Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԱՂՈԹԱՄՈՒՏՔ

ԱՂՈԹԱՄՈՒՏՔ
24.01.2012 | 00:00

Լույսը բացվելու հետ, երբ արթնանում եմ, աչքերս դեռ չբացած, ուրախությամբ ասում եմ. «Բարի լույս, Տե՜ր իմ, Հիսուս Քրիստոս»։ Ապա բերկրությամբ ասում եմ. «Բարի լույս, Տիրուհի՜ իմ, Մարիամ Աստվածածին»։
Անմահ մայրդ քրիստոնյաների, թույլ տուր աշխարհի բարի լույսիդ նվեր մատուցել Վերափոխմանդ տոնի առթիվ։ Եկեղեցուդ հայրերն ու հայրապետները քեզ անհամար մակդիրներով են գովաբանել, ամենակատարյալ, ամենավսեմ, ամենազորավոր, ամենասիրելի հատկանիշներն են վերագրել քեզ։ Ավանդության մեջ Որդիդ քեզ «Անթառամ ծաղիկս» է ասում։ Եվ դու անթառամելի մնացիր մինչև ննջելդ, թեև լրացել էր հիսունինը տարիդ։
Առջևդ դրվող այս նվերն էլ է անթառամ, քանզի հյուսված է քո մակդիրներից ու անվանումներից, որոնցով քո հանդեպ իրենց անսահման սերն են արտահայտել Որդուդ պաշտողները և քեզ ընծայած գովեստների, ներբողների մեջ ու քեզ աղոթելիս պաշտելի անունդ սիրել ու փայփայել։ Հայերը քեզ այնպիսի հավատով են սիրում և ապավինում, որ քո անունով են ամենաշատը կոչել իրենց կերտած եկեղեցիները և նրանց ուխտ են գնում բժշկվելու համար։
Շարակարգվելով` մակդիր-անուններդ աղոթք են դարձել։ Առաջին բանը` փունջը, Աստված անվան սկզբնատառն է, վերջինը` Որդուդ` Քրիստոսի։ Իսկ աղոթաշարի խորագիրն «Անկեզ Մորենի» դրեցի, քանզի այդպես են քեզ կոչել սուրբ հայրերը` այսպես մեկնելով. «Աստվածության անպարունակելի հուրն իր որովայնում կրեց` չմոխրանալով, չսպառվելով և Աստվածամարդուն ծնեց` հավերժ կույս մնալով»։ Ինչպես Հին կտակարանի մորենու թուփը, որ վառվում էր կրակի բոցով, բայց չէր այրվում` սպառվում, որովհետև Աստծո ներկայության մեջ էր։
Աստվածային հրածնիդ մեծարողներին հիմա կպատմեմ սովորական հրի կետ կապված, բայց ոչ սովորական մի իրողություն։ Զարմանահրաշը ոչ միայն զորությանդ փաստն է, այլև սրա պատմության տպագրվելը քրիստոսատյաց խորհրդային իշխանության օրոք, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ նա համատարած քանդում էր եկեղեցիները և հոգևորականներին (բայց ոչ` մոլլաներին) բանտարկում, ծանակում, չարչարում ու սպանում, իսկ շարքային քրիստոնյաներին էլ ճնշում ու հալածում։ (Ի դեպ, նշեմ, որ ԽՍՀՄ-ում Աստվածաշունչը ոչ մի անգամ չի տպագրվել, եղել է արգելված, չճարվող գիրք, իսկ Ղուրանը հրատարակվել է առնվազն երկու անգամ` 1955-ին և 1963-ին։ Եվ աթեիզմը` աստվածամերժությունը, որ դասավանդվել է բուհերում ու քարոզվել շարունակ, ուղղված էր հենց Քրիստոսի դեմ, իսկ Մահմեդին չեն համարձակվել քննադատել։ Ստեղծվել էր հակաքրիստոնեական կամ հակաքրիստոսական (նեռական) ստվար գրականություն։ Երբ հայրենական այսօրինակ երկասիրությունների պակաս էր զգացվում, դիմում էին օտարերկրյա հեղինակներին, որոնք ցնկնում էին Քրիստոսի մասին մինչև իսկ ծաղրական բովանդակությամբ վարնոց գրքեր, օրինակ` Լեո Տաքսիլի «Զվարճալի ավետարանը»։ Սրա հետևանքը եղավ այն, որ աշխարհասասան և աստվածընդդեմ այս պետությունն ունեցավ մեկ մարդու կյանք` գոյատևեց ընդամենը 72 տարի)։
