Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ՄԵ՜Ծ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ, ԵՎ ԱՆՉԱՓԵԼԻ Է ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԵ՜Ծ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ, ԵՎ ԱՆՉԱՓԵԼԻ Է ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
15.02.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)
Եվ մեծամեծներից ոմանք թագավորի հրամանով եկան, իրենց հետ բերելով զորագլխին՝ զորքերի հետ: Կանգնեցրին Սարգսին և Մարտիրոսին տասներկու կուռքերի առջև:
Այն ժամանակ Սարգիսն իր սրտի մեջ աղաղակեց և ասաց.
-Օգնի՛ր ինձ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, ինչպես օգնեցիր բազում պատերազմների ժամանակ:
Եվ դառնալով կռապաշտներին ասաց.
-Սրա՞նք են ձեր տասներկու աստվածները: Սրանցից չորսը վիշապների բերաններն են, չորսը` դևերի արձաններ, չորսն էլ` եզների գլուխներ: Արդ, ո՞ւմ երկրպագեմ, կամ որի՞ն աղոթեմ:
Իշխաններն ու մոգերն ասացին.
-Մի՛ անարգիր, Սարգիս, որովհետև մեր անմահ աստվածներից մեկին օձ ես անվանում, իսկ մյուսին՝ վիշապ:
Սուրբ Սարգիսն ասաց.
-Ասածս ճշմարիտ է, որովհետև մարդկանց այդ ձեռքերի գործը իրապես գարշելի է, որովհետև ներսից կավից են, իսկ արտաքինից՝ պղնձից: Բայց ես նախապես ասացի, որ ցույց տվեք ինձ, թե ձեր կուռքերը կենդանի աստվածներ են: Ապա թե ոչ, ե՛ս ձեզ պիտի ցույց տամ իմ կենդանի Աստծո զորությունը, իմ Աստծո, Որն Իր Խաչով լուսավորեց երկինքն ու երկիրը: Արդ, ես ինչ տեսնում եմ, գիտեմ, որովհետև դրանք դևերի պատկերներ են, և չեն կարող խոսել: Վիշապները բերաններ ունեն, բայց չեն կարող ուտել, եզան գլուխներ են, բայց չեն կարող ձայնել:
Իսկ կռապաշտներն իրար ասացին.
-Վա՛յ մեզ, քանզի մեր աստվածներին անարգեց, և նրանք կբարկանան մեզ վրա:
Սուրբ Սարգիսը պատասխանեց.
-Սուրբ Գիրքն ասում է. «Դրանք շինողները նրանց պես պիտի լինեն, նույնպես և դրանք պաշտողները»:
Այդ ժամանակ քուրմերն ասացին.
-Շա՜տ բարկացար, թշնամացար և անարգեցիր մեզ ու աստվածներին, ո՛վ մարդ:
Իսկ սուրբն ասաց.
-Թողեք մոտենամ ձեր աստվածներին:
Իսկ մյուսները կարծում էին, թե ուզում է երկրպագություն անել և թույլ տվեցին:
Իսկ նա սրտի մեջ աղոթելով Տիրոջն օգնության կանչեց, խաչակնքեց և իր սիրտը ճշմարտությամբ զորացնելով՝ հանեց ձեռքի և պարանոցի շղթաները, և նրանցով հարվածեց կուռքերի ծնկներին, ու անմիջապես բոլորը խորտակվեցին, փշրվեցին ու ցիրուցան եղան։
Եվ ասաց նրանց.
