Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

...ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼԻՍ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍԻ ՆՄԱՆ ԱՆԴԱՏԱՊԱՐՏ ԼԻՆԵՆՔ

...ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼԻՍ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍԻ ՆՄԱՆ ԱՆԴԱՏԱՊԱՐՏ ԼԻՆԵՆՔ
10.06.2011 | 00:00

Պետությունների հզորությունը ոչ միայն իրենց ունեցած հարստության ու զենքի մեջ է, այլև գաղափարախոսական ամուր հենքի, քանզի մարդը ոչ միայն մարմին է, այլև միտք ու հոգի, որոնք համապատասխան ուղղվածություն են պահանջում։ Դրանք կամ չար, կամ բարի ուղղություններն են, որոնք ընտրում են ըստ տվյալ պետության առաջնորդների հակվածության։
Բացատրեմ ասվածը. երբ Գերմանիան հզորացավ ու սկսեց իր ազգային արիականության մասին գաղափարները տարածել, առաջին հայացքից դա լավ էր թվում, բայց երբ մերձակա ազգերն իրենց մաշկի վրա զգացին դրա հետևանքները, հասկացան, որը դրա հիմքում չարն է բույն դրել։ Եվ իսկապես, տարիներ անց, երբ գերմանական արխիվները բացվեցին, մարդկությունն իմացավ, որ ռայխստագի բարձրաստիճան սպաները` իրենց ֆյուրերի հետ, գաղտնի օկուլտիստական խմբակների անդամներ են եղել ու դիվական զորությունների հետ են հաղորդակցվել։ Այժմ արդեն հայտնի է, որ 40-ական թվականներին Գերմանիայում եղել են շուրջ 50000 աստղագուշակ, էքստրասենս, և նման հատկություններով բազմահազար գուշակներ ու կախարդներ։ Դրանց «ջանքերով» դեռ 1936-ին Դյուսելդորֆում գերմանացի աստղագուշակների կոնֆերանսը որոշեց, որ Հիտլերի առաքելությունը «աստվածային» բնույթ ունի, ու այդ պատճառով ֆաշիստական լիդերները երկնային լուսատուների սիրելիներն են։ ՈՒ երբ ռեյխի առաջին հաղթանակներից արբած գեներալները «համոզվեցին» իրենց «աստվածային առաքելության» մեջ, ավելի վստահություն ցուցաբերեցին աստղագուշակների խոսքին, քան սթափ բանականությանը։ Հետագայում նույնիսկ հայտնի դարձավ, որ սպանված գերմանացի զինվորները կրում էին իրենց «ազգային կախարդների» տված «պահպանող» թալիսմաններ։
Հիտլերը, դեռ երիտասարդ տարիներին, կախարդության, ձեռքի ափի գծերով գուշակության, նաև աստղագուշակության դասեր էր առնում իր իմացած աղբյուրներից։ Հետագայում նրա «հոգևոր» ուսուցիչը դարձավ նախկինում վանական, հետագայում հայտնի սև մոգ Յորգ Լանցը, ով հիմնեց «Տաճարական նոր ուխտի» միաբանությունը։ Հենց նա էլ եղել է նախկին խաչակիրների Երուսաղեմի տաճարական միաբանության վերածնունդ տվողը։ Այդ սև մոգության ուխտի անդամներից էին նաև Հիտլերն ու Հիմլերը՝ ՍՍ-ի հիմնադիրները։ Սրանք այնպես վարակվեցին այդ ուխտի գաղափարախոսությամբ, որ կամեցան դրա միջոցով «մաքուր արիական» արյուն ունեցող ազգ ստեղծել։ Այդ նպատակով սկսեցին անասունների նման «խաչասերել» առողջ ու զտարյուն «արիական կովերին»՝ գերմանացի կանանց, «արիական ցուլերի»՝ տղամարդկանց հետ։ Դրանցից ծնվածները, որոնք պետք է հետագայում դառնային «մաքուր» գերմանական ազգի ապագա քաղաքացիները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին դարձան հիտլերյան ոհմակի թնդանոթի «վերջին մսագնդերը», և այդ դեռ պատանի «արիականներին» նետեցին սովետական առաջընթաց բանակի տանկերի թրթուրների տակ։