Դառնանք Աստվածածնի զորության պատմությանը։ Մոսկվայում 1930 թ. հրատարակված «Գրական հանրագիտարանի» 1-ին հատորի Богородица` Աստվածածին (Աստվածամայր, սուրբ կույս, սուրբ Մայրամ) ծավալուն հոդվածի մեջ ահա թե ինչ սքանչելի իրողություն է արձանագրվել «Անկեզ մորենի» անվանված պատկերի (իկոնայի) մասին։ «Հին սլավոնացին, անբերրիությունից ու երաշտից բացի, մի սարսափելի թշնամի էլ ուներ` կրակը, որը լափլիզում, խժռում էր ամբողջ գյուղեր, որոնք կառուցապատված էին ծղոտածածկ փայտաշեն տներով։ Եվ այս խորշակ-երաշտ-կրակ շարքը, ինչպես նաև հրդեհների պատճառ ամպրոպը ստիպում էին դարձյալ դիմել` ապավինել Աստվածածնին` տարերքի տիրակալուհուն։ Նա ստանում է անկեզ մորենու` վառվող, բայց չայրվող թփի անունը։ Անկեզ մորենու պատկերը դուրս էին բերում հրդեհի ժամանակ։ Եվ ձեռքներին բռնած` գնում էին կրակի դեմ, ու կրակը նահանջում էր»։
Երկնավոր մայր, դու գիտես, որ զավակներդ աղոթքով քեզ են դիմում ցավի, վտանգի, վախի և, առհասարակ, ամեն նեղության ժամանակ, ինչպես որ երեխաներն են նման դեպքերում «մա՜», «մա՜մ», «մայրի՜կ» կանչում։ Աղոթարարներիս մի քանի աղոթք հիշեցնեմ։ Երբ պարսից շահ Աբբաս I-ը 1604-05 թթ. Հայաստանից Պարսկաստան էր բռնագաղթեցնում հարյուր հազարավոր հայերի, քեզ էին կանչում. «Աստվածածի՜ն Վերին Կաթան (շող, լույս, շողակաթ), Քեզ ամանաթ (ավանդ, պահ տրված բան) մեր սուրբ վաթան (ծննդավայր, հայրենիք), ՈՒր որ գնանք մեր վաթանից, Մեզ դարձըրու գերությունից»։
Հայ գյուղացին, աղետ դարձած գայլերի հարձակումից զերծ մնալու համար, անունդ տալով, «Գիլկապ» (գայլկապ) էր աղոթում. «Գելը կապեմ երկու բըթով, Երկու բըթով, երկու մատով, Աստվածածնա քաղցր կաթով, Գիլի ճամփեն մոլոր անեմ, Գիլի ատամ խմոր անեմ, Ոտները թուլ, Ականջը խուլ» (Հովհ. Թումանյան, «Թագավորն ու չարչին», «Գելը»)։ Բազմացած գայլերի ոհմակներն այսօր էլ են խլում առանց այն էլ աղքատ գյուղացու ապրուստը։ Եվ «Հայորսորդմիությունն» ու անհատ հրացանակիրներն անկարող են սրանց դեմն առնել։ Գուցե վերսկսե՞ն «Գիլկապ» անել։
Հանիրավի ստալինյան անելք բանտերը նետված, գնդակահարության դատապարտված այն մարդիկ, որոնք օրը երեք անգամ աղոթել են. «Սրբասուրբ կույս Աստվածածին, օգնիր քո ծառա ...ին լույս աշխարհ ելնելու, արդար արեգակին նայելու», ազատվել են կամ ազատ աքսոր հանվել Новый мир ամսագիր, N 7, Մոսկվա, 1990 թ., էջ 108-9, Пресвятая Дева-Богородица)։
Մարիամ անունդ ոմանք ստուգաբանել` բացատրել են որպես իշխանուհի, տիրուհի, տիկին, ոմանք` վսեմ, գովաբանյալ, փառաբանյալ (Библейская энц.), հայոց ս. Գրիգոր Տաթևացին` լուսավորություն։ Չէ՞ որ ճշմարիտ լույսը` Հիսուսը, քեզնից ծագեց։
Այս առնչությամբ հիշեցի Վահագն Դավթյանի շատ տարիներ առաջ ինձ պատմածը.
