ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»
07.10.2011 | 00:00

Չորրորդ դարի վերջին Հայոց աշխարհը բաժանվել էր երկու հատվածի. արևմտյան մասը Բյուզանդիայի ենթակայության տակ էր, իսկ արևելյան մասը` Պարսից թագավորության, ուր Արշակունյաց Վռամշապուհը թագավոր էր հաստատվել։ Այս մասում համեմատաբար երկար ժամանակ խաղաղություն տիրեց, և հայոց համար այդ բարենպաստ պահին տեղի ունեցավ մեր պատմության ամենաշրջադարձային դեպքերից մեկը` հայոց գրերի գյուտը։ Թե՛ Վռամշապուհը, թե՛ ս. Սահակ կաթողիկոսը չէին կարող, իհարկե, չգիտակցել, որ հայոց քաղաքական ամենածանր և փոթորկահույզ այդ ժամանակամիջոցում իրենց է վիճակվել կառավարել հայոց երկիրն ու եկեղեցին։ Հայաստանի բաժանումից անմիջապես հետո, երբ կազմալուծված ու ցաքուցրիվ հայությանը սպառնում էր ուծացման, ձուլման վտանգը, ս. Սահակ կաթողիկոսը, ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը, Վռամշապուհ թագավորի աջակցությամբ, գտան հայ ժողովրդի պահպանման ու ինքնուրույն զարգացման համար հզոր ու անհաղթելի մի զենք. ստեղծվեց հայկական գիրը, ու սկիզբը դրվեց հայ դպրության։
Ս. Սահակը (348-439 թթ., կաթողիկոս` 387-ից) ս. Ներսես Մեծ հայրապետի որդին էր: Նա ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին արու շառավիղն էր: Մեծ է եղել ս. Սահակի դերը հայ գրերի գյուտի և թարգմանական ու հայկական ինքնուրույն գրականություն ստեղծելու գործում։ Նրա ջանքերով հայոց Վռամշապուհ թագավորը համակողմանի օժանդակություն ցույց տվեց ս. Մաշտոցին հայ գրերի գյուտի գործում, իսկ դրանց ստեղծումից հետո` դպրոցներ հիմնելու և կրթական գործի զարգացմանը։ Նա և ս. Մաշտոցը դարձան հայ թարգմանական գրականության հիմնադիրները։ Նրանց և նրանց աշակերտների ջանքերով հունարենից թարգմանվեց Աստվածաշունչը։ Աստված հայերի հետ սկսեց հայերեն խոսել...
Ս. Սահակի անունով մեզ են հասել նաև դավանաբանական մի քանի թղթեր՝ ընդդեմ բորբորիտների, նեստորականության ու մծղնեական աղանդների։ Զարմանալի չէ, անշուշտ, որ անգամ հայ դպրության սկզբնավորման շրջանում հայ եկեղեցուն անհանգստացրել են ժամանակի աղանդավորական շարժումները, որոնք պառակտում էին եկեղեցին ու ժողովրդին:
Ս. Մաշտոցը ծնվել է 362 թվականին` Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Հոր անունն էր Վարդան։ Ս. Մաշտոցի կենսագրի՝ Կորյունի և մյուս պատմիչների վկայությամբ` լավ կրթություն ստանալով Տարոնում` նա գնում է Վաղարշապատ և պաշտոնավարում արքունիքում որպես ատենադպիր, ապա դառնում զինվորական։ Չնայած պաշտոնի մեջ ունեցած առաջադիմությանը` ս. Մաշտոցը թողնում է զինվորական ծառայությունը և կրոնավոր դառնում` նվիրվելով Սուրբ գրքի ուսումնասիրության ու քարոզության գործին։ Մի գործ, որի կարիքն ունեին թե՛ հայոց թագավորությունը, թե՛ եկեղեցին։
