ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԹՈՒՐԻՆՅԱՆ ԿՏԱՎԸ ԻԲՐԵՎ ՓՐԿՉԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑ

ԹՈՒՐԻՆՅԱՆ ԿՏԱՎԸ ԻԲՐԵՎ ՓՐԿՉԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑ
12.03.2010 | 00:00

Շարունակելով նախորդ հոդվածում արծարծված թեման` այսօր, սակայն, խոսելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ամենազարմանահրաշ նյութական ապացույցի` թուրինյան կտավի մասին, որն արդի անհավատ աշխարհի համար մի իսկական ու սքանչելի հայտնություն եղավ` հաստատելով ավետարանական սրբազան պատմությունների իսկությունը և շատ ու շատ մարդկանց ներշնչելով սրբազան երկյուղ և խոր ու մեծ հավատ:
1898 թ. Փարիզում բացվել էր հոգևոր արվեստի միջազգային ցուցահանդես: Ցուցանմուշների մեջ էր նաև իտալական Թուրին քաղաքի ս. Հովհաննես Մկրտչի տաճարում պահվող կտավը` պատանքը: Այս կտավի վրա խորհրդավոր ու անբացատրելի ձևով պատկերված է Հիսուս Քրիստոսը խաչելությունից հետո: Խաղաղության ու ոչ երկրային վեհության և ազնվության դիմագծեր ունի Խաչվածը` խոր տառապանքի հետքերով հանդերձ: Ճակատի վրա նկատելի են արյան շիթերը, ձեռքերի և ոտքերի վրա մեխերով ծակված վերքեր կան, ողջ մարմինը ծածկված է գանակոծումից առաջացած կապտուկներով և վերքերով:
Ցուցահանդեսում իբրև հին քրիստոնյա նկարիչների վատ պահպանված ստեղծագործություն ներկայացված այս նկարի առեղծվածը, սակայն, անսպասելիորեն բացահայտվեց: Մայիսի 28-ին հնագետ և լուսանկարիչ Սեկոնդո Պիան առաջին անգամ լուսանկարեց պատանքը և երեկոյան երևակիչի մեջ դրեց: Նա զարմանքից քարացավ. ապակյա ժխտանկարի` նեգատիվի վրա պարզ և հստակ երևաց Քրիստոսի լուսանկարչական պոզիտիվ պատկերը: Նա սրբազան երկյուղի մեջ անցկացրեց գիշերը և հասկացավ, որ պատկերն անձեռակերտ է, որ հին աշխարհի ոչ մի նկարիչ, նեգատիվի մասին ոչ մի պատկերացում չունենալով, ի զորու չէր նմանօրինակ բան նկարելու, այսինքն` անտեսանելի նեգատիվ ստեղծելու: Հետագայում Սեկոնդո Պիան այս մասին կգրի. «Քրիստոսի սուրբ պատանքն ինչ-որ անճառելի կերպով իրենից ներկայացնում է լուսանկարչական հստակ ժխտանկար` նեգատիվ, այն էլ` մեծ հոգևոր բովանդակությամբ հանդերձ: Այս սուրբ կտավի` այս զարմանահրաշ մարդու հասակի չափով նեգատիվի տարիքը անհամեմատ գերազանցում է 1000 տարվա սահմանագիծը: Բայց չէ՞ որ մեր նորագյուտ լուսանկարչությունն ընդամենը 69 տարեկան է… Այստեղ` Տիրոջ գերեզմանի այս դարչնագույն հետքերում, անթեղված է անբացատրելի մի հրաշք»:
Այդ օրվանից ի վեր սկսվեց սուրբ կտավի հետազոտության նոր` գիտական փուլը` աշխարհի չորս ծագերից եկած ամենատարբեր մասնագիտությունների գիտնականների մասնակցությամբ: Ֆիզիկոսները, քիմիկոսները, արվեստագետները, պատմաբանները, բժիշկները, քրեագետները և դատաբժշկության փորձագետները, բուսաբանները և այլք լծվեցին բացահայտելու այս առեղծվածը, որի արդյունքում գրեթե բոլորը, բառիս իսկական իմաստով, քրիստոնյա դարձան: Սակայն մինչ նրանց հետազոտությունների հոգեշահ արդյունքներին անցնելը, ձեր ուշադրությանը կներկայացնենք սրբազան ավանդության վկայություններն այս մասին:
Բոլոր չորս Ավետարաններն էլ, խոսելով Փրկչի թաղման մասին, վկայում են, որ Հովսեփ անունով մի արիմաթացի մեծահարուստ Պիղատոսից խնդրում է Աստծո Որդու մարմինը և, նոր գնված մաքուր կտավով պատելով Նրան, դնում է ժայռափոր գերեզմանի մեջ և մեծ քարով, իբրև կափարիչ, փակում մուտքը:
Հարությունից հետո, երրորդ օրը, մտնելով գերեզման` առաքյալները միայն այդ կտավները տեսան` Փրկչի հարության վկային, որով, ըստ հրեական սովորության, պատում էին հանգուցյալին: Այս կտավը սրբություն դարձավ առաքյալների համար և երկար ժամանակ պահվում էր Պետրոս առաքյալի մոտ, ապա փոխանցվում աշակերտից աշակերտ: Այս մասին, ի դեպ, վկայել է Վրաստանի լուսավորիչ սուրբ կույս Նունեն: ՈՒշագրավ է, որ Տեառնեղբայր Հակոբոս առաքյալի կազմած պատարագամատույցում ասվում է. «Պետրոսն ու Հովհաննեսը միասին փութացին գերեզման և կտավների վրա տեսան հստակ հետքերը Նրա, Ով մահացել էր և հարություն առել»:
Կոստանդին կայսեր կողմից քրիստոնեությունը ճանաչելուց հետո կտավի մասին հիշատակություններն ավելի հաճախակի են դառնում։ Ահա դրանցից մի քանիսը.
Թեոդոսիոս Երկրորդ կայսեր քույրը` սուրբ Պուլքերիան, Քրիստոսի պատանքը հանձնում է Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Վլախերնի Սուրբ Տիրամոր Եկեղեցուն:
Գաղիացի եպիսկոպոս Արնուլֆը, 640 թ. նկարագրելով իր ուխտագնացությունը Երուսաղեմ, տալիս է կտավի ճշգրիտ չափսերը: Հավանաբար այս սրբության տեղափոխումը Երուսաղեմ պայմանավորված էր Բյուզանդիայում այնժամ տարածված պատկերամարտությամբ և թելադրված նրա անվտանգությամբ:
IX դ. - ըստ Եպիփան Մոնակոյի վկայության, պատանքը դեռևս Երուսաղեմում է:
XI դ. - այն նորից հայտնվում է Կոստանդնուպոլսում, կայսր Ալեքսիոս Կոմնենոսը Ռոբերտ Ֆլանդրիացուն հասցեագրված նամակում գրում է, որ «իր մոտ է գտնվում Փրկչի ամենանվիրական մասունքներից մեկը` թաղման կտավները, գտնված գերեզմանում հարությունից հետո»:
ՈՒրիշ բազմաթիվ արժանահավատ վկայություններից հատկապես ուշագրավ է չորրորդ խաչակրաց արշավանքի տարեգիր Ռոբեր դե Կլարի վկայությունը 1204-ին Կոստանդնուպոլսի ավերման ժամանակ Տիրոջ կտավի անհետացման մասին: Նա գրում է. «Այլ մենաստանների մեջ կար մեկը, որ հայտնի էր Վլախերնյան Սուրբ Կույս Մարիամի անվամբ, ուր և պահվում էր կտավը, որով փաթաթվել էր մեր Տերը: Յուրաքանչյուր ուրբաթ այդ կտավը դուրս էր բերվում և այնպես պատշաճ բարձրացվում, որ հնարավոր էր տեսնել մեր Տիրոջ Երեսը: Եվ ոչ ոք` հույն թե ֆրանկ, այլևս չգիտի, թե ինչ է պատահել այս կտավի հետ քաղաքի ավերումից և կողոպուտից հետո»:
Այս արշավանքին, ինչպես կարծում է պատմաբան Յան ՈՒիլսոնը, մասնակցել է մի ֆրանսիացի` ասպետ դը Շարնին: Սա շատ էական փաստ է, քանզի 1353 թ. ոմն կոմս դե Շարնիի (հավանաբար այդ խաչակիր ասպետի ժառանգներից մեկը) կալվածքում` Փարիզից ոչ հեռու գտնվող Լիրի տեղանքում, կառուցվում է մի եկեղեցի, ուր նա զետեղում է մի կտավ` համոզված պնդելով, որ դա Տիրոջ կտավն է: 1452 թ. Մարգարետ դը Շարնին այն հանձնում է կոմս Սավոյացուն, որի ժառանգները հետագայում դառնում են Իտալիայի թագավորներ: Ցայսօր այն պատկանում է այդ ընտանիքին:
Սակայն, ի տարբերություն Բյուզանդիայի, ուր կտավին վերաբերվում էին մեծ սրբությամբ, Արևմտյան Եվրոպայում ոչինչ չգիտեին նրա մասին: Այդ շրջանի եպիսկոպոս Անրի Պուատիեն, կասկածի տակ առնելով կտավի իսկությունը, հանդիմանում է տաճարի ավագ քահանային` այն իբրև Քրիստոսի իսկական պատանք ներկայացնելու համար: Իսկ նրան հաջորդած եպիսկոպոսը Հռոմի պապից թույլտվություն է ստանում այն ներկայացնելու իբրև սովորական սրբապատկեր, բայց ոչ Փրկչի թաղման կտավ: Սուրբ մասունքը հետագայում տարվում է Շամբերի քաղաք, ուր հատուկ այդ նվիրական նպատակով հոյակերտ եկեղեցի է կառուցվում:
1578 թ. Միլանի ծերունի արքեպիսկոպոս Կարլ Բորրոմեոն, որին կաթոլիկ եկեղեցին դասեց սրբերի շարքին, ձմռանն ուղևորվում է Շամբերի` ի երկրպագություն սուրբ մասունքի: Ցրտաշունչ ձմռանը բարեպաշտ ծերունուն Ալպերով դժվարին անցում կատարելուց ազատելու համար պատանքով ընդառաջ են ելնում: Հանդիպումը տեղի ունեցավ Թուրին քաղաքի ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցում, ուր և հոգևորականի օրհնությամբ այն պահվում է ցայսօր: Այս տեղափոխումը, թվում է, նախախնամությամբ էր թելադրված, քանզի ֆրանսիական հեղափոխական զորքերը Բոնապարտի հրամանատարության ներքո XVIII դ. ավերեցին Շամբերիի եկեղեցին, իսկ Թուրինը հեռու մնաց այդ փոթորկալից ու խռովահույզ իրադարձություններից և ցայսօր ուխտագնացության վայր է քրիստոնյաների համար:
Այժմ դառնանք գիտնականների մանրազնին և բազմակողմանի հետազոտություններին, որոնց արդյունքում հանգեցին հետևյալ գիտական եզրակացությանը. Թուրինյան պատանքը նկարչի ստեղծագործություն չէ, քանզի չի պարունակում որևէ ներկանյութ և նման է ֆոտոնեգատիվի: Ֆիզիկոսներն առաջ քաշեցին այն ենթադրությունը, որ պատկերն ուժեղ ռադիոակտիվ ճառագայթման հետևանք է, իսկ նման ճառագայթման աղբյուր կարող էր լինել միայն Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հօգուտ այս ենթադրության է խոսում նաև այն փաստը, որ պատանքի վրա անզեն աչքով անտեսանելին տեսանելի է դառնում լուսանկարի վրա:
Պատկերը նաև մարդու և փափուկ կտորի հպման հետևանք չէ, քանզի նման հպումը մարդու` ոչ հարթ մակերես ունեցող մարմնի հետ զգալի ձևով կաղավաղեր պատկերը: Այնինչ աղավաղումներ գրեթե չկան: Պատկերը կարող էր առաջանալ մարմնից դուրս եկող ինչ-որ գոլորշիացման արդյունքում: Իսկ վերջին հետազոտություններն ի հայտ բերեցին ինչ-որ ռադիացիայի հետքեր: Ֆիզիկոս Կարտերն առաջ քաշեց այն ենթադրությունը, որ պատանքի պատկերն առաջացել է հանգուցյալի մարմնի ռադիոակտիվ ճառագայթման արդյունքում: Փորձեր անցկացնելով` նա կարողացավ նմանօրինակ պատկերներ ստանալ կտավի վրա: Իսկ որտեղի՞ց է այդ ռադիոակտիվ ճառագայթումը: Բնավ չի բացառվում, որ Քրիստոսի հրաշափառ հարությունն ուղեկցվել է մեզ անհայտ ինչ-ինչ միջուկային գործընթացներով, որոնց արդյունքում, սակայն, ինչպես վկայում է Ավետարանը, Քրիստոսը նոր` հոգևոր մարմնով հարություն առավ և կարող էր փակ դռների միջով անցնել, կերպարանափոխվել. բաներ, որոնք առաջ Նա չէր անում:
Ի դեպ, Պողոս առաքյալը, կորնթացիների առաջին թղթում խոսելով մեռելներից հարության մասին, ասում է. «Բայց արդ, մեռելներից հարություն է առել Քրիստոս` ննջեցյալների առաջին պտուղը, քանզի մի մարդով մահ եղավ և մի մարդով` մեռելների հարություն: Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան… Այսպես է նաև մեռելների հարությունը, սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության… սերմանվում է շնչավոր մարմին, և հարություն է առնում հոգևոր մարմին» (Ա Կորնթ. 15.20-22, 42-44):
Իսկ թե ինչ հզոր լուսային ճառագայթում է հարկավոր սովորական կտավը լուսանկարչական նեգատիվի վերածելու համար, ըստ որոշ ֆիզիկոսների` պետք է պատկերացնել ատոմային ռումբի զորությունը, այն էլ այնպիսին, որի ընթացքում կտավը չոչնչանար:
Ի դեպ, այն, որ Տերը հարությունից հետո ոչ թե նախ վրայից գցել է պատանքը և նոր ոտքի կանգնել, այլ անցել է նրա միջով, ինչպես փակ դռների միջով, վկայում են բժիշկները: Նրանք ուշադրություն դարձրին առաջին հայացքից աննշան մի հանգամանքի. այն է` Խաչյալի մարմնի բաժանումը լերդացած արյունից, արյունաջրի կոշտուկներից և սրտամերձ հեղուկից կատարվել է անասելի կերպով: Յուրաքանչյուր բժիշկ գիտի, թե ինչ դժվար է վիրակապի անջատումը չորացած վերքերից, որը հաճախ վիրահատման նման ցավալի է և նոր արնահոսությունների պատճառ է դառնում:
Ապշեցուցիչ են մանավանդ դատաբժշկական փորձագիտության եզրակացությունները, որոնց համաձայն` պատանքի վրա պատկերված Խաչյալի մարմնի վերքերը լիովին համապատասխանում են չարչարանքների ավետարանական պատմություններին (փշե պսակը, գանակոծումը, գեղարդով հարվածը, խաչելությունը, ծանր խաչափայտի կրումը): Մանավանդ ուշագրավ են մեխերով Հիսուսին խաչելու մանրամասները: Միջնադարում կարծում էին, թե մեխերը խփում են ձեռքի ափերի մեջ (այդպես էլ պատկերում էին խաչելությունը սրբապատկերներում), սակայն վերջին տասնամյակներում հնագիտությունն ապացուցեց, որ հռոմեացիները մեխերը խփում էին ենթադաստակի մեջ, ինչը պարզեպարզ երևում է թուրինյան կտավի վրա: Ընդ որում, պատկերի վրա երևացող մեխի ձևն ու չափսը համապատասխանում են Հռոմի Ս. Խաչ եկեղեցում պահվող մեխին, որով, ըստ ավանդության, խաչել են Փրկչին:
Ինչ վերաբերում է վուշից գործված կտավին, ապա այն, ըստ հետազոտությունների, անկասկած, մերձավորարևելյան ծագում ունի, ինչպիսին պատրաստվում էր Ասորիքում, մեր թվարկության սկզբում և կոչվում «Դամասկոս»: Այն շատ թանկ արժեր, և նման բան կարող էր միայն մեծահարուստը գնել, ինչպես և երևում է մեծահարուստ Հովսեփ Արիմաթացու պարագայում: Կտավի մեջ հայտնաբերված բամբակյա մանրաթելերը նույնպես մերձավորարևելյան տեսակի են:
Բուսաբան Ֆրեյի հետազոտություններն ի հայտ բերեցին ոչ նվազ ապշեցուցիչ փաստեր. կտավի վրա հայտնաբերված ծաղկափոշին, որ չափազանց կայուն է և թույլ է տալիս ճշտությամբ որոշելու, թե որտեղ և երբ են աճել ծաղիկները, գերազանցապես պաղեստինյան տեսակի է, որոնք հանդիպում են Երուսաղեմի մերձակայքում կամ հարևան երկրներում (39 տեսակ 49-ից): Իսկ մնացած նմուշները հաստատում են Բյուզանդիա և Եվրոպա կտավի տեղափոխությունների պատմական վկայությունները: Այսպիսով, բոլոր հետազոտությունների արդյունքում թուրինյան կտավի տարիքը շատ հստակ է թվագրվում` մեր թվարկության 30-ից մինչև 100 թվական:
Այս հետազոտությունների արդյունքում առաջացավ մի ամբողջ գիտություն` սինդոլոգիա (հունարեն սինդոն` պատանք բառից), որի առջև դեռևս ծառացած են մի քանի չլուծված հարցեր, որոնցից գլխավորը պատանքի թվագրության ռադիոածխածնային մեթոդի հակասական տվյալներն են:
Թուրինյան պատանքը երեք անգամ վառվել է և հրաշքով փրկվել: Մրից մաքրելու և անձեռակերտ լինելու մեջ համոզվելու համար այն մի քանի անգամ եփել են ձեթի մեջ և լվացել, իսկ պատկերը դույզն-ինչ չի այլայլվել:
Արժե նշել, որ Քրիստոսի հարությունը միայն հավատի և հոգևոր զգացմունքի գործ չէ` հեռու բնագիտական հիմնավորումից: Գրեթե բոլոր սինդոլոգները, բացառությամբ մի քանիսի, ոչ միայն գիտական բարեխղճությամբ և անաչառությամբ կատարեցին իրենց հետազոտությունները, այլև խոր հավատքի եկան` դառնալով թուրինյան կտավի քարոզիչներ: Թուրինյան կտավը ստացավ «Հինգերորդ Ավետարան» անունը և խորին խորհուրդ ունի. նրա հայտնությունն աշխարհին XIX դարում` գիտատեխնիկական և անհավատ ժամանակներում, շատերին պետք է խորհել տա ի Քրիստոս հավատքի, կյանքի ու մահվան և հավիտենականության շուրջ:
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