-Ո՛վ անմիտներ, ահա ձեր պաշտած բաները փշրվեցին, և կրակը, որին երկրպագություն էիք անում, ցնդելի ծուխ է:
Եվ երբ մոգերն ու այնտեղ եղող հեթանոսներն այս ամենի ականատեսը եղան, բարկությամբ դեպի սուրբը շարժվեցին և նրան բռնելով՝ սկսեցին այս ու այն կողմ քարշ տալ, և աղաղակում էին, թե պիտի սպանեն նրան:
Անօրենների այս բուռն հարձակման պատճառով սպանվեց նրա Մարտիրոս որդին, գործով արժանի լինելով վկայի անվան, պսակակից լինելով նախապես Քրիստոսի համար զոհված վկաներին:
Բայց սուրբ Սարգսի վրա նույն ժամանակ ձեռք չբարձրացրին, որովհետև արքունական զորքն էլ զարհուրած դողում էր նրանից, ու սպասում էին թագավորի հրամանին:
Պետք էր տեսնել այն սոսկումը, ապշությունն ու կոծը, որին ենթակա էին կռապաշտները: Ոմանք իրենց հագուստներն էին պատառոտում, ուրիշներն էլ իրենց գլխի մազերն էին փետում ու կոծելով շտապում թագավորի մոտ: Բոլորն էլ բարձրաձայն աղաղակում էին և, տանելով կուռքերի փշուրները, ցույց էին տալիս պալատի մեծամեծներին և ասում.
-Վա՜յ մեզ, այս ի՞նչ պատուհաս էր, որ հասավ մեզ ու մեր երկրի վրա: ՈՒրիշ որտե՞ղ կան այնպիսի աստվածներ, որ մեր երկիրն ապրեցնեն:
Իսկ իշխանները մեղադրում էին զորքին ու ասում.
-Ձեզ նրանց հետ ուղարկեցինք, ինչո՞ւ իրենց չբռնեցիք, որ մեր աստվածներին վնաս չհասցնի:
Զինվորներն ասացին.
-Հավատացե՛ք, եթե դուք էլ լինեիք այնտեղ, չէիք կարող զսպել նրան:
Եվ մինչ նրանք խոսում էին, սուրբ Սարգիսը նրանց հետևից եկավ ու կանգնեց ատյանի առաջ` ձեռքում շղթաները:
Իշխանները սարսափած իրար էին ասում.
-Չլինի թե մեզ էլ սպանի:
Եվ նրան ասացին.
-Սարգիս, ինչո՞ւ փշրեցիր մեր աստվածներին:
Այն ժամանակ սուրբ Սարգիսը, ցույց տալով ձեռքի շղթաները, ասաց.
-Այս է, որ փշրեց ձեր կուռքերը: Եվ նրանք չկարողացան հաղթել ինձ: Եվ եթե ես Աստծուց հրաման ունենայի, կուռքերի հետ կբնաջնջեի նաև կռապաշտներին: Բայց ահա տեսնում եք, որ գառան պես ձեր առջև կանգնած եմ, ինչ ուզում եք, արեք ինձ հետ:
Եվ մինչ բազմությունը ցանկանում էր տեղնուտեղը սպանել, թագավորն արգելեց, որովհետև նրա որդու մահվան պատճառով արդեն տրտմած էր, քանի որ առանց իր հրամանի էր տեղի ունեցել:
Եվ կանչելով իր մոտ Սարգսին, ասաց.
-ՈՒզածիդ պես անարգեցիր մեր աստվածներին, ու ներեցի քեզ, բայց ինչպե՞ս համարձակվեցիր փշրել դրանց:
Սուրբը պատասխանեց նրան` ասելով.
-Քանզի ես Սուրբ գրքից լսել եմ, որ ասում է. «Նրանց երկաթե գավազանով պետք է հովվես և բրուտի անոթների պես պիտի փշրես»:
Թագավորն ասաց.
-Եթե դու չես վախենում, որ աստվածները քեզ կմեռցնեն, ուրեմն ես քեզ շղթաներով կապել կտամ, ապա կհրամայեմ սպանել:
Սուրբը պատասխանեց.
-Ես ամեն ժամանակ պատրաստ եմ մեռնելու իմ անմահ Տիրոջ համար, Որն ինձ անմահություն պիտի տա: Իսկ քո աստվածները ինձ չեն կարող ոչ մի բան անել:- Եվ զինվորները նրան տարան բանտ:
Եվ մինչ բանտի մեջ աղոթում էր, բանսարկու սատանան եկավ, նրա առջև կանգնելով ասաց.
