Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ո՞Վ Է ԵՂԵԼ ՆԱ ԵՎ Ի՞ՆՉ ԱԶԳԻՑ

Ո՞Վ Է ԵՂԵԼ ՆԱ ԵՎ Ի՞ՆՉ ԱԶԳԻՑ
23.09.2011 | 00:00

Սուրբ Գևորգը հայորդիներիս ամենասիրելի սրբերից է, ում միջոցով կատարված բազմաթիվ հրաշքների վկայություններ ունենք։ Այս սրբի մասին աշխարհագրական ընդարձակությունը հիրավի զարմանալի է, իսկ երբ նրա մասին մի տեսաֆիլմ դիտեցի, զարմանալի բան. տարբեր ազգությունների մարդկանց տվեցին այս հարցը, թե ո՞վ է սուրբ Գևորգը, համարյա բոլորն էլ պատասխանեցին, որ սուրբ Գևորգը հենց իրենց ազգից է, որ կա։
Իսկ իրականում ո՞վ է եղել սուրբ Գևորգը և ի՞նչ ազգից, կարող են ասել նրան սրբացնող ու որպես բարեխոս սուրբ ընդունող առաքելահիմն եկեղեցիները։ Բայց քանի որ սրբի նահատակությունից անցել է շուրջ 1700 տարի, բնական է, որ ճշմարտության ակունքներից բխող անաղարտությունը պղտորված լինի 17 դար անցնելուց հետո։ ՈՒ առավել ևս բնական է, որ տարբեր ազգեր հետագայում կուզենային «իրենցով» անել այդ մեծանուն սրբին ու իրենց ազգից հռչակել։
Օրինակ, մի քանի տարի առաջ Կահիրեում էի։ Այցելեցի տարբեր սրբավայրեր։ Տեղին է մտաբերել, որ Եգիպտոսը հինավուրց քրիստոնեական երկիր է՝ մեզ դավանակից ղպտիների հայրենիքը, որտեղ ծնունդ են առել ու աշխարհով մեկ հռչակվել այնպիսի հռչակավոր սրբեր, ինչպիսիք են Անտոն Անապատականը, Մակարիոս Մեծը, Արսեն Մեծը և այլք։ Երբ այցելեցինք սուրբ Գևորգի անունով եկեղեցին, ու այնտեղի սրբապատկերի վրա տեսա թխամորթ սրբի պատկերը (բնիկ եգիպտացիները թխամորթ են եղել, նույնիսկ սևամորթ), հասկացա, որ եգիպտացիներն էլ են «իրենցով» արել սուրբ Գևորգին։ Եվ ընդհանրապես, զբոսաշրջիկներին հենց այդպես էլ ներկայացնում էին, որ սուրբ Գևորգը ղպտի է (եգիպտացիների հին անունն է)։
Այս սրբի մասին դարերի ընթացքում տարալեզու ազգեր շատ են գրել ու նրա կյանքի և նահատակության վկայաբանությունը պատմել։
Վերջերս կարդացի ինձ անծանոթ Մուրադ Աղջա անունով հեղինակի գրքի մեջբերումը, որ իբր սուրբ Գևորգը ոչ այլ ոք է, եթե ոչ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, որը նահատակվեց ղփչաղներին քրիստոնեություն քարոզելիս։ Եվ այդ սուրբ նահատակի արի վարքն իր մահվան ժամին ապշեցրել է վայրենի տափաստանաբնակներին, ու դրանից հետո տեսել են քրիստոնեության զորությունը, և իրենք էլ են ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Ընդունելով այդ նոր հավատը, բնական է, որ ընդունեին նաև այդ հավատի հաղթական նշանը՝ Խաչը։ ՈՒ հետագայում սլավոնական ազգերի ու եվրոպացիների հետ հարաբերվելիս նրանց մեջ ևս տարածեցին սուրբ Խաչի գևորգյան տարբերակը, որը նրանք վերցրել էին հայերից։
988 թվականից, Կիևյան Ռուսիայի քրիստոնեություն ընդունելուց հետո, և՛ սուրբ Խաչի նշանը, և՛ սուրբ Գևորգի պատմությունը տարածվեցին նաև սլավոնական մնացած ազգերի մեջ։ Եվ ահա դարեր անց Ռուսաստանը հզորանալով և դառնալով աշխարհի ամենամեծ պետությունը (մի ժամանակ այդ երկրի տարածքը աշխարհի մեկ վեցերորդ մասն էլ), որպես իր անպարտելիության խորհրդանիշ ընտրեց սուրբ Գևորգի պատկերով զինանշանը, որտեղ ձիավոր զինվորը հաղթում է վիշապին։ Այդ պատկերն այժմ ամենուր կարող ենք տեսնել, նույնիսկ ռուսական ռուբլու վրա։ Ինչպես տեսնում ենք, այդքան դարեր սուրբ Գևորգն «ամոթով» չի թողել իր բարեխոսությանը հուսացող ռուսներին։ Այդ սրբի պատկերով կան բազմաթիվ սրբապատկերներ, որոնցից մեկն էլ ռուսները նվիրել են Էջմիածնին, որն այժմ գտնվում է Մայր տաճարի թանգարանում։
