Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ՈՒՐԻՇ ՄԵԿՈՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՔԱՆԻ ՈՐ, ՆՐԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ԱՆՈՒՆ ՉԿԱ ԵՐԿՆՔԻ ՆԵՐՔՈ»

«ՈՒՐԻՇ ՄԵԿՈՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՔԱՆԻ ՈՐ, ՆՐԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ԱՆՈՒՆ ՉԿԱ ԵՐԿՆՔԻ ՆԵՐՔՈ»
13.01.2012 | 00:00

Շատերը սովորաբար Նոր տարվա խումարից չազատված, մի նոր ուրախության պատճառ են փնտրում ու գտնում են։ Դա էլ հին տոմարով Նոր տարին է, որ նշում են հունվարի 13-ին, քանի որ հին ու նոր տոմարների միջև 13 օրվա տարբերություն կա։ Անցյալ տարվա հենց այդ օրը, երբ եկեղեցուց ծանոթի տուն էի գնում, չեմ հիշում, թե որ հեռուստաընկերության նկարահանող խումբն ինձ կանգնեցրեց փողոցում ու դերասանական հնչեղությամբ հարցրեց, թե այս օրն ի՞նչ նշանակություն ունի ինձ համար։ Սպասելով նոր տարվա հետ կապված ու կցմցած ինչ-որ պատասխանի, հանկարծ կարծես այդ ցուրտ օրով սառը ցնցուղ ընդունած լինեին, երբ ասացի, որ ինձ համար այս օրը Սուրբ ծննդից հետո շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ հենց այս օրն են Բեթղեհեմի Մանուկին տարել տաճար, որտեղ Նրան անվանակոչել են Հիսուս, որ թարգմանվում է Փրկիչ՝ մարդկության Փրկիչը։ Մինչ ուզում էի մի փոքր ծավալվել այդ անվան կարևորության մասին, նրանք, կարճ կտրելով, նկարահանությունը դադարեցրին ու ներողություն խնդրելով` աճապարեցին իրենց առօրյա ծրագիրը շարունակելու, այսինքն` քրիստոնյա հայորդիներիս մարմնավոր ու ժամանակավոր արժեքներ հրամցնելու պարտականություններին։ Իհարկե, դա էլ է անհրաժեշտ, քանզի դեռևս մարմնի մեջ ենք, բայց երբեք չպետք է մոռանանք, որ մենք այս աշխարհում, նույնիսկ մեր իսկ մարմինների մեջ ընդամենը հյուրեր ու պանդուխտներ ենք, ու գալու է այդ օրը, որ պետք է լքենք մեր ժամանակավոր կացարանները և գնանք երկնավոր, իրական հավիտենական Հայրենիք։
Քանի որ յուրաքանչյուրս մեր անուններն ունենք, ապա հարկ է, որ աշխարհ եկած Աստծո Որդին նույնպես Իր Անունն ունենար։ Բայց, ի տարբերություն մեզ, այդ անունը ոչ միայն մյուսներից տարբերակելուն պետք է ծառայեր, այլև Իր Էությանը համապատասխան պետք է լիներ։ Այդ էր պատճառը, երբ Գաբրիել հրեշտակապետն ավետիսով այցելեց Մարիամ Կույսին, ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի Որդի ու Նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկաս 1.31): Իսկ Հովսեփին՝ Մարիամի նշանածին, հրեշտակն ասում է. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: Նա մի Որդի պիտի ծնի, և Նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ Նա պիտի փրկի Իր ժողովրդին՝ իր մեղքերից» (Մատթեոս, 1.30)։ Ինչպես հասկացանք, Հիսուսը, որպես երկրորդ Ադամ, ծնվեց առաջին Ադամից սերված մարդկությանն իրենց մեղքերից փրկելու համար։
Որովհետև հեռուստաալիքները մեզ օր ու գիշեր մարմնավոր արժեքներով են «բտում», մենք էլ փորձում ենք «Իրատես de facto»-ի միջոցով որոշ չափով լրացնել հոգևոր սովի խնդիրը, (ինչպես ժամանակին գրել էր մեծ բանաստեղծը, թե կգա ժամանակ, որ ճոխ սեղանների շուրջ կլինի հոգու սով)։ «Իրատես de facto»-ն էլ իր հնարավորությունների չափով կատարում է ոգու սովը հագեցնելու պարտականությունը, և ամեն համարում, բացի հոգևոր նյութերից, զետեղում է աստվածաշնչային անունների բացատրական բառարանի մի կարճ հատված։
Նշենք, որ անունների ներքին էության բացահայտման ամենաընտիր աղբյուրն Աստվածաշունչն է, որի մեջ կան հազարավոր անուններ, որոնք լրացնում են գրառված խոսքի ներքին իրական իմաստը։ Օրինակ, Ադամը թարգմանվում է հող, երկիր կամ մարդ, Եվան՝ կյանք կամ կյանք տվող, Աբելը՝ սգո շունչ, կամ գոլորշի, Հովհաննեսը՝ Աստծո շնորհ, կամ Աստծո ողորմություն, Մարիամը՝ Աստծուց սիրված կամ աստղ, իսկ Քրիստոս Օծյալ է նշանակում։ Նույնիսկ Տերն Ինքն Իր մի քանի առաքյալների նոր անուններ տվեց, ովքեր հոգևոր նոր խորհուրդ պետք է կրեին, ինչպես, օրինակ, Սիմոնին Պետրոս վերանվանեց, որ ժայռ կամ վեմ է թարգմանվում, որի հավատի վրա ապագա եկեղեցին պետք է հաստատվեր։ Իսկ Ադամից սկսած ամբողջ մարդկության մեջ մի մեծագույն անունը կա և մնում է Հիսուս անունը, որով մենք փրկվում ենք մահվանից, ինչպես գրված է. «ՈՒրիշ մեկով փրկություն չկա, քանի որ, Նրանից (Հիսուսից) բացի, ուրիշ անուն չկա երկնքի ներքո մարդկանց մեջ տրված, որով կարողանանք փրկվել» (Գործք 4.12), և դարձյալ. «Աստված Նրան (Հիսուսին) շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամենայն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանը խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տե՛ր է, ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2.9-11)։
Իսկ կանանցից ամենաօրհնյալի՝ Մարիամ Աստվածածնի սքանչելի անվանը դարերով գովաբանություններ են արել և անում են մինչ այսօր, քանզի մեր բոլորի Մայրն արժանի է այդ ամենին։ Հիմա էլ մենք մեծարենք այդ սուրբ ու գողտրիկ անունը մեր հայրերի շարականներից օգտվելով.
«Ով որովայն Աստվածակիր,
Մայր Աստվածածին.
Աստվածաշոշափ ձեռք,
Աստվածահանգիստ գիրկ,
Աստվածասնույց ստինք,
Աստվածահամբույր շրթունք,
Աստվածատես աչք,
Աստվածախոս լեզու,
Աստվածընկալ խորան,
Աստվածաբնակ տաճար,
բարեխոսի՜ր ամենքիս համար. ամեն»։