«Պարույրը (Սևակը) Նարեկացու վերաբեր-յալ աշխատություն էր գրում։ Մի անգամ հանդիպեցինք, ասաց. «Վահա՛գն, մի գյուտ եմ արել, բայց հետո կասեմ»։ Գրականագետ Վաչե Նալբանդյանը ներկա էր` չէր ուզում ասել։ Միայն այսքանն ակնարկեց. «Ինչպես Լենինի գիրքը կարդաս, Մարքսի անունը չհանդիպես»։
Վերընթերցեցի «Մատյանը»։ Չկար Հիսուսի մոր անունը` Մարիամ։ Մտածելու բան է։ Գուցե Նարեկացին հաշվի է առել այն կարգը, որ մենք մորը անունով չենք դիմում։ Ո՞վ է մորն անունով կանչում։ Իսկ Աստվածամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է։
Բայց Պարույրի գտածը, կարծում եմ, սա չպիտի լիներ։ Նորից կարդացի «Նարեկը»։ Մի ապշեցուցիչ բան նկատեցի։ Զգացի, որ Նարեկացու... (այստեղ գրառումս անընթեռնելի է. ջուր է թափվել, թանաքը շաղվել է- Վ. Ա.)։ Չեն հասկացել։ Սա էր Սևակի գյուտը։ Այլևս չհանդիպեցի նրան։ Երկու ամիս հետո չկար...»։
Ամենաթագուհի, աղաչում եմ, Ամենաթագավորի առաջ բարեխոս եղիր իմ քեռի Վահագն Դավթյանի և Պարույր Սևակի համար։
Երբ այս հուշն էի պատրաստում, ուշադիր կարդացի «Ողբերգության մատյանը»։ Մարիամ անունը մի տեղ կա, բայց վերաբերում է Մագդաղենացուն։ Անգամ Աստվածածնին ձոնած Ձ գլխում, որտեղ Նարեկացին հեռել` ընդելուզել է 40-ից ավելի մակդիր (երկնավոր արքայուհի, մարդ հրեշտակ, շնչավոր Եդեմ, բարձրյալի խորան, կենդանի լույս, կյանքի դեղ և այլն), Սուրբ Կույսի Մարիամ անունը չի գրել։
Սրանք այնքան բնորոշ են Աստվածածնին, որ ինքնին հասկանալի է, թե ում մասին է խոսքը։ Դրանք նրա սեփական անվանումներն են։
Իսկ դո՞ւ ինչ ես կարծում, սիրելի աղոթարար, ինչո՞ւ Նարեկացին չի գրել Մարիամ անունը։
Ահա արդեն քանի տարի ցերեկ ժամանակ և գիշերվա ամեն ժամի մեկիկ-մեկիկ քաղել եմ անվանդ ծաղիկները և մեսրոպյան տառերի քանակով ու հերթականությամբ 36 փունջ կապել։ Շուրջ 3000 ղողանջ-անուն եմ հավաքել, և ժողովելիք դեռ շատ կա։ Քեզ հղված աղոթքն առայժմ 1000 ղողանջով եմ տալիս։
Քնքուշ և զորավոր Մարիամ, զորավիգ եղիր, որ կարողանամ անվանումներիդ ծաղկաքաղը լրացնել և մեծ փունջ կազմող աղոթագիրքը բացատրություններով մատուցել քեզ և Աստված Որդուդ սիրողներին ու հավատարիմներին։
Անունդ խնկելի է եղել դարեդար և այդպիսին կլինի մինչև դարերի վերջը։
Վարազդատ ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 3471

Մեկնաբանություններ