Հիտլերի մյուս հոգևոր խորհրդատուն դարձավ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Կարլ Հաուսֆերը, ով քսանական թվականներին հիմնել էր «Թուլեի ուխտը»։ Ըստ նրանց գաղափարախոսության, կգա ժամանակ, երբ Գերմանիայից անթիվ անհամար «Լույսի լեգեոններ» դուրս կգան, որոնք կփոխեն աշխարհի դեմքը, որոնք և կդառնան աշխարհի տիրակալները։ Այդ ուխտի մեդիում միջնորդը դարձավ հենց Հիտլերը։ Նրանք հավատում էին, թե գտել են մարդկային գերհզորության գաղտնիքը, ինչը միայն գերմանական ազգին է պատկանելու, որը և դառնալու է աշխարհի իրական տիրակալը, իսկ մնացած ազգերն ու մարդիկ ընդամենը կլինեն աշխարհը «պարարտացնող թրիքը», ովքեր «գերնոր մարդկանց» կծառայեն։ ՈՒ զարմանալի չէ, որ «Թուլեի ուխտը» 1933-ին ֆաշիստական Գերմանիայի պետական համակարգի բաղկացուցիչ մասը դարձավ, որը ֆինանսավորում ու գլխավորում էր ռեյխսֆյուրեր Հիմլերը։
Իսկ թե ինչով ավարտվեց այս արիական մոլորությունը, արդեն գիտենք, և հաղթողների «թրիքը» ծեփվեց ռայխստագի կիսաքանդ պատերին, քանզի Սուրբ Գիրքը զգուշացնում է. «Կործանումից առաջ հպարտությունն է գնում»։
Որպես անհրաժեշտ լրացում այս վկայությունը նույնպես կարդանք։ Երբ 2-րդ համաշխարհային պատերազմը հասավ մինչև Մոսկվայի մատույցները, թե՛ գերմանական, թե՛ սովետական բանակների ղեկավարներն արդեն համարում էին, որ Մոսկվան շուտով կընկնի։ Կրեմլի բարձրաստիճաններն իրենց ընտանիքներով արդեն Գորկի էին տեղափոխվել։ Մոսկվայում էին Ստալինն ու իր մերձավորները։ Ասենք, որ Ստալինը ևս ժամանակին օկուլտիստական գաղափարներով է տարվել, նույնիսկ Հիտլերին համընթաց նույն ուսուցիչներից մեկի ծառայություններից է օգտվել։ Այդ ուսուցչի ազգանունը Գյուրջիև է։ Այժմ տեղին չէ մանրամասնել, թե ինչպես է, որ այդպես է, այլ իմանանք, որ Ստալինի մոտիկներից մեկը լսել էր, որ Մոսկվայում մի կույր քրիստոնյա կին է բնակվում, որի կանխատեսումներն իրականանում են, ու նրա աղոթքներով բազմաթիվ մարդիկ են բժշկվել ու փրկվել զանազան փորձանքներից։ Վերջիններս Ստալինին խորհուրդ են տալիս գնալ նրա մոտ ու հարցնել Մոսկվան թողնելու մասին։ Նրանք երկուսով ծպտվելով, իրենց հագուստները փոխելով սովորական մուժիկի հագուստներով, գիշերը գնում են այդ կույրի մոտ։ Երբ նրանք դուռը թակում ու ներս են մտնում, դեռ ոչ մի բառ չասած, մայր Մատրոնան (այդպես էին կոչում այդ քրիստոնեուհուն), ասում է. «Ա՜, ա՜, ինքը՝ կարմիր աքլո՞րն է եկել։ Մի՛ վախեցիր, Աստված Մոսկվան այդ անօրեններին չի տա։ Միայն թե պետք է Մոսկվայի շուրջը երեք անգամ Աստծո քահանաները Սուրբ խաչով ու խաչվառներով աղոթքով պտտվեն»։ Ստալինն ինքը նախկինում վրաց ճեմարանի սան լինելով, հասկանալով ու հավատալով այդ ասված խոսքին, մյուսն օրը ևեթ բանտերից ու աքսորներից արձակել է տալիս բազմաթիվ հոգևորականների ու հրամայում Մոսկվայի շուրջը երեք անգամ պտտվել համապատասխան պաշտպանիչ աղոթքներով։ Եվ ինչպես գիտենք պատմությունից, Մոսկվան այդպես էլ ֆաշիստների ձեռքը չընկավ։
Ասենք, որ այդ պայծառատես երանելի մայր Մատրոնայի գերեզմանի մոտ մինչ օրս հրաշագործություններ են լինում, իսկ նրա մասունքները Մոսկվայի հոգևոր պատրիարքությունը տեղափոխել ու դրել է քաղաքի եկեղեցիներից մեկում։
Պետությունների միջև գոյություն ունեցող հոգևոր անտեսանելի հակամարտության վերը կարդացած վկայությունը հարկ է հաստատել երկրորդով ևս, որպեսզի համոզվենք ասվածի իրական լինելու մեջ։
Այս վկայությունն առանց վերլուծումների մեջբերենք համապատասխան փաստաթղթով, որը կվկայի ասվածի իսկությունը.