Բնական է, որ այդ սրբի վկայաբանությունը նաև մեր հայոց Յասմավուրքի (սրբերի վկայութաբանությունների գիրք) մեջ նույնպես լինի։ Կարծես թե դրան ավելացնելու ոչինչ չունենք, բայց ահա մեր Հայոց ազգային գրադարանում ուսումնասիրելով սուրբ Ղազարի Մխիթարյանների լույս ընծայած «Բազմավեպ» հանդեսի համարները, 1915 թ. մի հանդեսում ուշադրությունս գրավեց «Նկարիչք և վկայաբանություն սրբոց» հոդվածը։ Այն զետեղված է 118-րդ էջում։
Այդ հանդեսում մի նոր վկայաբանություն կար սուրբ Գևորգի մասին, որի լուսապատճենահանված մեզ հետաքրքրող հատվածը հիմա դուք տեսնում եք այստեղ։ Ըստ այդ նոր վկայաբանության` սուրբ Գևորգը հայ է, ծագմամբ կապադովկիացի, որդին Ղևոնդ (կամ Հրանտ) զորավարի, որն այդ ժամանակ ապրում էր Հայաստանում։ Մոր անունն էր Պոլիքրոնիա, հավատով քրիստոնյա, մինչդեռ հայրը հեթանոս էր ու կուռքեր էր պաշտում։ Գևորգն իր մոր խնամքով որպես քրիստոնյա էր մեծանում, առանց հոր գիտության։ Երբ հայրը ծանր հիվանդանում է, որդու հորդորները լսելով, ինքն էլ է քրիստոնեությանը դառնում։ Գևորգը մերձակա մենաստանից մի քահանա է կանչում, որ հորը մկրտի մահից առաջ, և Հրանտը մեռնում է իբրև քրիստոնյա։ Գևորգը շտապում է իր հոր կռատունը և խորտակում ոսկեղեն ու արծաթեղեն կուռքերը, որտեղից նաև այլ կռատներ է գնում և ջախջախում այնտեղի բոլոր աստվածներին, սպանում է քուրմերին և ահագին հարստություն բաժանում աղքատներին։
Սիղուանոս անունով մեկը այդ մասին պատմում է Վարդան դուքսին, որը, կանչելով Գևորգին, հարցաքննում է և հանձնարարում խոհեմություն ունենալ և կայսեր հրամաններին հնազանդվել։
Հետագայում թագավորն իմանում է նրա ով լինելը, հրամայում է Գևորգին, որ կուռքերին պաշտի։ Նա մերժում է, ինչի պատճառով նրան կախում են, ոտքերին երկաթագամ կոշիկներ են հագցնում, մուրճով հարվածում գլխին, ուղեղը դուրս է թափվում, բայց Աստծո զորությամբ ողջ է մնում։ Բանտում նա տեսիլք է ունենում. Քրիստոս Տիրոջն է տեսնում։ Նրան հայտնվում է, թե յոթ տարի պիտի տանջվի, երեք անգամ պետք է մեռնի և հարություն առնի, ու վերջում նահատակվի։
Հաջորդ օրը դարձյալ ատյան են տանում Գևորգին, որտեղ Աթանաս մոգն էր, որն իր զորությունը ցույց տալու համար՝ դյութությամբ ցուլը երկու մասի է բաժանում։ Աթանաս մոգն իր պատրաստած դյութող ըմպելիքն է խմեցնում սրբին, որից նա բոլորովին չի վնասվում։ Դրանից ապշած, մոգը նույնպես քրիստոնեություն է ընդունում, ու դրա պատճառով իսկույն նահատակում են նրան։ Իսկ սուրբ Գևորգին կապում են սրերով ցցված անիվից ու պտտում, որից նրա մարմինը բաժան-բաժան է լինում ու ոսկորները անջատվում, որոնք ջրհորն են նետում։
