Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԲՈԼՈՐԸ ԿՃԱՆԱՉԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՎՎԻՆ, ԵՎ ՀՈՎԻՎԸ ԿՃԱՆԱՉԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՆԻՔԸ

ԲՈԼՈՐԸ ԿՃԱՆԱՉԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՎՎԻՆ, ԵՎ ՀՈՎԻՎԸ ԿՃԱՆԱՉԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՆԻՔԸ
20.12.2011 | 00:00

(սկիզբը` թիվ-81-ում)

ՀՐԵՇՏԱԿԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մի օր երանելի Մակարիոսը քայլում էր անապատով, և Հրեշտակն է հայտնվում նրան, վանականի հագուստով՝ մի շատ գեղեցիկ պատանու տեսքով։ Հասնելով Մակարիոսին, ասում է նրան. «Օրհնիր ինձ, հայր սուրբ»։ Նա, տեսնելով գեղեցիկ պատանուն ու զարմանալով նրա գեղեցկության վրա, մտորում է ինքն իրեն, որ երկրի վրա երբեք չի հանդիպել նման գեղեցիկ դեմք։ ՈՒ դիմում է նրան. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծով, ասա՛ ինձ, ո՞վ ես դու և որտեղից»։ Հրեշտակն ասաց.
«Ես Աստծո հրեշտակն եմ, Ամենակալ Աստծո ծառան, և Տիրոջ կողմից ուղարկվել եմ քեզ մոտ հայտնելու Նրա գաղտնիքները, որոնց մասին դու հարցրել ես. ի՞նչ ես ուզում, որ քեզ ասեմ»։
Երբ Մակարիոսը լսեց այդ մասին, գետնին ընկավ ու գոհացավ Աստծուց, ու իր վրա Խաչի նշանը դնելով, ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ ինձ նման անարժան ծառային լսեցիր ու չանտեսեցիր իմ աղոթքները և հրեշտակդ ուղարկեցիր, որ փոխանցի Քո գաղտնիքները, որոնց մասին ես խնդրեցի քեզ իմ աղոթքներում»։
Ապա Մակարիոսը խոնարհվեց ու հարցրեց. «Ասա ինձ, սուրբ հրեշտակ, նրանք, ովքեր մահացել են և գտնվում են այն աշխարհում, ճանաչո՞ւմ են արդյոք միմյանց»։
Պատասխանեց նրան հրեշտակը. «Այո՛, հայր, ինչպես այս աշխարհում, մարդիկ երեկոյան պառկում են քնելու, առավոտյան վեր կենալով ճանաչում են միմյանց ու ողջունում իրար, այդպես էլ այնտեղ արդարների ու մեղավորների հոգիները ճանաչում են միմյանց, ու ոչ միայն բարեկամներին ու ծանոթներին, այլև նրանց, որոնց ոչ մի անգամ չեն տեսել ու չեն ճանաչել, Աստծո հայտնությամբ պետք է իմանան, թե ովքեր են»։
«Ասա ինձ, սուրբ հրեշտակ, երբ հոգին բաժանվում է մարմնից, ի՞նչ է պատահում նրան, և ինչո՞ւ են ննջեցյալներին հոգեհանգստի արարողությամբ հիշատակում»։
«Լսի՛ր, հայր, յուրաքանչյուր հոգի մարմնից բաժանվելուց հետո ուղեկցվում է հրեշտակների կողմից դեպի երկինք, Ամենակալ Աստծո Գահի առջև երկրպագելու, և երկրից երկինք սանդուղք կա, որ տեսավ հայր Հակոբը։ Այդ սանդուղքով բարձրանում է ամեն հոգի, և դրա վրա աստիճանակարգված են երկնային մեղսակայաններով, որտեղ դևերի գնդերը հրեշտակների իմացությամբ դիմավորում են և մեջտեղ հանում այդ հոգու մեղքերի գիրն ու ներկայացնում այդ հոգուն և հրեշտակներին և ասում. «Ահա այս հոգին այսինչ մեղքը, այսինչ տարվա այսինչ օրը, այսինչ ժամին կատարել է այս-այս մեղքերը, ու հերթով թվարկում են բոլորը, բացահայտելով ամեն մի գաղտնիություն, և ում հետ է այն կատարվել, կամ ինչպես են փորձել թաքցնել հանցանքի հետքերը. յոթ տարեկանից մինչև ի մահ հաշիվ է տրվելու»։