Հատված 1945-ին ԱՄՆ-ի սենատին՝ Սովետական Միության կազմաքանդման նպատակով Ալեն Դալլասի (հետագայում` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար) ներկայացրած քաղաքական ծրագրից.
«1. Քաոս սփռելով, մենք աննկատ Սովետմիության իրական արժեքները կփոխենք կեղծելով, կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին։
2. Արվեստը թուլացնելով, գրականությունը բարոյական պոռնոգրաֆիկ ձևերի բերել։
3. Գրականությունից և արվեստից մենք դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներից դուրս կմղենք ժողովրդի ոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրությունների ցանկությունը, իսկ գրականությունն ու կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները։
4. Նոր սերնդին թունավորել հակասական-բարոյական ազդեցություններով, անբարոյականությամբ։
5. Ռադիկալ թեորեաներով, բանաձևերով և գաղափարներով կարծիքները թունավորել, սոցիալական դասակարգերի միջև աղմուկ, իրարանցում, քաոս ստեղծել, ատելություն և անվստահություն սերմանել:
6. Անիմաստ գաղափարներ տարածել, ազգաբնակչությանն անիրականանալի գաղափարներով սխալ ուղու վրա դնել:
7. Անսահման ճոխությամբ, լյուքս կյանքով, գլխապտույտ առաջացնող նորաձևություններով, խելակորույս մսխումներ պահանջել:
8. Մեծամասնության ժամանակը տոներով և խաղերով զբաղեցնել, ամեն լուրջ, դրական միտք, մտածում խանգարել:
9. Քայքայել ընտանեկան կյանքը։
10. Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիներին, ովքեր կսկսեն սերմանել և ներարկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ցանկացած անբարոյականության պաշտամունք։
11. Ներքևի խավի մարդկանց կառավարիչներ նշանակել:
12. Վերին խավի հոգևոր ուժն ամբողջովին տկարացնել և քայքայել:
13. Հարգանքը սրբությունների նկատմամբ քայքայել, հեղինակավոր, հարգանք վայելող անձնավորությունների մասին հորինել ստոր և վուլգար պատմություններ։
14. Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի։ Ստահակությունն ու անամոթությունը, միմյանց նկատմամբ անասնական վախը, դավաճանությունն ու թշնամությունը մենք կսերմանենք աննկատորեն։ Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»։
Ինչպես տեսնում ենք, «գիտափորձը» հաջող անցավ, ու Սովետմիությունը գաղափարական անկում ապրելով՝ փլուզվեց։ Իսկ ինչո՞ւ, որովհետև այդ պետության հիմքն ավազի վրա էր կառուցված, այսինքն` անաստված ու աստվածամարտ գաղափարներով էր շաղախված։
Բայց քանի որ Աստծո խոսքը երկսայրի բնույթ ունի, դրա համար էլ, ով փոս փորեց, ինքը ընկավ դրա մեջ նույնպես, և ԱՄՆ-ը, որ այս փաստաթուղթն իրագործեց, ինքը նույնպես վարակվեց այդ նույն «գաղափարական վիրուսով», ու ինչ գրված էր իրենց մշակած փաստաթղթում, այժմ կատարվում է նաև իրենց հասարակության մեջ, քանզի աստվածային ոսկե օրենքի համաձայն ուրիշի հետ չվարվեցին այնպես, ինչպես կուզենային, որ ուրիշն իրենց հետ վարվեր։
