Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐԺԵԼ ՄԱՆԿԱՆՑ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐԺԵԼ ՄԱՆԿԱՆՑ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ
01.07.2011 | 00:00

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՄԿՐՏՎՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏՈՎ
Երբ բարեկամներիս պատմեցի մի շարք վկայություններ ծանր հիվանդ մանկանց մկրտությամբ բժշկվելու մասին, որոնցից մի քանիսին ինքս ականատես էի, մի քանիսն էլ Պարգև սրբազանի պատմածով գիտեի, խորհուրդ տվեցին գրել, որովհետև ասում էին, եթե գրես, գուցե աղանդներում շատերը հավատան-ընդունեն, թե մանուկների ավազանի մկրտությունը մեր Մայր եկեղեցում Տերունականն է: Որովհետև Հայաստան եկած այդ աղանդների ջոջերը շարքայիններին մոլորեցնում են, թե իբր պիտի մանուկը չափահաս դառնա, ապա իր կամքով որոշում ընդունի և նոր միայն մկրտվի: Իսկ եթե մեծանա, որոշում չընդունի և չմկրտվի, կամ եթե մինչև չափահաս դառնալը մեռնի, երբ գրվածքն ասում է. «Մարդկանցից ոչ ոք, ով դեռ ջրից ու Հոգուց վերստին ծնված չլինի, չի կարող Աստծո թագավորությունը տեսնել»: Մի՞թե ծնողը բավարարված կլինի իր մանկան հոգևոր անբավարար վիճակով կամ կորստով: Է, կա՞ այնպիսի բարի մի ծնող, որ չկամենա իր զավակի փրկությունը կամ չկամենա, որ իր մանուկը ևս Երկնքի արքայությունը տեսնի: Մխիթար Գոշի «Դատաստանագրքով», երբ երեխան առանց մկրտվելու էր մեռնում, ծնողներին դատի էին տալիս, քանի որ մանկանը ժամանակին չմկրտելով` պատճառ եղան նրա հոգևոր կյանքի կորստական վիճակներին: Նման ծնողների համար ապաշխարության կարգ էլ կա: ՈՒստի և` Աստված առավել օրհնում է այն ծնողներին, ովքեր վաղ տարիքում են մկրտում իրենց մանկանց, որովհետև այդ մանուկները մեծանալով` թե՛ իրենց ծնողների, և թե՛ այլոց համար երկնային համ ու հոտով, շնորհառատ, քաղցրապտուղ մարդիկ են դառնում: Իսկ ինչ վերաբերում է Տիրոջ այն խոսքին, թե. «Ով հավատա և մկրտվի, նա պիտի փրկվի», բնական է, Տիրոջ այս խոսքը ոչ թե մանկանց, այլ միայն մեծահասակներին է արդեն վերաբերում և նրանց փրկությանը: Սակայն մանուկները մկրտվում են ծնողների հավատի շնորհիվ, ինչպես մանկանց համար լավ գիրք կամ հագուստ գնելը, մանկապարտեզ կամ դպրոց գնալը և բազմաթիվ այլ բաներ` ծնողների հավատով է հոգացվում:
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ
Որպեսզի պատկերացնենք մկրտության խորհրդի կարևորությունը, ասենք, որ մկրտությունը արարչագործության ժամանակներից է գալիս: Օրինակ, երկրագնդի վրա կենդանություն ստեղծելուց առաջ Աստված ողջ երկրագունդը ծածկել էր ջրով: Եվ ջրերի վրա շրջում էր Աստծո Սուրբ Հոգին: Եվ երբ երկրագունդը ջրերով լվաց, սրբագործեց, այդժամ միայն Սուրբ Հոգու միջոցով Աստված կենդանություն և կյանք պարգևեց երկրագնդին:
Եվ սա ամենաառաջին մկրտությունը եղավ, որ գիտենք:
Երկրորդ մկրտության օրինակը Համաշխարհային ջրհեղեղն էր:
Երբ ախտավորված, լիովին պղծված ողջ մարդկությանն Աստված ջրհեղեղով ոչնչացրեց, այդպես ջրերով լվաց երկիրը և սրբագործեց, այսինքն` երկիրը մկրտեց ջրով: Կենդանի մնացին միայն Աստծուն լսող Նոյն ու նրա ընտանիքը և տապան վերցված կենդանիները: Այս փրկված ընտանիքից աճեց այժմյան ողջ մարդկությունը, որ գիտենք և փրկված կենդանիներից` կենդանական աշխարհը: Եվ այս մկրտության ավարտին, Նոյի արձակած ագռավը չվերադարձավ, երևի լեշ էր գտել, սակայն Աստծո Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին հետ դարձավ Նոյի մոտ, կտուցին բերելով ձիթենու ճյուղը, իսկ ձիթենուց ստացվող յուղը, ինչպես գիտենք, Սուրբ Հոգու օծման խորհրդանիշն է: Եվ ամենևին պատահական չէ, որ մեր եկեղեցում մկրտության ժամանակ օծման յուղը սուրբ մյուռոնն է, որ իր բաղադրության մեծ մասով ձիթենու յուղից է պատրաստվում, ավելացրած բազմաթիվ ծաղիկների հյութեր, բալասաններ: Իսկ թե ինչ զորություն ունի ձիթենու յուղը, մեջբերենք, թե այդ մասին ինչ է ասում սուրբ Գրիգոր Նարեկացին. «...Կամ ինչպես ասենք` ճիճու ու զեռուն բազմաոտանի, որ խլրտում են տկար հողի մեջ, և նրանց վրա, թե ձեթ է ծորում և կամ փոքր-ինչ դեղ սատակեցնող` նրանք ցամաքում են, ոչնչանում»:
Այսինքն` ջրով մկրտությունը և մյուռոնով կնքումը սրբագործում են մարդուն` հիվանդաբեր շատ փորձություններից ազատելով, և կնքվածը դիմում է ապաշխարության` այդ մկրտության արժեքը այլևս պահել-պահպանելու, այդ մկրտությանն արժանի մնալու համար:
Նախնական մկրտության խորհուրդ-օրինակ է համարվում նաև Եգիպտոսից հրեաների դուրս գալը, երբ հավատացյալ ժողովուրդն անցավ Կարմիր ծովի միջով, իսկ նրանց հալածողները խեղդվեցին: Նույնպես և մեզ հալածող, չար և բազմաբազում հիվանդաբեր և խաբեական, սատանայական և սնոտի ուժեր են մեր մկրտությամբ կործանվում, ուժեր, որ մեր կործանումն էին որոնում:
Որպես երկրի խորհրդակիր մարմինն ունեցող, հավատացյալը սուզվում է ջրի մեջ, ապա Աստծո Սուրբ Հոգին իջնում է նրա վրա և կենդանություն ու պարգևներ է շնորհում, յուրաքանչյուրին` ըստ արժանվույն։ Քանի որ, մեր մարմինը, թեպետ երկրից է, բայց բանականությունն ու շնորհները Աստծուց են, որոնք Սուրբ Հոգով են բաշխվում: Եվ քահանան կնքում է միայն նրանց, ովքեր հավատում են Աստծո աշխարհ առաքած Փրկիչ Որդուն` Քրիստոսին: Կնունքը Սուրբ Հոգու մեզ վրա իջնելու արարողության վկայագիրն է, որով կենդանի գործընթացներ են կատարվում մեզ վրա: Այդժամ Աստծո Հոգին մեզ առաջնորդում է ապաշխարության, որ իրականանում է պահեցողություններով ու աղոթքներով, կենդանի գործերով:
Այդպես Աստծո Սուրբ Հոգին սկսում է Իրեն լսողներիցս պատրաստել հավիտենության քաղաքացիներ, երկնքի մանուկներ, Աստծո որդիներ, իմաստուններ, առաքելություն գործադրողներ, թագավորազներ:
ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ՄԿՐՏԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Երբևէ չենք գտնի մի ծնող, որն իր երեխայի վատը կամենա կամ վատը որոնի նրա համար։ Անգամ գազանները խնամում են իրենց ձագերին և նրանց վտանգ սպառնալու դեպքում՝ պաշտպանում։ «Դուք որ չար եք, բայց գիտեք ձեր երեխաներին բարի բաներ տալ, ապա որչա՜փ առավել Աստված»,- ասում է Հիսուս։