-Սարգիս, ի՞նչ եմ արել քեզ: Ինչո՞ւ իմ հանգստավայրը փշրեցիր, ինչո՞ւ իմ զոհասեղանն ավերեցիր: Հիմա զղջա և հանդարտեցրու թագավորի սիրտը:
Սուրբ Սարգիսը սաստեց նրան և ասաց.
-Չքվի՛ր առջևիցս, սատանա, և, քո կորսվելիքներովդ հանդերձ, գնա՛ հավիտենական դժոխք:
Եվ դևն ասաց.
-Քանի որ դու ինձ արհամարհեցիր, ես էլ պիտի մտնեմ բռնավորի սիրտը, և մարմինդ ուտել, արյունդ խմել և ոսկորներդ փշրել պիտի տամ, ինչպես դու արեցիր իմ բագինները:
Եվ ասաց նրան սուրբ Սարգիսը.
-Քրիստոսի անունով հեռացի՛ր ինձնից:
Եվ սատանան գնաց, մտավ բռնավորի սիրտը: Եվ նա հրաման տվեց, որ հաջորդ օրը նրան չարչարեն:
Եվ դահիճները տանջում, քերթում և քաշկռտում էին սուրբ Սարգսին, իսկ նա սաղմոսելով երգում էր գոհությամբ.
-Աստված, ինձ օգնության հասիր, Տե՛ր, ինձ զորավիգ եղիր: Աստված և Հայր մեր Տեր Հիսուս Քրիստոսի, զորություն տուր իմ հոգուն և համբերություն իմ մարմնին, որ հաղթեմ սատանային, և նրա մեքենայությունները չհաղթեն ինձ:
Երանելու չարչարանքները շարունակվեցին ամբողջ օրը, ու երբ գիշեր եղավ, Աստծո հրեշտակը եկավ նրա մոտ ու ասաց.
-Զորացիր, Սարգիս, քանզի ես քեզ հետ եմ: Ինչ որ խնդրեցիր, տվեցի քեզ, և ինչ որ խնդրես, պիտի տամ քեզ:
Երբ Աստծո հրեշտակն այս ասաց, սուրբի սիրտը զորացավ և նրա մարմինը կարծր երկաթի պես դարձավ և արհամարհեց նրանց տանջանքները, կապանքներն ու գոհությամբ փառավորում էր Աստծուն:
Եվ երբ բանսարկուն երկրորդ անգամ լրբորեն երևաց նրան, սուրբն ասաց.
-Ես Քրիստոսին հագա իմ սրտի մեջ իբրև հանդերձ, եթե նետերդ արձակես ինձ վրա նրանք չեն կարող վնասել ինձ՝ իմ Տիրոջ նահատակին, որովհետև Քրիստոսն ինձ որպես ծառ տնկեց: Իմ ոստերը կարող ես փշրել, բայց արմատներս չես կարող վնասել: Փոս փորեցիր, բայց չկարողացար գանձերիս տիրել, քանզի Աստված ինձ հետ է և Նրա հրեշտակն ինձ զորացրեց:
Իսկ բանսարկուն սկսեց հիշեցնել սուրբին իր կարծեցյալ զորությունները:
-Իշխանություն ունեմ, ասաց, բռնավորի սիրտը մեղմելու, ու մարմինդ կազատվի տանջանքներից: Ա՜յ թշվառական, զոհ մատուցիր ու պաշտիր ինձ, եթե ո՛չ, քեզ ցույց կտամ իմ զորության ուժը: Հիշի՛ր, թե ինչ արեցի քո հորը՝ Ադամին, ինչպես նրան կենաց դրախտից հանեցի ու փառքից զրկեցի: Գիտես թե ինչ արեցի Հոբին, և թե ինչպես կոտորել տվեցի մարգարեներին: Նույնպես ես էի, որ առաքյալներին ու մարտիրոսներին չարչարել ու սպանել տվեցի: Ես էի, որ հրեաների սիրտը մտա և մոլորեցրի նրանց, որ չարչարեն ու Խաչի վրա սպանեն Կույսից ծնվածին:
Սուրբ Սարգիսը պատասխանեց.
