ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ՃԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՍՏ ՉԱՓԻ, ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ, ԻՍԿ ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ` ՔՉԵՐԻ»

«ՃԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՍՏ ՉԱՓԻ, ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ, ԻՍԿ ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ` ՔՉԵՐԻ»
11.10.2011 | 00:00

Իսկ այժմ ճգնավորության մասին, որովհետև բողոքական եկեղեցիները հեգնում են ճգնավորներին, այսինքն, որպես թե արդեն իրենք քաղաքակիրթ և ժամանակակից, իսկ ճգնավորությունը «լավ ապրելու», փափուկ կյանքի դեմ է:
Բնականաբար, մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող աղանդները, որ քրիստոնեական «Նեղ Դուռը» լայնացրել են, ըստ ցանկությունների, ըստ թեթև ու լայն, հաճելի ապրելու, ինչպե՞ս պիտի ճգնավորներին հարգեին, որովհետև, եթե հարգեին, իրենց թեթև ապրելը կհանդիմանվեր: Սակայն ճգնավորությունը Քրիստոսի բուն եկեղեցու հասուն պտուղներից է: «Չկա քրիստոնյա, որ այս կամ այն չափով ճգնություններ չգործի»,- բացատրում է Տերը «Վերադարձ» գրքույկում, թեկուզ և քրիստոնյաների պահոց օրերը միայն վերցնենք: Եվ յուրաքանչյուրս էլ ճգնություններ ենք գործադրում, երբ որևէ չլուծվող խնդիր ենք ունենում: Իսկ ճգնավորներ ունեցել և ունի առաքելական եկեղեցին: Մեծ ճգնավոր Գրիգոր Նարեկացու աղոթքների գործադրմամբ, հարյուրամյակներ շարունակ քրիստոնյաներս հաղթել ենք դևերի բազմությունների, բժշկվել հոգևոր ու մարմնավոր վերքերից, գտել մխիթարություններ։
Հանուն Աստծո ճգնավորներ կային սկսած դեռ Հին ուխտից: Այդ մասին առաքյալը գրում է. «...այլք էլ թափառեցին ոչխարների և այծերի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության մեջ, չարչարանքների մեջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէր), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում: Եվ սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» (Եբրայեցիներ, գլխ. տասնմեկ): Քարոզիչներ էլ կան, որ այս ընտրյալների օրինակները մեջբերելով, գրեթե հեգնում, անարգում, կարծեցնում են, թե, սրանք հանուն Աստծո չարչարվելով, Քրիստոսից որպես թե անտեսվեցին, քանի որ Քրիստոսով Խոստման աշխարհ գալուց առաջ էին ծնվել, և իբր չեն մտնում Տիրոջ փրկության ծրագրի մեջ: Եկեք հիշենք, որ Քրիստոսն Իր Հարությամբ մտավ դժոխք և նման Իր նվիրյալներին հանեց վեր, այսինքն, արդեն Իր Հավիտենական Թագավորության քաղաքացիները դարձրեց: Եվ նրանց ձեռք բերած նվաճումներն էլ մեզ միացրեց, որպես հաղթանակածների ժառանգություն: Նրանց կյանք դրած, վաստակած արդյունքներին մե՛զ էլ դարձրեց մասնակից, ինչպես Տերն Ինքն է ասում Նոր ուխտով փրկվողներիս ականջին, թե. «ՈՒրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք (ձրիորեն) նրանց վաստակի մեջ մտաք» (Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 