ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՊԱՏՎԵՆՔ ՏԻՐՈՋ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ, ՀԵՏՈ՛ ՋՐՈՎ ՑՈՂՎԵՆՔ

ՊԱՏՎԵՆՔ ՏԻՐՈՋ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ, ՀԵՏՈ՛ ՋՐՈՎ ՑՈՂՎԵՆՔ
19.07.2011 | 00:00

Մեր Տեր Հիսուս Քրիստոսն Իր երկրային կյանքում շատ հրաշքներ գործեց, որպեսզի մարդիկ գոնե տեսնելով հավատան, որ փրկության այն խոսքը, որ լսում են Իր շուրթերից, ամենակարող Աստծո խոսքն է. խոսք, որ նույնիսկ մեռելներ կարող է կենդանացնել։ ՈՒ մարդկանցից ոմանք, լսելով ու տեսնելով այդ ամենը, հավատում էին, որ Աստված մարմնով է հայտնվել, ինչպես Պողոս առաքյալը հաստատեց, ասելով. «Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3.16):
Բայց Հիսուսն Իր երկրային կյանքում մի հրաշք էլ կատարեց, որ տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա, վեր էր մարդկային մտքի երևակայությունից, քանզի Տերը այլակերպվեց երկնալույս հանդերձանքով, ինչպես նկարագրում են ավետարանիչները. «Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրա և նրանց առաջ պայծառակերպվեց։ Եվ Նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվացք անող չի կարող այդքան սպիտակեցնել։ Եվ նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ Նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում» (Մարկ. Թ 1-3)։
Այդ զարմանահրաշ այլակերպության վկաները դարձան դարեր առաջ ննջած Աստծո ընտիր ծառաները՝ Մովսեսն ու Եղիան, որոնք դեռ իրենց ժամանակներում մարգարեացել էին Հիսուսի աշխարհ գալու մասին։
Պայծառակերպության այս իրադարձության երկրային վկաները տասներկու առաքյալներից միայն երեքն էին՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, որոնք մարմնավոր աչքերով ականատես եղան հանդերձյալ կյանքի մի դրվագ ըմբոշխնելու։ Եվ այդ երեքի ընտրությունն էլ պատահական չէր, քանզի Հիսուսն անձամբ Ինքը ընտրեց և Իր հետ լեռը տարավ հենց այդ երեքին, որովհետև ամենագետ Աստված գիտեր նրանց հետագա ընթացքը, քանզի նրանցից Պետրոսը դարձավ Եկեղեցու վեմը, որի հավատի վրա կառուցվեց այն, այսինքն` Պետրոսն առաջինը դավանեց, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է, Հովհաննես առաքյալը միակն էր բոլորից, որ մինչև Գողգոթա գնաց ու Հիսուսի Խաչելությունն ու մահը տեսավ, իսկ Հակոբոս առաքյալը բոլոր առաքյալներից առաջինն էր, որ Քրիստոսին Տեր դավանելու համար նահատակվեց ( ի գիտություն ասենք, որ այդ սրբի գլուխը գտնվում է Հայոց Երուսաղեմի մեր վանքի սուրբ տաճարում)։
Եվ մինչ իջնում էին լեռան վրայից, Տերը պատվիրեց ու ասաց, որ այդ տեսիլքը ոչ ոքի չասեն, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի, ինչպես և նախկին սքանչելագործությունների դեպքում, նույնպես և այժմ, որպեսզի չգայթակղվեն: Որովհետև որքան շատ մեծամեծ բաներ իմանային Քրիստոսի մասին, այնքան դժվար կլիներ նրանց համար, երբ չարչարանքների ժամին և խաչի վրա տեսնեին Նրան:
Սուրբ հայրերի մեկնությունն ունի նաև այս տոնը Վարդավառ կոչելու խորհուրդը։ Մեր նախնիներն այս տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև, քանի դեռ վարդը կոկոն է, ո՛չ իր գեղեցկությունը, ո՛չ էլ անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակը լրանալուն պես քաղցրությունից շարժվելով փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում:
Այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ որպես կոկոն և ապա ծնվելով` աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին, հայտնվեց մարդկանց նշաններով ու սքանչելիքներով:
Դարձյալ մարմնի վարագույրով ծածկվելով որպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:
Վարդն ունի երեք որակ` կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, որը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, անուշահոտությունը` Հոգին, որ փչեց առաքյալների վրա` ասելով. «Առեք Սուրբ Հոգին»: Եվ սա` ըստ խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է՝ տասը հազարից» (Երգ 5.10):
Իսկ այս տոնը մեր ժողովուրդը դեռ հեթանոս ժամանակներից կապել է տապանից Նոյի ընտանիքի իջնելու հետ, այդ պատճառով հայ մանուկներն ու աղջիկներն այդ օրը իրար վրա ջուր են լցնում` ի նշան ջրհեղեղի ավարտի։
Կարելի է նման զվարճություններ թույլ տալ մեզ, բայց նախ սուրբ Պատարագով պատվելով Տիրոջ Պայծառակերպության տոնը, հետո միայն ջրով ցողվել, այն էլ` չափավորության մեջ, ոչ թե անխնա և ում պատահի ջրով ողողել։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