Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ՊԱՀՔԻ ՈԳՈՒՆ ԵՎ ՏԱՌԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՏԵԼԸ

ՊԱՀՔԻ ՈԳՈՒՆ ԵՎ ՏԱՌԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՏԵԼԸ
19.04.2011 | 00:00

Ներկայիս մեր սովորական պահեցողությունը մսից և կենդանական արտադրություններից պարզապես հրաժարվելն է:
Ընդունելի է, որ սա էլ ոմանց համար կարևոր մի զրկանք է և, հետևաբար, ապաշխարանք, սակայն, մյուս կողմից, քանի որ մարդուն արտոնված է ցանկացած ժամանակ և ցանկացած քանակությամբ, բացի վերոհիշյալներից, գրեթե ամեն բան ուտելու, պահքը կորցնում է իր ազդեցությունը: Երբ գինին էլ է արտոնվում` կենդանական արտադրություն չլինելու պատճառով, պահեցողությունը գրեթե շեղվում է իր նպատակից: Այսօր հազարավոր մարդիկ կան, ովքեր բուսակեր են, այսինքն` նրանց առօրյա սովորական ուտելիքները մեր «պահոց» կոչված կերակուրներից տարբեր չեն, սակայն նրանք երբեք չեն հավակնում հայտարարելու, որ բանջարեղեն, ընդեղեն և պտղեղեն ուտելով, բառի կրոնական իմաստով, պահեցողություն են անում. սա նրանց սնվելու սովորական կերպն է: Արդ, պահքի ոգուն և տառին հակառակ է ցանկացած ժամանակ և ցանկացած քանակությամբ ուտելը` ճոխացրած «պահոց» կոչվող անուշեղեններով ու համադամներով։ Անհրաժեշտ է.
1. Օրական մեկ անգամ միայն ուտելով` վերակենդանացնել հնագույն սովորությունը, առանց նկատի առնելու կերակրի տեսակը և առանց ճաշը համադամներով չափազանցելու: Այս կերպը զորավոր մի զրկանք է շատերի համար, ովքեր վարժված են, օրական երեք անգամից բացի, ուտելու նաև ցանկացած ժամանակ:
2. Նրանք, ովքեր ֆիզիկական լուրջ պատճառներով և իրենց գործի բերումով չեն կարող գործադրել 24 ժամվա մեջ միայն մեկ անգամ ուտելու հնագույն կանոնը, կարող են երկու կամ առավելը երեք անգամ ուտել` հրաժարվելով հատկապես այնպիսի ուտելիքներից, որոնք չափազանց սիրում են: Հրաժարվել, մասնավորաբար, շաքարեղենից, շոկոլադից և քիմքը գրգռող անուշեղեններից:
3. Պահքի շրջանում իսպառ հրաժարվել ոգելից ըմպելիքների և անուշեղենի գործածությունից` մյուս կերակուրներից ցանկացած ժամանակ չափավոր ուտելով հանդերձ:
Որևէ ձևով պահեցողություն անելու ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել կինո և թատրոն հաճախելուց: Հրաժարվել պարահանդեսներից: Հրաժարվել ամեն տեսակի հաճույքի վայրերից: Հրաժարվել հեռուստացույցով ժամանցի համար պատրաստված հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելուց: Նրանց, ովքեր ի վիճակի չեն կերակրի պահեցողություն անելու կամ հոգեկան որևէ շահ չեն գտնում դրանց մեջ, հանձնարարվում են հետևյալ բարոյական պահեցողությունները.
1. Հրաժարվել մոլի սովորություններից: Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի նրանցից ազատվելու ճիգ անելը յուրաքանչյուր մարդու պարտքն է: Մոլությունները, բացի մեր քսակին վնասելուց, խանգարում են նաև մեր հոգու և մտքի հավասարակշռությանը: Ծնողների մոլությունները խորտակում են անմեղ և խոստումնալից զավակների ապագան: Կործանում են անթիվ ընտանիքներ: Ծանր մոլություններով վարակվածները` թմրեցուցիչներին և անբնական սեռական ախորժակներին գերի դարձածները, դժբախտաբար, արդեն իսկ պահեցողության մասին մտածելու ի վիճակի չեն։
3. Սրանք, սակայն, ժխտական թելադրանքներ են ժխտական հոգեվիճակներից ազատագրվելու համար: Ինչո՞ւ ճիգ չանել արծարծելու նաև դրական հոգեվիճակներ` կատարելով դրական գործեր, այսինքն` պահքի նպատակն իրագործել ավելի կարճ ու գործնական ճանապարհներով: Հետևաբար, բարոյական ապաշխարանքների կարգում կարող ենք հանձնարարել հատկապես բարիք գործելը: Ստույգ է, որ բարիք գործելը սիրո մեր պարտականությունն է և ոչ ապաշխարանք, բայց նրանք, ովքեր տարվա մյուս օրերին թերացել են մարդկային այս հիմնական առաքինության մեջ, մասնավոր ճիգ պետք է անեն և գեթ Մեծ պահքի ընթացքում իրենց մասնավոր նյութական զոհողության ենթարկեն: Օգնել համայնքային հաստատություններին` կրթական, կրոնական ու բարեսիրական նպատակներով, օգնել նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, օգնել պարզապես Մեծ պահքի ոգուն հավատարիմ լինելու համար: Օժանդակել աղքատ ու հաշմանդամ մարդկանց` նրանց դրամական պարտքերը թեթևացնելով, օգտակար լինել մեզ նմանների հազար ու մի կարիքներին: Ինքն իրեն հարկադրելով` օրական որոշ գումար մի կողմ դնել, զրկելով քիմքը և քմահաճույքները` դրամը բարի նպատակների հատկացնելու համար:
4. Նյութական օժանդակություններին զուգահեռ, կամ եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակ տրամադրել ազնիվ նպատակներին` ծառայության մեր բաժինը բերելով` որտեղ դրա պահանջը կա: Այցելել հիվանդներին և բանտարկյալներին: Այցելել որբանոցներ և ծերանոցներ: Այցելել տանը մենակ մնացած մարդկանց:
Մոտենալ սուգ ու ցավ ունեցողներին և նրանց տրամադրությունը բարձրացնել` համեստ, անկեղծ ու մարդկային զրույցով բաժանելով նրանց սուգը և ցավը:
Մանավանդ Մեծ պահքի ընթացքում բոլոր մարդկանց հանդեպ լցված լինել բարյացակամությամբ, փողոցում` փափկանկատությամբ, փոխադրամիջոցների մեջ` մյուսներին տեղ զիջելով, և դեռ բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ մեր փոքր առավելություններից ու իրավունքներից մեզ զրկելով և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով: Երբ սրանք առանց հավակնության կատարվեն, մենք համոզված ենք, որ ավելի՛ կծառայեն պահեցողության ոգուն և նպատակին, միաժամանակ զուգահեռ կընթանան մեր ժամանակների գործնական մտածողությանը, ինչպես և առողջ ու դրական այնպիսի կրոնի, որպիսին քրիստոնեությունն է, հիմնական պահանջներին:
Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, որտեղ Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար»:
Աստված պատասխանում է. «Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի»- ասում է Տերը:
«Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր անիրավ մուրհակները: Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, Նա պիտի ասի` «Ահա հասել եմ»: Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրաբեր պարտեզ, որից ջուրը չի պակասի» (Հմմտ. Եսայի 58. 3-11)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