4): Այդ ուրիշները նախկին ՈՒխտի ընտրյալներն ու ճգնակյաց սրբերն են, նաև Նոր ուխտի ճգնավորները, որոնց ձեռքբերումների ժառանգորդները դարձանք, քանի որ Քրիստոս մեզ միաբանեց նրանց: Եվ նրանք արժանավորներ են այնքան, որ ասում է. «Այս աշխարհն իսկ արժանի չէր նրանց», իսկ մենք Տիրոջ արյան ներմամբ պատվաստված ճյուղեր լինելով, մի՞թե պատշաճ կարող ենք մեզ համարել և կամ` Աստվածհաճո, երբ հեգնում ենք մեզնից առավելներին, նրա՛նց, որոնց «աշխարհը արժանի չէր» և որոնց չարչարանքներով ձեռք բերած ժառանգությունը Քրիստոս մեզ միաբանեց, մերը դարձրեց, որ մենք հարստանանք նրանց ձեռքբերածներով: ՈՒրեմն, ո՛չ թե ճգնավորությունն է սխալ ընթացք, այլ մե՛նք ենք սիրում թեթև ապրել: Այդ բանի համար ենք ասում, թե բողոքական եկեղեցիներում լուրջ խնդիրներ կան, երբ, մարմնապես թեթև ու հաճելի և կամ մանկան հասակի մեջ ապրելու համար շեղ են խոսքը մեկնում, որ իրենց փափուկ կյանքը հանդիմանողներ չլինեն: Իրենք իրենց տհասությունն արդարացնելու համար են այդ անում: Հասարակ ժողովրդին չենք ասում, այլ նրանց միտքը մոլորեցնողներին: Եվ մոլորեցնում են, որովհետև աշխարհի հաճույքները չեն կամենում երբևէ թողնել:
Ճգնավորությունը Աստծո առջև մշտապես գովելի երևույթ է եղել և է, ճիշտ է, ամենքի համար չէ, և ո՛չ էլ ամենքի ուժերին տանելիք, և Աստված շատ քչերին է ճգնավորության կոչում, բայց ո՞վ է ասում, թե բարեպաշտություն պիտի համարվի, երբ մեկը, ասենք, հեգնի այն, ինչ իր ուժերի սահմաններից առավել է: Որովհետև մենք փոքր չափն ենք անում, որ ճգնություններն են` աղոթքներով, իսկ նրանցը` ավելի լիարժեքը` ճգնավորությունը` ամեն րոպե աղոթելով:
Եթե մեզնից մեկը, բարի-բարձր լինելով, մեզ հասու չէ, կամ դեռ հասու չէ, հարկ է իր մեծության համար նրան պատվենք ու խորապես հարգենք և ո՛չ թե բամբասենք, մանավանդ երբ ճգնավորների ձեռքբերումները Աստված գործածում է մեր փրկությունների համար: Որովհետև մեծն իր Աստվածսիրությամբ էլ է մեզնից մեծ, մարդասիրությամբ էլ: Մանավանդ, կրկնենք, ո՛չ թե նրանք մեր, այլ մենք ենք նրանց արդեն ձեռք բերած վարձերին մասնակից` Քրիստոս Արմատով, մեծ հայրերի բնով և ամենքիս միաբանող ու առաջնորդող Սրբության Հոգով: Քրիստոս մեզ ճգնավորություն չի պարտադրում, բայց չի էլ հավանում կամ ընդունում իր ճգնավորների հանդեպ հեգնանք, ծաղրանք, կամ բամբասանք, որովհետև մեր բարերարներին հեգնելը, ինչ-որ տեղ արդեն խոզության նման չի՞ լինի և կամ երախտամոռության: Իսկ քրիստոնյաներիս ամոթ չէ՞ միթե երախտամոռ լինել կամ խոզավայել վարվել: Եվ Տերը, բնականաբար, հանդիմանում է իր ճգնավորներին հեգնողներին: Բայց այս խնդրի մասին բողոքական եկեղեցու անդամներին առավել ըմբռնելի կլինի, երբ իրենց միջից, Տիրոջ թելադրությունների շնորհիվ, առաքելական եկեղեցի վերադարձած տիկնոջ «Վերադարձ» ընտիր գրքույկից օրինակ բերենք. «...Լսի՛ր, թե ինչպես եմ գնահատում Ես իմ ճգնավորներին:
Ի՞նչ է ճգնավորությունը.