Դառնալով կուսակրոն հոգևորական, ս. Մաշտոցն իր աշակերտների հետ գնում է Գողթն գավառ՝ քրիստոնեական քարոզչության։ Եվ այս գործունեության ժամանակ էր, որ ս. Մաշտոցն անձամբ համոզվեց, թե ինչ է անհրաժեշտ, և բազում դժվարությունների հանդիպեց, քանի որ եկեղեցու պաշտամունքը կատարվում էր օտար լեզվով՝ հունարեն կամ ասորերեն, չկային Աստվածաշնչի և եկեղեցական գրականության հայերեն օրինակներ և այլն։ Չնայած այդ դժվարություններին, համաձայն Կորյունի վկայության, նա դարձի, այսինքն` քրիստոնեական հավատքի է բերում Գողթն գավառի ժողովրդին։ Սուրբը դրանով, սակայն, չի սահմանափակվում։ Մեծ տեսիլքի նվիրյալը սկսում է Քրիստոսի լույսը տարածել ամբողջ Հայաստան աշխարհում ու նրա սահմաններից դուրս։ Երկրի երկատվածությունը, սեփական գրի ու գրականության և սեփական լեզվով Սուրբ գրքի բացակայությունը հայ ժողովրդին սպառնում էին հետագա է՛լ ավելի աղետալից ճակատագրով։ Ժողովուրդը զրկված էր քրիստոնեական վարդապետությունը մայրենի լեզվով լսելու և հասկանալու հնարավորությունից։ Ձուլման վտանգը սպառնում էր հայոց երկու մասերին էլ. արևմուտքում հելլենացման վտանգն էր, իսկ արևելյան մասում, թեև Պարսից պետությունը հանդուրժում էր քրիստոնեության` պետական կրոն հռչակումը, բայց, ինչպես ցույց տվեց պատմությունը, այդ հանդուրժողականությունը երկար տևել չէր կարող։ Այս իրավիճակը պարզ նկարագրում է Կորյունը. «Եվ երբ նրանց մեջ (Գողթնում) սերմանեց կյանքի խոսքը, հայտնապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին... նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի (Հայաստանի) ժողովրդին մխիթարելու մասին և ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ Աստված և անդադար արտասուքը` մտաբերելով առաքյալի խոսքը, և ասում էր հոգալով. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցներիս համար»։
«Եվ այդպիսի տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած, թե արդյոք ինչպիսի՞ ելք գտնի այդ բաների համար»։ Եվ գտնվեց լուծումը...
Վերադառնալով Վաղարշապատ` ս. Մաշտոցը համոզվում է, որ կաթողիկոսն էլ նույն մտորումների մեջ է. ավելին, նրանց ծրագրին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհը։ Սուրբգրային պատմություններում միշտ չէ, որ թագավորն ու մարգարեն միասնաբար են գործել, և միշտ հակասության ու առճակատման պատճառով տուժել է ժողովուրդը, պետությունը երկու մասի է բաժանվել և, ի վերջո, անհետացել պատմության թատերաբեմից։ Եվ հակառակը, Սավուղից մինչև Սեդեկիա` հրեաների թագավորության ողջ շրջանում, այդ երկուսի ներդաշնակ գործունեությունից պետությունը միայն ծաղկել է։ Եվ մեծ տեսանողները՝ ս. Սահակն ու ս. Մեսրոպը, թագավորի՝ Վռամշապուհի աջակցությամբ սկսում են գործել։
Դանիելյան գրերի մասին տեղեկություն ստանալով` ս. Մեսրոպն անմիջապես գտնում և փորձում է կիրառել դրանք, բայց ապարդյուն։ Այդ գրերը չէին կարող ամբողջությամբ արտահայտել հայերենի առանձնահատկությունները։ Դանիելյան նշանագրերի խափանումով սուրբը դարձյալ ընկնում է իր նախկին մտորումների մեջ, և երկու սուրբերը միասին սկսում են նոր ուղիներ որոնել։ Ս. Մաշտոցը, տեսնելով, որ Հայաստանում մնալով չպիտի կարողանա իր ծրագիրն իրագործել, որոշում է անձամբ գնալ Ասորիք՝ հետազոտելու և իր մտադրությունն իրականացնելու։ Սուրբն իր աշակերտների հետ անցնում է Եդեսիա, Սամոսատ և այլ վայրեր՝ հայերեն տառեր հորինելու համար։ Համաձայն Խորենացու` սուրբն «ապավինում է աղոթքին։ Եվ տեսնում է ո՛չ երազ քնի, ո՛չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է Աջ ձեռք՝ քարի վրա գրելիս, այնպես որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյան վրա։ Եվ սա ոչ միայն երևում է, այլև բոլոր գրերի հանգամանքները սուրբի մտքում հավաքվում են ինչպես մի ամանում։ Եվ աղոթքից վեր կենալով՝ ստեղծում է մեր նշանագրերը, հունարենին քաջատեղյակ Հռոփանոսի հետ ձևակերպելով իր պատրաստած գրերը և հայերեն տառերը ճիշտ հանդիպեցնելով հունարենի հնչյուններին։ Եվ իսկույն ձեռնարկեցին թարգմանություն` խորհրդավորաբար սկսելով աստվածաշնչյան «Առակներ» գրքից»։
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ահա առաջին հայատառ նախադասությունը` գրված առաջին հայ ՈՒսուցչի ձեռքով։ Այս է նաև սուրբի առաջին գրավոր պատգամն իր աշակերտներին. Իմաստությունը Քրիստոսն է՝ Բանն Աստված, հանճարի խոսքերը՝ Սուրբ գիրքը, որի խրատով մարդը քայլելու է Ճշմարտության և Հույսի ճանապարհով` քարոզելով այդ խոսքերը բոլոր ազգերին։
Աստվածատուր գյուտից հետո երանելի սուրբն ուղևորվում է Հայաստան։
Հայոց թագավորը` Վռամշապուհը, և ս. Սահակ հայրապետը, լսելով ս. Մեսրոպի գալստյան լուրը, նախարարներով, իշխաններով և ժողովրդի մեծ բազմությամբ դիմավորելու են ելնում նրան Վաղարշապատի մոտ։ Ցնծություն էր համայն հայության համար։
Ս. Մեսրոպն իր աշակերտների և ուղեկիցների ընկերակցությամբ մայրաքաղաքի ծովածավալ բազմության ցնծերգերի, հոգևոր փառաբանությունների ներքո մուտք է գործում Վաղարշապատ։ Մեր մատենագիրները երանելի սուրբի այս հաղթական մուտքը նմանեցրել են Մովսես մարգարեի՝ Սինա լեռից իջնելուն, երբ նա աստվածակերտ քարե տախտակների վրա Տասնաբանյա օրենքը բերեց։ Հայոց մեծ մարգարեն՝ սուրբ երանելին, տեսնելով այն ցնծությունն ու ուրախությունը, որով ընդունվում էր աստվածատուր պարգևը՝ հայոց տառերը, էլ ավելի մեծ եռանդով է շարունակում սկսած գործը՝ Աստվածաշնչի թարգմանությանն անցնելով։
Վաղարշապատում փոքր-ինչ մնալուց հետո երանելին իր աշակերտների հետ վերսկսում է քարոզչական գործունեությունը Հայաստանի մյուս գավառներում, հարևան երկրներում` ամենուր հիմնելով հայալեզու դպրոցներ, հայերեն քարոզելով Աստվածաշունչը, ստեղծում երիտասարդների մի ամբողջ բանակ, ովքեր լծվելով գործի` թարգմանում են ժամանակի լավագույն գործերը` միաժամանակ ստեղծելով ինքնուրույն երկեր։
Երանելի սուրբը մահանում է 440 թ. փետրվարի 17-ին` ս. Սահակի մահվանից ընդամենը մի քանի ամիս հետո։
Վարքագիրը այսպես է նկարագրում ս. Մեսրոպի վերջին վայրկյանները. «Երբ Աստծո մարդը` ս. Մեսրոպը, զգաց, որ հասել է իր կանչվելու, իրեններից բաժանվելու ու Քրիստոսի գնդին միանալու ժամը, բացեց իր հանապազատարած ձեռքերը դեպի երկինք` Աստծո շնորհին հանձնեց բոլոր մնացողներին` օգնություն խնդրելով Տիրոջից նրանց համար: ... Սուրբն իր վերջին ողջույնը տալով իր մոտ հավաքվածներին` և՛ Սերը, և՛ Միաբանությունը իբրև անփոփոխելի կտակ ավանդեց նրանց, և օրհնելով մոտիկ և հեռու եղողներին` իր հոգին ավանդեց Փրկչի ձեռքը»:
Էդիկ ՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 11658

Մեկնաբանություններ