Իսկ այս վկայությունները գրվեցին մեկ վերջնանպատակով. որ չկարծենք, թե այժմ մեր ազգի դեմ հոգևոր ու անտեսանելի հակամարտություն չկա. այն, ինչպես եղել է նախկինում մեր հարևան մերձակա հզորների՝ պարթևների, պարսիկների, բյուզանդացիների, արաբների, մոնղոլների ու թուրքերի օրոք, այդպես էլ շարունակվում է այսօր։ Միամտորեն չկարծենք, թե մեր հայուհի կանայք ու մեր երիտասարդները Ամերիկա, Եվրոպա, Էմիրություններ, Պարսկաստան, Թուրքիա գնալով ավելի մաքրված են վերադառնում. հիմա անգույն, անտեսանելի եղեռն է գործվում մեր ազգի նկատմամբ։ Օրեցօր ավելացող միասեռականների ու գիշերային զվարճատեղերի, սաունաբոզանոցների (մի ցնցվեք այս կոշտ բառից, այն նաև Աստվածաշնչում է գործածվում) ու երեկոյան մեր փողոցների բանուկ մայթերը «զարդարող» «բազմավաստակ» մարմնավաճառների ահագնացող քանակը հայազգի հոգևոր ու բարոյական անկման խորհրդանիշ է, որոնց մասին ազգի պատասխանատու այրերն ու իշխանավորները ձկան լռություն են պահում։ Եթե կարծում ենք, թե քաղաքի սուպերկրպակները միայն օրվա լուրերն են մեզ հրամցնում, վաղուց մոլորության մեջ ենք, քանզի դրան զուգահեռ նաև անամոթ կեցվածքով մերկանդամ դիցուհիներն են գունավոր ամսագրերից աչքով տալիս տկարամիտ գայթակվողներին, ինչը յոթ մահացու մեղքերից մեկի՝ բղջախոհության, ասել կուզի` պղծախոհության, վավաշոտ ու անհարկի մտքերի դուռ է բացում ազգի մարդկանց մեջ։
Իսկ ինտերնետ պղծալից կայքէջերի ու մեր ընտանիքները բարոյապես լլկող հեռուստապղծությունների մասին խոսելն ու դրանց դեմ պայքարելու ծրագրեր մշակելն արդեն ոչ թե լոկ անհատների, այլ համազգային գործ է։
Իսրայելում երկու տարի ապրածս ժամանակ տեսա շատ անցանկալի բաներ, որոնք հարիր չէին աստվածաշնչային Հին ուխտի ընտրյալ ժողովրդին, ու չէի ասի, թե Իսրայելի երկիրը բարոյապես բարձր մակարդակի վրա է հիմա, բայց համենայն դեպս, նրանք ամեն գնով աշխատում են արգելել նման «վիրուսի» տարածումը, և այնտեղ ոչ մի կրպակում «ափաշքարա» չես տեսնի նման պղծախորհուրդ ամսագրեր, իսկ իրենց երկրի ողջ տարածքում իսպառ արգելված են խաղատները, որոնց պատճառով բազմաթիվ ընտանիքներ են հայտնվում թշվառության ու քայքայման վիճակում։
Այս ամենն ընդամենը մեր ազգի վիճակի այժմյան մասնակի ախտորոշումն էր, իսկ դրանց բժշկության ու ազգառողջության մասին ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր ընթերցող իր իմացության ու կյանքի փորձով կիսվեր մեզ հետ, այս թերթի էջերում, որպեսզի միասին առողջանանք ու առողջացնենք մեզ բաժին հասած սերունդը, որպեսզի Աստծո առաջ կանգնելիս հավատարիմ տնտեսի նման անդատապարտ լինենք մեր Երկիր դրախտավայրի ու նրա ժողովրդի անկորուստ պահպանության հարցում։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