1. Այն ամենօրյա ապաշխարություն է:
2. Այն անձի կատարյալ ուրացում է:
3. Այն հարատև աղոթք է:
4. Այն պահք է և ծոմ:
5. Այն հեռացում է աշխարհիկ բոլոր հաճույքներից:
6.Այն առանձնացում է Աստծո հետ, Աստծո համար:
7. Այն կենդանի զոհ է Աստծո Սուրբ Սեղանին և Նրա հետ կնքված հավիտենական ուխտ:
«Կան ներքինիներ, որ մոր որովայնից այդպես են ծնվել, կան ներքինիներ, որ իրենց ներքինացրին երկնքի արքայության համար: Ով որ կարող է տանել, թող տանի» (Մատթ. 19. 12):
Ճգնությունները համահյուսված են Իմ ծառաներին ու մարգարեներին, առաքյալներին, վարդապետներին, հայրապետներին, կույսերին, բոլոր հոգևորականներին և, առհասարակ, բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին: Առանց ճգնության զոհի չկա քրիստոնեական կյանք: Ճգնությունների աստիճաններն էլ տարբեր են: Ես երկրի վրա անցա բազմաթիվ ճգնությունների միջով և խաչի վրա եղա Կենդանի Զոհ և Հավիտենական ՈՒխտ և շահեցի բազում հետևորդներ: Եթե ճգնությունները, ըստ չափի, բոլոր քրիստոնյաների համար են, ապա ճգնավորությունը քչերի համար է: Չկա մի զոհ, որ մարդն ի սրտե կամենում է անել, ընդունելի չլինի: Ես ընդունում եմ այն ամենը, ինչը սուրբ է և փրկություն է գործում: Ինձ ուղղված աղոթքները, տքնությունները, հսկումները, հրաժարումները, արցունքները, և, առհասարակ, բոլոր զոհերը Ես հավաքում եմ երկնային գանձանակի մեջ և օգտագործում որպես վճար շատերի փրկության համար: Դրանք կենդանի պատարագ, անուշահոտ խունկ են Իմ շնչին: Իմ նահատակների թափած յուրաքանչյուր արյան կաթիլը բարեխոսնակ կանչ է շատերի դարձի համար:
Թող ո՛չ ոք չլայնացնի Քրիստոսի ճանապարհը, որովհետև այն նեղ էր Քրիստոսի համար և մնում է նեղ` քրիստոնյաների համար բոլոր ժամանակների մեջ:
Քչերին եմ կանչել որպես ճգնավորներ կամ միանձնուհիներ: Նրանց Ես կանչել եմ իրենց մոր որովայնից, ինչպես Հովհաննես Մկրտչին: Նա հարատև ճգնությամբ պատրաստեց Ինձ համար ճանապարհը: Նրանք կենդանի ողջակեզներ են Ինձ համար: Եթե նահատակ սրբերին չարչարեցին ու խոշտանգեցին վասն Քրիստոսի, եթե մարտիրոսները, որպես մահապարտներ ելան մահվան դեմ «Վասն Քրիստոսի, վասն հայրենյաց», ապա ճգնավորներն էլ հարատև զոհ եղան վասն Քրիստոսի: Ես յուրաքանչյուրին իր պաշտոնն եմ տվել ինձ ծառայելու, իսկ ոմանց էլ պատիվ եմ արել այդպես Ինձ փառավորելու: Հիշո՞ւմ ես Հոբին ու նրա չարչարանքները, հիշո՞ւմ ես Աբրահամի զոհը: ՈՒրեմն, ուտողը թող չուտողին չանարգի: Եվ դու, որ ուտում ես, զգույշ եղիր, թե ինչպես ես ուտում: Նրանք սյունին կանգնեցին, անապատներում ճգնեցին, խցերում առանձնացան, ժայռի մեջ փակվեցին, քարը