Իրենց հերթին էլ Աստծո հրեշտակները ներկայացնում են այդ հոգու կատարած բարի գործերի գրառումները, որ պահապան հրեշտակի կողմից են արվել, նրա մկրտությունից մինչև ի մահ։ Որտեղ նույնպես գրանցվել են թե դրանք, երբ, որտեղ և ում հանդեպ, ինչպես և որտեղ է աղոթել, քանի անգամ է երկրպագել Աստծուն, ինչպես է պահք պահել, երբ է խոստովանել և ինչպես, կամ քանի անգամ է իր կատարած մեղքերի համար լաց եղել. քանզի ամեն մի զղջման արցունքի կաթիլ իր գինն ունի։ Նաև երբ, որտեղ և ում է ողորմություն տվել, օտարին հյուրընկալել, ծարավին ջուր տվել, քաղցածին կերակրել, հիվանդին օգնել, և նույնիսկ գրառվում է, թե քանի անգամ է դառը հոգոց հանել անօրենություններ տեսնելով։ Հոգիների համար ամենամեծ արգելքը դեպի երկինք մարմնավոր ցանկասիրություններն են, ու եզակի հոգիներ են անարգել անցնում այդ մեղսակայանով։ Դրանից հետո ամենաահավորը պոռնկության ու շնության մեղսակայաններն են, որոնք ամենատարածվածն են երկրում։ Այդ մեղքի մեջ մարդկանց գցելու համար ուղարկվում են ամենակատաղի ու նենգավոր դևերը, որոնք աշխարհի սկզբից ի վեր մեծ փորձառություն ունեն այդ գործում։ Նրանք գիշեր-ցերեկ հետապնդում են հոգիներին, որպեսզի նրանց գցեն այդ մեղքի մեջ, որպեսզի մկրտությունից հետո սրբության ու արդարության նրա հանդերձներից զրկեն, դրանով իսկ Սուրբ Հոգու շնորհներից, ու դրանից հետո այդ հոգին գտնվում է մերկ վիճակում ու այլևս չի կարողանում պաշտպանվել սատանայի հարձակումներից։ Եվ, ի վերջո, ձգտելով նրան, որ այդ հոգիները եկեղեցու պսակը քանդեն, դևերն այդ ամուսինների միջև այնպիսի հնարքներ են բանեցնում, որ նրանք սիրեկաններ են պահում, միաժամանակ աջակցելով, որ այդ արտամուսնական կապերը լինեն հաճելի ու հաջողակ, ու այնպես կապվեն միմյանց հետ, որ չկարողանան այլևս բաժանվել, քաղցրացնելով նրանց սեռական հարաբերությունները մտացածին երազանքներով։ Եվ այդ խեղճ հոգիները չեն հասկանում, որ այդ ժամանակ դևերը ծիծաղում ու ծաղրում են նրանց, երկու շների նման միմյանց հետ կապելով, ինչպես որ շների տերերն են իրենց շներին միմյանց մոտ տանում զուգավորվելու և իրենց ուզած տեսակը ունենալու համար։ Այդ պատճառով էլ մարդիկ այդքան արտամուսնական երեխաներ են ունենում, ինչն էլ շատ ընտանիքների գաղտնի քայքայման ու դժբախտության հիմքն է հանդիսանում։ Անտեղյակ ու թույլ հոգիներն են, որ չհասկանալով սատանայի խորամանկությունները, ընկնում են այս ցանցը։ Երբ հոգին մարմնից զատվելուց հետո հասնում է այն մեղսակայանը, որտեղ բացահայտվում են իր բոլոր դավաճանություններն ու գաղտնի պոռնկությունները, սարսափում և դողում է դևերի ահավորությունից, որոնք ատամները կրճտացնելով, բռնում և դժոխք են տանում իրենց հետ, եթե ոչ մի կերպ չի ազատվում նրանցից։
Իսկ եթե այդ հոգին իր բարի գործերով, այդ և մնացած մեղքերի խոստովանությամբ կարողանում է ազատվել մեղսակայաններից, ապա նրան հրեշտակները տանում են երանության օթևանները, Աստծո Գահի առջև երկրպագելու։ Իսկ նրանց վառվող ջահերով հրեշտակներն ու սրբերն են դիմավորում, և լինում է փրկված հոգիների համար անասելի ուրախություն ու խնդություն։
