման ձևով, անհրաժեշտ է անպայման քննարկել, որովհետև վերջին ժամանակներս այդ հոգևոր, դիվական ախտը գերում է շատ ավելի թվով երիտասարդների (ըստ վիճակագրության` մոտ երեք անգամ ավելացել են երիտասարդների ինքնասպանության դեպքերը), որոնք առանց լուրջ պատճառի, ներքին դատարկության պատճառով անմտաբար իրենց վրա ձեռք են բարձրացնում, զրկելով իրենց Աստծո ամենամեծ նվերից՝ կյանքից։ Այդ վարակը, դժբախտաբար, արդեն տարածվել է նաև Հայաստանում, և մի քանի երիտասարդ, կասեի` պատանիներ ու աղջիկներ, իրենց սպանել են առանց լուրջ պատճառների։ Որպես հետաքրքրասեր պատանիներ, որոնք դեռ նոր են այս կյանքի շեմով ներս մտել, բնականորեն, ուսումնասիրում են աշխարհը և նրանում եղածը։ Մերձակա ծանոթություններն ու կապերը քիչ համարելով, պատանեկան անհագ հետաքրքրասիրությունը բավարարելու համար նրանք առավել լայն շրջան են փնտրում, որը կարող է իրականանալ կամ այլ երկրներ շրջագայելով, ինչը բոլորին չէ, որ կարող է հաջողվել, կամ էլ տանը նստած ու վիրտուալ, այսինքն` ինտերնետային կայքերի միջոցով։ Ինչպես շատ հիվանդություններ են տարածվում միմյանց հետ շփվելիս, այդպես էլ գոյություն ունի ինտերնետային համակարգչային վիրուս, որը տարածվում է ամբողջ աշխարհում։
Բայց քչերն են խորհում, որ այդ ամենին զուգահեռ մարդկանց սրտերում և մտքերում տարածվում է համացանցային համակարգի ողջ այլասերված, նաև կասեի, դիվական տեղեկատվական վարակը, որն արդեն համաշխարհային մասշտաբի համաճարակի է վերածվել, որը կարող ենք անվանել ոգեղեն վիրուս, քանի որ դրա միջոցով միլիոնավոր պատանիներ ու աղջիկներ են վարակվում ու շուտով նաև դրա հետևանքը կրում։ Մեկ օրինակ բերենք դրանցից. խոսքը այս դարի «էմոներ» կոչվող երիտասարդական շարժման մասին է, որը մեծ մասամբ տարածվում է համացանցի միջոցով։ Անցած տարվա կեսերին միջին ունևորությամբ և բարեկիրթ ընտանիքի միակ արու զավակի ինքնասպանությունից առաջ թողած վերջին գրությունը սա էր. «Ես չէի ուզում, դո՛ւք ստիպեցիք»։ Իսկ նրա ինտերնետային կայքի անձնական էլեկտրոնային փոստի հաղորդագրություններում դատաքննիչները գտան անհայտ հասցեից ուղարկված հետևյալ գրառումը. «Դու պրծի՛ր, որովհետև քեզնից հետո դեռ էլի շատ մարդիկ կան. հերթագրվածները շատ են»։ Եվ նման վարակախտով մեր հանրապետությունում արդեն շատ պատանիներ ու աղջիկներ են վարակված։ Ժամանակն է նման վարակի հակավիրուսը փնտրելու, այլապես դեռ շատ դժբախտությունների ու մեծ վշտերի մասին ենք լսելու։
Դրա պատճառներից մեկը, ըստ իս, երիտասարդների հոգևոր ներաշխարհի դատարկության պատճառն է, կամ էլ ընդհակառակը՝ աշխարհի մահաբեր վարակաղբով գերհագեցության պատճառը, հեռուստատեսային ու ամենուր ազատ վաճառվող զանազան ֆիլմասկավառակներից տարածվող հոգևոր վարակախտը, որտեղ այլասերված ու պղծող ազատ սեքսից, դրան ուղեկցող «նարկոկայֆերից», բռնություններից, վախ ու սարսափ ներշնչող տեսարաններից ու գաղափարներից բացի, ուրիշ ոչ մի բարի բան չկա, որ երիտասարդը տեսնի ու ընդօրինակի։
Իսկ նախկինում դրանց աղբյուրն այս աշխարհի երևելիների անաստված ու թունավոր գաղափարներն են եղել, որոնցից վարակվելով խեղճ մարդկությունն անմտաբար հետևում է նրանց օրինակին։ Անցյալ դարի առաջին «ծիծեռնակներից» դարձան հիպիները՝ երիտասարդներ, որոնք, տրվելով ժամանակավոր հաճույքներին, փախչում էին իրենց ընտանիքներից ու տարօրինակ և ճմռթված հագուստներով, երկար մազերով, ծույլ-ծույլ նստոտում էին փողոցներում կամ այլ լքված շինություններում հավաքվում, գովերգելով մարիխուանան, հաշիշն ու ազատ սեքսը՝ ագահ անսանձությամբ ընկղմվելով դրանց մահաբեր գիրկը։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