-Ա՛րդ բավական է, սատանա՛, մի ձանձրացրու ինձ: Գիտեմ, որ քո չարիքները քո գլխին վերադարձան, իսկ սրբերը պսակվեցին փառքով ու արքայությունը ժառանգեցին: Գիտեմ, որ հրեաներին մոլորեցրիր, բայց այն էլ գիտեմ, որ Կույսից ծնվածը, որ հավիտենից առաջ Հոր մոտ էր, ջախջախեց քո գլուխը և Ադամին փրկեց դժոխքից: Ո՛վ սատանա, խուլ, կույր ու հիմար, ինչպե՞ս չիմացար այս ամենը: Դու չէիր կարող Աստծո Որդուն խաչ հանել, եթե Ինքը չուզենար, քանզի Ինքն է ամենակարող փառքի Տերը, Հոր և Սուրբ Հոգու հետ: Քանզի Հայրը ինքնագո է. Որդին Հորից է, և Սուրբ Հոգին` նրա էությունից: Երեք անձեր, մեկ Աստվածություն, մեկ զորություն: Արդ, ո՞վ կհամարձակվեր Աստծո Որդուն Խաչ հանել, եթե Ինքն այդ չուզենար: Բայց արդ կամավորաբար Իր ադամական մարմինը չարչարանքների մատնեց: Եկավ Հոգու զորությամբ և բազմաթիվ հրեշտակներով՝ խորտակեց պղնձյա դռները ու փշրեց երկաթյա նիգերը: Նրա զորության դեմ անգամ ադամանդյա դռները չեն կարող դիմանալ. և փրկեց մեր հայր Ադամին և բոլոր նրանից ծնվածներին, որ արդարների դասին են պատկանում: ՈՒ Ադամը փառավորեց Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Իսկ սատանան ասաց.
-Մար Սարգիս, կարծում էի, որ, ի վերջո, պիտի հետ դառնաս ու ինձ պաշտես, բայց ահա ինձ մեծ արգելք հանդիսացար: Բայց ի՞նչ շահեցիր քո համառությունից: Արի՛, հավանություն տուր թագավորի կամքին և աշխարհի վրա անուն վաստակիր և սնոտի բաների համար կյանքդ մի զոհիր: Հակառակ պարագայում՝ վաղը վրադ դարձյալ հսկայական ամբոխ կուղարկեմ և մարմինդ երկրի գազաններին ու երկնքի թռչուններին պիտի տամ:
Սուրբ Սարգիսն ասաց նրան.
-Քրիստոսի անունով հեռացի՛ր ինձնից, ով դո՛ւ տկար, անարգված և ժպիրհ: Հեռացիր ինձնից, և էլ մի համարձակվիր մոտենալ ինձ, ճշմարտության հակառակորդ ու ստության հայր: Որովհետև քո խրատին հետևողների համար ոչ թե կյանքի, այլ հավիտենական մահվան պատճառ է:
ՈՒ հեռացավ նրանից չարը` հալածված ու խիստ ամոթահար:
Դրանից հետո, հինգերորդ օրը լուսանալու պես, սուրբ Սարգիսն աղոթեց ու ասաց.
- Տեր Հիսուս Քրիստոս, որ անօգնականներին օգնական ես և մոտ ես քեզանից երկյուղածներին, եկ, օգնիր ինձ, Տերս ու Փրկիչս, տկարներին զորացնող, նեղվողներին խաղաղեցնող, սպարապետ պատերազմի, մրրկահողմի դեմ ամրություն, կարոտ եղողների օգնական: Եկ, օգնի՜ր ինձ, Տեր Հիսուս Քրիստոս՝ Փրկիչ իմ սիրելի:
Եվ հանկարծակի բանտի մեջ երևաց նրան Տեր Հիսուսը՝ երկնային զորքերով, ու նեղ տեղը լցվեց արևի լույսից ավելի պայծառ լույսով, և իսկույն արձակվեցին երանելու ձեռքերի ու ոտքերի կապանքները: Եվ լույսի միջից ձայն լսվեց, որ ասում էր.
- Քաջալերվի՜ր, իմ բարի և հավատարիմ ծառա Սարգիս, սիրտդ թող չվախենա նրանցից, որ կարող են միայն մահկանացու մարմինդ սպանել, որովհետև այս աշխարհի հողանյութ հարկերից հետո պիտի մտնես քո Տիրոջ լուսեղեն խորանների անվախճան ուրախության մեջ:
Լուսեղեն փառքի այս փայլատակումը տեսնելով` բանտի շուրջ եղողները հավաքվեցին այն տեղում, ուր բանտարկված էր երանելին, և տեսան նրան կապանքներից արձակված ու Աստծուն աղոթելիս: Եվ զարմացած փառք էին տալիս ճշմարիտ Աստծուն, ում մասին քարոզում էր Սարգիսը:
Անմիջապես գնացին ու պատմեցին թագավորին կատարված հրաշքի մասին: Այն ժամանակ թագավորը հրամայեց, որ երանելուն իր առջևը բերեն:
Բերելով իրեն, Շապուհն ասաց.
- Ո՛վ անմիտ ու քո անձի թշնամի, ի՞նչ շահ ունեցավ մեր հրամաններին հակառակվելը, եթե ոչ անարգանք և չարչարանք, նաև քո որդու մահը: Եվ եթե շարունակես համառել, չարաչար մահվամբ պիտի բաժանվես այս աշխարհից: Իսկ եթե հրաժարվես քո անմիտ խորհուրդներից և ուղղվելով՝ հիշելով մեր նախկին սերը, կներեմ ու քո արարքները մեղք չեմ համարի, որոնցով հանցավոր եղար մեր հանդեպ: Ընդհակառակը, գերագույն փառքի պիտի արժանանաս: Արդ, լսի՛ր մեր հրամանները և դրանից հետո գնա Նազովրեցու հետևից:
Թագավորն այս ասաց, որովհետև չէր ցանկանում սուրբի մահը. մանավանդ որ Հուլիանոս կայսրի գալու լուրն արդեն հասել էր իրենց:
Եվ երանելին պատասխանեց.
- Ձեր աստվածների նախատինքն ու ամոթը չզգացիր, որովհետև դու էլ աստվածներիդ նման խավար ես ու անլույս: Նրանց փոշու պես մանրացված տեսնելով, ինչպե՞ս չհասկացար դրանց անկարողությունը: Բայց իմ պարծանքն ու հույսս իմ Աստված Հիսուս Քրիստոսն է: Որովհետև ինչպես որ Նա իմ որդուն Իր մոտ առավ բարեպաշտ հավատքով, նույնպես և ինձ պետք է ընդունի նույն հավատքի մեջ հաստատված ու արմատացած: Նրան գոհություն պիտի հայտնեմ ու փառավորեմ, որովհետև երանքիս պտուղը ընդունեց և թույլ չտվեց, որ խաբվի քո մոլորությունից: Եվ արդ, հաստատապես ասում եմ քեզ, որ քո կուրությունը ինձ չի կարող խավարեցնել: Բայց թող հայտնի լինի քեզ, որ եթե նույնիսկ խնայես իմ կյանքը, քո մահը ինձանից պետք է լինի, որովհետև չեմ ների քո պիղծ բերանը, որ հայհոյում է իմ ճշմարիտ Աստծուն:
Երբ թագավորը այս լսեց, շատ վախեցավ: ՈՒ հրամայեց, որ հանեն նրա զինվորական հագուստները և ասաց.
- Զորավար Սարգիսը, որ չգնահատեց իրեն տրված պատիվը, անարգանքի պիտի մատնվի և իր կատարած մեղքի պատճառով պիտի մեռնի:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