Մինչ կայսրը 72 թագավորների հետ նստած ճաշում էր, երկնքից մի զորեղ կայծակ է իջնում, և Գևորգը, ըստ Տիրոջ խոստումի, հարություն է առնում առաջին անգամ։ Անատոլիոս սպարապետը այդ տեսնելով` իր գնդով քրիստոնեությանն է դառնում և կայսեր հրամանով նահատակվում։
Երկրորդ անգամ էլ են սրբին սկսում չարչարել, ու այս անգամ բերանը հալած կապար են լցնում, վաթսուն հրաշեկ գամեր մեխում գանգի մեջ, գլխիվայր կախում կրակարանի վրա, պղնձի շիկացած ցուլի մեջ փակում, բայց անօգուտ, սուրբն Աստծո զորությամբ անվնաս է մնում, ու դարձյալ բանտ է տարվում, որտեղ երկրորդ անգամ տեսիլք է տեսնում։
Մյուս օրը Մանենցեուս անունով թագավորներից մեկը երդվում է, թե ինքն էլ քրիստոնյա կդառնա, եթե Գևորգը կարողանա հրաշագործությամբ դատարանի 22 փայտյա աթոռները ծլարձակեցնել, որ պտուղ բերեն։ Սուրբը կատարում է այդ հրաշքը, բայց այն իրենց պաշտած Ապողոն կուռքի զորությանն է վերագրում թագավորը։
Դրանից հետո Գևորգին սղոցով երկու մասի բաժանելով` մարմինը նետում են կապարով ու նավթով հալոցի մեջ, սակայն ուժգին պայթյուն է լսվում, և Հիսուսը, սուրբ Միքայել հրեշտակապետի հետ իջնելով, հարություն է տալիս Գևորգին երկրորդ անգամ։
Չարչարանքների երրորդ շրջանում մի պառավ կին իր որդու սատկած եզի համար օգնություն է խնդրում, և սուրբն աղոթելով կենդանացնում է եզանը։
Թագավորներից մեկն իր հերթին պայման է դնում, որ Գևորգը գերեզմանի մեռելներին հարություն տա։ ՈՒ սրբի աղոթքով 300 տարի առաջ Հոբել անունով մի մեռած մարդու է հարություն տալիս, որը, մկրտվելով, քրիստոնյա է դառնում։ Դրանից հետո Գևորգը հարություն է տալիս դարձյալ հինգ տղամարդու և ինը կանանց ու երեք տղաների, որոնք 460 տարի առաջ էին մահացել։ Այդ նույն տեղում սուրբն աղբյուր է բխեցնում և մկրտում հարուցյալներին, ապա սրբի աղոթքով նրանք բոլորն էլ աներևութանում են։
Ինքնակալ կայսրը հրամայում է սրբին տանել մի աղքատ մարդու տուն, որից Գևորգը հաց է խնդրում, բայց քանի որ տանը մի կտոր հաց անգամ չկար, նա գնում է հարևանից փոխ առնելու, և երբ վերադառնում է, տանն արդեն ճաշը պատրաստ էր հրեշտակների օգնությամբ, իսկ փայտե գերանի սյունը ծաղկում է։ Այդ տան որբևայրին իր կույր ու հաշմանդամ զավակին է բերում սրբի մոտ, ում աղոթքով նա բժշկվում է։
Դրանից հետո Գևորգին տանում են բարձր լեռան գագաթն ու այնտեղից գահավեժ անում և թողնում որպես թռչունների կեր։ Սակայն զինվորները հետ դառնալիս մեծ որոտի ձայն են լսում, ու տեսնում են հարություն առած Գևորգին, որը նրանց կանչելով, դարձի է բերում քրիստոնեական հավատքին, ու նույն տեղում հրաշքով աղբյուր բխեցնելով, մկրտում է նրանց։ Այս մասին իմանալով, կայսրը հրամայում է բոլորին նահատակել, իսկ սրբի հետ մեղմությամբ է խոսում ու բազմաթիվ գեղեցիկ խոստումներ տալիս, եթե նա կուռքերին պաշտոն մատուցի։ Գևորգն ասում է, որ իրեն հաջորդ օրը տանեն կռատուն։ Այդ առիթով նրան պալատ են հրավիրում, որտեղ նա Ալեքսանդրա թագուհուն քրիստոնեական հավատին է դարձնում։