որպես բարձ, ավազը` ծածկոց, քուրձը որպես հագուստ, փչակը որպես տուն, աղոթքը` կերակուր, արցունքը որպես դեղ... օգտագործեցին: Նրանք չերևացին աշխարհում, բայց ավետարանեցին ողջ աշխարհին: Նրանց ողջակեզ աղոթքների շնորհիվ է, որ այս այլասերված աշխարհը, Սոդոմի կատարելատիպը, չի այրվում դեռևս Աստծո շնչից ելած հրով: Աստված Իր ողորմությունը շարունակում է նրանց պատճառով: Նրանք սովեցին, որ դուք կշտանաք, նրանք մերկացան, որ դուք հագնվեք, նրանք զրկվեցին, որ դուք լիանաք, նրանք տառապեցին, որ դուք բժշկվեք... իսկ դուք անգիտությամբ անարգում ու հեգնում եք նրանց` ձեր փափկասիրության պատճառով: Եվ Իմ Սուրբ գործերը հալածելու պատճառով այսօր բազում քրիստոնյաներ մարմնավոր պտուղներ են Ինձ տալիս և աչքիս առաջ ապականվում աշխարհասիրությամբ: Իսկ Ես Իմ գլուխը տեղ չունեմ դնելու: Ես ում որ սիրում եմ, նրան խրատում եմ (Առակ. 3.12): Հե՛տ դարձիր լայն ճանապարհից, և Ես քեզ գրկաբաց կընդունեմ: Ճաշակիր ճշմարիտ քաղցրությունը` քո Քրիստոսին, և տես մարմնավորի և հոգևորի տարբերությունը:
Ե՛կ, աղոթիր, որ չփորձվես չարից.
Հայր մեր... ամե՛ն:
Ճգնավորներ Աստծո և ժառանգորդներ երկնքի արքայության,
Որ փոխանակելով անցավորները` ստացաք անանց բարիքները.
Բարեխոսեցե՛ք առ Տեր Եկեղեցու մանուկների համար...» (Սբ. Ներսես Շնորհալի):
Եվ տա՛ Աստված, որ ավելի ուշադիր կարդանք Ավետարանը, այդժամ և տեղիք չենք տա շեղություններ քարոզողներին: Նաև մի հանգամանք էլ կա, որ բողոքականները ճգնավորներից երես թեքեցին: Որովհետև Անտեսում գտնվող Աստծո ընդհանրական եկեղեցում բարեկամներ ձեռք բերելու մեջ գուցե տեսան մի վտանգ, որ մարդը կարող է հարաբերվել ո՛չ միայն երկնային բարեկամներին, այլ նաև դևերին: Ինչպես որ լեզուներ խոսողների մեջ պատահում է: Ի վերջո, չարն ու բարին կան, և որ քրիստոնյաներս մանկականությունից հասունացման գնալով, հարկ է, որ վարժվենք դևերի հետ մարտել և հաղթել նրանց, սովորելով և զորավորվելով մեր մեծ եղբայրներից` ճգնավորներից, հենարան ունենալով նրանց ներկայությունը մեր կյանքում: Հիսուսը, «Նեղ Դուռ» ասելով արդյո՞ք մեզ նման հասունացումները նկատի չունի՞: Բնականաբար, ունի: Եվ հարկ է, որ մեր աղոթքներում բարի բաներ խնդրենք և ո՛չ թե չար: Եթե հանուն մեր անձը կուռք դարձնելու, ագահությունից կուրացած ենք աղոթում, բնականաբար, այդ չափով հարաբերվում ենք դևերին և ո՛չ թե Աստծուն ու Նրա սրբերին: Մի եղբայր, որ պահեցողության ու աղոթքների մեջ էր, Տերը նրան ցույց է տալիս մի քարոզչի, սա ո՛չ թե ապաշխարում էր, այլ լալով այս խոսքերն էր աղոթում. «Տեր, այն մեկը Քո