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են հոգեհանգստի արարողությամբ հիշում ննջեցյալին, պատասխանեմ քեզ։ Երրորդ օրը հոգին հրեշտակների կողմից տարվում է Աստծո Գահի առջև երկրպագելու, այդ պատճառով երկրային Եկեղեցուց օգնություն է անհրաժեշտ, որ հաստատեց Աստծո Գառն Իր Արյունով։ Գառան Արյունը, որ թափվեց երկրի վրա, անսահման զորություն ունի ու յուրաքանչյուր հոգու համար մեծ օգնություն է երկնքում»։
Լսելով հրեշտակին, Մակարիոսը մրմնջաց. «Ավելի լավ է մեղավոր մարդուն չծնվել»։
«Բայց, հայր,- ասաց հրեշտակը,- դու գիտես, որ մարդն ազատ է իր փրկության հարցում, ու այն կարող է ձեռք բերել, եթե ինքը կամենա։ Երանելի է այն մարդը, որ դիմակայում և բարիով հաղթում է չարին։ Քանի դեռ կան կյանքն ու մահը, պայքարն անհրաժեշտ է»։
Եվ դարձյալ հարցրեց երանելի Մակարիոսը. «Ովքե՞ր են աղոթքի ժամանակ ամենամոտը կանգնած հոգուն երկնային բնակիչներից»։
Պատասխանեց հրեշտակը. «Ամենամոտը մարդուն կանգնած է պահապան հրեշտակը։ Նա միշտ այդ մարդու հետ է, պահպանելով տեսանելի և անտեսանելի վտանգներից, օգնելով բարի մտքերն իրականացնել և փառաբանելու Աստծուն, և մեծարելու սուրբ Աստվածածնին, որը երկնայիններից ամենամեծ բարեխոսն ու օգնականն է մարդկանց սերնդի համար, աղաչելով իր Որդուն ազատել գալիք փորձություններից ու աղետներից»։
Երանելի Մակարիոսը նորից հարցրեց հրեշտակին. «Ո՞ր մեղքն է ամենածանրն ու ամենամեծը բոլոր մեղքերից»։
Պատասխանեց հրեշտակը, ասելով. «Ամենամեծ մեղքը հպարտությունն է, ու նրա անբաժան ուղեկիցները՝ փառասիրությունն ու հիշաչարությունը։ Մարդը տարվելով հպարտության մեղքով, իրեն դասում է բոլորից վեր, ու երբ վիրավորում են իրեն, երբեք չի ներում, այդ պատճառով Երկնավոր Հայրը հպարտներին չի ընդունում և չի ներում, այլ տարտարոսն է նետում այդպիսիներին։
Տարտարոս նշանակում է դժոխք, որտեղ նա միշտ սասանվում, տատանվում է ու ընկնում, բարձրանում, նորից է հավասարակշռությունը կորցրած ընկնում, ոչ մի տեղից չկարողանալով բռնել. և այդպես անվերջ։ Այդ տեղն են գցվում նաև աստվածհայհոյողները, հերետիկոսները, կռապաշտները, քահանայող հոգիները, որոնք շնացել, ապա եկեղեցական արարողություն են կատարել, վանականներն ու միանձնուհիները, որոնք ապականել են իրենց կուսակրոնության ուխտը և անառակացել»։
Դարձյալ հարցրեց Մակարիոսը հրեշտակին. «Ասա ինձ, հրեշտակ Աստծո, ի՞նչ պատիժներ են սպասում նրանց, որոնք չեն պատվում կիրակիները»։
Եվ պատասխանեց հրեշտակն ու ասաց. «Վա՜յ այդպիսիներին, որ չեն պատվում կիրակիներն ու առաքյալների կողմից հաստատված եկեղեցական տոները։ Նման մարդը չի կարող տեսնել Աստծո փառքը երկնքում»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ.- Վա՜յ նաև մեզ, մեղավորներիս, որ հրապուրվելով աշխարհի փուչ ունայնություններով, ապականում ենք Տիրոջ սուրբ կիրակիները ու փոխում ենք մեր հավիտենական փրկությունը ժամանակավոր անցողիկ ու մեղսալից զվարճություններով։

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