Հաջորդ օրն ամենուր հայտարարում են, որ Գևորգը պիտի զոհ մատուցի աստվածներին։ Այրի կնոջ զավակին, ում բժշկել էր Գևորգը, կանչելով, նրան ուղարկում է կռատուն, որ Ապողոնին կանչի։ Այնտեղից նա դուրս է գալիս և խոստովանում, որ ինքը աստված չէ, այլ սատանայի հետ վռնդված հրեշտակներից մեկն է։ Սուրբը ոտքը գետնին է զարկում, ու երկիրը բացվելով` կուռքին կուլ է տալիս։ Դրանից հետո Գևորգը կռատուն է մտնում ու փշրելով, խորտակում է բոլոր կուռքերը։ Կռատան քրմերը բռնում են նրան ու հանձնում ինքնակալի դատավճռին, որն էլ սրբին գլխատելու վճիռ է կայացնում։
Մինչ վճիռը կկատարեին, Երկաթե դուռ կոչվող գլխատման վայրում սուրբը խնդրում է, որ իրեն թույլ տան վերջին անգամ աղոթել։ Աղոթքի ժամանակ երկնքից կրակ է իջնում և լափում կայսրին ու իր հետ եղած 72 թագավորներին, և այնտեղ կանգնած հեթանոսներին։ Ապա աղոթում է հավատացյալների համար, ու Աստված խոստանում է սուրբ Գևորգի նշխարները պատվողներին ու նրա անունով խնդրվածքներին երկնային օգնություն շնորհվեն։
Դրանից հետո նա դահիճներին հորդորում է, որ իրենց պարտքը կատարեն։
Պասիկրատես անունով վկայագիրը հավելում է. «Ես` Պասիկրատեսը, իմ տիրոջ՝ Գևորգի ծառան, ներկա եմ եղել նրա յոթ տարվա չարչարանքներին և գրեցի նրա բոլոր կրածները, որի ժամանակ երեսուն հազար ինը հարյուր հոգի և Ալեքսանդրա թագուհին սրբի չարչարանքների շնորհիվ դարձան Քրիստոսի հավատին»։
Սուրբ Գևորգի ոսկորների մի մասը Ներսես Մեծ հայրապետի հրամանով բերվում է Հայաստան, իսկ մյուս մասը ասորիները տանում են Պաղեստին՝ Դիոսպոլիս քաղաքը կամ Ռամլե ավանը: Այնտեղ ասորիների եկեղեցու մեջ նրա նշխարները ցուցադրվում էին մինչև 13-րդ դարը: Ռամլեում մինչև այսօր էլ կա և գործում է մի հայկական եկեղեցի սուրբ Գևորգին նվիրված, որտեղ Երուսաղեմի մեր սուրբ Հակոբյանց վանքի միաբանները պատարագներ են մատուցում:
Սուրբ Գևորգի մասունքի մասնատուփ կա նաև Սուրբ Էջմիածնի թանգարանում։
Իսկ Հայաստանում սուրբ Գևորգի անունով ամենահայտնի եկեղեցին Մուղնի գյուղում է, որտեղ կան սրբի մասունքներից։ Իսկ դրանց մի մասը 13-րդ դարում վրաց թագավորի խնդրանքով տարել են Թբիլիսի, որ թագաժառանգին բժշկեն, բայց մինչ տեղ կհասնեին, նա մեռնում է։ Դրանից հետո սուրբ Գևորգի մասունքները վրացիներն այլևս թույլ չեն տալիս Հայաստան վերադարձնել, ու դրանք մինչ այսօր էլ մնում են այնտեղ։
Երևանում սուրբ Գևորգի անունով եկեղեցին գտնվում է Նորագավիթում։
Որպես վերջաբան ասենք, որ, ըստ մինչ այժմ ընդունված վկայաբանության, սուրբ Գևորգը ծնվել է Կապադովկիայի Մաժաք քաղաքում, որն այժմ կոչվում է Կեսարիա (որտեղ հետագայում ձեռնադրվել է նաև մեր հայոց հայրապետ Գրիգոր Լուսավորիչը) և գտնվում է Թուրքիայի տարածքում։ Իսկ Կապադովկիան հայկական հին քարտեզներում նշվում է Գամիրք անունով։
ՈՒ թող հայորդի մեծանուն սուրբ Գևորգ զորավարը բարեխոսի այս վերջին ժամանակներում ապրող տկարացած քրիստոնյաներիս համար, որպեսզի մենք էլ կարողանանք հավատքի այս բարի պատերազմում հաղթողներ լինել, ու Քրիստոս Տիրոջ սուրբ անվանը մինչև վերջ հավատարիմ մնալ։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