ծառաներից, ինչո՞ւ է ճիշտ բաներ քարոզում, ինձ նեղացնում, հանդիմանում, թե` ապաշխարիր, ասա դրան ուղիղ չխոսի, որովհետև ճիշտ խոսքերով վնասում է իմ բիզնեսին, գիրք ու թզբեհ վաճառելուն»: «Տեսնո՞ւմ ես,- ասում է Աստծո հրեշտակը եղբորը,- Աստծո ուղին խառնակ է դիտում` իր շահույթները պաշտպանելու համար, այդ պատճառով էլ հաճախ դևերին սուրբ է անվանում, իսկ սրբերին անվանում դևեր»:
Այսինքն` մեր վարմունքներից, մեր հոգևոր ուղիղ կամ շեղ հասունացումներից է կախված, մենք սրբերի՞, ճգնավորների՞ հետ ենք հարաբերվում, թե՞ դևերի: Եվ խառնակ մտածելակերպով ապրողը սրբությունների անվան տակ, բնականաբար, սրբությունների դեմ էլ կմարտնչի, դևերին իր խաբվածությամբ, բայց ինքն իրեն արդար համարելով, քանի որ ինքն իրեն արդար ծնունդ է համարում, ապաշխարանքների և ճգնությունների իբրև թե կարիք չունեցող, և ներում չի գտնում, ինչպես Ավետարանում հիշատակված փարիսեցին` աղոթելիս: Եվ Աստված գիտի միայն, թե նման խառնակների ճակատագրերը ինչպես պիտի մի օր ավարտվեն: Սակայն մենք էլ գիտենք, ըստ գրվածքի, թե. «Վա՜յ նրան, ով այս իմ փոքրերից մեկն ու մեկին գայթակղի...»: Իսկ ճգնավորները դևերի հետ դիմամարտում լավագույն հաղթողներն են եղել և են երկրի վրա, ուստի և, նրանց բանավոր բարեկամության ու ընկերության մեջ լինելով, մենք էլ ենք զորավորվում, և ճգնավորների կենդանի, ապրող հոգիները զորակցում են մեզ էլ, որ մենք ևս հաղթենք դևերին: Մենք մեզ խաբած կլինենք, որ ասենք, թե դևերը չկան: Սակայն ճգնությունները մեզ սովորեցնում են հաղթել դևերին, իսկ ճգնավորությունը` դևերի համախմբերի: Ճգնությունները քրիստոնյաներիս կյանքի մասն են կազմում, իսկ ճգնավորությունը կոչվածություն է` հօգուտ շատ շատերիս, հայրենի եկեղեցու և համաքրիստոնեական եկեղեցու, ողջ մարդկության: Մնում է, սակայն, որ չանարգենք, այլ հարգենք Աստծո ճգնավորներին, որ քրիստոնեական ողջ եկեղեցու համար են աշխատում` և մեզ են ծառայում, ինչպես մեծերն են ծառայում իրենց փոքր եղբայրներին:
Բողոքական եկեղեցիներում, խոսքս այնտեղ գտնվող պարզ հավատացյալներին է վերաբերում, միայն անգիտության պատճառով է, որ ճգնավորներին չեն ընդունում կամ դեռ չեն ընդունում: Սակայն եթե քարոզենք նրանց` սիրով և գիտության բանալիներով, քչերը չեն լինի, որ կլսեն Տիրոջ իրենց որոնման ձայնը և կգան պատվաստվելու Մայր Որթատունկին` Հայաստանի Մայր առաքելական եկեղեցուն:
Աղոթենք, որ Աստված այդ բարիքը, բարի հաղթանակող մշակությամբ, օրավուր ավելի լիարժեքորեն հաստատի Հայաստան աշխարհում և ողջ երկրագնդի վրա: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