Նույնն է թե` Աստված առաջինը մկրտությունը տվել է մանուկներին, որպես իր ամենասիրելիների: (Ըստ այդմ, անգամ մեծահասակները, որ մկրտվում են Քրիստոսի անունով, նրանք ևս երկնքի մանուկներ են դառնում, երկնքի երեխաներ, դեպի արդեն երկնային կյանք ապրելու, արդեն հոգով աճել-մեծանալու, հոգով հասակ առնելու համար):
Սակայն, ցավոք, առաքելական կանոնը չլսող ծնողներ կան, որ զրկում են իրենց մանկանց մկրտությունից և դրանով զրկում նրանց նաև հոգևոր պարգևներից, ձիրքերից, հոգևոր կյանքի արթնացումից, որ կարող էր իրենց մանկանց դարձնել առավել քրիստոսատուր, առավել իմաստուն ու պտղաբեր, անվանի անհատներ, վերին արդարությամբ ապրող առավե՛լ երջանիկ մարդիկ: Երեխաների մկրտությունն արգելող ծնողները պատճառաբանում են, որ իբր մանկանց մկրտության մասին պատվեր Սուրբ Գրքում չկա՛ գրված: Այդպես հավելյալ փաստելով, որ Սուրբ Գիրքը ևս, ցավոք և ցավոք, անփութորեն կամ շեղ են կարդացել կամ այլոցից են մոլորեցվել ու շեղ հասկացել: Իսկ նրանք, որ ասում են, թե մանուկը պիտի մեծանա, մանուկն ինքը հավատա և ապա մկրտվի, նման դեպքերի համար մեր քարոզիչներն ասում են.
-Մի՞թե հավատը տարիք հարցնում է, երբ հավատն ի ծնե է նաև լինում: Հիսուսը երբ Երուսաղեմ էր մտնում, առաջինը մանուկները նրան հավատացին, աղաղակելով` օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը: Նաև, բանական մարդ լինելով պիտի հասկանանք, որ մանկունք մկրտվում են ծնողների, մերձավորների հավատով էլ, ինչպես սովորաբար ծնողների հավատով են դաստիարակվում ամեն բանում, ծնողների հավատով են հագնվում, սնվում, ծնողների հավատով են դպրոց գնում, և ամեն բանում լսում նրանց` մինչև չափահաս դառնալը: Մարիամն ու Հովսեփը երբ մանուկ Հիսուսին տաճար տարան` օրենքը նրա վրա կատարել տալու, չասացին թե` սպասենք, երեխան չափահաս դառնա, տեսնենք ինքը կհավատա՞, կուզենա՞ թույլ տալ, թե՞ ոչ: Այլ ծնողական հավատով օրենքը կատարեցին մանկան վրա, օրենքի կատարում, որ այնուհետև փոխվեց մկրտության կարգով: Եվ ամենաբարին, ըստ հավատի և ավանդության իմանալով, իրենց իսկ ունեցած դաստիարակությամբ` լավագույնն արեցին երեխայի համար: Եվ հնում, երեխաների թլպատումը ութ օրականից` ևս ծնողների հավատով էր: Չէին սպասում, որ երեխան մեծանա և ինքը որոշի թլպատվե՞լ, թե՞ ոչ: Հնով, ըստ օրենքի թլպատումն էր` ծնողների հավատով, իսկ նորով` նույն թլպատումը փոխվեց գերազանցով` մկրտությամբ: Ստվերը փոխվեց լույսի, օրենքը փոխվեց շնորհի ու պարգևների: ՈՒստի Քրիստոսով, մկրտությունը մանկանց ութ օրականից է սկսվում, ինչպես որ հնով թլպատումն էր: Այդպես հանձնարարեցին առաքյալներն իրենց կանոններում: Իսկ ծնողների հավատով մանկանց վրա կատարվող արարողությունը երկու դեպքում էլ նույնն է մնում: Հնով` թլպատություն, Նորով` մկրտություն: Որովհետև Քրիստոսով Հին կտակարանը փոխվեց Նոր կտակարանի` ողջ մարդկության համար, նրանց, որ կհավատան Աստծո աշխարհ առաքած Որդուն, որ Բանն ու բանականությունն է, Թագավորը` իրենով ստեղծված հոգիներիս: Հնով, բնականաբար, միայն արու զավակներն էին թլպատվում, սակայն նորով մկրտվում են թե՛ արու մանուկները, թե՛ աղջնակները, այդպես առավե՛լ լիարժեք ու կատարյալ դարձնելով և ազնվականացնելով մարդ արարածի սրբացումը Աստծո առաջ:
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՎՈՐԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ
Երբ մանուկ Հիսուսին ծնողները տարան տաճար` օրենքը կատարելու, տաճարում Աստծո հրամանով մանկանը սպասում էին Սիմոն ծերունին և Աննա մարգարեուհին, որոնք գրկեցին երեխային: Սիմոն ծերունին քրիստոնյաներիս համար քավորի օրինակ է: Աննան, որպես հոգևոր դայակի, աղախնի խորհրդանիշ օրինակ: Իսկ երբ օրենքի թլպատումը Տիրոջով փոխվեց մկրտության, ապա մանկանց մեր եկեղեցի տաճարներում մկրտելիս, Սիմոն ծերունու օրինակով, մանկանը գրկող ավագ, պատվարժան հավատացյալը քավոր է դառնում, իսկ քավորի կինը կամ հավատացյալ մեկ այլ կին` հոգևոր դայակ:
Քավորը և դայակը, արդեն մկրտված քրիստոնյա լինելով, նաև մկրտության պահին ընկերակից վկա են դառնում, որ մկրտության խորհուրդը կայացավ: Ինչպես օրենքն է ասում, թե երկու հոգու վկայությունն է ընդունելին: Եվ Քրիստոս է ասում, թե` որտեղ իմ անունով երկու-երեք հոգի հավաքվի, ես այնտեղ եմ: Այսինքն` մկրտության ժամանակ քահանայի, քավորի և դայակի միաբանությամբ` Քրիստոսի ներկայությունը և Սուրբ Հոգու էջքը առավել ակնհայտ, առավել զորավոր ու անշփոթ է լինում, քահանայի աշխատանքն այդպես ավելի ամբողջացնելով, լրիվացնելով:
ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐԵՆ, ԵՐԲ ԴԵՌ ԵՐԵԽԱ ԷՐ...
Դավիթ մարգարեն, երբ դեռ երեխա էր, երբ դեռ չափահաս չէր, Աստված Սամվել մարգարեին ուղարկեց երեխային արդեն թագավոր օծելու։ ՈՒստի և երեխային նախօրոք օծելը (կնքելը, Հոգով մկրտելը) կարևոր համարեց Աստված, որ երեխան սուրբ Հոգու շնորհներով զորավորվեր, ամրանար, Սուրբ Հոգու շնորհներով վաղօրոք հասունանար, լցվեր՝ մինչև ճշմարիտ թագավոր լինելու նրա տարիքը լրանալը։ Անշուշտ, Դավիթը, օրենքի համաձայն, ութ օրականում թլպատվել էր` ծնողների հավատով, իսկ մանկության տարիներին մարգարեն օծեց նրան Սուրբ Հոգու խորհրդով, որով էլ Աստված զորավորեց գառնարած Դավթին. նա քաջությամբ առյուծ էր սպանում, երբ սա ելնում էր իր հոտի դեմ, ապա բարի պատերազմ պատերազմելու սաղմոսներ սկսեց գրել և երգել, սաղմոսներ, որ զգայական մարդկայինից վեր լինելով` նաև մարգարեություններ են` հօգուտ եկող բոլոր ժամանակների ողջ հավատացյալ մարդկությանը:
Մկրտության պարագայում մանուկը ջրով մկրտվում է, քահանայի ձեռքով լվացվում` էտվելով հեթանոսական ախտերից, հիվանդաբեր ժանգերից, պատվաստվելով Քրիստոսով մարդկության արդարների կենաց ծառին: Մկրտությունը քրիստոնյաներիս համար փոխարինում է հին օրենքի թլպատմանը և գերազանց կոչվեց թլպատումից: Մկրտությամբ ադամական ժառանգական ախտերից ազատվում է մանուկը, քանի որ այդ ախտերը յուրաքանչյուր նորածին այս կամ այն չափով ունի, և այդ դեռ չերևացող ախտերը ապագայում կդժվարացնեին, կխոչընդոտեին մանկան հոգևոր, շնորհալի աճը: Ապա արդեն մարմնով լվացված երեխային քահանան Տիրոջ անվամբ կնքում է սուրբ յուղով` մյուռոնով, որով Սուրբ Հոգին էջք է կատարում երեխայի վրա: Եվ Դավթի նման քրիստոնյա մանուկն օծվում է որպես Աստծուն որդեգիր-հոգևոր թագավորազն, արդեն երկնային արքայազնի նման շնորհներով ու ձիրքերով աստվածային աճ ու հասունացում ապրելու։
Ոմանք ասում են, թե մանկանց մկրտության մասին ինչու Տիրոջից բառացի պատվեր չկա: Կա՛: Ինչպես ասացինք, Առաքելական կանոններում է այդ պատվերը հանձնարարված, և այդ կանոն-պատվերը առաքյալներից գրավոր փոխանցվեց նրանց ձեռնադրած քահանաներին: Որովհետև առաքյալները, ապա նրանց ձեռնադրած քահանաներն էին (են) մկրտության կարգը իրագործում:
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ
ՈՒստի և Նոր ՈՒխտով նույնը մնաց մանկանն ութ օրականում Աստծուն հանձնելու արարողությունը, ինչպես հնում էր: Այժմ սակայն ոչ թե ստվերային ծառայի նման, ըստ մարմնի արդարության մեծանալու, ինչպես հնում էր, այլ այժմ կենդանարար Քրիստոսի միջնորդությամբ որպես բանավոր, շնորհազարդ որդեգիր աճելու: Այսինքն, չպիտի սպասել մինչև մանուկը մեծանա, հավատա ու նոր հանձնել նրան Աստծուն, այլ ըստ կանոնի՝ ութ օրականում ջրի և Հոգու մկրտությամբ այդ անել, որպեսզի նրանք մեծանան արդեն որպես սրբված թագավորազներ և արքայադուստրեր։
Եվ այդ է վկայում Առաքելական կանոնը, ուր առաքյալները միաբան պատվիրեցին. «....Եվ Տերը, վերնատան մեջ լվանալով մեր ոտքերը, ջրի մկրտությամբ մեզ զորացնելով, անմեղացրեց ավազանի սրբությամբ ու աշխարհի համար մեզ թողեց որպես օրինակ, և մենք ասում ենք, որ քահանայության կարգով ութ օրականում մկրտված մանուկները լինում են Քրիստոս հագնվածներ և վկաներ»։
Հիշենք, որ հանիրավի չի գրված` քահանայական կարգով, որովհետև քահանայական ձեռնադրումը, որ սկսվում է Ձիթենյաց լեռից (տե՛ս Ղուկաս Ավետարանիչ. «Առաքելական կանոններ»), շարունակվում է մինչև այսօր և ընթանալու է մինչև այս աշխարհի ավարտ: Իսկ նորօրյա աղանդներն ամենաշատը մի քանի հարյուրամյակ աշխարհում լինելով, ցավոք, անտեղյակ էլ պիտի մնային, որ առաքյալները հոգեգալստյան օրը Սուրբ Հոգով ընդհանրական կանոններ սահմանեցին և հանձնարարեցին Ղուկասին դրանք գրի առնել, որպեսզի աշխարհում Քրիստոսի բոլոր եկեղեցիները, ըստ այդ կանոնների, մեկ ու միաբան լինեն: Եվ կանոններին հասու էին միայն օծյալ քահանաները: Եվ կանոնները ոչ թե հավատ քարոզելու համար էին, այդ պատճառով չեն ներգրավվել Սուրբ Ավետարանում, այլ մեթոդական ուղեցույցներ` միայն քահանաների համար, որոնցով քահանաները պիտի քայլ առ քայլ առաջնորդեին (առաջնորդեն) իրենց բաժին ընկած հոտը: Այդ կանոններով է հիմնավորապես կարգավորվում Քրիստոսի բանական եկեղեցին և հովվում հոտը Տերունական:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4636

Մեկնաբանություններ