Իսկ Հիսուսին հավատացող յուրաքանչյուր քրիստոնյա թող բարի պատերազմ մղի մեղքի ու այս աշխարհի իշխանի՝ սատանայի դեմ ու հաղթող լինի Հիսուսի անունով, քանզի այդպես վարվեցին նախ առաքյալները, որոնք Տիրոջ անունով հեթանոսներին հնազանդեցրին Աստծուն, որովհետև Տերն Իր համբարձվելուց առաջ խոստացել էր. «Եվ ինչ ուզեք Իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով»: Եվ Տիրոջ այդ խոսքը նախ ապացուցվեց այսպես. «Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում կեսօրից հետո ժամը երեքի աղոթքի համար: Եվ մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ կոչվում էր Գեղեցիկ, և որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրի: Սա, տեսնելով Պետրոսին և Հովհաննեսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմություն ստանա: Պետրոսը նրան նայեց Հովհաննեսի հետ և ասաց. «Նայի՛ր մեզ»: Նա դարձավ դեպի նրանք և ակնկալում էր նրանցից մի բան ստանալ: Եվ Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»: Եվ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. և իսկույն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Նա վեր ցատկեց և սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր և վազվզում ու օրհնում Աստծուն: Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ նրան քայլելիս և Աստծուն օրհնելիս: Եվ նրան ճանաչեցին, թե նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ ողորմություն ստանալու համար. և եղած նշանի վրա զարմանքով լցվեցին» (Գործք 3.1-10)։
ՈՒրեմն, մեզնից յուրաքանչյուրը Հիսուս անվան հավատով ու զորությամբ նույնպես կարող է հոգիների փրկության համար սկսված այս բարի պատերազմում հաղթության հասնել, քանզի Տեր Հիսուսն Ինքը մեզնից յուրաքանչյուրին մեր անուններով գիտի, քանի որ մկրտության ավազանից մենք Նրանն ենք, իսկ Ինքը` մեր Փրկիչն ու Տերը։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